24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2145-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի 4-րդ մասին, 246-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, 250-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների, դրանց սեփականատերերի, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1210-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագիրը, ինչպես նաև որոշման 1-ին կետը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «կամ լիզինգառուների» բառերով:
2. Որոշման նախաբանում «250-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի» բառերը փոխարինել «250-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի» բառերով։
3. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման հավելվածի վերնագիրը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «կամ լիզինգառուների» բառերով.
2) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
3) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերությունները և N 1 ձևի ու N 3 ձևի վերնագրերը «սեփականության» բառից հետո լրացնել «կամ լիզինգի» բառերով.
4) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններում և N 2 ձևի ու N 4 ձևի վերնագրերում «սեփականատերերի փոփոխման» բառերը փոխարինել «սեփականատերերի կամ լիզինգառուների փոփոխման կամ լիզինգով տրամադրման» բառերով.
5) N 1 ձևի և N 3 ձևի աղյուսակներում՝
ա. «Սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «կամ լիզինգառուի» բառերով,
բ. համապատասխանաբար՝ 21-րդ և 20-րդ սյունակներում «համատեղ)» բառից հետո լրացնել «, լիզինգի իրավունքը» բառերով.
6) N 2 ձևի և N 4 ձևի աղյուսակներում՝
ա. «Նախկին սեփականատիրոջ» և «Նոր սեփականատիրոջ» բառերից հետո լրացնել «կամ լիզինգառուի» բառերով,
բ. 29-րդ սյունակները «համատեղ)» բառից հետո լրացնել «, լիզինգի իրավունքը» բառերով.
7) N 5 ձևը «Սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «կամ լիզինգառուի» բառերով, ինչպես նաև 23-րդ սյունակը «համատեղ)» բառից հետո լրացնել «, լիզինգի իրավունքը» բառերով։
4. Սահմանել, որ որոշմամբ սահմանված կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերություններով նախատեսված՝ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների վերաբերյալ տեղեկություններն առաջին անգամ ներկայացվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը՝ հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման վերաբերյալ տվյալները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: