Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.01.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0289/01/17

Գործ թիվ ԵԿԴ/0289/01/17

Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան

Դատավորներ՝

Ա. Դանիելյան

Լ. Աբգարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. Թումանյանի

մասնակցությամբ դատախազ`

Ն. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ

 

ամբաստանյալ`

Գ. ՎԱՐՏԱՆՅԱՆԻ

 

2020 թվականի հունվարի 10-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գերասիմ Սուրենի Վարտանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Գերասիմ Վարտանյանի պաշտպան Ա.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում հարուցվել է թիվ 17199117 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2017 թվականի հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում հարուցվել է թիվ 17199217 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Գերասիմ Վարտանյանը թիվ 17199217  քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և Գ.Վարտանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

1.2. Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ թիվ 17199117 և 17199217 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 17199217 համարով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ Գ.Վարտանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով։

2017 թվականի նոյեմբերի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Դատական քննության ընթացքում մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կանոններով, որոշում է կայացրել Գ.Վարտանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի սեպտեմբերի 13դատավճռով Գ.Վարտանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Գ.Վարտանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` Գ.Վարտանյանին վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս 10 (տասը) օր ժամկետով և տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հունվարի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Վարտանյանի պաշտպան Ա.Ջուվանովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ բողոք է բերել ամբաստանյալ Գ.Վարտանյանի պաշտպան Ս.Հովհաննիսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։  

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Գերասիմ Վարտանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) [Ի]րացնելու նպատակով, գործով չպարզված հանգամանքներում և անձից, ապօրինի ձեռք է բերել ընդհանուր զգալի չափի՝ 2.32 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, որից 0.92 գրամն ապօրինի իրացրել է Արայիկ Գառնիկի Մնոյանին, 0.4 գրամը` Գագիկ Մարտինի Աբրահամյանին, իսկ 1 գրամն ապօրինի պահել է իր` Երևան քաղաքի Արմենակյան փողոցի 81 տանը, բացի այդ, ինքնությունը չպարզված անձից, գործով չպարզված հանգամանքներում, թմրամիջոց պատրաստելու նպատակով ապօրինի ձեռք է բերել պրեկուրսոր հանդիսացող ընդհանուր` 0.003132 կգ քաշով քացախաթթվի անհիդրիդ, որից 0.001728 կգ-ն ապօրինի իրացրել է Արայիկ Գառնիկի Մնոյանին, 0.000648 կգ-ը` Գագիկ Մարտինի Աբրահամյանին, իսկ 0.000756 կգ-ն ապօրինի պահել է Երևանի Արմենակյան փողոցի 81 տանը:

Այսպես.

Գերասիմ Սուրենի Վարտանյանը, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել ընդհանուր զգալի չափի` 2.32 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել և պահել պրեկուրսոր հանդիսացող ընդհանուր` 0.003132 կգ քաշով քացախաթթվի անհիդրիդ:

Պայմանավորվածության համաձայն` հիշյալ թմրամիջոցից երեք թղթյա փաթեթներում` ընդհանուր խոշոր չափի` 0.92 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոցը և երեք ներարկիչների մեջ` ընդհանուր 0.001728 կգ քաշով քացախաթթվի անհիդրիդ տեսակի պրեկուրսորը 2017 թվականի հունիսի 9-ին` ժամը 14:30-ի սահմաններում, իր` Երևան քաղաքի Արմենակյան փողոցի թիվ 81 տանը, վաճառելու եղանակով` 40.000 ՀՀ դրամի դիմաց, ապօրինի իրացրել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 3-րդ տան բնակիչ Արայիկ Գառնիկի Մնոյանին, ինչը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից Սամվել Չիչոյանին պատկանող ավտոմեքենայում կատարված դեպքի վայրի զննությամբ:

Բացի այդ, նույն օրը երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, չպարզված գումարի դիմաց, իր` Երևան քաղաքի Արմենակյան փողոցի թիվ 81 տան մոտակայքում, նշված ընդհանուր զանգվածներից 0.4 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցը և պրեկուրսոր հանդիսացող 0.000648 կգ քաշով քացախաթթվի անհիդրիդն ապօրինի իրացրել է Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 14 տան բնակիչ Գագիկ Մարտինի Աբրահամյանին, ինչն էլ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից վերջինիս անձնական խուզարկությամբ, իսկ նշված ափիոն տեսակի, ընդհանուր 2.32 գրամ քաշով թմրամիջոցից մնացած 1 գրամը և պրեկուրսոր հանդիսացող ընդհանուր` 0.003132 կգ քաշով քացախաթթվի անհիդրիդից մնացած` 0.000756 կգ-ն ապօրինի պահել է իր` Երևան քաղաքի Արմենակյան փողոց 81 տանը, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից 2017 թվականի հունիսի 10-ին` նշված տանը կատարված խուզարկության արդյունքում»1:

6. Առաջին ատյանի դատարանը Գ.Վարտանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքները կատարելու մեջ և, անդրադառնալով վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելու և այն կրելու նպատակահարմարության հարցին, արձանագրել է. «(...) [Առաջին ատյանի դատարանը], որպես ամբաստանյալ Գերասիմ Վարտանյանի անձը բնութագրող տվյալներ է գնահատում` նախկինում դատապարտված չլինելը (ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն կատարված հարցման արդյունքների), ամուսնացած լինելը, վատառողջ լինելը (ըստ ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից տրված տեղեկանքների և էպիկրիզի)։

[Առաջին ատյանի դատարանն] ամբաստանյալ Գերասիմ Վարտանյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող ու մեղմացնող հանգամանքներ չարձանագրեց։

(...)

[Առաջին ատյանի դատարանը], հաշվի առնելով ամբաստանյալ Գերասիմ Վարտանյանի անձը բնութագրող տվյալները, հատկապես` նախկինում դատապարտված չլինելը, վատառողջ լինելը, ամուսնացած լինելը, հաշվի առնելով նրան վերագրվող հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը (ծանր և ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցագործություններ են), ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի տեսանկյունով բացառիկ հանգամանքների, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված` ազատազրկման ձևով վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի բացակայությունը, փաստում է, որ պատժի նպատակներն ապահովելու տեսանկյունով վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ կարող է նշանակվել բացառապես որոշակի ժամկետով ազատազրկման ձևով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի ձևով»2:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը բխում է Գ.Վարտանյանի կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի, բնույթի, մեղքի ձևի, դրա տեսակի, հանցագործության կոնկրետ հանգամանքների, կատարման եղանակի, ավարտվածության աստիճանի, օրենքով պահպանվող հասարակական հարաբերության կարևորության, հանցագործության առարկա թմրամիջոցի տեսակի, դրա չափի, հանցանքի կատարման նպատակի և շարժառիթի, պատճառված վնասի չափի, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և նրա պատաuխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայության փաստի ամբողջական վերլուծությունից: Այլ կերպ` ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները կիրառելու անթույլատրելիության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված ու իրավաչափ է:

(...)

Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկը կարող է քննության առարկա դառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի լույսի ներքո և քրեադատավարական այլ ընթացակարգով, սակայն ինքնին հիմք չի կարող հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված` պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի գործադրման համար, քանի որ վերջինիս հիմքում ընկած է միանգամայն այլ նախապայման, այն է` դատարանի համոզվածությունն ու վստահությունն առ այն, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, որը պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին»3:

8. Քրեական գործի նյութերում առկա են հետևյալ փաստական տվյալները.

ա) ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տեղեկանքը, համաձայն որի՝ Գ.Վարտանյանի հիվանդության ախտորոշումն է` միզապարկի C-r, ցավային համախտանիշ, ցուցված է հետագա բուժում՝ ըստ տեղամասի օնկոլոգի4:

բ) ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի էպիկրիզը, համաձայն որի՝ Գ.Վարտանյանի հիվանդության ախտորոշումն է` միզապարկի C-r T3bN0M0, մակրոհեմատուրիա, անեմիա: 2011 թվականին միզապարկի C-r T3bNxMx, մակրոհեմատուրիա, անեմիա ախտորոշմամբ կատարվել է միզապարկի պալիատիվ ՏՈՒՌ: 2011 թվականի ապրիլի 1-ին ենթարկվել է վիրահատության` ցիստոպրոստատէկտոմիա, երկկողմանի ուրետերոկուտանեոստոմիա: Հեռացված են զստային ավշահանգույցները5:

գ) ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գրությունն այն մասին, որ Գ.Վարտանյանի մոտ ախտորոշված է «Վիճակ միզապարկի հեռացումից հետո` քաղցկեղի կապակցությամբ» 6:

դ) Հաշմանդամության տեղեկանքն այն մասին, որ Գ.Վարտանյանը 2-րդ խմբի հաշմանդամ է7:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:

Բողոքաբերը փաստարկել է, որ Գ.Վարտանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը չի ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի մշտական բնակության վայր, ֆիզիկապես վատառողջ է` տառապում է «Միզապարկի քաղցկեղ» հիվանդությամբ, որի հետևանքով հեռացվել է միզապարկը և ստամոքսի 2/3-ը, ունի մշտական խնամքի կարիք, 2-րդ խմբի հաշմանդամ է, ինչպես նաև բացակայում են պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները։

10. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Ա.Հովհաննիսյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունվարի 22-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և Գ.Վարտանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբեր Ա.Հովհաննիսյանի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն: Միևնույն ժամանակ, հաշվի անելով, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում8, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախևառաջ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

Մեջբերված նորմերից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, վերոնշյալ արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմը ձևական է, ուստի հանցանքն համարվում է ավարտված՝ հոդվածի դիսպոզիցիայով նկարագրված արարքներից որևէ մեկը կատարելու պահից:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե

(…)

6) անցել են վաղեմության ժամկետները. (…)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] (…) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում9: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է10:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- ամբաստանյալ Գ.Վարտանյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքը կատարվել է 2017 թվականի հունիսի 10-ին11,

- Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ին, որը Գ.Վարտանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բողոքարկվել է Վերաքննիչ դատարան12,

- բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 2019 թվականի հունվարի 22-ին13,

- նշված որոշման դեմ պաշտպան Ա.Հովհաննիսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ14:

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Վարտանյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքն ավարտվելու օրվանից ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել:

Հետևաբար, սույն դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Գ.Վարտանյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, ուստի ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ այդ մասով քրեական հետապնդումն անհրաժեշտ է դադարեցնել:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. մարդասիրության և պատասխանատվության անհատականացման սկզբունքների պահպանման տեսանկյունից հիմնավորված են արդյո՞ք ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1.Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին։

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»։

Պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա15` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն16։

18. Անդրադառնալով հանցանք կատարած անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու համատեքստում նրա առողջական վիճակը որպես անձը բնութագրող տվյալ գնահատման ենթարկելու կարևորությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ հանգամանքի պատշաճ գնահատումն էական նշանակություն ունի պատժի նպատակների իրականացման տեսանկյունից համաչափ պատժատեսակ ընտրելու և պատժաչափ նշանակելու համար, ինչպես նաև բխում է դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի արգելքի սահմանադրական և կոնվենցիոն պահանջից: Թերևս վերջիններիս հաշվառմամբ էլ օրենսդիրն անձի մոտ ծանր հիվանդության առկայությունը նախատեսել է որպես նրան պատժից ազատելու (ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդված), ինչպես նաև նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի ի կատար ածումը հետաձգելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Վերոհիշյալով պայմանավորված` ամբաստանյալի վատառողջ լինելու վերաբերյալ տվյալների առկայության դեպքում դատարանը պարտավոր է պատշաճ ստուգման և գնահատման ենթարկել դրանք: Այն դեպքում, երբ կհաստատվի անձի մոտ հիվանդության առկայությունը, դատարանը պարտավոր է այն` որպես անձը բնութագրվող տվյալ, հաշվի առնել համապատասխան պատժատեսակ ընտրելիս, պատժաչափ սահմանելիս, ինչպես նաև դրա կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս17: 

18.1. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առանց պատիժը փաստացի կրելու հանցանք կատարած անձի ուղղվելու հնարավորության մասին դատարանը կարող է գալ համապատասխան եզրահանգման գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների համակցության վերլուծության արդյունքում` մասնավորապես գնահատման ենթարկելով պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող տվյալները: Վերջինի համատեքստում կարևորվում է նաև անձի առողջական վիճակի վերաբերյալ առկա տեղեկությունների վերլուծությունն ու գնահատումը, քանի որ անձի մոտ հիվանդության առկայությունը` ելնելով դրա բնույթից, տեսակից և ծանրության աստիճանից գործում առկա այլ տվյալների համակցությամբ, կարող է վկայել անձին ազատությունից զրկելու աննպատակահարմարության և առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, ինչը համահունչ է նաև պատիժ նշանակելու կարևորագույն` մարդասիրության սկզբունքին: 

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Գ.Վարտանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակելիս հաշվի է առել կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության բնույթը և աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ վերջինս վատառողջ է, նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացած է, ինչպես նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի բացակայությունը, և որոշել, որ Գ.Վարտանյանը պետք է կրի իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը18:

Վերաքննիչ դատարանը, քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը, գտել է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը բխում է հանցագործության բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և նրա պատաuխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայության փաստի ամբողջական վերլուծությունից: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ ամբաստանյալի առողջական վիճակը կարող է քննարկման առարկա դառնալ քրեաիրավական օրենսդրությամբ նախատեսված այլ ընթացակարգով, և այն ինքնին հիմք չէ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար19:

20. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 17-18.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու պարտականություն սահմանելիս պատշաճ գնահատման չեն ենթարկել գործի փաստական տվյալների ամբողջությունը: Մասնավորապես, թեև թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարաններն անդրադարձել են Գ.Վարտանյանի վատառողջ լինելու հանգամանքին, այնուամենայնիվ այն պատշաճ վերլուծության չեն ենթարկել, չեն գնահատել հիվանդության տեսակը, բնույթն ու հնարավոր բացասական հետևանքները:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ ամբաստանյալի առողջական վիճակը կարող է քննարկման առարկա դառնալ այլ ընթացակարգով, և այն ինքնին հիմք չէ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններն ըստ էության հանցավորի անձը բնութագրող տվյալներ են, որոնք պետք է պատշաճ ստուգման և գնահատման արժանանան պատիժ նշանակելու գործընթացում` գործի ողջ հանգամանքների համատեքստում:

21. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Գ.Վարտանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ գնահատման չեն ենթարկել ամբաստանյալի առողջական վիճակը, մասնավորապես այն, որ նրա մոտ ախտորոշվել է` միզապարկի քաղցկեղ, դրանով պայմանավորված՝ ենթարկվել է վիրահատությունների, հեռացվել է միզապարկը, ցուցված է հետագա բուժում՝ ըստ տեղամասի օնկոլոգի, համարվում է 2-րդ խմբի հաշմանդամ20։ Վերոնշյալ տվյալները չեն դիտարկվել գործում առկա` ամբաստանյալի անձը բնութագրող այլ հանգամանքների, այն է` նախկինում դատված չլինելու, ամուսնացած լինելու, ծանրացնող հանգամանքների բացակայության համատեքստում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեջբերված և վերլուծված փաստական տվյալների համակցությունը վկայում է Գ.Վարտանյանին ազատությունից զրկելու աննպատակահարմարության և առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, որը բխում է նաև պատիժ նշանակելու կարևորագույն` մարդասիրության սկզբունքի պահանջներից:

Հետևաբար, մարդասիրության և պատասխանատվության անհատականացման սկզբունքների պահպանման տեսանկյունից ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

22. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի համարելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանելու, ամբաստանյալ Գ.Վարտանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ 266-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու` սահմանելով փորձաշրջան` երկու տարի ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գերասիմ Սուրենի Վարտանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Գերասիմ Սուրենի Վարտանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Ամբաստանյալ Գերասիմ Սուրենի Վարտանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ նշանակված` 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս 10 (տասը) օր ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում ամբաստանյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

-----------------------

1 ՏեԲս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 13-16:

2 ՏեԲս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 73-85:

3 ՏեԲս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 93-112:

4 ՏեԲս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 72:

5 ՏեԲս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 74:

6 ՏեԲս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 66:

7 ՏեԲս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 65:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

15 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի վերաբերյալ գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի վերաբերյալ գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամսոն Ամիրխանյանի վերաբերյալ գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի վերաբերյալ գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի վերաբերյալ գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսան Հակոբյանի վերաբերյալ գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՇԴ/0025/01/16 որոշման 16-17-րդ կետերը:

18 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

20 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: