Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-410-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2002-08.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.15/34(209) Հոդ.775
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիների` կուսակցություններում միավորվելու իրավունքի իրականացման, կուսակցությունների ստեղծման, նրանց իրավական կարգավիճակի, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ կապված հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կուսակցություններում միավորվելու իրավունքն իրականացնում են ազատորեն` իրենց համոզմունքներին համապատասխան, կամավոր հիմունքներով կուսակցություններ ստեղծելու, նրանց ծրագրերը և կանոնադրություններն ընդունելու և ճանաչելու պայմանով, նրանց անդամակցելու, կուսակցությունների ծրագրային նպատակներին համապատասխան և կանոնադրությամբ սահմանված կարգով նրանց գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև կուսակցությունից ազատորեն դուրս գալու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:

2. Կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլվում են նրա կանոնադրությունում և ծրագրում, որոնք հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:

3. Կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը`

1) թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների անդամակցությունը.

2) նախատեսում է քաղաքացիների անդամակցությունը միայն մասնագիտական, ազգային, ռասայական, կրոնական հատկանիշներով.

3) նախատեսում է այնպիսի անձանց անդամակցությունը, որոնք սույն օրենքին համապատասխան չեն կարող լինել կուսակցության անդամ:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կուսակցությունների ստեղծման, նրանց գործունեության, վերակազմակերպման, լուծարման, գործունեության արգելման կարգը, ինչպես նաև նրանց իրավական կարգավիճակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ

 

1. Կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ: Կուսակցությունը պարտավոր է ունենալ առանձնացված ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ` Երևանում: Բացի նշված ստորաբաժանումներից, կուսակցությունն իրավունք ունի սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

2. Կուսակցական կազմակերպությունները և նրանց կառուցվածքային ստորաբաժանումներն ստեղծվում և նրանց գործունեությունը կազմակերպվում է միայն տարածքային հատկանիշով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իրավապահ մարմիններում, նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կուսակցությունների կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և գործունեությունն արգելվում են:

3. Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություն:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

1. Կուսակցության անվանումը ներառում է «կուսակցություն» բառը:

2. Կուսակցության անվանումը և դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն իսկ գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների, ինչպես նաև տվյալ կուսակցության գրանցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով արգելված կուսակցությունների անվանումներից:

3. Կուսակցության անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի մահացած լինելու դեպքում` նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ: Եթե հանրահայտ անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում նրա ժառանգը գտնում է, որ կուսակցության գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է կուսակցության անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից կուսակցությանը զրկելու պահանջով դիմել դատարան:

4. Կուսակցության անվանման մեջ չի թույլատրվում օգտագործել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ:

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ և ԱՅԼ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ

 

1. Կուսակցությունները կարող են ունենալ խորհրդանշան և այլ խորհրդանիշներ, որոնց ճշգրիտ նկարագրությունը պետք է տրված լինի կուսակցության կանոնադրությունում: Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշներ չեն կարող համընկնել Հայաստանի Հանրապետության դրոշի և զինանշանի հետ: Այլ անձինք և կազմակերպությունները չեն կարող օգտագործել կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշներ:

2. Որպես կուսակցության խորհրդանշան և այլ խորհրդանիշներ չեն կարող օգտագործվել գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված կազմակերպությունների կամ կուսակցությունների խորհրդանշանները և խորհրդանիշները:

3. Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշներ չպետք է խախտեն քաղաքացիների և իրավաբանական անձանց մտավոր սեփականության, ներառյալ` ապրանքների և դրանց ծագման տեղանունների նկատմամբ նրանց իրավունքը: Արգելվում է այնպիսի խորհրդանշանի և (կամ) խորհրդանիշների օգտագործումը, որոնք խեղաթյուրում են Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների զինանշանները, վիրավորում մարդկանց հոգևոր, ռասայական, ազգային զգացմունքները, խախտում բարոյականության հանրաճանաչ նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Կուսակցություններն իրավահավասար են` անկախ իրենց ծրագրային փաստաթղթերում արտացոլված գաղափարախոսությունից, նպատակներից ու խնդիրներից:

2. Կուսակցությունների գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, ինքնակառավարման, անդամների իրավահավասարության, օրինականության և հրապարակայնության սկզբունքների վրա: Կուսակցություններն ազատ են իրենց ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության եղանակները, մեթոդներն ու ձևերը որոշելիս, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Կուսակցությունները սույն օրենքով նախատեսված կարգով ենթակա են պետական գրանցման: Կուսակցությունների տարածքային կառուցվածքային ստորաբաժանումները պետական գրանցման ենթակա չեն:

4. Կուսակցությունները գործում են հրապարակայնորեն, նրանց հիմնադիր ու ծրագրային փաստաթղթերը հրապարակվում են համընդհանուր իրազեկման համար:

5. Կուսակցության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար և այլն), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը, զինված կազմավորումների ստեղծմանը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքմանը, բռնություն և պատերազմ քարոզելուն:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:

Նշված անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն կուսակցության որոշումներով:

2. Կուսակցության անդամ չեն կարող լինել`

1) դատավորները.

2) դատախազները.

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցները.

4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ծառայողները:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 11.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՁևԵՐԸ

 

1. Կուսակցությունը կազմավորվում է ազատորեն` նրա անդամների հիմնադիր համագումարի որոշմամբ:

2. Կուսակցությունն ստեղծվում է հիմնադիր համագումարում, որի ընթացքում որոշումներ են ընդունվում կուսակցության հիմնադրման, նրա ծրագրի ընդունման, կանոնադրության հաստատման, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին:

3. Կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից:

4. Կուսակցության հիմնադիրները նրա հիմնադիր համագումարի մասնակիցներն են, որոնք կուսակցության հիմնադրման մասին որոշումն ընդունելու պահից համարվում են կուսակցության անդամներ:

 

ՀՈԴՎԱԾ 12.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ հիմնադիրները զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղը և ժամը, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:

2. Հիմնադիր համագումարն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ից:

3. Կուսակցության ստեղծման, կանոնադրության հաստատման, ծրագրի ընդունման, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման մասին որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կուսակցության պետական գրանցումը կատարում է պետական լիազոր մարմինը:

2. Պետական գրանցման մասին փաստը վկայող փաստաթուղթն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում կատարված համապատասխան գրառումը և դա հավաստող պետական գրանցման մասին վկայականն է:

3. Կուսակցության պետական գրանցման համար լիազորված մարմին ներկայացվում են`

1) քաղվածք հիմնադիր համագումարի արձանագրությունից, որը պետք է տվյալներ պարունակի կուսակցության ստեղծման, տարածքային ընդգրկման, նրա կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին.

2) կուսակցության հիմնադիրների ցուցակը` ստորագրված լիազորված անձի (անձանց) կողմից.

3) կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը` կարված, էջերը` համարակալված և ստորագրված լիազորված անձի (անձանց) կողմից.

4) կուսակցության մշտապես գործող մարմնի անդամների ստորագրած դիմումը` գրանցող մարմին` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների և բնակության վայրի նշումով.

5) կուսակցության գտնվելու վայրը.

6) պարբերական մամուլի օրինակը, որտեղ հրապարակվել է կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղը և ժամը.

7) գրանցման տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված փաստաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

5. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում կուսակցությանը տրամադրում է պետական գրանցման վկայական, որում որպես կուսակցության գրանցման օր նշվում է պետական միասնական գրանցամատյանում գրառում կատարելու օրը:

6. Կուսակցության կանոնադրությունում և (կամ) ծրագրում կատարված փոփոխությունների ու լրացումների գրանցումը չի համարվում կուսակցության վերագրանցում և հիմք չէ կուսակցության գրանցման վկայականն ուժը կորցրած ճանաչելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 14.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Կուսակցության պետական գրանցումը կարող է մերժվել, եթե կուսակցության կանոնադրության դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:

2. Կուսակցության պետական գրանցման մերժման մասին գրանցող մարմնի որոշումը պետք է լինի գրավոր ու պատճառաբանված: Այդ որոշման մեջ պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և (կամ) օրենքների այն դրույթները, որոնք խախտվել են ներկայացված փաստաթղթերում:

3. Կուսակցության պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Պետական գրանցման մերժումը խոչընդոտ չէ գրանցման համար փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու համար, եթե վերացվել են մերժման հիմքերը: Գրանցող մարմինը կրկնակի դիմումը քննարկում ու այդ կապակցությամբ որոշումն ընդունում է կուսակցությունների գրանցման համար սույն օրենքով նախատեսված կարգով և ժամկետում:

4. Եթե սահմանված ժամկետում գրանցող մարմինը չի գրանցում և չի մերժում կուսակցության գրանցումը, ապա կուսակցությունը համարվում է գրանցված:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ՀՈԴՎԱԾ 15.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կուսակցությունը, նրա առանձնացված և այլ կառուցվածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա և դրան համապատասխան:

2. Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության`

1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպես նաև խորհրդանշանի, խորհրդանիշների նկարագրությունը (եթե դա առկա է).

2) խնդիրները և նպատակները.

3) անդամների իրավունքները և պարտականությունները, կուսակցությանն անդամակցելու և անդամությունը կորցնելու պայմաններն ու կարգը.

4) կառուցվածքը, առանձնացված ստորաբաժանումների ստեղծման և կազմալուծման կարգերը.

5) առանձնացված ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման կարգերը, լիազորությունները և դրանց ժամկետները, ղեկավար մարմինների գտնվելու վայրը.

6) բացառապես կուսակցության բարձրագույն մարմնին ենթակա և հաշվետու ղեկավար մարմնի ձևավորման կարգը և լիազորությունները.

7) կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.

8) դրամական միջոցների և գույքի ձեռքբերման աղբյուրները, գույքը կառավարելու` կուսակցության տարածքային ստորաբաժանումների իրավունքները.

9) լուծարման կարգը:

Կուսակցության կանոնադրությունը կարող է պարունակել նաև նրա գործունեությանը վերաբերող այլ դրույթներ:

3. Կուսակցության կանոնադրությունում կատարված փոփոխությունները և լրացումները կուսակցության գրանցման համար սույն օրենքով սահմանված ժամկետում ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում:

 

ՀՈԴՎԱԾ 16.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Կուսակցությունը պետք է ունենա ծրագիր, որում նշվում են նրա գործունեության հիմնական սկզբունքները, նպատակները, խնդիրները, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու եղանակներն ու խնդիրները լուծելու ուղիները և միջոցները:

2. Կուսակցության ծրագրում կատարված փոփոխությունները և լրացումները մեկամսյա ժամկետում ներկայացվում են գրանցման պետական լիազոր մարմին:

 

ՀՈԴՎԱԾ 17.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

1. Կուսակցության անդամակցությունը կամավոր է և անհատական:

2. Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել կուսակցությանն առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության անդամ:

4. Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով:

5. Կուսակցության անդամները սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցում են նրա գործունեությանը:

6. Կուսակցության անդամներն իրավունք ունեն ընտրել և ընտրվել տվյալ կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների մշտապես գործող ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում, տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ, ինչպես նաև կանոնադրությամբ նախատեսված կարգով բողոքարկել նշված մարմինների որոշումներն ու գործողությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

7. Կուսակցության անդամները, կուսակցության կանոնադրության պահանջներին համապատասխան, ունեն իրավունքներ և պարտականություններ: Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու դեպքում կուսակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման:

8. Պաշտոնական փաստաթղթերում կուսակցական պատկանելության մասին տեղեկությունների նշումը պարտադիր չէ:

9. Կուսակցություններին քաղաքացիների անդամակցելը կամ չանդամակցելը նրանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու և (կամ) պետության կողմից նրանց որևէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու համար հիմք չէ (չեն):

 

ՀՈԴՎԱԾ 18.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը առնվազն 2 տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին:

2. Կուսակցության կանոնադրությանը համապատասխան` կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե նրան ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:

2. Կուսակցության կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:

4. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության ցուցակում պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է բացառապես կուսակցության բարձրագույն մարմնին ենթակա և հաշվետու (բարձրագույն մարմնին հաջորդող ղեկավար մարմին) մարմնի որոշմամբ: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 20.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Կուսակցությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) իր կանոնադրական նպատակներին ու խնդիրներին համապատասխան` ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմալուծել դրանք.

2) կազմակերպել և անցկացնել ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ, երթեր ու այլ հասարակական-քաղաքական միջոցառումներ.

3) ազատորեն տեղեկություններ տարածել իր գործունեության վերաբերյալ, քարոզել իր նպատակները և խնդիրները.

4) մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը.

5) հասարակության կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ հանդես գալ նախաձեռնություններով, առաջարկներ ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` հասարակության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի ցանկացած հարցով.

6) հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ ու հրատարակչություններ.

7) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծել դաշինքներ (միավորումներ).

8) հաստատել և պահպանել միջազգային կապեր ու շփումներ օտարերկրյա կուսակցությունների և միավորումների հետ, մտնել միջազգային միությունների ու ասոցիացիաների մեջ.

9) իրականացնել իր կանոնադրությանը համապատասխանող այլ գործունեություն:

 

ՀՈԴՎԱԾ 21.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Կուսակցությունը միակ հասարակական միավորումն է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում:

 

ՀՈԴՎԱԾ 22.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կուսակցությունը պարտավոր է`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները.

2) յուրաքանչյուր տարի մամուլում հրապարակել գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները:

 

ՀՈԴՎԱԾ 23.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

1. Կուսակցության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

2. Կուսակցության կողմից ստացված, ինչպես նաև նրա սեփական միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված գույքի սեփականատերը կուսակցությունն է: Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար: Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար:

3. Կուսակցության առանձնացված ստորաբաժանումները սեփականատիրոջ կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և օգտագործում են կուսակցության կանոնադրությամբ նախատեսված սահմաններում ու կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 24.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Կուսակցության դրամական միջոցները ձևավորվում են`

1) անդամակցության վճարներից, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ.

2) նվիրատվություններից.

3) սույն օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.

4) քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից:

 

ՀՈԴՎԱԾ 25.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի և դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալ ֆիզիկական անձանցից, հասարակական միավորումներից և հիմնադրամներից, իրավաբանական այլ անձանցից:

2. Չի թույլատրվում նվիրատվություններ`

1) բարեգործական և կրոնական կազմակերպություններից, ինչպես նաև նրանց հիմնադրած կազմակերպություններից.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ այդ մարմինների կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներից ու կազմակերպություններից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ հիմնադրված կազմակերպություններից.

4) պետական կառավարչական հիմնարկներից.

5) պետական ոչ առևտրային կազմակերպություններից.

6) նվիրատվության կատարման օրվանից մինչև վեց ամիս առաջ գրանցված իրավաբանական անձանցից.

7) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 25 տոկոսից ավելի է.

8) միջազգային կազմակերպություններից և միջազգային հասարակական շարժումներից.

9) անանուն անձանցից:

3. Սույն հոդվածի երկրորդ մասի 1-8-րդ կետերում թվարկված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում դրանք վերադարձնել նվիրատուին:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի 9-րդ կետում նշված նվիրատվության ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է նվիրատվության ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում այն փոխանցել պետական բյուջե:

5. Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջև անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները (ռեկվիզիտները):

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրամական նվիրատվությունը մուծում է բանկում անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 26.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ

 

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով կուսակցություններին ցուցաբերում են հետևյալ աջակցությունը.

1) ապահովում են իրենց մասնակցությամբ հիմնադրված զանգվածային լրատվության միջոցներից կուսակցությունների օգտվելու հավասար հնարավորությունը.

2) կուսակցություններին հավասար պայմաններով տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները.

3) ընտրարշավներ անցկացնելու համար կուսակցություններին ու նրանց կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են հավասար հնարավորություններով.

4) սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված կարգով ֆինանսավորում են կուսակցությունների գործունեությունը.

5) միջոցառումներ անցկացնելու նպատակով կուսակցությունների համար ապահովում են հավասար պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 27.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Կուսակցությունների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները տրամադրվում են առանձին հոդվածով:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,03-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից:

2. Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը:

3. Պետական բյուջեից յուրաքանչյուր կուսակցությանը հատկացվող միջոցների չափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,03-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ այդ կուսակցության ընտրական ցուցակի օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի արտադրյալից:

4. Նշված միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:

5. Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշում ընդունելու, գործունեության արգելման մասին սահմանադրական դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու կամ լուծարման օրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:

 

ՀՈԴՎԱԾ 28.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կուսակցությունները ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, պետական լիազոր մարմին ներկայացնել ֆինանսական հաշվետվություն` հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին:

3. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը: Հաշվառման և հաշվետվության (ներառյալ` հաշվետվության ձևերի) կարգը որոշում է պետական լիազոր մարմինը: Կուսակցության կողմից ընտրարշավների նախապատրաստման և անցկացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:

4. Կուսակցությունը, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունը:

5. Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է կուսակցության ֆինանսական հաշվետվությունում:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 29.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Կուսակցությունը կարող է իր բարձրագույն մարմնի որոշմամբ` սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով, վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) միայն այլ կուսակցության (կուսակցությունների):

2. Կուսակցության վերակազմակերպման դեպքում նրա իրավունքները և պարտականություններն օրենքով սահմանված կարգով անցնում են իրավահաջորդ կուսակցությանը (կուսակցություններին):

 

ՀՈԴՎԱԾ 30.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

1. Կուսակցության գործունեությունը կարող է արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ:

2. Կուսակցությունների գործունեության արգելման հարցով, սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, սահմանադրական դատարան է դիմում Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 

ՀՈԴՎԱԾ 31.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

1. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը կուսակցության համագումարի որոշմամբ` սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով:

2. Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե չի մասնակցել Ազգային ժողովի վերջին երկու ընտրություններին, կամ դրանցից որևէ մեկում նրա ընտրական ցուցակն ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն:

3. Սահմանադրական դատարանի որոշմամբ կուսակցության գործունեության արգելման դեպքում կուսակցությունը ենթակա է լուծարման:

4. Կուսակցության լուծարումից հետո մնացած գույքն անցնում է պետությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 32.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 33.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի փետրվարի 26-ի «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված կուսակցությունները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում իրենց կուսակցության հիմնադիրների ցուցակը, տարածքային ընդգրկումը և կանոնադրությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին ծանուցելով պետական լիազորված մարմին: Նշված ժամկետում լիազորված մարմին չծանուցած կուսակցությունները ենթակա են լուծարման:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 7
Երևան
ՀՕ-410-Ն