Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1404/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1404/02/17

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան  

Դատավորներ՝

Ն. Մարգարյան

 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Գ. հակոբյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

2020 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Թել-Սել Սերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Դավիթ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Նոր Զովք» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 22.800.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 02.02.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 28.06.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրենը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 369-րդ, 408-րդ, 418-րդ, 466-րդ, 468-րդ հոդվածները, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 48-րդ, 53-րդ, 124-րդ հոդվածները, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Հետևաբար, սույն գործով կողմերից որևէ մեկի կողմից կատարվող այլ՝ վերոգրյալ եղանակից տարբերվող գործողությունները և/կամ անգործությունը չեն կարող որակվել որպես պայմանագրի լուծում:

Վերաքննիչ դատարանը բացառապես ենթադրության հիման վրա Ընկերության գործողությունները գնահատել է որպես պայմանագրի լուծման վերաբերյալ համաձայնություն, մինչդեռ չի հստակեցրել, թե Կազմակերպության որ առաջարկն է ընդունել Ընկերությունը: Ավելին՝ Կազմակերպության 31.03.2017 թվականի գրությունը Ընկերությունը ստացել է 03.04.2017 թվականին, ինչը նշանակում է, որ ժամանակային առումով Ընկերությունը չէր կարող ընդունել 31.03.2017 թվականի գրությամբ ներկայացված առաջարկը և 01.04.2017 թվականին ապամոնտաժել տերմինալները: Բացի այդ, 03.03.2017 թվականի գրության վերաբերյալ Ընկերությունը 21.03.2017 թվականի թիվ 21.1/03 գրությամբ հստակ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ համաձայն չէ պայմանագրի գործողությունը փոխադարձ համաձայնությամբ դադարեցնելու առաջարկին, ինչը հավաստվում է գործի նյութերում առկա 23.03.2017 թվականի փոստային անդորրագրով (Կոդը՝ RR 230254551AM, առաքանի թիվ 1355):

Անդրադառնալով 23.03.2017 թվականի փոստային անդորրագրի բովանդակությանը՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ առաքանու պարունակությունը՝ որպես գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ, չի ներառվել ապացուցման առարկայում և դրանով պայմանավորված՝ ապացուցման բեռի բաշխում չի կատարվել: Ուստիև՝ դրանից բխող բացասական հետևանքները չեն կարող թողնվել Ընկերության վրա:

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել գործի նյութերում առկա հեռախոսային զանգերի ձայնագրություններին, որոնցով հավաստվում է, որ 01.04.2017 թվականին Կազմակերպության աշխատակիցները զանգահարել են հայցվոր Ընկերություն և հայտնել, որ Ընկերությանը պատկանող տերմինալները հոսանքազրկվել են, միաժամանակ պահանջել են տեղափոխել տերմինալները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպությունը խախտել է պայմանագրի հիման վրա ծագած իր պարտականությունները, մասնավորապես՝ առանց Ընկերության համաձայնության Կազմակերպությունը թույլ է տվել, որ երրորդ անձը տեղադրի տերմինալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.06.2018 թվականի որոշումը և հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 25.12.2014 թվականին Ընկերության (այսուհետ` Կողմ 1), ի դեմս տնօրեն Միհրան Հարությունյանի, ով գործում է Կանոնադրության հիման վրա և Կազմակերպության (այսուհետ` Կողմ 2), ի դեմս տնօրեն Ռ. Ալիխանովի, ով գործում է Կանոնադրության հիման վրա, միջև կնքված թիվ 1312 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1. կետի համաձայն՝ Կողմ 2-ը պարտավորվել է վճարի դիմաց թույլատրել (տրամադրել հնարավորություն), որպեսզի Կողմ 2-ը նույն Պայմանագրի հավելված 1-ում նշված հասցեներում տեղադրի վճարների ընդունման ավտոմատ ինքնասպասարկող սարքավորումներ, այսուհետ՝ «տերմինալներ», տերմինալների վրա տեղադրի տեղեկատվական վահանակներ (լայթբոքսեր), ապահովի դրանց բնականոն շահագործումը և տեխնիկական սպասարկման ու այլ աշխատանքների իրականացումը` այդ թվում այլ անձի միջոցով:

Պայմանագրի 2.2.10. կետի համաձայն՝ Կողմ 2-ը պարտավորվում է նույն Պայմանագրի հավելված թիվ 1-ում նշված հասցեներում առանց յուրաքանչյուր անգամ նախապես Կողմ 1-ի գրավոր համաձայնությունը ստանալու չտեղադրել կամ չթույլատրել, որպեսզի երրորդ անձինք տեղադրեն տերմինալ:

Պայմանագրի 2.2.11. կետի համաձայն՝ Կողմ 2-ը պարտավորվում է նույն Պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու (միակողմանի հրաժարվելու) կամ Պայմանագրի 2.2.10 կետը խախտելու դեպքում Կողմ 1-ին վճարել տուգանք՝ նույն Պայմանագրի հավելված թիվ 1-ում նշված բոլոր տերմինալների տեղադրման թույլտվության համար նախատեսված 6 (վեց) ամսվա վճարի չափով:

Պայմանագրի 8.1. կետի համաձայն՝ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 15.01.2015 թվականից և գործում է մինչև 15.01.2017 թվականը: Եթե Պայմանագրի ժամկետը լրանալուց երեսուն օրացուցային օր առաջ Կողմերից ոչ մեկը չի հայտարարում Պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին, ապա Պայմանագրի գործողության ժամկետը յուրաքանչյուր անգամ ինքնաբերաբար երկարաձգվում է ևս մեկ տարի ժամկետով:

Պայմանագրի 8.2. կետի համաձայն՝ Պայմանագրի գործողությունը վաղաժամկետ կարող է դադարել կողմերի համաձայնությամբ՝ ցանկացած այլ ժամկետում: Ցանկացած դեպքում Պայմանագրի գործողությունը չի դադարում մինչև Կողմերի միջև առկա դրամական պարտավորությունների ամբողջ և պատշաճ կատարումը:

Պայմանագրի 8.3 կետի համաձայն՝ հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն Պայմանագրով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

25.12.2014 թվականի Պայմանագրի հավելված թիվ 1-ի համաձայն` տերմինալների տեղադրման հասցեներն են` ՀՀ ք. Երևան, Հանրապետության 71, ՀՀ ք. Երևան, Հանրապետության 79, ՀՀ ք. Երևան, Քաջազնունի 6/1, ՀՀ ք. Երևան, Գյուլբեկյան 19, ՀՀ ք. Երևան, Հ. Հակոբյան 8/2, ՀՀ ք. Երևան Ազատության 11, ՀՀ ք. Երևան, Մուրացան 113/4, ՀՀ ք. Երևան, Աէրացիա 1, ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 54/49, ՀՀ ք. Երևան Ավան-Առինջ 4-1ա, ՀՀ ք. Երևան, Դավիթ Բեկ 7/3, ՀՀ ք. Երևան, Նալբանդյան 102, ՀՀ ք. Երևան, Լենինգրադյան-Հասրաթյան խաչմերուկ, իսկ ամսավճարի չափը կազմում է 100.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տեղադրման հասցեի համար (հատոր 1-ին, գ.թ. 8-13):

2) 25.12.2014 թվականի Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին 30.11.2016 թվականի թիվ 05 համաձայնագրի համաձայն` Կողմերը պայմանավորվել են 25.12.2014 թվականի Պայմանագրի թիվ 1 հավելվածը փոփոխել և շարադրել այն նույն համաձայնագրի հավելվածում նշված խմբագրությամբ՝ տերմինալի տեղադրման հասցեներն են` ՀՀ ք. Երևան, Հանրապետության 71, ՀՀ ք. Երևան, Հանրապետության 79, ՀՀ ք. Երևան, Քաջազնունի 6/1, ՀՀ ք. Երևան, Գյուլբեկյան 19, ՀՀ ք. Երևան, Հ. Հակոբյան 8/2, ՀՀ ք. Երևան Ազատության 11, ՀՀ ք. Երևան, Մուրացան 113/4, ՀՀ ք. Երևան, Աէրացիա 1, ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 54/49, ՀՀ ք. Երևան Ավան-Առինջ 4-1ա, ՀՀ ք. Երևան, Դավիթ Բեկ 7/3, ՀՀ ք. Երևան, Նալբանդյան 102, ՀՀ ք. Երևան, Լենինգրադյան-Հասրաթյան խաչմերուկ, ՀՀ ք. Երևան, Սարյան 12, ՀՀ ք. Երևան, Գալշոյան 5, ՀՀ ք. Երևան, Շիրազի 38, ՀՀ ք. Երևան, Գ. Շերամի 77, ՀՀ ք. Երևան, Գյուրջյան 11/3, ՀՀ ք. Երևան, Ծարավ Աղբյուր 55/15, իսկ ամսավճարի չափը կազմում է 100.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր տեղադրման հասցեի համար (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

3) Կազմակերպության տնօրեն Ռ. Ալիխանովի 03.03.2017 թվականի ծանուցման համաձայն` Ընկերության տնօրեն Ա. Ազատյանին հայտնվել է, որ 25.12.2014 թվականի Պայմանագրի գործողության ժամկետը Պայմանագրի 8.1 կետի համաձայն լրացել է 15.01.2017 թվականին, առաջարկել է 01.04.2017 թվականին փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել Պայմանագրի գործողությունը և մինչև 03.04.2017 թվականն ապամոնտաժել և տեղափոխել Պայմանագրի հավելվածում նշված հասցեներում տեղադրված տերմինալները (հատոր 1-ին, գ.թ. 16):

4) Ընկերության տնօրեն Դ. Բաղդասարյանի 21.03.2017 թվականի թիվ 211/03 գրության համաձայն՝ Կազմակերպության տնօրեն Ռ. Ալիխանովին հայտնվել է, որ 25.12.2014 թվականի Պայմանագրի 8.1 կետի երկրորդ նախադասության համաձայն` եթե Պայմանագրի ժամկետը լրանալուց 30 օրացուցային օր առաջ կողմերից ոչ մեկը չի հայտարարում Պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին, ապա Պայմանագրի գործողության ժամկետը յուրաքանչյուր անգամ ինքնաբերաբար երկարաձգվում է ևս մեկ տարի ժամկետով: Հետևաբար, Պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 15.01.2018 թվականը: Ինչ վերաբերում է Պայմանագրի գործողությունը 01.04.2017 թվականին դադարեցնելու, տերմինալները ապամոնտաժելու և տեղափոխելու առաջարկին, ապա այն ընդունելի չէ: Եթե մտադիր են միակողմանի վաղաժամկետ դադարեցնել Պայմանագրի գործողությունը (հրաժարվել Պայմանագրից), ապա առաջարկվել է, որ գործընթացն ընթանա համաձայն Պայմանագրի 2.2.11 կետում նշված պայմանի: Առաջարկվել է մինչև 10.04.2017 թվականը կազմակերպել հանդիպում-քննարկում և գտնել հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակ (հատոր 1-ին, գ.թ. 17):

5) Կազմակերպության տնօրեն Ռ. Ալիխանովի 31.03.2017 թվականի ծանուցման համաձայն` Ընկերության տնօրեն Դ. Բաղդասարյանին հայտնվել է, որ անհրաժեշտ է ապամոնտաժել և տեղափոխել Ընկերությանը պատկանող տերմինալները մինչև 01.04.2017 թվականը, քանի որ 01.04.2017 թվականից տերմինալները հոսանքազրկվելու են (հատոր 1-ին, գ.թ. 18):

6) 01.04.2017 թվականին Կազմակերպության աշխատակիցներ Հ. Ամյանի, Ա. Դավթյանի, Գ. Խանսանամյանի, Ս. Ադոնցի, Շ. Մանուկյանի և Ընկերության աշխատակից Հ. Միքայելյանի կողմից ստորագրված արձանագրությունների համաձայն` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վճարային տերմինալները, որոնք տեղադրված են եղել ՀՀ ք. Երևան, Գալշոյան 4/4, Դավիթ Բեկ 7/3, Գյուրջյան 11/3, Հանրապետության 71 և 79, Մուրացան 113/4, Ծարավ Աղբյուրի 55/15 հասցեներում, 01.04.2017 թվականին հոսանքազրկվել են Կազմակերպության աշխատակիցների կողմից և հանձնվել Ընկերության աշխատակից Հրաչյա Միքայելյանին: Հաստատվել է, որ վճարային տերմինալները ոչ մեխանիկական, ոչ ծրագրային, ոչ որևէ առումով չեն վնասվել, ինչի համար ստորագրել են (հատոր 1-ին, գ.թ. 30-35):

7) Ընկերության տնօրեն Դ. Բաղդասարյանի 04.04.2017 թվականի թիվ 04/04 գրության համաձայն` Կազմակերպության տնօրեն Ռ. Ալիխանովին հայտնվել է, որ 01.04.2017 թվականին Կազմակերպության տարածքներում Ընկերության տերմինալներն առանց որևէ հիմքի ու կարիքն առաջանալու հոսանքազրկվել են, ապամոնտաժվել և տարածքից հեռացվել, ինչի հետևանքով դադարեցվել է այդ տերմինալներով 25.12.2014 թվականի Պայմանագրով սահմանված վայրերում դրանց բնականոն շահագործումը: Բացի այդ, 25.12.2014 թվականի Պայմանագրով սահմանված վայրերում կամ դրանց մի մասում առանց Ընկերության համաձայնության տեղադրվել են այլ սուբյեկտների պատկանող տերմինալներ: Հիմք ընդունելով Պայմանագրի կետերը՝ առաջարկվել է վերացնել պայմանագրային պարտավորությունների բոլոր խախտումները և տեղադրել տերմինալները նույն վայրերում, իսկ նշված գործողությունները գրությունը ստանալուց մեկօրյա ժամկետում չկատարելու դեպքում վճարել 22.800.000 ՀՀ դրամ տուգանք (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

8) Սույն գործում առկա է Ընկերության և Կազմակերպության աշխատակիցների միջև կայացած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների, ինչպես նաև լուսանկարների կրիչը (հատոր 1-ին, գ.թ. 52):

9) 05.12.2017 թվականի դատական նիստում վկա Դավիթ Մեսրոպյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է Ընկերությունում՝ որպես տերմինալների ցանցի զարգացման բաժնի պետ: Իր ունեցած տեղեկություններով Կազմակերպության աշխատակիցները զանգահարել են և տեղեկացրել, որ Ընկերությանը պատկանող տերմինալները պետք է տեղափոխվեն իրենց տարածքներից, քանի որ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: 01.04.2017 թվականից Ընկերության տերմինալներն ամբողջությամբ հոսանքազրկվել են և Կազմակերպության աշխատակիցների կողմից դրանց համար նախատեսված հատվածներից տեղափոխվել են այլ վայրեր: Իրենց ընկերության աշխատակիցների հետ միասին կազմակերպել են տերմինալների հավաքում և տեղափոխում, քանի որ դրանք արդեն իսկ անջատված էին հոսանքի աղբյուրից և փաստացի հնարավոր չէր դրանք շահագործել նպատակային նշանակությանը համապատասխան: Ինքն անձամբ այցելել է նշված բոլոր հասցեները: Նշված հասցեներում առկա են եղել «easy pay» տերմինալները: Ընկերության աշխատակիցների կողմից իր հանձնարարությամբ կատարվել են լուսանկարներ Կազմակերպության խանութ ցանցերում, որոնցով նույնպես հավաստվում է նշված տերմինալների տեղադրված լինելը, ինչպես նաև Ընկերության տերմինալների հոսանքազրկված և տեղափոխված լինելը:

05.12.2017 թվականի դատական նիստում վկա Հրաչյա Միքայելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է Ընկերությունում՝ որպես տերմինալների տեխնիկական սպասարկման բաժնի տեխնիկ: Իր ղեկավարի հանձնարարությամբ պարզել է, որ Կազմակերպության խանութների ցանցում Ընկերության տերմինալները 01.04.2017 թվականի դրությամբ ամբողջությամբ հոսանքազրկված են: Այդ ամենը հնարավոր է եղել շատ արագ պարզել Ընկերությունում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով: Այնուհետև իմացել է, որ Կազմակերպությունը պահանջում է, որպեսզի իրենց Ընկերության տերմինալները տեղափոխվեն Կազմակերպության խանութներից: Դրանից հետո Ընկերության աշխատակիցների հետ միասին հավաքել են տերմինալները և տեղափոխել անվտանգ վայր: Իր այցելած բոլոր հասցեներում առկա են եղել «easy pay» տերմինալները (դատական նիստի արձանագրություն, էլեկտրոնային կրիչ, հատոր 1-ին, գ.թ. 88-90):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանագրի լուծման կարգը պահպանելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածների մեկնաբանությանը, արձանագրել է, որ կողմերի փոխադարձ համաձայնության առկայության պարագայում պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կարող է կնքվել այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է կարգավորում այն դեպքերի համար, երբ կողմերի միջև առկա չէ համաձայնություն` պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ: Տվյալ պարագայում օրենսդիրը պայմանագրի կողմին, որը ցանկանում է այն փոփոխել կամ լուծել, վերապահել է դատարան դիմելու իրավասություն (տե′ս, «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն ընդդեմ Մարինա Հայրապետյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1769/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պայմանագրի միակողմանի փոփոխման կամ լուծման պահանջով դատարան դիմելու պայմաններին, նշել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել կողմին պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջ ներկայացնել դատարան միայն հետևյալ դեպքերից հետո`

- պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց, կամ

- այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, կամ

- ժամկետի բացակայության դեպքում` առաջարկը ստանալուց հետո երեսնօրյա ժամկետում (տե′ս, Արմեն Տիշինյանն ընդդեմ Հմայակ Խաչատրյանի թիվ ԵՇԴ/1103/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, մեկ անգամ ևս ընդգծում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն այն ձևով, ինչով պայմանագիրը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ որևէ օրենքով կամ պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված է պայմանագրի կնքման ձևից տարբերվող ձևով այն փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները փոփոխված կամ դադարած կարող են համարվել միայն օրենքով նախատեսված կարգով փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնության կայացման պահին, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող յուրաքանչյուր գործով ենթակա են պարզման և գնահատման քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված ապացույցների ձեռքբերման և գնահատման կանոնների պահպանմամբ, ինչը բխում է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներից:

Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության ու գնահատման դատավարական գործողությունների կարևորությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Այսպես՝ առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին գործող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վերոգրյալ իրավադրույթների լույսի ներքո հարկ է արձանագրել, որ համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը պահանջել է Կազմակեպությունից բռնագանձել 11.400.000 ՀՀ դրամ տուգանք՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար, և 11.400.000 ՀՀ դրամ տուգանք՝ առանց իր համաձայնությունը ստանալու Պայմանագրի թիվ 1 հավելվածով նախատեսված հասցեներում երրորդ անձանց կողմից տերմինալ տեղադրել թույլատրելու համար:

Պայմանագրի 2.2.11. կետի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավորվում է Պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու (միակողմանի հրաժարվելու) կամ Պայմանագրի 2.2.10 կետը խախտելու դեպքում Ընկերությանը վճարել տուգանք՝ Պայմանագրի հավելված թիվ 1-ում նշված բոլոր տերմինալների տեղադրման թույլտվության համար նախատեսված 6 (վեց) ամսվա վճարի չափով:

Պայմանագրի 2.2.10. կետի համաձայն՝ Կողմ 2-ը պարտավորվում է նույն Պայմանագրի հավելված թիվ 1-ում նշված հասցեներում առանց յուրաքանչյուր անգամ նախապես Կողմ 1-ի գրավոր համաձայնությունը ստանալու չտեղադրել կամ չթույլատրել, որպեսզի երրորդ անձինք տեղադրեն տերմինալ:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Կազմակերպությունը 03.03.2017 թվականին Ընկերությանն ուղարկել է առաջարկ՝ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը լուծելու, մինչև 03.04.2017 թվականը տերմինալներն ապամոնտաժելու և տեղափոխելու մասին, որին ի պատասխան՝ Ընկերությունը ձեռնամուխ է եղել տերմինալներն ապամոնտաժելու և այլ վայր տեղափոխելու գործողությունների կատարմանը։ Նման պայմաններում Դատարանը եզրահանգել է, որ Ընկերությունն իր գործողություններով ընդունել է Կազմակերպության առաջարկը։

Դատարանը նշել է նաև, որ Ընկերության պնդումը, թե Կազմակերպության 03.03.2017 թվականի առաջարկը մերժվել է իր 21.03.2017 թվականի գրությամբ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Կազմակերպությունն Ընկերությունից չի ստացել նման գրություն, բացի այդ, եթե նույնիսկ ստացած լիներ, ապա այն հայցը բավարարելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ Ընկերությունն է միջոցներ ձեռնարկել իր կամքով տերմինալները Պայմանագրի թիվ 1 հավելվածում նշված հասցեներից դուրս բերելու համար։ Ընդ որում, Ընկերությունն իր տերմինալները դուրս է բերել Պայմանագրի թիվ 1 հավելվածում նշված հասցեներից 01.04.2017 թվականին, այն պայմաններում, երբ չէր ստացել Կազմակերպության 31.03.2017 թվականի գրությունը։ Ընկերությունն ընդունել է, որ Կազմակերպության 31.03.2017 թվականի գրությունը ստացել է միայն 04.04.2017 թվականին, երբ արդեն դուրս էր բերել տերմինալները։

Անդրադառնալով վկաների ցուցմունքներին՝ Դատարանը դրանք գնահատել է ոչ արժանահավատ, իսկ ներկայացված լուսանկարները որպես ապացույց չի դիտարկել՝ պատճառաբանելով, որ դրանցից պարզ չէ, թե կոնկրետ որ տարածքներում է կատարվել լուսանկարահանումը, ում կողմից և ինչ սարքով:

Միաժամանակ հարկ է փաստել, որ Դատարանը վճռի պատճառաբանական մասում որևէ կերպ չի անդրադարձել Ընկերության կողմից ներկայացված հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններին:

Ինչ վերաբերում է առանց Ընկերության համաձայնությունը ստանալու երրորդ անձանց կողմից տերմինալ տեղադրել թույլատրելուն՝ Դատարանն արձանագրել է, որ Կազմակերպության կողմից կողմերի միջև կնքված Պայմանագրի 2.2.10 կետի խախտում թույլ չի տրվել, ուստի Ընկերության՝ 11.400.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջն անհիմն է և ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Կազմակերպությունը 03.03.2017 թվականին Ընկերությանն ուղարկել է առաջարկ՝ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը լուծելու, մինչև 03.04.2017 թվականը տերմինալներն ապամոնտաժելու և տեղափոխելու մասին: Ընկերության պնդմամբ Կազմակերպության 03.03.2017 թվականի առաջարկը մերժվել է 21.03.2017 թվականի գրությամբ: Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև գործի նյութերում առկա են վերոգրյալ գրությունները, միևնույն ժամանակ, սակայն, գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ նշված պատասխան գրությունը ստացվել է Կազմակերպության կողմից: Այդպիսին չի կարող համարվել 23.03.2017 թվականի փոստային անդորրագիրը, քանի որ նախ պարզ չէ, թե դրանով ինչպիսի փաստաթուղթ է ուղարկվել Կազմակերպությանը, բացի այդ, դրանով չի կարող հիմնավորվել, որ առաքանին ստացվել է հասցեատիրոջ կողմից: Արդյունքում` Ընկերությունը չի հիմնավորել այն հանգամանքը, որ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ Կազմակերպության առաջարկության մասին անհամաձայնությունն ուղարկվել և ստացվել է վերջինիս կողմից: Փոխարենը, գործով ներկայացված այլ ապացույցներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից կատարվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների դադարեցմանը:

Ինչ վերաբերում է Պայմանագրի 2.2.10 կետի խախտմանը՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված պնդումը Ընկերության կողմից որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հիմնավորվել: Վերաքննիչ դատարանը նշել է, որ ի հիմնավորումն այդ փաստի՝ Ընկերությունը հղում է կատարել վկաների ցուցմունքներին, լուսանկարներին, մինչդեռ այդ ապացույցներով չեն հիմնավորվել վերջինիս պնդումները: Անդրադառնալով հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը վճռի պատճառաբանական մասում որևէ կերպ չի անդրադարձել դրանց, ոչ թույլատրելի կամ ոչ վերաբերելի չի որակել կամ հանել ապացույցների շրջանակից: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ այդ առումով Դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի, այն է` գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում, ինչը, սակայն, որևէ կերպ չի ազդել սույն գործի ելքի վրա, չի հանգեցրել դրա սխալ լուծմանը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ընկերության և Կազմակերպության միջև 25.12.2014 թվականին կնքվել է Պայմանագիր, որի ուսումնասիրությունից հետևում է, որ այն գործել է մինչև 15.01.2017 թվականը: Միևնույն ժամանակ Պայմանագրով սահմանվել է, որ այն դեպքում, երբ Պայմանագրի ժամկետը լրանալուց 30 օրացուցային օր առաջ կողմերից ոչ մեկը չի հայտարարում Պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին, ապա Պայմանագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է ևս մեկ տարի ժամկետով: Պայմանագրով սահմանվել է նաև, որ դրա գործողությունը վաղաժամկետ կարող է դադարել կողմերի համաձայնությամբ՝ ցանկացած այլ ժամկետում: Միաժամանակ Պայմանագրի 8.3 կետով սահմանվել է, որ հարաբերությունները, որոնք կարգավորված չեն Պայմանագրով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կազմակերպությունը, 03.03.2017 թվականի գրությամբ Ընկերությանը հայտնելով, որ Պայմանագրի գործողության ժամկետը 15.01.2017 թվականին լրացել է, առաջարկել է փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել 25.12.2014 թվականի Պայմանագիրը և մինչև 03.04.2017 թվականն ապամոնտաժել և տեղափոխել Պայմանագրի հավելվածում նշված հասցեներում տեղադրված տերմինալները: Ի պատասխան նշված գրության՝ Ընկերությունը 21.03.2017 թվականի թիվ 21.1/03 գրությամբ Կազմակերպությանը հայտնել է, որ տերմինալներն ապամոնտաժելու և տեղափոխելու առաջարկն ընդունելի չէ: Ընկերության պնդման համաձայն՝ նշված գրությունը, համաձայն գործում առկա թիվ RR230254551AM փոստային անդորրագրի, Կազմակերպությանն է ուղարկվել 23.03.2017 թվականին: Կազմակերպությունը, խախտելով Պայմանագրի 8.1. և 8.2. կետերը, չունենալով Ընկերության կողմից Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հստակ համաձայնությունը, այն է՝ պայմանագիրը կնքած ձևով կազմված գրավոր երկկողմանի փաստաթուղթ պայմանագիրը լուծելու վերաբերյալ, 01.04.2017 թվականին Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տերմինալները հոսանքազրկել է և հանձնել Ընկերության աշխատակցին: Այս հանգամանքը հաստատվում է գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ երկկողմանի կազմված արձանագրություններով, որոնց համաձայն՝ 01.04.2017 թվականին Կազմակերպության աշխատակիցներն Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տերմինալները 01.04.2017 թվականին հոսանքազրկել են և հանձնել Ընկերության աշխատակցին, վկաներ Դավիթ Մեսրոպյանի և Հրաչյա Միքայելյանի ցուցմունքներով, որոնց համաձայն՝ 01.04.2017 թվականին Ընկերության տերմինալներն ամբողջությամբ հոսանքազրկած են եղել:

Վերոնշյալ փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում կարելի է փաստել, որ կողմերը պայմանագրի լուծման այլ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումից տարբերվող կարգավորում չեն նախատեսել, և այս պայմաններում պայմանագրի լուծումը հնարավոր է միայն կողմերի միջև կնքված, գրավոր, երկկողմանի, պայմանագրի լուծման վերաբերյալ համաձայնության հիման վրա: Մինչդեռ ստորադաս դատարանները, փաստելով, որ Ընկերությունն իր գործողություններով ընդունել է Կազմակերպության առաջարկը և ձեռնամուխ է եղել տերմինալներն ապամոնտաժելու և այլ վայր տեղափոխելու գործողությունների կատարմանը, պետք է հստակ մատնանշեին այն օրենքը, այլ իրավական ակտերը կամ գործարար շրջանառության սովորույթները, որոնք հիմք են հանդիսացել Ընկերության կողմից գործողությունների միջոցով Կազմակերպության՝ պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկն ընդունելու փաստը հաստատելու համար: Այլ կերպ ասած՝ Ընկերության կողմից կոնկլուդենտ գործողությունների միջոցով պայմանագրի լուծումը պետք է հիմնավորվեր միայն օրենքով, իրավական ակտերով և գործարար շրջանառության սովորույթներով, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլիներ երաշխավորել կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերում առկա են հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնց Դատարանը վճռի պատճառաբանական մասում որևէ կերպ չի անդրադարձել, հետևաբար չի գնահատել սույն ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Վերաքննիչ դատարանը, արձանագրելով Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը, գտել է, որ այն որևէ կերպ սույն գործի ելքի վրա չի ազդել, չի հանգեցրել դրա սխալ լուծմանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանը եզրահանգում է կատարել սույն ապացույցի վերաբերյալ առանց լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու, այն պայմաններում, երբ բողոքաբերը, ներկայացնելով հեռախոսազանգերի ձայնագրությունները, պնդել է, որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ սույն գործով վեճի լուծման համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների գնահատումը պետք է իրականացվեր իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նշված հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերոգրյալ դիրքորոշումները: Այլ կերպ ասած՝ Ընկերության կողմից ներկայացված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պետք է գնահատվեին գործում առկա այլ ապացույցների համատեքստում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի կողմից վկայի ցուցմունքները ոչ արժանահավատ ճանաչելուն, հարկ է համարում վկայակոչել Երեմ Հովսեփյանի ընդդեմ Աշոտ Մալխասյանի քաղաքացիական գործով վկայի ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ ձևավորած դիրքորոշումը, որի համաձայն՝ դատարանը վկայի կողմից հայտնած տեղեկությունների հավաստիության աստիճանը գնահատելիս պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատարանը, նախազգուշացնելով վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կարող է ակնկալել, որ վկայի հայտնած տեղեկությունները արժանահավատ են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել:

Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ապացույցի, այնպես էլ վկայի ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ վերջնական գնահատական տալու նպատակով դատարանը պարտավոր է վկայի ցուցմունքները համադրել գործով հավաքված այլ ապացույցների, այդ թվում՝ այլ անձանց ցուցմունքների հետ։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են հարուցվում՝ կապված գործով հրավիրված վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով՝ դատական ակտում պարտադիր պատճառաբանելով, թե ինչու են այս կամ այն ցուցմունքները դիտվել որպես ոչ արժանահավատ և իրականությանը չհամապատասխանող (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/4994/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշումը):

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից վկաների ցուցմունքները ոչ արժանահավատ ճանաչելը հնարավոր կարող էր լինել միայն սույն գործում առկա այլ ապացույցների հետ համադրելու արդյունքում, միաժամանակ դատական ակտում պարտադիր պատճառաբանելով, թե ինչու են դրանք դիտվել որպես ոչ արժանահավատ ապացույց, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերության պատասխան գրությունը ստացվել է Կազմակերպության կողմից, իսկ այդպիսին չի կարող համարվել 23.03.2017 թվականի փոստային անդորրագիրը, քանի որ նախ պարզ չէ, թե դրանով ինչպիսի փաստաթուղթ է ուղարկվել Կազմակերպությանը և դրանով չի կարող հիմնավորվել, որ առաքանին ստացվել է հասցեատիրոջ կողմից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի քննության ժամանակ նշված հանգամանքը չի ներառվել ապացուցման շրջանակում և այդ մասով ապացուցման բեռի բաշխում տեղի չի ունեցել, հետևաբար Ընկերության վրա չէր կարող թողնվել գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստը չապացուցելու բացասական հետևանքները, որը ներառված չի եղել ապացուցման առարկայի մեջ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան