Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.11.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0201/01/18

ԵԴ/0201/01/18

Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան

Դատավորներ՝

Կ. Մարդանյան

Ա. Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

2020 թվականի նոյեմբերի 20-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 9-ի որոշման դեմ ամբաստանյալ Ամիր Մոհամմադի Բորումանդֆարի պաշտպան Թ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի փետրվարի 15-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58202318 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 34-329-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2018 թվականի փետրվարի 15-ին Ամիր Մոհամմադի Բորումանդֆարը ձերբակալվել է։

2018 թվականի փետրվարի 17-ին Ա.Բորումանդֆարն ազատվել է արգելանքից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ Ա.Բորումանդֆարը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով։

2018 թվականի ապրիլի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունիսի 26-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Բորումանդֆարը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Բորումանդֆարը դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա.Բորումանդֆարի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ, Ա.Բորումանդֆարի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 2 (երկու) օրը և նրան վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 5 (հինգ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով: Կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Ա.Բորումանդֆարին ազատվել է պատժից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ռոբերտ Հայրիկի Քեշիշին:

3. Ամբաստանյալ Ա.Բորումանդֆարի պաշտպան Թ.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունվարի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 26-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

Վերոգրյալ որոշման դեմ 2020 թվականի մայիսի 4-ին վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Բորումանդֆարի պաշտպան Թ.Բաղդասարյանը:

4. Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Բորումանդֆարի պաշտպան Թ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 5. Ամիր Մոհամմադի Բորումանդֆարին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 34-329-րդ հոդվածի 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա, բնակվելով Իրանում և նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել Կանադայում, ընկերոջ՝ Ամին Քարամիի միջոցով հեռախոսակապ է հաստատել ՀՀ-ում բնակվող ԻԻՀ քաղաքացի Ռոբերտ Քեշիշիի հետ, ով ստանձնել է յուրաքանչյուր անձի համար 17.000-ական ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք բերել նրանց տվյալներով եվրոպական որևէ երկրի անձնագրեր և ուղևորության փաստաթղթեր, իսկ լրացուցիչ 2000-ական ԱՄՆ դոլարի դիմաց նաև մկրտության վկայագրեր, որպեսզի վերջիններս Կանադայում հիմքեր ունենան որպես փախստականներ հանձնվելու համար։ Նշված գումարից 5000-ական ԱՄՆ դոլար Ամին Քարամին և Ամիր Բորումանդֆարը բանկային փոխանցումով ուղարկել են Ռոբերտ Քեշիշիի նշած իրանական բանկային հաշվին:

06.02.2018թ-ին Ամիր Բորումանդֆարն Ամին Քարամիի հետ ժամանել են Երևան, որտեղ Ռոբերտ Քեշիշիին են վճարել գումարի մնացած մասը և 14.02.2018թ-ին ստացել իրենց տվյալներով Նորվեգիայի քաղաքացիների թիվ 35500539 և թիվ 52150352 կեղծ անձնագրերը, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի կողմից տրված մկրտության կեղծ վկայագրեր, ինչպես նաև Երևան-Փարիզ-Բելգրադ չվերթի ավիատոմսեր` հրահանգավորվելով «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների հաշվառման ծառայությանը և օդանավակայանի անվտանգությանը ներկայացնել կեղծ նորվեգական անձնագրերը, իսկ սահմանային վերահսկողությունն անցնելիս` իսկական իրանական անձնագրերը:

15.02.2018թ-ին Ամիր Բորումանդֆարն Ամին Քարամիի հետ մեկնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ օդանավակայանի «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲ ընկերության ուղևորների հաշվառման ծառայության աշխատակիցներին ներկայացնելով իր տվյալներով կազմված Նորվեգիայի քաղաքացու 52150352 համարի ակնհայտ կեղծ անձնագիրը, հաշվառվել է Երևան-Փարիզ չվերթի համար, սակայն չի կարողացել կեղծ անձնագրով հատել ՀՀ պետական սահմանն իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ սահմանային վերահսկողություն անցնելիս կեղծիքը բացահայտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից, իսկ ՀՀ-ից ելքը՝ արգելվել»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) [Ա]մբաստանյալ Ամիր Մոհամմադի Բորումանդֆարի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի հարցը քննարկելիս Դատարանը հաշվի է առնում, որ վերջինս երիտասարդ է, նախկինում ՀՀ-ում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, զղջացել է կատարած արարքի համար: Դատարանը հաշվի է առնում նաև գործի հանգամանքներն ու ամբաստանյալի դերը կատարված հանցագործության մեջ, այն որ հանցագործության կատարման նախաձեռնությունը պատկանել է վերջինիս: (…) Վերոգրյալի հիման վրա, քննարկելով ամբաստանյալ Ամիր Մոհամմադի Բորումանդֆարու նկատմամբ նշանակվող պատժի տեսակի հարցը և հաշվի առնելով գործի հանգամանքներն, ամբաստանյալի անձը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղը, դիրքը և բնութագիրը, հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հաշվի առնելով հանցագործության կատարման մեջ նրա դերը, գործով ծանրացնող հանգամանքների բացակայության հանգամանքը, բացի այդ` իր հայեցողության շրջանակում ղեկավարվելով պատժի նշանակման օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքներով, (…) Դատարանը գտնում է, որ Ա.Բորումանդֆարու նկատմամբ պետք է ազատազրկման ձևով պատիժ նշանակել:

 (…) Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերում բացակայում են Ամիր Բորումանդֆարու նկատմամբ համաներման մասին օրենքը կիրառելուն խոչընդոտող հանգամանքները (…)»2:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...)
ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարիի նկատմամբ պատժի տեսակ և պատժաչափ ընտրելիս Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում ՀՀ-ում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, զղջացել է կատարած արարքի համար: Դրա հետ մեկտեղ, հաշվի է առել գործի փաստական հանգամանքները, ամբաստանյալի նախաձեռնողականությունն ու դրանով պայմանավորված առավել ակտիվ դերակատարությունը հանցագործությունների կատարման մեջ, ինչպես նաև նրա կատարած կոնկրետ հանցագործություններից յուրաքանչյուրի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, որի արդյունքում նշանակել է տվյալ հանցագործությունների համար օրենսդրի կողմից սահմանված ազատազրկում պատժատեսակի նվազագույնի չափով պատիժ, որպիսին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող դիտարկվել ակնհայտ խիստ լինելու հիմքով անարդարացի:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարիի նկատմամբ մինչ Համաներման մասին օրենքի կիրառումը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցն Առաջին ատյանի դատարանի կողմից քննարկված չլինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, ապա վերջինս ոչ միայն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ կետերի և Համաներման մասին օրենքի դրույթների համադրված վերլուծությունից, այլ նաև ինքնին առարկայազուրկ է։

Վերոգրյալի ամփոփմամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների համակցությամբ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատիժ նշանակելով և այդ պատժից Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ազատելով Առաջին ատյանի դատարանը թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ի վնաս ամբաստանյալի ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Ուստի Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունիսի 29-ի դատավճիռն ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարիի մասով պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպան Թ.Բաղդասարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ մերժել»:3

7.1. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 9-ի որոշման պատճեն ամբաստանյալ Ա.Բորումանդֆարի պաշտպան ԹԲաղդասարյանին ուղարկվել է 2020 թվականի ապրիլի 22-ին, որը պաշտպանը ստացել է 2020 թվականի ապրիլի 30-ին4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

 8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտումներով: Խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ անկախ այն հանգամանքից, որ ցանկացած պարագայում կիրառելի է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը, պետք է թույլ չտալ նյութական իրավունքի նորմերի խախտում, այն է՝ նվազ խիստ պատժատեսակի առկայության պայմաններում նշանակել առավել խիստ պատիժը և չանդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորությանը:

Հետևաբար, բողոքաբերը հանգել է հետևության, որ իր պաշտպանյալի նկատմամբ պետք է սահմանվեին հոդվածներով նախատեսված նվազ խիստ պատժատեսակները, իսկ ազատազրկման ձևով պատժի նշանակման դեպքում՝ կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որից հետո միայն նա պետք է ազատվեր նշանակված պատժից՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթի ուժով:

8.1. Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ թեև ստորադաս դատարանը նշել է, որ ամբաստանյալ՝ Ամիր Բորումանդֆարի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվել նրա անձը բնութագրող տվյալներն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, սակայն ամբողջությամբ, խորությամբ և մանրակրկիտ վերլուծության չի ենթարկել դրանք: Այդ իսկ պատճառով դատարանը պատժատեսակ է ընտրել ազատազրկման ձևով, սակայն ամբաստանյալի նկատմամբ տուգանք պատժատեսակը բավարար էր վերջինիս ուղղելու համար:

Ըստ բողոքաբերի՝ Ա.Բորումանդֆարի նկատմամբ չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը կիրառելով ևս հնարավոր էր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է Ամիր Բորումանդֆարի նկատմամբ նշանակված պատժի տեսակի կամ կրման մասով Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 9-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ նշանակելով տուգանքի ձևով պատիժ, ապա «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ազատել այդ պատժից, իսկ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու դեպքում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ազատել նշանակված պատժից։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարի նկատմամբ ազատազրկման ձևով պատժի նշանակման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործը քննելիս և լուծելիս նյութական ու դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Ամիր Բորումանդֆարի նկատմամբ նշանակված պատժի համաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել և հաշվի է առել ամբաստանյալին մեղսագրված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը՝ իրավաչափորեն փաստելով, որ դրանք վկայում են ամբաստանյալի անձի և նրան մեղսագրված հանցագործությունների վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին5։

11.1. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից բարձրացված այն փաստարկներին, որ Ամիր Բորումանդֆարի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարաններն ամբողջությամբ, խորությամբ և մանրակրկիտ վերլուծության չեն ենթարկել նրա անձը բնութագրող տվյալներն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի է առել, որ վերջինս երիտասարդ է, նախկինում Հայաստանի Հանրապետությունում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, զղջացել է կատարած արարքների համար: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել կոնկրետ գործի փաստական հանգամանքները, ամբաստանյալի նախաձեռնողականությունն ու դրանով պայմանավորված առավել ակտիվ դերակատարությունը հանցագործությունների կատարման մեջ, ինչպես նաև նրա կատարած կոնկրետ հանցագործություններից յուրաքանչյուրի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, որի արդյունքում նշանակել է տվյալ հանցագործությունների համար օրենսդրի կողմից սահմանված ազատազրկում պատժատեսակի նվազագույնի չափով պատիժ6:

12. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ամիր Բորումանդֆարի նկատմամբ ազատազրկման ձևով պատժի նշանակման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է:

13. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում7՝ փաստում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: 

16. Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում, քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: 

16.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»8:

16.2. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում9:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)։

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

19. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում10: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է11:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ամիր Բորումանդֆարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2018 թվականի փետրվարի 15-ին։ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով որակված՝ Ամիր Բորումանդֆարին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի հունիսի 26-ին12, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2020 թվականի հունվարի 9-ին13: Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 9-ի որոշման պատճեն ամբաստանյալ Ա.Բորումանդֆարի պաշտպան ԹԲաղդասարյանին է ուղարկվել 2020 թվականի ապրիլի 22-ին, որը պաշտպանը ստացել է 2020 թվականի ապրիլի 30-ին14:

Նշված որոշման դեմ ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարի պաշտպանը 2020 թվականի մայիսի 4-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ15:

Վերոշարադրյալից բխում է, որ Ամիր Բորումանդֆարին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2020 թվականի փետրվարի 15-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

21. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-19-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ամիր Բորումանդֆարի պաշտպան Թ.Բաղդասարյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացնելու օրվա՝ 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Ա.Բորումանդֆարիին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն արդեն իսկ անցել է:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև սույն գործով Ա.Բորումանդֆարի նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, և վերջինս ազատվել է դատավճռով նշանակված պատժից, սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի նշված դրույթով անձին պատժից ազատելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքերի առկայության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ դրա կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե Համաներման մասին օրենքի համապատասխան դրույթի կիրառմամբ Ա.Բորումանդֆարին ազատվում է նշանակված պատժից՝ մեղադրական դատավճռի առկայության պայմաններում, ապա վաղեմության ժամկետի հիմքով՝ առհասարակ քրեական պատասխանատվությունից16։

22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ամիր Բորումանդֆարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը պետք է թողնել անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ Ա.Բորումանդֆարի նկատմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցել վերջինիս անազատության մեջ գտնվելու 2 (երկու) օրը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով:

Ա.Բորումանդֆարի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նրան ազատել պատժից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման փաստարկին17:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ամիր Մոհամմադի Բորումանդֆարի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ամիր Մոհամմադի Բորումանդֆարի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հունիսի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 9-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Ամիր Մոհամմադի Բորումանդֆարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալ Ամիր Մոհամմադի Բորումանդֆարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ՝ հաշվակցել վերջինիս անազատության մեջ գտնվելու 2 (երկու) օրը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով:

Ա.Բորումանդֆարի նկատմամբ կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նրան ազատել պատժից:

3. Ամիր Մոհամմադի Բորումանդֆարի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 221-222։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 121-122։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 41-42։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 86-87:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։

8 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը։

10 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 7.1.-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

16 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմենակ Ավագյանի վերաբերյալ գործով 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԿԴ3/0038/01/17 որոշումը:

17 Տե՛ս սույն որոշման 8-8.1-րդ կետերը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: