Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-404-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2002-18.05.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.08/17.1 Հոդ.695
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 մարտի 2002 թվական, ՀՕ-308, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր՝ «ժդ» և «ժդ1» ենթակետերով.

«ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության  հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ.

ժդ1) տնօրինում է Ազգային ժողովի նյութական ու ֆինանսական միջոցները.»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է Ազգային ժողովի նիստում ժամանակավոր հանձնաժողովի՝ իր գործունեության մասին զեկուցումից հետո՝ երկօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում և առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:»:

 

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետի «վիրավորական արտահայտություններ են անում» բառերից հետո լրացնել «, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ կարգապահական միջոցները՝

ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

բ) խոսափողի անջատում.

գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

դ) հեռացում՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ դահլիճում ներկա լինելուց.

ե) զրկում՝ մինչև 6 օր Ազգային ժողովի նստավայր (Բաղրամյան 19) մտնելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:

Սույն կետի առաջին մասում սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:

Սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն կետի առաջին մասի «դ» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը, և պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:

Պատգամավորի կողմից սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցին չենթարկվելու դեպքում նիստը վարողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող մարմիններին իրականացնել այն:»:

 

Հոդված 4. Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետի և 95-րդ հոդվածի 1-ին կետի «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի» բառերը փոխարինել «գլխադասային հանձնաժողովի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 95-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ,» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:»:

 

Հոդված 7. Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետից և 107-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ՝» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի վերջին նախադասությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչև երկու րոպե տևողությամբ պատասխանով»:

 

Հոդված 9. Օրենքի 109-րդ հոդվածի 5-րդ կետի «4-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 30
Երևան
ՀՕ-404-Ն