24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2146-Լ
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված՝ 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, մայրանունը (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի (ծննդյան վկայականի կամ անձնագրի) տեսակը, սերիան ու համարը։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
4. Առաջարկել «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենին ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը յուրաքանչյուր օրվա ընթացքում իրականացված վճարումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ստացող անձանց վերաբերյալ տվյալների ընդգրկմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2146-Լ որոշման |
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է՝ Ամանորի կապակցությամբ սոցիալական աջակցություն տրամադրել 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաներին։
2. Սույն միջոցառման շահառու է հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխան (այսուհետ՝ շահառու)։
3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։
4. Սոցիալական աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա։
5. Սոցիալական աջակցությունը վճարվում է շահառուի ծնողին (խնամակալին)։
6. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից շահառուների ցանկն ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է վճարման ցուցակ և այն էլեկտրոնային եղանակով տրամադրում է Հայփոստին։
7. Վճարման ցուցակում ներառվում են երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, մայրանունը (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը։
8. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:
9. Միանվագ դրամական աջակցությունը վճարվում է սույն հավելվածի 7-րդ կետում նշված՝ վճարման ցուցակ ներառված երեխայի ծնողին (խնամակալին), ով Հայփոստի կամ Արցախփոստի աշխատակցին կներկայացնի երեխայի՝ սույն հավելվածի 7-րդ կետում նշված անձը հաստատող փաստաթուղթը, խնամակալի դեպքում՝ նաև երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթը: Երեխայի ծնող (խնամակալ) լինելը հավաստվում է երեխայի՝ վճարման ցուցակ ներառված տվյալներով և ծնողի (խնամակալի) անձը հաստատող փաստաթղթով։
Ընդ որում, երեխայի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատվում են (համադրվում են) երեխայի ծննդյան վկայականում նշված՝ ծնողի վերաբերյալ տվյալների հետ։ Վճարումն իրականացվում է ծնողի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները:
10. Միանվագ դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել և ենթակա չէ ժառանգման:
11. Եթե մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը միանվագ դրամական աջակցությունը չի վճարվում, ապա Հայփոստը կամ Արցախփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի փետրվարի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, ում միանվագ դրամական աջակցությունը չի վճարվել։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |