Գլխավոր տեղեկություն
Համար
N 2021-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2020-20.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 12.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2020

 

10.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2021-Լ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

10.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է` սոցիալական աջակցություն տրամադրել բնակչության պետական ռեգիստրում Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին, այդ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված երեխաներին (բացառությամբ այն դեպքի, երբ երեխան 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով), եթե անձը (քաղաքացին կամ երեխան) 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ փաստացի գտնվում է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում։

Սույն կետում նշված անձը (քաղաքացին կամ երեխան) հանդիսանում է սույն միջոցառման շահառու, եթե Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով նրա հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։

Սույն միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառուները։

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 250 000 դրամի չափով։

3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է սույն միջոցառման շահառու։

4. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:

5. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

6. Սույն միջոցառման շահառուների ցանկը տրամադրում է Արցախի կառավարությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան