Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-374-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2002-04.02.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.08.10/18(51) Հոդ.582
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի հունիսի 4-ին

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի խնդիրները

Սույն օրենքի խնդիրը ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության հիմունքները, դրանց ստեղծման ու գործունեության դադարման հիմքերը, ինչպես նաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները սահմանելն է` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետությունը:

Հոդված 2.

Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենսդրությունը

Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, իրավական այլ ակտերով, ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնադրություններով:

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

ջրօգտագործողների ընկերություն (այսուհետ`  Ընկերություն)`  սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների կողմից ստեղծվող կազմակերպություն.

ջրօգտագործողների միություն (այսուհետ` Միություն)`  սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների ընկերությունների կողմից ստեղծվող կազմակերպություն.

ոռոգման համակարգեր`  ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ.

սպասարկման տարածք`  Միության կամ Ընկերության կողմից սպասարկվող աշխարհագրական տարածք, որը գտնվում է նրանց կողմից շահագործվող ոռոգման համակարգի սպասարկման տակ.

սպասարկման ենթատարածք`  Ընկերության սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ներառում է ոռոգման մեկ ներտնտեսային ցանց.

հիդրոմիավոր` սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ոռոգման ջուր է ստանում մեկ ջրաղբյուրից, գլխամասային կառուցվածքից կամ ջրթողից.

ներկայացուցչական գոտի`  Ընկերության սպասարկման տարածքի մաս, որի ջրօգտագործողներն իրենց կազմից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում Ընկերության ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար:

Հոդված 4.

Ընկերության և Միության իրավական կարգավիճակը, նպատակն ու խնդիրները

Ընկերությունը և Միությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, առաջնորդվելով հանրային շահերով, իրականացնում են ոռոգման համակարգի շահագործումն ու պահպանումը: Ընկերությունը և Միությունը հիմնադրվում են ջրօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելու նպատակով` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարում իր սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողներին, իսկ Միությունը` իր սպասարկման տարածքի Ընկերություններին:

Ընկերության և Միության խնդիրներն են`

ա) ոռոգման համակարգը շահագործելը, պահպանելը և ջուր բաշխելն իրենց անդամներին` ըստ ջրօգտագործման տարեկան պլանի` պայմանագրային հիմունքով.

բ) ջուր մատակարարելն սպասարկման տարածքում գտնվող Ընկերության և Միության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողներին.

գ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը և ջրային աղբյուրները վերականգնելը և շինարարական աշխատանքներ իրականացնելը.

դ) ջրամատակարարից ոռոգման ջուր ձեռք բերելը կամ բնական ջրային օբյեկտներից ջրառը` համապատասխան թույլտվության առկայության դեպքում.

ե) իրականացված ծառայությունների դիմաց Ընկերության և Միության անդամներից և ոչ անդամներից գումարներ գանձելը (ներառյալ` ջրավազանի, ջրատարի շահագործման և վերանորոգման ծախսերը).

զ) Ընկերության և Միության անդամների շահերը ներկայացնելը և պաշտպանելը.

է) Ընկերության և Միության անդամներին ոռոգման առաջավոր ձևեր ուսուցանելն ու ոռոգման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրումն ապահովելը.

ը) հիդրոտեխնիկական սարքավորումներ ձեռք բերելը, փոխարինելը, շահագործելը և պահպանելը.

թ) ջրամատակարարումը կառավարելը, ինչպես նաև ջրերը նպատակային ու արդյունավետ օգտագործելը, ջրային օբյեկտներն աղտոտելը և սպառումը կանխելը.

ժ) հողերի բարելավման նպատակով անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելը, ցամաքուրդի համակարգն սպասարկելը.

ժա) բնապահպանական անվտանգությունն ապահովելը, հողատարման երևույթների և հողերի աղակալումն ու գերխոնավացումը կանխելը, ինչպես նաև ոռոգման համակարգի, ջրհավաք կառույցների պաշտպանությունն ապահովելը.

ժբ) ոռոգման համակարգի կառավարմանը մասնակցելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Պետության կողմից ոռոգման համակարգի շահագործմանը և պահպանմանն ուղղված օգնությունները, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության մյուս օգնությունները կարող են տրամադրվել Ընկերությունների և Միությունների միջոցով:

Հոդված 5.

Ընկերության և Միության գործունեության սկզբունքները

Ընկերությունը և Միությունը, սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, իրականացնում են միայն ոռոգման համակարգի շահագործման և պահպանման գործառույթներ:

Ընկերությունը և Միությունն իրենց գործունեությունը կազմակերպելիս առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով.

ա) Ընկերություն և Միություն հիմնադրելիս բոլոր հավանական անդամների մասնակցության իրավունքի ապահովման.

բ) Ընկերությունում և Միությունում արդար ու օրինական որոշումների ընդունման.

գ) Ընկերության և Միության գործունեության վերաբերյալ Ընկերության և Միության անդամների ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքի.

դ) ջրի արդարացի բաշխում Ընկերության և Միության անդամներին և ոչ անդամներին` հաշվի առնելով ջրի քանակը և Ընկերության և Միության յուրաքանչյուր անդամի և ոչ անդամի ոռոգման ենթակա հողատարածքը և մշակաբույսերը.

ե) ջրային պաշարների արդյունավետ և խնայողաբար օգտագործման, ոչ արտադրական կորուստների կրճատման.

զ) ջրօգտագործողների իրավունքների և օրինական շահերի ապահովման.

է) ջրամատակարարման, շահագործման և վերանորոգման աշխատանքների համար սահմանված համապատասխան ծախսերի հավաքման ուղղությամբ բոլոր իրավական միջոցների ապահովման:

Գ Լ ՈՒ Խ  2.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6.

Ընկերության հիմնադրումը

Ընկերությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ընկերություն հիմնադրելու նպատակով սեփականության կամ օգտագործման իրավունքով տվյալ ոռոգման համակարգում հողատարածք ունեցող ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք կազմավորում են նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբը հստակեցնում է հիմնադրվող Ընկերության սպասարկման ենթակա տարածքը` ղեկավարվելով Ընկերության մեջ տեխնիկատնտեսական նպատակահարմար առավելագույն տարածք ընդգրկելու սկզբունքով, ստեղծում է հիմնադիր կոմիտե: Հիմնադիր կոմիտեն կազմավորվում է ապագա Ընկերության ոչ ավելի, քան ինն անդամից:

Հիմնադիր կոմիտեն իր անդամներից ընտրում է նախագահ և ընդունում իր գործունեության կանոնակարգը:

Հիմնադիր կոմիտեն մշակում է Ընկերության կանոնադրությունը, կազմում է Ընկերության ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների` նշելով այդ տարածքների չափերը և տեղադրությունը, ինչպես նաև կազմում է Ընկերության հավանական անդամների ցուցակը` ըստ սպասարկման ենթատարածքների, նախապատրաստում է Ընկերության բյուջեի նախագիծը և Ընկերության աշխատանքային պլանը:

Ընկերության սպասարկման տարածքում կարող են ամբողջությամբ ընդգրկվել մեկից ավելի հիդրոմիավորներ` պահպանելով հիդրոմիավորների անբաժանելիության սկզբունքը:

Հիմնադիր կոմիտեն, Ընկերության հավանական անդամներին Ընկերության կանոնադրության նախագծին ծանոթացնելուց հետո, այդ նախագիծը, ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, և հավանական անդամների ցուցակն ուղարկում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` Ընկերությունների և Միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ (այսուհետ` կանոնակարգող խորհուրդ)` համաձայնեցնելու համար:

Կանոնակարգող խորհուրդը կարող է մերժել Ընկերության հիմնադրումը, եթե`

ա) կանոնադրությունը հակասում է սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) պահպանված չէ հիդրոմիավորի անբաժանելիության սկզբունքը.

գ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը հնարավորություն չունի ջուր ստանալ անմիջականորեն ջրամատակարարից կամ այլ աղբյուրից:

Կանոնակարգող խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հիմնադիր կոմիտեն հրավիրում է հիմնադիր ժողով` ձեռնարկելով համապատասխան միջոցներ` Ընկերության բոլոր հավանական անդամներին հրավիրելու ուղղությամբ:

Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե մասնակցում է ըստ սպասարկման ենթատարածքների` ցուցակներում ընդգրկված հավանական անդամների կեսից ավելին:

Հիմնադիր կոմիտեի նախագահը ղեկավարում է հիմնադիր ժողովի աշխատանքները:

Հիմնադիր ժողովը հաստատում է Ընկերության կանոնադրությունը, եթե հիմնադիր ժողովին մասնակցող հավանական անդամների կեսից ավելին կողմ է քվեարկում: Եթե Ընկերության հավանական անդամների թիվը մեծ է, նպատակահարմարությունից ելնելով, կարող են անցկացվել հիմնադիր ժողովներ` ըստ ենթատարածքների:

Եթե հիմնադիր ժողովին կամ ըստ ենթատարածքների` հիմնադիր ժողովներին չեն մասնակցում Ընկերության անհրաժեշտ թվով անդամներ, ապա հիմնադիր ժողովի կամ ըստ ենթատարածքների` հիմնադիր ժողովների անցկացումը կարող է հետաձգվել, որից հետո Ընկերության անհրաժեշտ թվով անդամների կրկին չհավաքվելու դեպքում հիմնադիր կոմիտեի գործունեությունը դադարեցվում է, և ստեղծվում է նոր հիմնադիր կոմիտե:

Հիմնադիր ժողովն ընտրում է Ընկերության վարչական խորհուրդ (ենթատարածքներում` վարչական խորհրդի անդամներ), վերստուգող հանձնաժողով (ենթատարածքներում` վերստուգող հանձնաժողովի անդամներ), կանոնադրությամբ նախատեսվելու դեպքում` նաև վեճեր լուծող հանձնաժողով (ենթատարածքներում` վեճեր լուծող հանձնաժողովի անդամներ), լսում է հիմնադիր կոմիտեի հաշվետվությունը:

Հիմնադիր ժողովը նշանակում է Ընկերության առաջին ժողովի գումարման ժամկետը:

Ընկերության գրանցումից հետո հիմնադիր կոմիտեի անդամներն իրավունք ունեն Ընկերության հիմնադրման գործընթացի ժամանակ իրենց կատարած ծախսերի համար Ընկերության ժողովի որոշմամբ ստանալ փոխհատուցում:

Հոդված 7.

Ընկերության կանոնադրությունը

Ընկերության կանոնադրությունն Ընկերության հիմնադիր փաստաթուղթն է:

Ընկերության կանոնադրությունը հաստատում է հիմնադիր ժողովը: Ընկերության կանոնադրության անբաժանելի մասն են Ընկերության կողմից սպասարկվող տարածքի նկարագրությունը, այդ տարածքի ոռոգման համակարգի գծագրերը և հատակագիծը:

Ընկերության կանոնադրությունը պետք է բովանդակի`

ա) Ընկերության անվանումը.

բ) Ընկերության գտնվելու վայրը.

գ) Ընկերության գործունեության նպատակը և խնդիրները.

դ) Ընկերությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրս գալու և անդամությունից հեռացնելու կարգը.

ե) Ընկերության անդամների իրավունքները և պարտականությունները.

զ) Ընկերության ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը, հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն Ընկերության անդամների ձայների երկու երրորդով.

է) անդամավճարների տեսակները, չափերը, գանձման կարգը և ժամկետները.

ը) Ընկերության կազմակերպական կառուցվածքը, կառավարման մարմինների կազմավորման կարգն ու ժամկետները, իրավասությունները և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

թ) վերստուգող մարմին կազմավորելու կարգը, նրա հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները և կարգը.

ժ) կանոնադրությամբ նախատեսված վեճեր լուծող մարմնի իրավասությունները, կազմավորման և գործունեության կարգը.

ժա) գույքի կազմավորման կարգը.

ժբ) Ընկերության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելու կարգը.

ժգ) Միությանն անդամակցելու կարգը.

ժդ) Ընկերության վերակազմակերպման կարգը.

ժե) Ընկերության լուծարման կարգը:

Կանոնադրությունը կարող է բովանդակել նաև սույն օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար պետք է նախապես ստանալ կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:

Հոդված 8.

Ընկերության պետական գրանցումը

Ընկերության պետական գրանցումը կատարվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից:

Ընկերության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել Ընկերություն հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը, Ընկերության կանոնադրությունը, Կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փաստաթղթերը:

Ընկերություն հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունն ստորագրում են ժողովի նախագահը և քարտուղարը, իսկ Ընկերության անդամ իրավաբանական անձանց առկայության դեպքում արձանագրությանը կցվում է դրանց կառավարման համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի որոշումը:

Պետական գրանցումն իրականացնող մարմինը կարող է մերժել Ընկերության գրանցումը, եթե ներկայացվող հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

Պետական գրանցումը մերժելը կամ գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9.

Ընկերության անդամակցությունը

Ընկերության անդամներ կարող են լինել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր Ընկերության սպասարկման տարածքում ունեն հողատարածք` սեփականության կամ երեք տարուց ավելի ժամկետով օգտագործման իրավունքով:

Հողի վարձակալության պայմանագիր ունեցող անձինք կարող են Ընկերության անդամ դառնալ վարձատուի գրավոր համաձայնության կամ պայմանագրում համապատասխան դրույթի առկայության դեպքում:

Ընկերության նոր անդամներն ընդունվում են վարչական խորհրդի որոշմամբ:

Վարչական խորհուրդը թեկնածուին տեղեկացնում է նրան Ընկերության անդամ ընդունելու իրենց որոշման մասին, և նրա անդամությունը գրանցում է Ընկերության գրանցամատյանում: Ընկերության նոր անդամից գանձվում է մուտքի վճար, որի չափը սահմանում է Ընկերության ընդհանուր ժողովը:

Ընկերության անդամ դառնալ ցանկացող անձանց դիմումը մերժվում է, եթե`

ա) Ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նոր անդամներ կարող են ընդունվել ոռոգման շրջանի վերջում: Այդ դեպքում անդամության թեկնածուին տեղեկացնում են Ընկերության անդամ ընդունելու ժամկետի մասին.

բ) թեկնածուի անդամության իրավունքն առաջացել է հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հետևանքով, սակայն նախորդ սեփականատերն Ընկերությանն ունեցած պարտքերը չի մարել, իսկ նոր սեփականատերն էլ հրաժարվում է վճարել.

գ) թեկնածուն նախկինում հեռացվել է Ընկերությունից, սակայն նրան հեռացնելուց հետո դեռևս չի անցել երեք տարի:

Ֆիզիկական անձի մահվան դեպքում Ընկերության հանդեպ ունեցած նրա պարտավորությունները փոխանցվում են իրավահաջորդին:

Հոդված 10.

Ընկերության անդամների իրավունքները և պարտականությունները

Ընկերության անդամներն իրավունք ունեն`

ա) ստանալ Ընկերության կողմից համամասնության և արդարացիության սկզբունքներով բաշխվող ոռոգման ջուր` կնքված պայմանագրերին համապատասխան.

բ) մասնակցել Ընկերության կողմից որոշումների ընդունման աշխատանքներին.

գ) քվեարկել Ընկերության ժողովներում.

դ) քննարկման համար հարցեր մտցնել Ընկերության ընդհանուր ժողովի օրակարգ.

ե) Ընկերության կառավարման մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրել և ընտրվել այդ մարմիններում.

զ) օգտվել Ընկերության մատուցած ծառայություններից.

է) ստանալ Ընկերության կողմից իրեն հասցված վնասի փոխհատուցում.

ը) ծանոթանալ Ընկերության հաշվապահական փաստաթղթերին:

Ընկերության անդամը պարտավոր է`

ա) կատարել կանոնադրության և Ընկերության ընդհանուր ժողովի ընդունած այլ փաստաթղթերի պահանջները.

բ) կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում մուծել Ընկերության սահմանած վճարները.

գ) Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

դ) ժամանակին վճարել մատակարարված ջրի վճարները.

ե) պահպանել ոռոգման ժամանակացույցը.

զ) հոգատար վերաբերմունք ցուցաբերել Ընկերությանը պատկանող և Ընկերության կողմից օգտագործվող գույքի նկատմամբ.

է) փոխհատուցել իր մեղքով Ընկերության վնասված սարքավորումների վերանորոգման և (կամ) պահեստամասերի փոխարինման ծախսերը.

ը) Ընկերության պարտավորությունների համար Ընկերության անդամները կրում են սուբսիդիար պատասխանատվություն Ընկերության հանդեպ ունեցած իրենց պարտավորությունների չափով.

թ) Ընկերությանը տեղեկատվություն տալ իր մշակած հողատարածքի և ջրի օգտագործման վերաբերյալ.

ժ) ոռոգման համակարգի կայուն աշխատանքի ապահովման նպատակով Ընկերությանը թույլատրել օգտագործելու իր հողատարածքում գտնվող ջրատարները և հիդրոտեխնիկական մյուս սարքավորումները.

ժա) Ընկերության աշխատողներին թույլատրել իրենց հողատարածքում կատարելու ոռոգման համակարգի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները.

ժբ) պահպանել ոռոգման համակարգի շահագործման կանոնների պահանջները:

Ընկերության անդամներն ունեն նաև Ընկերության կանոնադրությամբ ամրագրված այլ իրավունքներ և պարտականություններ:

Ընկերության կանոնադրության և (կամ) ներքին կանոնների պահանջները խախտելու դեպքում Ընկերության անդամները տուգանվում են, կամ դադարեցվում է նրանց ջրի մատակարարումը, եթե այլ բան նախատեսված չէ ջրի մատակարարման պայմանագրով:

Հոդված 11.

Ընկերությունից անդամների դուրս գալը և անդամության դադարման հիմքերը

Ընկերության անդամները կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունեն դադարեցնել իրենց անդամությունը: Կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ Ընկերությունից դուրս գալ ցանկացող անդամն այդ իրավունքից օգտվում է միայն ոռոգման շրջանի վերջում: Եթե Ընկերությունն այդ անդամի համար կատարել է ծախսեր` նախագծման, շինարարության կամ ոռոգման համակարգի շահագործման նպատակով, ապա նա կարող է Ընկերությունից դուրս գալ միայն այդ ծախսերի` իր մասի համարժեք գումարը հատուցելուց հետո:

Ընկերությունում անդամությունը դադարում է, եթե Ընկերության անդամը կորցրել է Ընկերության անդամ լինելու համար օրենքով սահմանված իրավական հիմքերը: Ընկերության անդամը դուրս է գալիս Ընկերությունից, եթե վաճառել է Ընկերության սպասարկման տարածքում գտնվող հողատարածքը: Այդ դեպքում վաճառողը և գնորդը պետք է գրավոր հայտնեն վարչական խորհուրդ, թե նրանցից ով է վճարելու Ընկերությանն ունեցած պարտքը: Գնորդը կարող է անդամ դառնալ Ընկերությանն ունեցած պարտքը մարելուց հետո:

Ընկերության անդամը կարող է վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Ընկերությունից, եթե`

ա) պարբերաբար խախտում է Ընկերության կանոնադրության և ներքին կանոնակարգի պահանջները.

բ) առանց հարգելի պատճառի ուշացնում է Ընկերության կողմից գանձվող վճարները.

գ) հրաժարվում է կատարել Ընկերության կողմից գանձվող վճարները.

դ) հրաժարվում է վերականգնել Ընկերությանն իր մեղքով հասցված վնասները:

Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր:

Հոդված 12.

Ընկերության կազմակերպական կառուցվածքը

Ընկերության կառավարման մարմիններն են`

ա) Ընկերության ընդհանուր ժողովը կամ ներկայացուցիչների ժողովը.

բ) Ընկերության վարչական խորհուրդը:

Ընկերության գործադիր մարմինը տնօրինությունն է:

Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու նպատակով ընդհանուր ժողովն ընտրում է վերստուգիչ հանձնաժողով:

Ընկերության կանոնադրությամբ կարող է ստեղծվել վեճեր լուծող հանձնաժողով:

Ընկերության կազմակերպական կառուցվածքը և մարմինների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ:

Վարչական խորհրդի անդամները և նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները և նախագահը, վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն ու նախագահը Ընկերության վճարովի աշխատողներ չեն:

Հոդված 13.

Ընկերության ընդհանուր ժողովը

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության անդամների ընդհանուր ժողովն է:

Ընկերության ընդհանուր ժողովը գումարվում է սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով, վարչական խորհրդի որոշմամբ, ըստ անհրաժեշտության, առնվազն տարին մեկ անգամ:

Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում գումարվող ընդհանուր ժողովից բացի հրավիրվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ:

Արտահերթ ընդհանուր ժողովներ գումարվում են Միության, Ընկերության վարչական խորհրդի որոշմամբ, ընկերության անդամների մեկ երրորդի, վերստուգող հանձնաժողովի, ինչպես նաև Կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ:

Ընկերության գործադիր մարմինը պարտավոր է ընդհանուր ժողով գումարելուց ոչ ուշ, քան 30 օր առաջ այդ մասին գրավոր ծանուցել Ընկերության անդամներին: Ծանուցագրում պետք է նշվեն ընդհանուր ժողովի անցկացման ամսաթիվը, ժամը, տեղը և օրակարգում քննարկման համար նախատեսված հարցերը:

Վարչական խորհուրդն ընդհանուր ժողով անցկացնելուց 20 օր առաջ պարտավոր է Ընկերության անդամներին մատչելի ձևով հնարավորություն ընձեռել նախօրոք ծանոթանալու Ընկերության բոլոր նյութերին:

Ընկերության անդամներն իրավունք ունեն ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի գումարման օրվանից 10 օր առաջ Ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել ընդհանուր ժողովի օրակարգում մտցնելու համար:

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում է Ընկերության անդամների հիսուն տոկոսից ավելին:

Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`

ա) Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը.

բ) վարչական խորհրդի կանոնակարգը հաստատելը.

գ) վերստուգող հանձնաժողովի կանոնակարգը հաստատելը.

դ) վարչական խորհրդի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

ե) վերստուգող հանձնաժողով ընտրելը և դրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

զ) Ընկերության գործունեությունն ստուգելու նպատակով անկախ աուդիտ հրավիրելը.

է) վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը.

ը) Ընկերության անդամներից ու ոչ անդամներից կատարվող գանձումների տեսակները և չափերը որոշելը.

թ) Ընկերության տարեկան հաշվետվություններն ու հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը և վնասները բաշխելը.

ժ) ջրի օգտագործման տարեկան պլանը և ջրի բաշխման ժամանակացույցը հաստատելը.

ժա) Ընկերության ամենամյա բյուջեն հաստատելը.

ժբ) Ընկերության ներքին կանոնակարգը հաստատելը.

ժգ) Ընկերության անդամների նկատմամբ կիրառվող տուգանքների չափերը հաստատելը.

ժդ) Կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկվելու և լուծարման մասին որոշումներ ընդունելը, լուծարման հանձնաժողով ընտրելն ու լուծարման հաշվեկշիռները հաստատելը.

ժե) ջրատնտեսական համակարգերի ու կառույցների վերանորոգման և հիմնանորոգման պլանները հաստատելը.

ժզ) ոռոգման համակարգի և ջրօգտագործման կառավարման ներքին կանոնները հաստատելը.

ժէ) վարձատրվող աշխատողների թվաքանակը և հաստիքացուցակը հաստատելը.

ժը) Ընկերության անդամների համար արտոնություններ սահմանելը:

Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկելու, լուծարելու, կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումներն ընդունվում են Ընկերության անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

Ընկերության ընդհանուր ժողովում կարող է քննարկվել Ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած այլ հարց:

Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունները չեն կարող վերապահվել Ընկերության այլ մարմնի:

Ընդհանուր ժողովի նիստերն արձանագրում է ընդհանուր ժողովի քարտուղարը: Ընդհանուր ժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են ընդհանուր ժողովի նախագահը և քարտուղարը: Դրանք կնիքով կնքվում և մշտապես պահվում են Ընկերությունում:

Նմանօրինակ պահանջները տարածվում են նաև վարչական խորհրդի, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովների արձանագրությունների վրա:

Ընդհանուր ժողովի նիստերը վարում է վարչական խորհրդի նախագահը, նրա բացակայության դեպքում` վարչական խորհրդի նախագահի տեղակալը:

Ընդհանուր ժողովը որոշում ընդունում է Ընկերության` ժողովին մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսած չէ:

Առանձին հարցերի վերաբերյալ որոշում ընդունելիս Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել գաղտնի քվեարկություն:

Հոդված 14.

Ընկերության անդամի ձայնի իրավունքը

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում է ձայների այն քանակը, որը կարող է ունենալ Ընկերության անդամն ընդհանուր ժողովում: Ընկերության անդամների ձայների քանակը սահմանվում է հետևյալ սկզբունքներից մեկով.

ա) Ընկերության անդամն ունի մեկ ձայն.

բ) Ընկերության անդամի ձայների քանակը որոշվում է Ընկերության սպասարկման տարածքում նրա ունեցած հողատարածքի չափից:

Ընկերության յուրաքանչյուր անդամ պետք է ունենա առնվազն մեկ ձայն, սակայն նրա ունեցած ձայների քանակը չի կարող գերազանցել Ընկերության անդամների ընդհանուր ձայների մեկ քառորդը:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ընդհանուր ժողովում Ընկերության անդամի ձայնի իրավունքը կախված է Ընկերության հանդեպ նրա ունեցած պարտավորությունների կատարումից:

Հոդված 15.

Ներկայացուցիչների ժողովը

Ընկերությունում մեծ թվով անդամների առկայության դեպքում, եթե դժվար է ընդհանուր ժողով գումարելը, Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել Ընկերության անդամների ներկայացուցիչների ժողով:

Ներկայացուցիչների ժողովն ունի սույն օրենքով նախատեսված ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:

Ներկայացուցիչների ժողով հրավիրելու նպատակով, Ընկերության կանոնադրությամբ, Ընկերության սպասարկման տարածքը բաժանվում է ներկայացուցչական գոտիների, որոնք պետք է հստակ նշված լինեն Ընկերության սպասարկման տարածքի շահագործման պլանում: Ընկերության անդամները ներկայացուցչական գոտիներից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար:

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են ըստ գոտիների ներկայացուցիչների թիվը, ընտրությունների անցկացման ժամկետները և կարգը, իրավասությունները, ժողովում նրանց ունեցած ձայների քանակը:

Ընկերության ընդհանուր ժողովի համար սահմանված` Ընկերության հիմնադրման և կառավարման սկզբունքները գործում են նաև ներկայացուցիչների ժողովի համար:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ներկայացուցչի ընտրության ժամանակ Ընկերության անդամի ձայնի իրավունքը կախված է Ընկերությանը նրա կատարած վճարումներից:

Ներկայացուցչի լիազորություն չունեցող Ընկերության անդամներն իրավունք ունեն ներկա գտնվել ներկայացուցիչների ժողովի նիստերում` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Հոդված 16.

Ընկերության վարչական խորհուրդը

Ընկերության վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են որպես Ընկերության ընդհանուր ժողովի և ներկայացուցիչների ժողովի (այսուհետ` Ժողով) բացառիկ իրավասություն:

Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է հինգ անդամից ոչ պակաս վարչական խորհուրդ` երեք տարի ժամկետով: Վարչական խորհրդի անդամների քանակը և նրանց ընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Ընկերությանը պարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում:

Վարչական խորհուրդը հաշվետու է Ընկերության ժողովին:

Վարչական խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ:

Վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության Ժողովի հրավիրման և նրա օրակարգի հաստատման հետ կապված կազմակերպական աշխատանքները:

Վարչական խորհուրդը Ժողովի հաստատմանը ներկայացնելու համար նախապատրաստում է`

ա) Ընկերության բյուջեի նախագիծը.

բ) Ընկերության տարեկան հաշվետվությունը և հաշվեկշիռը.

գ) ջրի բաշխման և ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքների պլանները:

Վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) Ընկերության անդամներ ընդունելը և անդամությունը դադարեցնելը.

բ) այլ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելը.

գ) մոնիտորինգ կազմակերպելը.

դ) Ընկերության ֆինանսական և հաշվապահական գործունեությունը համակարգելը.

ե) Ընկերության գործադիր տնօրենին ու գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը և աշխատանքից ազատելը.

զ) կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

Վարչական խորհուրդն իրականացնում է`

ա) Ընկերության ընդհանուր կառավարումը.

բ) Ընկերության գործադիր մարմնի գործունեության վերահսկումը.

գ) կանոնադրությամբ սահմանված` Ընկերության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի պահպանումը.

դ) սույն օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և Ժողովի որոշումներով նախատեսված այլ խնդիրներ:

Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ, որոնց լիազորությունները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Վարչական խորհրդի նախագահի, նրա տեղակալի համար Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ավելի կարճ ժամկետներ:

Վարչական խորհրդի նախագահը ղեկավարում է ժողովի աշխատանքները, վարչական խորհրդի նիստերը և ներկայացնում է Ընկերությունն այլ կազմակերպություններում:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Վարչական խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են վարչական խորհրդի նախագահի կամ վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Վարչական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների ոչ պակաս, քան երեք քառորդը: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ վարչական խորհրդի նախագահը քվեարկում է ձայների հավասարության դեպքում:

Վարչական խորհրդի անդամները կամ վարչական խորհրդի նախագահը կարող են հեռացվել Ժողովի որոշմամբ, եթե թույլ են տվել պարտականությունների խախտումներ, որոնց ցանկը կարող է սահմանվել Ընկերության կանոնադրությամբ:

Նույն Ժողովում կազմակերպվում են վարչական խորհրդի անդամների նոր ընտրություններ:

Հոդված 17.

Ընկերության գործադիր մարմինը

Ընկերության գործադիր մարմինն Ընկերության տնօրինությունն է, որի ղեկավարն Ընկերության տնօրենն է:

Ընկերության կանոնադրությամբ կարող է Ընկերության տնօրինությանը վերապահվել`

ա) Ընկերության բյուջեի, ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման աշխատանքային պլանը, ինչպես նաև վարչական խորհրդին ներկայացվող այլ փաստաթղթեր նախապատրաստելը.

բ) Ընկերության սպասարկման տարածքում գտնվող անդամների և ոչ անդամների գրանցման, նրանց հողատարածքների չափերի և տեղադրման նկարագրության, Ընկերության ստացած ոռոգման ջրի, Ընկերության անդամների և ոչ անդամների կողմից տրված ոռոգման ջրի ստացման հայտերը և ջրաբաշխման մատյանները վարելը.

գ) ոռոգման համակարգերի շահագործումը և պահպանումն ապահովելը.

դ) հաստատված բյուջեի և ոռոգման համակարգերի շահագործման ու պահպանման աշխատանքային պլանի հիման վրա վարչական խորհրդի հաստատմանը ներկայացվող պայմանագրեր նախապատրաստելը.

ե) ջրամատակարարի կողմից կատարվող ոռոգման ջրի մատակարարման նկատմամբ հսկողությունն ու ջուր ստանալը և բաշխելն Ընկերության անդամներին.

զ) Ընկերության տնօրինության աշխատակազմում աշխատանքի ընդունելը և աշխատանքից ազատելը.

է) վարձատրվող աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ և հրահանգներ հրապարակելը.

ը) Ընկերության վարչական խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն` Ընկերության ֆինանսական միջոցները կառավարելը.

թ) սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր: Ընկերության տնօրենի իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:

Վարչական խորհուրդն Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր, որտեղ որոշվում են նրանց իրավասությունների ժամկետները:

Ընկերության տնօրենի, հաշվապահի և վճարովի աշխատողների վճարման կարգն ու աշխատավարձի չափը որոշում է Ընկերության Ժողովը` Ընկերության վարչական խորհրդի առաջարկությամբ:

Ընկերության վճարովի աշխատողներն իրավունք չունեն ընտրվել Ընկերության վարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:

Հոդված 18.

Վերստուգող հանձնաժողովը

Վերստուգող հանձնաժողովը հսկողություն է իրականացնում Ընկերության վարչական խորհրդի, նրա գործադիր մարմնի և վարչական խորհրդի նախագահի կողմից իրականացվող ֆինանսական և տնտեսական գործունեության նկատմամբ:

Վերստուգող հանձնաժողովն ընտրվում է Ընկերության Ժողովի կողմից ուղղակի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով և երեք անդամից ոչ պակաս:

Վարչական խորհրդի անդամը միաժամանակ չի կարող լինել նաև վերստուգող հանձնաժողովի անդամ:

Ընկերության Ժողովն ընդունում է վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կարգի մասին կանոնակարգ:

Վերստուգող հանձնաժողովն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնում է տարեկան առնվազն մեկ անգամ: Վերստուգող հանձնաժողովը, իր նախաձեռնությամբ, Ժողովի որոշմամբ կամ վարչական խորհրդի անդամների ընդհանուր քանակի երկու երրորդի որոշմամբ, ցանկացած ժամանակ կարող է իրականացնել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Վերստուգող հանձնաժողովի կողմից իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է Ընկերության Ժողով:

Վերստուգող հանձնաժողովի պահանջով Ընկերության վարչական խորհուրդը և Ընկերության տնօրինությունը պարտավոր են տրամադրել Ընկերության ֆինանսատնտեսական փաստաթղթերը:

Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է Ընկերության Ժողովին:

Վերստուգող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Ընկերության Ժողովի որոշմամբ: Նույն ժողովում ընտրվում է վերստուգող նոր հանձնաժողով:

Հոդված 19.

Վեճեր լուծող հանձնաժողովը

Ընկերության Ժողովը կարող է ստեղծել վեճեր լուծող հանձնաժողով, որը քննարկում է Ընկերության անդամների միջև ջրօգտագործման և ոռոգման ջրի բաշխման վերաբերյալ առաջացած վեճերը: Հանձնաժողովի անդամների քանակը, լիազորությունների ժամկետները և գործունեության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ:

Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են նախագահ, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և նախագահում է նիստերում:

Ընկերության կանոնադրությունը և (կամ) ջրի բաշխման գրաֆիկն այլ անդամների կողմից խախտելու վերաբերյալ դիմումներն Ընկերության անդամները գրավոր հանձնում են հանձնաժողովի նախագահին, որը դիմումի քննարկման նպատակով տասնօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ: Կողմերը տեղեկացվում են նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին և պարտավոր են մասնակցել նիստի աշխատանքներին, իսկ եթե հնարավորություն չունեն անձամբ մասնակցել, ապա նրանց շահերը կարող են ներկայացնել Ընկերության այլ անդամներ:

Դիմումի քննարկումը կազմակերպվում է դռնբաց, որի ժամանակ հանձնաժողովը լսում է կողմերին: Բերված փաստերը հիմնավորելու նպատակով կողմերը կարող են ներկայացնել գրավոր կամ այլ ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է կազմակերպել լրացուցիչ քննարկումներ:

Վեճեր լուծող հանձնաժողովը պարտավոր է գործի քննարկումն սկսելուց հետո` 10 օրվա ընթացքում, կայացնել որոշում:

Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել Ընկերության կանոնադրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով:

Վարչական խորհրդի անդամը միաժամանակ չի կարող լինել նաև վեճեր լուծող հանձնաժողովի անդամ:

Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Ընկերության Ժողովի որոշմամբ: Նույն Ժողովում ընտրվում է վեճեր լուծող նոր հանձնաժողով:

Հոդված 20.

Ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը

Ընկերության սպասարկման տարածքում ոռոգելի հող ունեցող Ընկերության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողները ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր` ոչ պակաս, քան երեք տարի ժամկետով:

Ջրօգտագործողի` ոռոգման ջուր այլ աղբյուրից ձեռք բերելու ապացույցներ ներկայացնելու դեպքում Ընկերության վարչական խորհուրդը կարող է ջրօգտագործողի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր չկնքել:

Ընկերության ոչ անդամներին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Ընկերության անդամների համար նախատեսված ջրի գնի 150 տոկոսը:

Ընկերության և ջրօգտագործողների միջև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Ստացած ոռոգման ջրի համար ջրօգտագործողի չվճարելու դեպքում Ընկերության հետ ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել հողամասն Ընկերությանն օգտագործման իրավունքով փոխանցելու պարտավորություն` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով:

Հոդված 21.

Ընկերության անդամներից գանձվող վճարների տեսակները

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են անդամներից գանձվող վճարների հետևյալ տեսակները.

ա) մատակարարված ոռոգման ջրի համար.

բ) Ընկերության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգման և պահպանման ծախսերը.

գ) անդամավճարները:

Ընկերության Ժողովի որոշմամբ կարող են սահմանվել Ընկերության կողմից գանձվող վճարների այլ տեսակներ: Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարող են նախատեսվել նաև Ընկերության կանոնադրությամբ:

Հոդված 22.

Ընկերության գույքը

Ընկերության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից, մատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, այլ վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համայնքային և պետական սեփականություն համարվող ոռոգման համակարգերը, համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ, ըստ սպասարկման տարածքների, օգտագործման իրավունքով հանձնվում են Ընկերությանը: Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելու վերաբերյալ կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս, քան քսանհինգ տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընկերությունների գույքը կարող է օտարվել Ընկերության Ժողովի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Ընկերության անդամն Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

Ընկերության անդամ ջրօգտագործողն Ընկերության գույքի նկատմամբ բաժնի իրավունք չունի:

Գ Լ ՈՒ Խ  3.

ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23.

Միությունը

Միությունը ոռոգման համակարգը շահագործելու նպատակով Ընկերությունների կամավոր միավորում է, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է և գործում է Ընկերությունների կողմից իրեն տրված լիազորությունների սահմաններում:

Միության անդամ Ընկերությունը պահպանում է իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

Միությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:

Միության անդամները Միության պարտավորությունների համար կրում են սուբսիդիար պատասխանատվություն` Միության հանդեպ ունեցած իրենց պարտավորությունների չափով:

Հոդված 24.

Միության հիմնադրումը

Հիմնական ջրատարի կամ նույն ջրավազանի ոռոգման տարածքում գտնվող բոլոր Ընկերություններն իրավունք ունեն դառնալ Միության անդամ:

Միությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով, եթե նախաձեռնող Ընկերությունների կողմից սպասարկվող տարածքի չափը գերազանցում է ապագա Միության սպասարկման տարածքի երկու երրորդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով և հիմնադիր փաստաթղթով սահմանված կարգով: Միությունը հիմնադրելու նպատակով Ընկերություններն ստեղծում են հիմնադիր վարչական խորհուրդ, որի նիստին մասնակցելու համար յուրաքանչյուր Ընկերություն լիազորում է երկու ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով:

Հիմնադիր վարչական խորհուրդն առաջին նիստում ընտրում է հիմնադիր վարչական խորհրդի նախագահ և կազմում է աշխատանքային կանոնակարգ: Հիմնադիր վարչական խորհուրդը կազմում է Միության կանոնադրության նախագիծը, ինչպես նաև կանոնադրության անբաժանելի մասը կազմող հավելվածները` Միության ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, սպասարկման տարածքի չափերի և տեղադրության նկարագրությունը:

Հիմնադիր վարչական խորհուրդը Միության կանոնադրության նախագիծը` հավելվածներով, ներկայացնում է Կանոնակարգող խորհուրդ` եզրակացություն ստանալու նպատակով:

Միության պետական գրանցման համար անհրաժեշտ է Կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:

Հոդված 25.

Միության կանոնադրությունը

Միության կանոնադրությունը նրա հիմնադիր փաստաթուղթն է:

Հիմնադիր վարչական խորհուրդը հաստատում է Միության կանոնադրությունը, որն ստորագրում է նախագահը:

Միության կանոնադրությունը պետք է բովանդակի`

ա) Միության անվանումը.

բ) գտնվելու վայրը.

գ) Միության գործունեության նպատակը և խնդիրները.

դ) Միությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրս գալու և անդամությունից հեռացնելու կարգը.

ե) Միության անդամների իրավունքները և պարտականությունները.

զ) Միության կողմից սպասարկվող տարածքի նկարագրությունը, այդ տարածքի ոռոգման համակարգի գծագրերը և հատակագիծը.

է) կառավարման մարմինների կազմակերպական կառուցվածքը, իրավասությունները և դրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

ը) վերստուգող մարմինների և դրանց հաշվետվությունների ներկայացման ժամկետները և կարգը, վեճեր լուծող մարմնի իրավասությունները, կազմավորման և գործունեության կարգը.

թ) գույքի կազմավորման կարգը.

ժ) Միության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելու կարգը.

ժա) Միության լուծարման կարգը:

Կանոնադրությունը կարող է բովանդակել սույն օրենքով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Միության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունների վերաբերյալ պետք է նախապես ստանալ կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:

Հոդված 26.

Միության կազմակերպական կառուցվածքը

Միության կառավարման բարձրագույն մարմինը վարչական խորհուրդն է: Վարչական խորհուրդն իր անդամներից ընտրում է վարչական խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ: Վարչական խորհրդի նախագահը, նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը նախագահում են խորհրդի նիստերում: Նրանց իրավասությունները և դրանց ժամկետները սահմանվում են Միության կանոնադրությամբ: Միության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու նպատակով վարչական խորհուրդն ընտրում է վերստուգող հանձնաժողով:

Միության կանոնադրությամբ կարող է ստեղծվել վեճեր լուծող հանձնաժողով:

Միության գործադիր մարմինը տնօրինությունն է:

Վարչական խորհրդի անդամների, նախագահի, վերստուգող հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի անդամների քանակը, լիազորությունների ժամկետները և ընտրության կարգը սահմանվում են Միության կանոնադրությամբ:

Վարչական խորհրդի անդամները և նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները և նախագահը, վեճեր լուծող հանձնաժողովի անդամները և նախագահը Միության վճարովի աշխատողներ չեն:

Հոդված 27.

Վարչական խորհուրդը

Միության վարչական խորհրդում յուրաքանչյուր անդամ Ընկերություն ունի Միության կանոնադրությամբ նախատեսված քանակով ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով:

Կանոնադրությամբ նախատեսված վարչական խորհրդի առաջին նիստը գումարվում է Միության պետական գրանցումից հետո` մեկամսյա ժամկետում:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` առնվազն ամիսը մեկ անգամ` վարչական խորհրդի նախագահի, վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի, վերստուգող հանձնաժողովի, Կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ կամ կանոնադրությամբ նախատեսված այլ հիմքերով:

Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և Միության կանոնադրությամբ:

Միության կանոնադրությամբ վարչական խորհրդին կարող են վերապահվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) Միության կանոնադրությունը հաստատելը.

բ) ֆինանսական հաշիվները և տարեկան հաշվետվությունները հաստատելը.

գ) բյուջեն, աշխատանքային, շահագործման և վերանորոգումների պլանները հաստատելը.

դ) ջրաբաշխման ու ոռոգման պլանները և ժամանակացույցը հաստատելը.

ե) Միության կողմից գանձվող վճարները և տուգանքների չափը սահմանելը.

զ) կանոնադրությունից բխող ներքին կանոնները և աշխատանքային կանոնակարգը հաստատելը.

է) Միության սպասարկման տարածքում գտնվող անդամ և ոչ անդամ Ընկերությունների հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը կնքելը.

ը) շահագործման և վերանորոգման կամ այլ նպատակներով պայմանագրեր կնքելը.

թ) Միության ֆինանսական և հաշվապահական գործունեությունը վերահսկելը.

ժ) վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը, վերստուգող հանձնաժողովի հաշվետվությունները քննարկելը և հաստատելը.

ժա) Միության գործադիր մարմնի կառուցվածքը, վճարովի աշխատողների հաստիքացուցակը սահմանելը և որոշելը.

ժբ) գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը.

ժգ) Միության անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելը.

ժդ) շահագործման և վերանորոգման պլաններին համապատասխան` իր որոշմամբ այդ ուղղությամբ կնքվող պայմանագրերին հավանություն տալը.

ժե) ներքին կանոններին և աշխատանքային կանոնակարգի կատարմանը հետևելը:

Միության վարչական խորհուրդն իրականացնում է կանոնադրությամբ սահմանված այլ խնդիրներ:

Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչական խորհուրդը կանոնադրության և բյուջեի հաստատման, դրանց մեջ լրացումների և փոփոխությունների կատարման վերաբերյալ որոշումներն ընդունում է վարչական խորհրդի անդամների ընդհանուր ձայների երեք քառորդով: Վարչական խորհրդի նախագահը քվեարկում է ձայների հավասարության դեպքում: Վարչական խորհուրդն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն երկու երրորդը:

Վարչական խորհրդի լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

Հոդված 28.

Միության աշխատակազմը

Միությունը կարող է ունենալ վճարովի աշխատակազմ և տեխնիկական աշխատողներ: Վճարովի աշխատակազմի կառուցվածքը, քանակը, նրանց պաշտոնավարման ժամկետները սահմանվում են Միության կանոնադրությամբ:

Վճարովի աշխատողներն աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում են գործադիր տնօրենի հրամանով` վարչական խորհրդի հաստատած հաստիքացուցակի համաձայն:

Վճարովի աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Միության վճարովի աշխատողներն իրավունք չունեն ընտրվել Միության վարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:

Հոդված 29.

Միության անդամներից գանձվող վճարների տեսակները և վճարման ժամկետները

Միության կանոնադրությամբ սահմանվում են Միության անդամներից գանձվող վճարների հետևյալ տեսակները.

ա) մատակարարված ոռոգման ջրի համար.

բ) Միության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգման և պահպանման ծախսերը.

գ) անդամավճարները:

Միության վարչական խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել Միության կողմից գանձվող այլ վճարների տեսակներ: Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարող են նախատեսվել նաև Միության կանոնադրությամբ:

Միության և Ընկերության միջև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Միության ոչ անդամ Ընկերություններին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Միության անդամ Ընկերությունների համար նախատեսված ջրի գնի 150 տոկոսը:

Հոդված 30.

Միության գույքը

Միության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից, Ընկերություններին մատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, այլ վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Միության անդամ Ընկերությունը Միության գույքի նկատմամբ բաժնի իրավունք չունի:

Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված սպասարկման տարածքում գտնվող հիմնական ջրատարը և (կամ) ջրավազանն օգտագործման իրավունքով հանձնվում են Միությանը:

Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելու վերաբերյալ կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս, քան հիսուն տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 31.

Միությունից անդամների դուրս գալը և անդամներին հեռացնելու հիմքերը

Միության անդամներն իրավունք ունեն դուրս գալ Միությունից: Կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ Միությունից դուրս գալ ցանկացող անդամներն այդ իրավունքից կարող են օգտվել միայն ոռոգման շրջանի վերջում: Եթե Միությունն այդ անդամի համար կատարել է ծախսեր ոռոգման համակարգի նախագծման, շինարարության կամ շահագործման նպատակով, ապա այդ անդամը կարող է Միությունից դուրս գալ միայն այդ ծախսերի` իր մասի համարժեք գումարը հատուցելուց հետո:

Միության անդամները կարող են հեռացվել Միությունից վարչական խորհրդի որոշմամբ, եթե`

ա) պարբերաբար խախտել են Միության կանոնադրության և ներքին կանոնակարգի պայմանները.

բ) առանց հարգելի պատճառների ուշացրել են Միությանը կատարվող գանձումների վճարումը.

գ) հրաժարվել են գանձումները վճարելուց.

դ) հրաժարվել են վերականգնել Միությանն իրենց մեղքով հասցված վնասները:

Միությունից հեռացվող Ընկերությունը պարտավոր է վճարել Միությանն ունեցած իր պարտքերը: Այդպիսի Ընկերությանը ջրի մատակարարումը կարող է մերժվել մինչև բոլոր վարձերի վճարումը:

Գ Լ ՈՒ Խ  4.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32.

Կանոնակարգող խորհուրդը

Ընկերության և Միության գործունեությունը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է կանոնակարգող խորհուրդ:

Կանոնակարգող խորհրդի կազմը որոշում և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կանոնակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնի միջոցով, որի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կանոնակարգող խորհրդի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կանոնակարգող խորհուրդն իր խնդիրներն իրականացնելու համար`

ա) Ընկերության և Միության կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության վերաբերյալ տալիս է գրավոր եզրակացություն.

բ) տալիս է իրավաբանական, հաշվապահական և տեխնիկական հարցերով խորհրդատվություն.

գ) ըստ հաստատված ձևերի վարում է Ընկերության և Միության գործունեության վերաբերյալ գրանցամատյանները.

դ) Ընկերության և Միության անդամների գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է ստուգումներ` իր աշխատակիցների կամ անկախ աուդիտորների միջոցով.

ե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

Ընկերության և Միության ղեկավար անձինք պատասխանատու են Կանոնակարգող խորհրդին տված տեղեկությունների ճշտության և դրանք սահմանված ժամկետներում ներկայացնելու համար:

Հոդված 33.

Ընկերության և Միության գործավարական փաստաթղթերը

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է ունենա հետևյալ գործավարական փաստաթղթերը.

ա) Ընկերության անդամների գրանցամատյան, որը պետք է պարունակի Ընկերության յուրաքանչյուր անդամի հողատարածքի չափը և տեղադրությունը.

բ) Ընկերության կողմից ջուր ստացող Ընկերության ոչ անդամների գրանցամատյան, որը պետք է պարունակի յուրաքանչյուր ոչ անդամի հողատարածքի չափը և տեղադրությունը.

գ) ոռոգման տարածքի պլանը.

դ) Ընկերության կողմից ստացված ջրի ծավալի տվյալների գրանցամատյանը.

ե) Ընկերության անդամներին և ոչ անդամներին տրված ջրումների քանակի գրանցամատյանը.

զ) գանձված գումարների և պարտքերի գրանցամատյանը.

է) Ժողովի և վարչական խորհրդի արձանագրությունների գրանցամատյանները.

ը) գործարքների և պայմանագրերի գրանցամատյանը.

թ) Ընկերությանը փոխանցված մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի և (կամ) ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների և զննումների գրանցամատյանը:

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով վարում է հաշվապահական (հաշվառային) փաստաթղթերը և կազմում է այլ հաշվետվություններ:

Միությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է ունենա հետևյալ գործավարական փաստաթղթերը.

ա) Միության անդամների գրանցամատյանը, որը պետք է պարունակի Միության անդամ Ընկերության հողատարածքների չափերը և տեղադրությունը.

բ) Միության անդամ չհամարվող, բայց Միության սպասարկման տարածքում ջրային աղբյուրներ շահագործող Ընկերությունների ցուցակը, որը պետք է պարունակի յուրաքանչյուր ոչ անդամ Ընկերության հողատարածքի չափը և տեղադրությունը.

գ) Միության կողմից շահագործվող ու պահպանվող մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի, ջրամբարի և այլ ջրային աղբյուրների պլանը.

դ) Միությունից ջուր ստացող ոչ անդամ Ընկերությունների ցուցակը.

ե) Միության անդամ Ընկերություններին և ոչ անդամ Ընկերություններին տրված ջրի և ոռոգումների քանակի գրանցամատյանը.

զ) վարձավճարների մուծումների գրանցամատյանը.

է) վարչական խորհրդի արձանագրությունների գրանցամատյանը.

ը) գործարքների և պայմանագրերի գրանցամատյանը.

թ) Միությանը փոխանցված մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի և (կամ) ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների և զննումների գրանցամատյանը:

Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով վարում է հաշվապահական (հաշվառային) փաստաթղթերը և կազմում է այլ հաշվետվություններ:

Հոդված 34.

Ընկերության և Միության հաշիվների ստուգումը (աուդիտը) և տարեկան հաշվետվությունները

1. Ընկերությունը կամ Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և ներկայացնում է տարեկան հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություններ:

2. Տարեկան հաշվապահական հաշվեկշիռը պետք է հաստատի`

ա) Ընկերության դեպքում` Ժողովը.

բ) Միության դեպքում` վարչական խորհուրդը:

3. Ընկերությունը և Միությունը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում, ըստ Կանոնակարգող խորհրդի սահմանած ձևի կազմել տարեկան հաշվետվություն:

4. Կանոնակարգող խորհուրդը կարող է ուսումնասիրել Ընկերության հաշվապահական փաստաթղթերը (ներառյալ` տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունները):

Հոդված 35.

Ընկերության և Միության վերահսկողությունը

1. Կանոնակարգող խորհուրդը կարող է Ընկերությունից կամ Միությունից պահանջել սույն օրենքով նախատեսված հաշվապահական փաստաթղթերի ու գրանցամատյանների պատճենները:

2. Կանոնակարգող խորհրդի լիազորած աշխատակիցը կարող է ստուգել Ընկերության և Միության հաշվապահական փաստաթղթերը կամ գրանցամատյանները, եթե`

ա) Ընկերության կամ Միության անդամների մեկ երրորդը գրավոր պահանջում է.

բ) Ընկերության կամ Միության հաշիվները կամ տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիս Կանոնակարգող խորհուրդը հայտնաբերում է ֆինանսական ոչ ճիշտ կամ անկանոն գործընթացի ապացույցներ:

3. Եթե Կանոնակարգող խորհուրդը, աուդիտի և ստուգումների արդյունքում, հայտնաբերում է Ընկերության ֆինանսական գործունեության անճշտություններ, ապա վարչական խորհրդից կարող է պահանջել հրավիրել Ընկերության Ժողով, որտեղ Կանոնակարգող խորհուրդը Ժողովի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները: Եթե վարչական խորհուրդը 30 օրվա ընթացքում չի հրավիրում Ընկերության Ժողով, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել վարչական խորհրդի լիազորությունները և ինքը հրավիրել Ընկերության ժողով:

4. Եթե դադարեցված են վարչական խորհրդի լիազորությունները, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել Ընկերության տնօրենի լիազորությունները և նշանակել ժամանակավոր տնօրեն, քանի դեռ Ընկերության Ժողովը նոր վարչական խորհուրդ չի ընտրել:

5. Եթե Կանոնակարգող խորհուրդը, համաձայն կայացրած աուդիտի (ստուգումների), գտնում է Միության ֆինանսական գործունեության մեջ անճշտություններ, ապա վարչական խորհրդից պահանջում է գումարել նիստ, որտեղ Կանոնակարգող խորհուրդը վարչական խորհրդի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները և առաջարկում է մշակել միջոցառումների ծրագիր ու անճշտությունները վերացնել իր սահմանած ժամկետում: Եթե վարչական խորհուրդը միջոցառումների ծրագրին համապատասխան անճշտությունները չի վերացնում, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է կասեցնել վարչական խորհրդի լիազորությունները:

6. Եթե վարչական խորհրդի լիազորությունները կասեցված են, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել Միության տնօրենի լիազորությունները և նշանակել Միության ժամանակավոր տնօրեն, որն իրականացնում է Կանոնակարգող խորհրդի մշակած միջոցառումների ծրագիրը:

Հոդված 36.

Սերվիտուտները

1. Ընկերությունը կամ Միությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են օգտվել սերվիտուտի իրավունքից:

2. Ընկերության կամ Միության լիազորած անձը կարող է, Ընկերության կամ Միության օգտագործման ներքո գտնվող ոռոգման համակարգը զննելու կամ աշխատանքներ կատարելու նպատակով, մուտք գործել ցանկացած հողատարածք:

Հոդված 37.

Ընկերության և Միության հատուկ ու պահուստային ֆոնդերը

Ընկերությունը կամ Միությունը կարող է ունենալ հատուկ կամ պահուստային ֆոնդ և բացել առանձին բանկային հաշիվներ հետևյալ նպատակներով.

ա) Ընկերության կամ Միության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման, վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման համար.

բ) հրատապ ծախսեր կատարելու համար:

Պահուստային ֆոնդի կազմավորման կարգը սահմանվում է Ընկերության կամ Միության կանոնադրությամբ:

Հոդված 38.

Ընկերության և Միության վերակազմակերպումը

Ընկերությունները և Միությունները կարող են վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ:

Վերակազմակերպումը կատարվում է Ընկերության և Միության հիմնադրման համար սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

Հոդված 39.

Ընկերության և Միության լուծարումը

Ընկերությունը կամ Միությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով:

Ընկերության կամ Միության լուծարման դեպքում պարտքերը մարելուց հետո մնացած գույքը լուծարային հանձնաժողովի որոշմամբ բաշխվում է Ընկերության կամ Միության անդամների միջև, բացառությամբ անհատույց օգտագործման իրավունքով Ընկերությանը կամ Միությանը փոխանցված համայնքային կամ պետական սեփականություն համարվող ոռոգման ցանցերի և կառույցների:

Գ Լ ՈՒ Խ  5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 40.

Սույն օրենքը գործողության մեջ դնելու կարգը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքը կիրառվում է օրենքը գործողության մեջ դնելուց հետո ծագած` Ընկերությունների և Միությունների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունների նկատմամբ:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոռոգման համակարգի շահագործումն ու պահպանումն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նախկինում հրապարակված օրենքները և նորմատիվ իրավական մյուս ակտերը կիրառվում են սույն օրենքին չհակասող մասով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում`

ա) հաստատում է ոռոգման համակարգերն Ընկերություններին և Միություններին հանձնելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը.

բ) հաստատում է ոռոգման համակարգերը Ընկերություններին և Միություններին փոխանցելու մասին պայմանագրի տիպային ձևը:

5. Սույն օրենքը հրապարակվելուց հետո` եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Կանոնակարգող խորհրդի կազմն ու Կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի կառուցվածքը, գործունեության կարգը և ֆինանսավորման աղբյուրները:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված ջուր սպառողների (ջրօգտագործողների) կոոպերատիվները և ընկերությունները (ՋՍԿ, ՋՍԸ) պարտավոր են մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը վերակազմակերպվել սույն օրենքով սահմանված ջրօգտագործողների ընկերությունների: Նշված ժամկետում չվերակազմակերպված կոոպերատիվները և ընկերությունները լուծարվում են օրենքով սահմանված կարգով:


 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-374-Ն