Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0039/11/17

Գործ թիվ ԼԴ/0039/11/17

Նախագահող դատավոր՝  Ն. Հովակիմյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝

Ն. Թումանյանի

 

մասնակցությամբ դիմող՝

Ա. ՈՍԿԱՆՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի և շահագրգիռ անձ Գայանե Բաղդասարի Աբրահամյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Յու.Թամազյանը (այսուհետ՝ նաև Հետաքննության մարմին) որոշում է կայացրել Գայանե Աբրահամյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին`

1) Արտակ Ոսկանյանի կողմից Մխիթար Մաթևոսյանի կատարած ինքնիրավչությանն օժանդակելու կապակցությամբ՝ Արտակ Ոսկանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով,

2) Գայանե Աբրահամյանի կողմից Արտակ Ոսկանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու կապակցությամբ՝ Գայանե Աբրահամյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:

2. Նշված որոշման դեմ Ա.Ոսկանյանի բողոքը Լոռու մարզի դատախազի՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է:

3. Ա.Ոսկանյանի բողոքի քննության արդյունքում Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ բավարարվել է բողոքը, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Ա.Ոսկանյանի իրավունքների խախտումը, այն է՝ վերացնել Հետաքննության մարմնի՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 11-ի որոշման 2-րդ կետը և այդ որոշումը հաստատելու մասին Լոռու մարզի դատախազի՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը:

4. Լոռու մարզի դատախազության դատախազ Ա.Ավագյանի և շահագրգիռ անձ Գ.Աբրահամյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունվարի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակիորեն: Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է, Ա.Ոսկանյանի բողոքը բավարարվել է, վերացվել է Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 11-ի որոշման 2-րդ կետը:

5. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը և շահագրգիռ անձ Գ.Աբրահամյանը վճռաբեկ բողոքներ են բերել, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Գ.Աբրահամյանը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետին 2017 թվականի հոկտեմբերի 19-ին դիմում է ներկայացրել այն մասին, որ. «(…) Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով հանդես գալով որպես տուժող, 2017թ. հոկտեմբերի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Մխիթար Մաթևոսյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը զրպարտելով իրեն և Քրիստինե Մխիթարյանին՝ անվանել է գողեր, սակայն իրենց վերաբերյալ քննվող՝ գողություն կատարելու մասին քրեական գործով դատարանը դեռևս որոշում չի կայացրել, մինչդեռ Արտակ Ոսկանյանը ներկա է եղել, թե ինչպես է Մխիթար Մաթևոսյանը իրենից խլում իր ոսկյա զարդերը, դրամապանակը, իր և ամուսնու անձնագրերը, տան վկայականը, միաժամանակ Արտակ Ոսկանյանը ստիպելով՝ իրեն գրել է տվել 2.5 մլն. դրամի պարտավորագիր, Մխիթար Մաթևոսյանի հետ կատարելով հանցագործություն (…)»1:

6.1. Գ.Աբրահամյանի դիմումի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Ոսկանյանը 2017 թվականի հոկտեմբերի 20-ին բացատրություն է տվել այն մասին, որ դիմումում շարադրված տեղեկություններն ակնհայտ սուտ են, և խնդրել է ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար դիմողին ենթարկել քրեական պատասխանատվության2:

6.2. Նյութերի նախապատրաստման ընթացքում Գ.Աբրահամյանը 2017 թվականի հոկտեմբերի 25-ի լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ. «Նա (Արտակ Ոսկանյանը) ոչ թե ստիպել է, այլ Մխիթարի պահանջով թելադրել է ինձ գրել պարտավորագիր»3։

7. Հետաքննության մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2017 թվականի նոյեմբերի 11-ի որոշման համաձայն՝ «(…) Գայանե Աբրահամյանի դիմումի շուրջ նախապատրաստված (…) նյութերով հիմնավորվել է, որ Արտակ Ոսկանյանը, որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, 2017թ. ապրիլի 25-ին Մխիթար Մաթևոսյանի աշխատասենյակ է այցելել նրա կողմից Գայանե Աբրահամյանի նկատմամբ բռնություն գործադրելով ինքնիրավչություն կատարելուց հետո միայն՝ Մխիթար Մաթևոսյանին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։ Ըստ էության, Արտակ Ոսկանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի 5-րդ մասում թվարկված եղանակներից և որևէ մեկով չի օժանդակել Մխիթար Մաթևոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարմանը, հետևապես՝ նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-322 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը։

Սույն նյութերով չի հիմնավորվել Արտակ Ոսկանյանի կողմից Գայանե Աբրահամյանին վիրավորելու հանգամանքը։ Բացի այդ, վիրավորանքը կրում է քաղաքացիական բնույթ և այդ կապակցությամբ իրավահարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական դատավարության կարգով։

Ինչ վերաբերում է Արտակ Ոսկանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում նշված՝ Գայանե Աբրահամյանի կողմից սուտ մատնություն կատարելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է։ Նշված հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ հանցակազմի առկայությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ անձը գործել է գիտակցաբար և հանցագործության մասին ակնհայտ սուտ հաղորդում է ներկայացրել՝ նպատակ ունենալով հասնել անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Սույն նյութերով պարզվել է, որ Գայանե Աբրահամյանն իր դիմումում և բացատրություններում նշելով Արտակ Ոսկանյանի կողմից ինքնիրավչությանն օժանդակելու մասին, հայտնել է իր սուբյեկտիվ կարծիքը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում չի հիմնավորվել, որ Գայանե Աբրահամյանը գործել է գիտակցաբար և հանցագործության մասին ակնհայտ սուտ հաղորդում ներկայացրել, չի հիմնավորվել նաև, որ նա հետապնդել է անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակ, ուստի Գայանե Աբրահամյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը (…)»4։

7.1. Հետաքննության մարմնի կողմից Գ.Աբրահամյանի հաղորդման վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել Գ.Աբրահամյանից և նրա ամուսնուց, փաստաբան Ա.Ոսկանյանից, պահանջվել և ստացվել են թիվ 71155017 քրեական գործով տուժող Գ.Աբրահամյանի հաղորդման, նախաքննության ընթացքում Գ.Աբրահամյանի, Մ.Մաթևոսյանի և Լ.Ղազարյանի ցուցմունքների, առերես հարցաքննությունների, կնքված պարտավորագրի, ինչպես նաև դատական նիստի արձանագրության պատճենները5։

8. Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով Արթուր Մամաջանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ2/0055/01/15 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ սուտ մատնության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման կապակցությամբ օրենքով սահմանված կարգով վերջնական որոշման առկայությունը, գտել է որ. «(…) Գայանե Աբրահամյանի դիմումի և բացատրությունների բովանդակությունից պարզվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու բավարար հիմք, քանի որ նյութերով հավաստվել է՝ սուտ մատնության, որպես քրեական օրենքով արգելված արարքի օբյեկտը և օբյեկտիվ կողմը, որը բավարար է քրեական գործ հարուցելու համար, այն ժամանակ, երբ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կկայացվի վերջնական որոշում։ Իսկ մեղքի առկայությունը կամ բացակայությունը կարող է որոշվել արդեն քրեական գործ հարուցելուց հետո քրեական գործի քննության հետագա փուլերում։

Դատարանը հիմնավոր չի համարում (…) հետաքննության մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման մեջ կատարած հետևությունն այն մասին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում չի հիմնավորվել, որ Գայանե Աբրահամյանը գործել է գիտակցաբար և ներկայացրել հանցագործության մասին ակնհայտ սուտ հաղորդում։ Դատարանը գտնում է, որ դիմումում կոնկրետացված որևէ անձի կողմից ենթադրաբար հանցավոր գործողություններ կատարելու մասին տեղեկությունները ոչ գիտակցված չեն կարող շարադրվել։

(…)

Դատարանը գտնում է, որ սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու բավարար հիմքերը պարզելու համար հետաքննության մարմինը կատարված քննության արդյունքում` մինչև սուտ մատնության դեպքով քրեական գործ հարուցելը կամ քրեական գործ հարուցելը մերժելը, պետք է հանգամանորեն քննարկի, վերլուծի և գնահատի սկզբնական հաղորդման մեջ նշված փաստերը, դրանց հիման վրա կայացնի համապատասխան որոշում, որը օրենքով սահմանված կարգով կարող է նաև բողոքարկվել, որից հետո միայն այդ որոշման ուժի մեջ մտնելու դեպքում, համապատասխան առիթի և հիմքերի առկայության դեպքում անդրադառնա սուտ մատնության դեպքին։ Հակառակ դեպքում՝ երկու որոշումների առկայության պայմաններում սուտ մատնության հետևանքով տուժած անձը զրկված է սուտ մատնություն կատարելու դեպքի կապակցությամբ հաղորդում ներկայացնելու միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը բացառում է քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը, եթե՝ անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում։

Քննարկվող դեպքով հետաքննության մարմնի 11.11.2017թ. որոշումից երևում է, որ հետաքննության մարմինը միաժամանակ քննարկել է, ինչպես Գայանե Աբրահամյանի կողմից արված հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը՝ դրա ճիշտ կամ սուտ լինելը, այնպես էլ Գայանե Աբրահամյանի կողմից ենթադրաբար սուտ մատնություն կատարելու հանգամանքը և արդյունքում մեկ փաստաթղթով կայացրել է երկու որոշում (…)։

Տվյալ դեպքում հետաքննության մարմնի 11.11.2017թ. որոշմամբ առկա է սուտ մատնության դեպքով Գայանե Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին չվերացված որոշում, որը Արտակ Ոսկանյանի կողմից համապատասխան հաղորդում ներկայացվելու դեպքում միայն այդ հանգամանքի առկայությունը խոչընդոտ է քրեական գործ հարուցելու համար (…)»6:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը քննության առնելով դիմող Արտակ Ոսկանյանի բողոքը, իրավաչափ եզրահանգման է եկել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Յու.Թամազյանի կողմից 11.11.2017թ. կայացված որոշման 2-րդ կետով խախտվել են Ա.Ոսկանյանի իրավունքները, քանի որ նա այդ որոշման առկայության պայմաններում զրկվել է Գայանե Աբրահամյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի կապակցությամբ որպես տուժող հաղորդում ներկայացնելու հնարավորությունից: Այսինքն սահմանափակվել է Արտակ Ոսկանյանի արդար քննության իրավունքը, քանի որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Յու.Թամազյանի կողմից 11.11.2017թ. կայացված և չվերացված որոշման առկայությունը, որով մերժվել է Գայանե Աբրահամյանի կողմից Արտակ Ոսկանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելը, բացառում է սուտ մատնության դեպքով Գայանե Աբրահամյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը:

 (…)

[Հ]իմնավոր են դատախազ Ա.Ավագյանի կողմից բերված փաստարկներն այն մասին, թե Դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները՝ որոշումը կայացնելով անձի իրավունքների խախտումը վերացնելու հետաքննության մարմնի պարտականության մասին»7։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Ըստ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի բողոքի՝ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված չեն, չեն բխում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներից: Բողոքարկվող դատական ակտերով, բողոքաբերի կարծիքով, թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 358-րդ հոդվածների էական խախտումներ, ինչպես նաև դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները, ստանձնելով նյութերի նախապատրաստություն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունը, իրավաբանական գնահատական են տվել Գ.Աբրահամյանի արարքին, կարծիք են հայտնել վերջինիս մեղավորության վերաբերյալ՝ այդկերպ ուղղորդելով նախնական քննության մարմնին և քրեական գործ հարուցվելու դեպքում կանխորոշելով դրա հետագա ընթացքը, ինչը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից:

10.1. Բացի այդ, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից արձանագրված՝ Ա.Ոսկանյանի արդար քննության իրավունքի խախտման փաստին այն հիմնավորմամբ, որ հետաքննության մարմինն իր որոշմամբ Ա.Ոսկանյանին զրկել է Գ.Աբրահամյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի կապակցությամբ որպես տուժող հաղորդում ներկայացնելու հնարավորությունից, քանի որ չվերացված որոշման առկայությունը բացառում է սուտ մատնության դեպքով Գ.Աբրահամյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Գ.Աբրահամյանի դիմումի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Ոսկանյանը բացատրություն է տվել, որ Գ.Աբրահամյանի հայտնած տեղեկություններն ակնհայտ սուտ են, և խնդրել է իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Ա.Ոսկանյանի հայտնած՝ իր նկատմամբ կատարված առերևույթ հանցագործության մասին տեղեկությունն առաջացրել է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը: Բողոքաբերի պնդմամբ՝ Ա.Ոսկանյանի իրավունքները կխախտվեին, եթե նշված փաստին վարույթն իրականացնող մարմնի կողմից չտրվեր համապատասխան իրավական գնահատական:

10.2. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն՝ Հետաքննության մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 2017 թվականի նոյեմբերի 11-ի որոշման 2-րդ կետը վերացնելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 24-ի որոշումը և Ա.Ոսկանյանի բողոքը մերժել:

11. Ըստ շահագրգիռ անձ Գ.Աբրահամյանի վճռաբեկ բողոքի՝ ստորադաս դատարանների կողմից կայացվել են չհիմնավորված դատական ակտեր, խախտվել են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոքաբերի համոզմամբ՝ Հետաքննության մարմնի կողմից օրենսդրության պահանջների պահպանմամբ ճիշտ եզրահանգում է արվել իր արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության մասին, որպիսի պայմաններում խոսք չի կարող լինել վարույթն իրականացնող մարմնի որոշման ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ: Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է ընդհանուր բնույթի վերացական դատողություններ:

11.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների որոշումները և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Ա.Ոսկանյանի կողմից ներկայացված բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ԱՈսկանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելիս նույն որոշմամբ նաև ԳԱբրահամյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության արձանագրումը հանգեցրել է Ա.Ոսկանյանի իրավունքների խախտման։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործ հարուցելու առիթներն են`

1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

(…)»:

14. Հանցագործության մասին հաղորդման և դրա բովանդակությունը հերքող` իրարամերժ վարույթներով քրեական հետապնդում իրականացնելու առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արթուր Մամաջանյանի գործով, որի փաստական հանգամանքներն ունեին հետևյալ բովանդակությունն ու ժամանակագրական հաջորդականությունը.

- Ա.Մամաջանյանի հաղորդման հիման վրա 2015 թվականի սեպտեմբերի 11-ին խոշոր չափով կաշառք տալու և ստանալու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր թիվ 55104815 քրեական գործը, որի նախաքննության ընթացքում՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ին, Ա.Մամաջանյանին մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափով կաշառք տալու համար,

- 2015 թվականի դեկտեմբերի 21-ին վերոնշյալ քրեական գործի նյութերով հարուցվել էր թիվ 55106115 քրեական գործը՝ մեղադրյալ Ա.Մամաջանյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ,

- 2015 թվականի դեկտեմբերի 22-ին Ա.Մամաջանյանը թիվ 55106115 քրեական գործով հարցաքննվել էր որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը,

- 2015 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում էր կայացվել կաշառք տալու վերաբերյալ թիվ 55104815 քրեական գործով վարույթը կարճելու, հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` այն պատճառաբանությամբ, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները,

Ինչպես հետևում է նշված փաստական հանգամանքներից` առանց վերջնական իրավական գնահատականի արժանացնելու և հերքելու Ա.Մամաջանյանի կողմից կաշառք տալու փաստը, նախաքննության մարմինն այդ փաստով քրեական հետապնդում իրականացնելուն զուգահեռ որոշում էր կայացրել սուտ մատնության հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Արդյունքում, Ա.Մամաջանյանի նկատմամբ իրարամերժ վարույթներով զուգահեռաբար իրականացվել էր քրեական հետապնդում, Ա.Մամաջանյանն իր կողմից կաշառք տալու վերաբերյալ սուտ մատնություն կատարելու շուրջ հարցաքննվել էր որպես կասկածյալ այն դեպքում, երբ ընթացքի մեջ էր գտնվում կաշառք տալու փաստով իրականացվող նախաքննությունը, որի շրջանակներում նա ունեցել էր մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Ընդ որում կաշառք տալու փաստի առթիվ իրականացվող վարույթն ավարտվել էր 2015 թվականի դեկտեմբերի 28-ին, որից ընդամենը երկու օր անց` 2015 թվականի դեկտեմբերի 30-ին սուտ մատնության մեղադրանքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: Ավելին, սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունն ըստ էության ավելի խիստ էր, քան կաշառք տալու համար նախատեսված պատասխանատվությունը: Նման պայմաններում, ողջամտորեն կարող էր առաջանալ մտավախություն առ այն, որ իրարամերժ, միմյանց բացառող վարույթներով քրեական հետապնդման իրականացումը կարող էր օգտագործվել որպես վարույթն իրականացնող մարմնի համար ցանկալի տեղեկություններ ստանալու միջոց8։

Նման փաստական հանգամանքների պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտել էր, որ նախաքննական մարմինն իրավասու չէր Ա.Մամաջանյանի կողմից ենթադրյալ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցել քրեական գործ այն պայմաններում, երբ Ա.Մամաջանյանի կողմից կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործով առկա չէր համապատասխան վերջնական որոշում9:

14.1. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն Արթուր Մամաջանյանի գործով իրավական դիրքորոշում ձևավորեց այն մասին, որ թեև սուտ մատնությունն ավարտված է համարվում իրավասու մարմնի կողմից հանցագործության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները ստանալու պահից, սակայն այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմքերը ձևավորվում են այն ժամանակ, երբ օրենքով սահմանված կարգով հաստատվում է հանցագործության մասին հաղորդման բովանդակության սուտ լինելը: Հակառակ պարագայում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման առիթով իրականացվող քննությանը զուգահեռ քրեական հետապնդում կիրականացվի դրան ուղղակիորեն հակադրվող, այն բացառող քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս ոչ միայն կիմաստազրկի անձի իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիքները, այլ նաև լուրջ սպառնալիք կստեղծի քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից իրենց լիազորությունները կամայական գործադրելու տեսանկյունից:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ սուտ մատնության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման կապակցությամբ օրենքով սահմանված կարգով վերջնական որոշման առկայությունը10։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Գ.Աբրահամյանը 2017 թվականի հոկտեմբերի 19-ին դիմում է ներկայացրել Ա.Ոսկանյանի կողմից ինքնիրավչությանն օժանդակելու վերաբերյալ11,

- Գ.Աբրահամյանի դիմումի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Ոսկանյանը 2017 թվականի հոկտեմբերի 20-ին բացատրություն է տվել այն մասին, որ դիմումում շարադրված տեղեկություններն ակնհայտ սուտ են, և խնդրել է ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար դիմողին ենթարկել քրեական պատասխանատվության12,

- Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ Գ.Աբրահամյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝

1) Ա.Ոսկանյանի կողմից Մ.Մաթևոսյանի կատարած ինքնիրավչությանն օժանդակելու կապակցությամբ՝ Ա.Ոսկանյանի արարքում ինքնիրավչությանն օժանդակելու հանցակազմի բացակայության հիմքով,

2) Գ.Աբրահամյանի կողմից Ա.Ոսկանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու կապակցությամբ՝ Գ.Աբրահամյանի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով13,

- Նշված որոշման դեմ Ա.Ոսկանյանի բողոքը Լոռու մարզի դատախազի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է14,

- Առաջին ատյանի դատարանը, հղում կատարելով Արթուր Մամաջանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ2/0055/01/15 որոշմանը, գտել է, որ մինչև սուտ մատնության դեպքով քրեական գործ հարուցելը կամ քրեական գործ հարուցելը մերժելը, հետաքննության մարմինը պետք է հանգամանորեն քննարկի, վերլուծի և գնահատի սկզբնական հաղորդման մեջ նշված փաստերը, դրանց հիման վրա վերջնական որոշում կայացնելուց և այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան առիթի և հիմքերի առկայության դեպքում անդրադառնա սուտ մատնության դեպքին: Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ սուտ մատնության դեպքով Գ.Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին չվերացված որոշման առկայության պայմաններում Ա.Ոսկանյանը զրկվում է սուտ մատնության մասին հաղորդում ներկայացնելու իրավունքից, քանի որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման առկայությունը խոչընդոտ է քրեական գործ հարուցելու համար15,

- Վերաքննիչ դատարանը, դատախազի և Գ.Աբրահամյանի բողոքների քննության արդյունքում, իր որոշմամբ ըստ էության վերահաստատել է Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումները` փաստելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման առկայության պայմաններում խախտվել են Ա.Ոսկանյանի իրավունքները, քանի որ նա զրկվել է Գ.Աբրահամյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի կապակցությամբ որպես տուժող հաղորդում ներկայացնելու հնարավորությունից16:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները տարբերվում են Արթուր Մամաջանյանի գործի փաստական հանգամանքներից։ Մասնավորապես, ի տարբերություն Արթուր Մամաջանյանի գործի, սույն գործով զուգահեռաբար միմյանց բացառող վարույթներ չեն իրականացվել։ Այսպես, եթե Ա.Մամաջանյանի գործով նրա կողմից կաշառք տալը բացառում էր նրա կողմից կաշառք տալու վերաբերյալ սուտ մատնություն կատարելու վարույթը, ապա սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում Ա.Ոսկանյանի կողմից ինքնիրավչությանն օժանդակելու հաղորդման շրջանակներում իրականացվող վարույթը չէր բացառում Գ.Աբրահամյանի կողմից սուտ մատնություն կատարելու հաղորդման կապակցությամբ վարույթի իրականացումը։ Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարում ընդգծել այն հանգամանքը, որ ի տարբերություն սույն գործի, Ա.Մամաջանյանի գործով կաշառք տալու և սուտ մատնություն կատարելու ենթադրյալ արարքները վերաբերել են նույն անձի, որի դեպքում առաջանում էր իրարամերժ վարույթներով նրա իրավունքների խախտման վտանգ։ Այսպես, այդ գործերով Ա.Մամաջանյանը միաժամանակ ուներ համապատասխանաբար մեղադրյալի և կասկածյալի կարգավիճակ, որպիսի պայմաններում ողջամտորեն կարող էր առաջանալ մտավախություն առ այն, որ իրարամերժ վարույթներով քրեական հետապնդման իրականացումը կարող էր օգտագործվել որպես վարույթն իրականացնող մարմնի համար ցանկալի տեղեկություններ ստանալու միջոց։ Մինչդեռ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, այդպիսի մտահոգություն առաջանալ չէր կարող, քանի որ ինքնիրավչությանն օժանդակելու և սուտ մատնություն կատարելու վերաբերյալ տվյալներն առնչվել են տարբեր անձանց, որոնցից ոչ մեկը գործով իրարամերժ դատավարական կարգավիճակ չի ունեցել։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն ընդունելի չի համարում ստորադաս դատարանների այն պնդումը, որ սույն գործով սուտ մատնության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայությունն արձանագրելիս վարույթն իրականացնող մարմնի կողմից չի պահպանվել սկզբնական հաղորդման կապակցությամբ վերջնական որոշման առկայությունը պարզելու պահանջը։ Ուստի, վարույթն իրականացնող մարմինը մեկ դատավարական փաստաթղթով, այն է՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ կարող էր իրավական գնահատականի արժանացնել ինչպես Ա.Ոսկանյանի արարքում ինքնիրավչության օժանդակման, այնպես էլ ԳԱբրահամյանի արարքում սուտ մատնության հանցակազմերի հատկանիշների առկայության հարցը։

17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների նաև այն պնդման հետ, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման առկայության պայմաններում Ա.Ոսկանյանը զրկվել է Գ.Աբրահամյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի կապակցությամբ որպես տուժող հաղորդում ներկայացնելու հնարավորությունից։ Ըստ գործի փաստական տվյալների՝ Գ.Աբրահամյանի դիմումի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Ոսկանյանը բացատրություն է տվել այն մասին, որ Գ.Աբրահամյանի հայտնած տեղեկություններն ակնհայտ սուտ են, և խնդրել է իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար նրան ենթարկել քրեական պատասխանատվության17: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի փաստարկներն առ այն, որ Ա.Ոսկանյանի հայտնած՝ առերևույթ իր նկատմամբ կատարված հանցագործության մասին տեղեկությունն առաջացրել է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, որպիսի պայմաններում Հետաքննության մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում այդ հանգամանքը ևս դարձվել է քննարկման առարկա, ինչի արդյունքում էլ իրավական գնահատականներ են տրվել ինչպես Ա.Ոսկանյանի, այնպես էլ Գ.Աբրահամյանի արարքներին: Ընդհակառակը, ինչպես նշել է բողոք բերած անձը` Ա.Ոսկանյանի իրավունքները կխախտվեին, եթե նշված փաստին վարույթն իրականացնող մարմնի կողմից չտրվեր համապատասխան իրավական գնահատական18: Բացի այդ, հարկ է նկատել, որ Ա.Ոսկանյանն իրացրել է Հետաքննության մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության և դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկելու իր իրավունքը:

18 Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ԱՈսկանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելիս նույն որոշմամբ նաև ԳԱբրահամյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության արձանագրումը հանգեցրել է Ա.Ոսկանյանի իրավունքների խախտմանը, հիմնավոր չեն։

19. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Գ.Աբրահամյանի արարքում սուտ մատնության հանցակազմի առկայության մասին ստորադաս դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումների՝ ոչ իրավաչափ լինելու մասին բողոքաբերների փաստարկներին19՝ Վճռաբեկ դատարանը դրանք ընդունելի է համարում, քանի որ գործի նյութերի համակողմանի ուսումնասիրման արդյունքում Հետաքննության մարմինը հանգել է հիմնավոր եզրահանգման Գ.Աբրահամյանի արարքում սուտ մատնության հանցակազմի հատկանիշների բացակայության մասին20։ Հետևաբար, քրեական գործ հարուցելը մերժելու մասին Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 11-ի և դրա դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին Լոռու մարզի դատախազի 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումներով Ա.Ոսկանյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել:

20. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հետաքննության մարմնի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ա.Ոսկանյանի բողոքը անհրաժեշտ է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դիմող Արտակ Նորիկի Ոսկանյանի բողոքի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 24-ի որոշումները բեկանել ու փոփոխել: Դիմող Արտակ Ոսկանյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________________

1 Տե՛ս նյութեր, թերթ 4:

2 Տե՛ս նյութեր, թերթ 7:

3 Տե՛ս նյութեր, թերթեր 15-16:

4 Տե՛ս նյութեր, թերթեր 153-158։

5 Տե՛ս, ի թիվս այլնի, նյութեր 153-158։

6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 90-104:

7 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 80-93:

8 Տե՛ս, mutatis mutandis, Կարեն Սարուխանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0301/01/09 որոշումը, 23-րդ կետ։

9 Տե՛ս Արթուր Մամաջանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ2/0055/01/15 որոշումը, 17-րդ կետ։

10 Տե՛ս Արթուր Մամաջանյանի գործով վերը հիշատակված որոշումը, 14-15-րդ կետեր:

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

16 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերը։

20 Տե՛ս սույն որոշման 7-7.1.-րդ կետերը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան