18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2070-Լ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2021-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2021-Լ որոշման հավելվածի 1-ին կետում «այդ համայնքներում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով։
2. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
3. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուների ցանկը։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված մինչև 18 տարեկան երեխաների տվյալները (բացառությամբ այն դեպքերի, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ այդ երեխան հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով)։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կորցրած քաղաքացիներին աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուներին (այսուհետ՝ շահառու)՝ միանվագ դրամական օգնություն տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:
2. Միանվագ դրամական օգնությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։
3. Դիմումը ներկայացնելու համար անձը մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ, օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում դիմում՝ ներառելով հետևյալ տվյալները՝
1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.
2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.
3) շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ ծնողի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը։
4. Ծառայությունն առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված տվյալների հետ և մերժում է կամ հաստատում է, կամ հաշվառում է դիմումը։
5. Դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառուի կամ ծնողի) մահվան պետական գրանցում.
3) անձը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ չունի Արցախի հաշվառում կամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախում հաշվառված երեխան 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
4) անձը չի հանդիսանում Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու (շահառուի տվյալները ներառված չեն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված ցանկում).
5) դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, և ծնողը չի հանդիսանում Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու.
6) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ շահառուն 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում.
7) անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառու.
8) շահառուին արդեն հատկացվել է սույն կարգով սահմանված միանվագ դրամական օգնությունը (շահառուի անվամբ առկա է հաստատված դիմում)։
6. Բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունն ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում։
7. Եթե սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը հաշվառում է դիմումը։
8. Ծառայությունը սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում հաշվառված դիմումով ներկայացված՝ անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում, ծառայությունը մերժում է դիմումը, իսկ համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում։
9. Սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3–րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ միանվագ դրամական օգնության չափը։
10. Աջակցության գումարը վճարվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով։ Ծառայությունը, հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետի և 8-րդ կետի դրույթները, եռօրյա պարբերականությամբ ձևավորում է վճարման ցուցակ և այն էլեկտրոնային եղանակով տրամադրում է Հայփոստին։
11. Վճարման ցուցակում ներառվում են շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի և շահառուի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը։
12. Վճարման ցուցակը Հայփոստին փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը դրա մասին հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին և բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։
13. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:
14. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է, ապա ներկայացված դիմումը կրկին քննարկվում է, եթե՝
1) Արցախի Հանրապետության կառավարությունից ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, կամ
2) շահառուն ներկայացրել է (այդ թվում՝ e-request.am կայքէջի միջոցով) մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեններ:
Սույն կետում նշված դեպքերում դիմումը հաստատվելու՝ շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ։
15. Սույն կարգով սահմանված կարգով նշանակված միանվագ դրամական օգնությունը վճարվում է շահառուին (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառու ծնողին) կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։
16. Եթե մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, ում միանվագ դրամական օգնությունը չի վճարվել։
17. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ վճարման ցուցակ ներառված ծնողի) մահվան պատճառով մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ վճարման ցուցակ ներառված ծնողի) ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ վճարման ցուցակ ներառված ծնողի) հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի կամ ծնողի մահվան վկայական, դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն է ներկայացվում մինչև 2021 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը ներկայացնելու դեպքում չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է ծառայության կողմից տրված և Հայփոստ կամ Արցախփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|