ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (9 օգոստոսի 2000 թվական, ՀՕ-83) 76-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Նույն ապրանքների և համանման ապրանքների թվին չեն դասվում այն ապրանքները, որոնք պարունակում կամ արտացոլում են ճարտարագիտական, ձևավորման, գեղարվեստական կամ նախագծային աշխատանքներ, պլաններ և էսքիզներ, որոնց համար 83 հոդվածի «դդ» ենթակետի համաձայն ճշգրտում չի կատարվել, քանի որ այդ աշխատանքներն իրականացվել են ներմուծման երկրում։»:
Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«է) հանդիսանում են որպես նույն տնտեսավարող սուբյեկտի շահերը հետապնդող անձինք.»:
Հոդված 3. Օրենսգրքի 80-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Նույն տեսակի ապրանքներն այն ապրանքներն են, որոնք պատկանում են տնտեսության որոշակի ճյուղի կամ ենթաճյուղի արտադրանք համարվող ապրանքների խմբին և ընդգրկում են նույն կամ համանման ապրանքները։»:
Հոդված 4. Օրենսգրքի 81-րդ հոդվածում «մաքսային արժեքն այն գումարն է» բառերը փոխարինել «մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 82-րդ հոդվածը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Մաքսային արժեքը որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII գլխի (մաքսային արժեքի որոշման համաձայնագրի) բացատրական նշումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 83-րդ հոդվածի «դդ» ենթակետը «անհրաժեշտ» բառից հետո լրացնել «և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված» բառերով, իսկ «ե» ենթակետում «համար անհրաժեշտ» բառերը փոխարինել «անհրաժեշտ պայման հանդիսացող» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 85-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով՝
«ե) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումից հետո գործարանների, մեքենաշինական սարքերի կամ սարքավորումների և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված այլ ապրանքների հետ կապված շինարարական, մոնտաժային, հավաքման, տեխնիկական սպասարկման կամ տեխնիկական օժանդակության աշխատանքների դիմաց կատարվող վճարները, եթե դրանք չեն մտնում այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ.
զ) ներմուծման երկրում ապրանքների ներմուծման համար գանձված կամ գանձման ենթակա տուրքերը, հարկերը և այլ պարտադիր վճարները, եթե դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ։»:
Հոդված 8. Օրենսգրքի 87-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 87. |
Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը |
1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացվի ապրանքների ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթը (հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ), որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում՝ ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի քանակի, չափի միավորի, միավորի արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև առաքման պայմաններով նախատեսված լինելու դեպքում՝ առանձին տողերով՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերի, կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի (բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի), ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված և ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարների մասին:
2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝
ա) մաքսային մարմինները չունեն բավարար հիմքեր սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթուղթն անարժանահավատ ճանաչելու համար.
բ) ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն չունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.
գ) վաճառքը կամ վաճառքի (ձեռքբերման) գինը պայմանավորված չէ որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել՝ ելնելով ապրանքի արժեքից.
դ) գնորդի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջ եկած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի անցնում վաճառողին, եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետին համապատասխան լրացում կատարել.
ե) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա հայտարարատուն հիմնավորում է, որ գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը մոտ է հետևյալ արժեքներից մեկին՝
վաճառողի հետ ոչ փոխկապակցված գնորդին Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում վաճառված նույն կամ համանման ապրանքների գործարքի գնին,
սույն օրենսգրքի 91 հոդվածի համաձայն՝ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում որոշված նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքին,
սույն օրենսգրքի 92 հոդվածի համաձայն՝ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում որոշված նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքին:
Սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի հիմնավորումն իրականացվում է հայտարարատուի նախաձեռնությամբ միայն համեմատություն կատարելու ճանապարհով հայտարարագրված մաքսային արժեքը հիմնավորելու նպատակով: Հիմնավորման ընթացքում ուշադրություն պետք է դարձնել առևտրային և քանակական մակարդակների տարբերությունների, սույն օրենսգրքի 83 հոդվածում թվարկված տարրերի, ինչպես նաև գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության բացակայության դեպքում՝ վաճառողի կամ գնորդի կրած ծախսերի վրա, որոնք բացակայում են այն դեպքում, երբ գնորդը և վաճառողը փոխկապակցված անձինք են.
զ) հայտարարագրված մաքսային արժեքն էականորեն ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ընդունված նույն կամ համանման ապրանքների համար գործարքի գնի մեթոդով որոշված համապատասխանաբար ամենացածր կամ ամենաբարձր մաքսային արժեքից:
3. Հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացնելուց հետո մաքսային մարմինները, եթե չեն կարող ընդունել գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը, պարտավոր են հնարավորություն ընձեռել ապրանքը տեղափոխող անձին՝ տրամադրելու այնպիսի մանրամասն տեղեկատվություն, որը կարող է անհրաժեշտ լինել վաճառքին (գործարքին) առնչվող հանգամանքները քննության առնելու համար: Այդ նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմիններին ներկայացնել վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով լրացված մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը, որով հայտարարագրված տեղեկությունները մաքսային մարմնի պահանջով պետք է հիմնավորվեն համապատասխան փաստաթղթերով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 88. |
Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքերը |
1. Հայտարարատուի որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունվում, եթե՝
ա) հայտարարատուն չի ներկայացնում ապրանքների՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթեր.
բ) հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին չի ներկայացվում սույն օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետով սահմանված հաշիվ-ապրանքագիրը կամ այլ փաստաթղթերը.
գ) մաքսային մարմինները բավարար հիմքեր ունեն հայտարարատուի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում տրված տեղեկություններն անարժանահավատ համարելու համար, և հայտարարատուն չի ներկայացնում մաքսային մարմինների կողմից հաշիվ-ապրանքագրում տրված տեղեկությունների իսկությունը հաստատելու նպատակով պահանջվող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝
ապրանքների գնման պայմանագրի պատճենը,
գնված ապրանքի համար գումարի վճարման վերաբերյալ փաստաթղթերը, եթե պայմանագրով նախատեսված չէ վճարումն իրականացնել ավելի ուշ, քան հայտարարագրման պահը,
վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով լրացված մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը.
դ) եթե ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն ունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքատեսակը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.
ե) ապրանքի ձեռքբերման գինը պայմանավորված է որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել՝ ելնելով ապրանքի արժեքից.
զ) ապրանքներ տեղափոխող անձի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջացած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն անցնում է վաճառողին, եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» ենթակետին համապատասխան լրացում կատարել.
է) գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը գնորդի և վաճառողի փոխկապակցվածության պատճառով ակնհայտ ցածր է:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 83 հոդվածին համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«է» ենթակետերով նախատեսված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 89-94 հոդվածների համաձայն:
4. Սույն հոդվածի նպատակներով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն կետի նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 89-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակությունների տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն սույն օրենսգրքի 95 հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:
2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով ներմուծվող ապրանքների և դիտարկվող նույն ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:
3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն նույն ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը։»:
Հոդված 11. Օրենսգրքի 90-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակությամբ վաճառված համանման ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակությունների տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:
2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով ներմուծվող ապրանքների և դիտարկվող համանման ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:
3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն համանման ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը։»:
Հոդված 12. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով՝
«31. Եթե գնահատվող ապրանքների ներմուծման նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված ապրանքները կամ ներմուծված ապրանքների համեմատ նույն կամ համանման ներմուծված ապրանքները չեն վաճառվում, ապա մաքսային արժեքը, որի վրա այլ պարագայում տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթները, որոշվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների կամ ներմուծված ապրանքների համեմատ նույն կամ համանման ներմուծված ապրանքների ներմուծումից հետո անփոփոխ տեսքով վաճառքի դեպքում իրացման միավորի գնի հիման վրա, պայմանով, որ այդ ապրանքներն իրացվել են գնահատվող ապրանքների ներմուծումից անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում: Ընդ որում, մաքսային վճարումները կատարվում են սույն օրենսգրքի 96 հոդվածի 1-ին կետի համաձայն, և հաջորդող 60 օրվա ընթացքում կատարվում է վերջնական վերահաշվարկ:»:
Հոդված 13. Օրենսգրքի 92-րդ հոդվածի տեքստը համարել 1-ին կետ և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2. Սույն հոդվածի համաձայն, մաքսային արժեքը որոշելու նպատակով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արտադրողի համաձայնությամբ կարող են ստուգել ապրանքի մաքսային արժեքի որոշման նպատակով արտադրողի տրամադրած տեղեկությունները մեկ այլ երկրում՝ նախօրոք ընդունված կարգով պատշաճ ծանուցելով տվյալ երկրի կառավարությանը փորձաքննություն անցկացնելու իրենց մտադրության մասին, եթե այդ երկրի կառավարությունը դեմ չէ նման փորձաքննության իրականացմանը:»:
Հոդված 14. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի «92 և 93» թվերը փոխարինել «91 և 92» թվերով:
Հոդված 15. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Ընդ որում, սույն կետով նախատեսված բողոքարկման փաստը չի կարող պատճառ հանդիսանալ մաքսային վճարները սահմանված ժամկետում չվճարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած տույժերից և տուգանքներից տարբերվող այլ պատժամիջոցների կիրառման համար:»:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|