Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.11.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0363/01/19

Գործ թիվ ԵԴ/0363/01/19

Նախագահող դատավոր՝  Ա. Մնացականյան

Դատավորներ՝

Կ. Մարդանյան

Ռ. Մխիթարյան

 

     ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

  

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյան

Ս. Օհանյանի

    

2020 թվականի նոյեմբերի 13-ին 

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արտաշես Կարենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշման դեմ պաշտպան Լ.Պինգոլցյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

   

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11161019 քրեական գործը։

2019 թվականի փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ս.Ավագյանի որոշմամբ թիվ 11161019 քրեական գործն ընդունվել է վարույթ։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ անչափահաս Արտաշես Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը:  

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ Ա.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 29-ի որոշումներով անհայտ անձի կողմից Ա.Հակոբյանին «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11110719 քրեական գործը և միացվել թիվ 11161019 քրեական գործին։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ 2.74 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը և 3 (երեք) հատ ապակյա գլանները ճանաչվել են իրեղեն ապացույց։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արտաշես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 11161019 քրեական գործից անջատվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` անհայտ անձի վերաբերյալ քրեական գործի նյութերը և անջատված քրեական գործին շնորհվել է 11110719 համարը։

2019 թվականի հունիսի 4-ին Արտաշես Հակոբյանի վերաբերյալ թիվ 11161019 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

1.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ծնողի հսկողությանը հանձնելը, փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով:  ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Առաջին ատյանի դատարանի դատավճռով որոշվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված 2.74 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի տնօրինման հարցին անդրադառնալ թիվ 11110719 քրեական գործով վերջնական որոշում կայացնելիս:    

3. Ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպան Լ.Պինգոլցյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Պինգոլցյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 

5. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճռով Արտաշես Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա «(…) առանց իրացնելու նպատակի՝ անձնական գործածման համար, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է զգալի չափերով՝ 2.74 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2019 թվականի փետրվարի 6-ին` ժամը 14:00-ին նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կ.Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից»1:

6. Ամբաստանյալ Արտաշես Հակոբյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 8-ին2:

7. Ամբաստանյալ Ա.Հակոբյանը չի առարկել, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և թիվ ԵԴ/0363/01/19 քրեական գործով վարույթը կարճվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով3:

8. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումն ուղարկվել է պաշտպան Լ.Պինգոլցյանին 2020 թվականի փետրվարի 1-ով թվագրված ուղեկցական գրությամբ և վերջինս այն ստացել է 2020 թվականի փետրվարի 12-ին4։       

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Ըստ բողոքաբերի` սույն քրեական գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ ամբաստանյալ Ա.Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, և Վերաքննիչ դատարանի որոշման ի կատար ածումը կհանգեցնի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքի խախտման:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Ա.Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել է մինչև տասնութ տարին լրանալը՝ 2019 թվականի փետրվարի 6-ին, հետևաբար Ա.Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է 2020 թվականի փետրվարի 6-ին: Միաժամանակ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը մինչև 2020 թվականի փետրվարի 6-ը կողմերին դեռևս տրամադրված չի եղել և ինքն այն ստացել է 2020 թվականի փետրվարի 12-ին:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել, Արտաշես Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`     «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` «Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 75-րդ և 81-րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Այդ հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով՝ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»5։

15. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում6։

16. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալ Ա.Հակոբյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցագործություն է։ Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի։

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները կրճատվում են կիսով չափ:

Վերոնշյալից հետևում է, որ մինչև տասնութ տարին լրանալը անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկու տարի վաղեմության ժամկետը ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի ուժով կրճատվում է կիսով չափ՝ կազմելով մեկ տարի։

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2019 թվականի փետրվարի 6-ին7: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով որակված՝ Ա.Հակոբյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի հուլիսի 9-ին8, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի նոյեմբերի 5-ին9: Նշված որոշումը ուղարկվել է պաշտպան Լ.Պինգոլցյանին 2020 թվականի փետրվարի 1-ով թվագրված ուղեկցական գրությամբ և վերջինս այն ստացել է 2020 թվականի փետրվարի 12-ին10: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Պինգոլցյանը 2020 թվականի մարտի 9-ին բերել է վճռաբեկ բողոք11, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ12:

18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հակոբյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարի 6-ին, երբ նրա 18 տարին լրացած չի եղել13:

Հետևաբար, Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ և 95-րդ հոդվածների կանոններով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության մեկ տարի ժամկետը լրացել է 2020 թվականի փետրվարի 6-ին: Մինչդեռ, այդ օրվա դրությամբ Ա.Հակոբյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

19. Նման պայմաններում, Արտաշես Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։

20. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը պետք է բեկանել, Ա.Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Արտաշես Կարենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իսկ իրեղեն ապացույց ճանաչված` 2.74 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, 3 (երեք) հատ ապակյա գլանները` թողնել քրեական գործում և դրանց վերջնական տնօրինման հարցին անդրադառնալ թիվ 11110719 քրեական գործով:           

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտաշես Կարենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել, Արտաշես Կարենի Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել։

2. Արտաշես Կարենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Իրեղեն ապացույց ճանաչված` 2.74 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ու 3 (երեք) հատ ապակյա գլանները թողնել քրեական գործում և դրանց վերջնական տնօրինման հարցին անդրադառնալ թիվ 11110719 քրեական գործով:                      

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:    

___________________    

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 44-48։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 9, հատոր 2, թերթեր 44-48։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 11։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 107-108։

5 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։

6 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումներում։

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

11 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 13։

12 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան