Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-19-Ո-Կ-5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2020
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    Ք. Երևան

03 դեկտեմբերի 2020 թ.

ԲԴԽ-19-Ո-Կ-5

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյանի,

 

մասնակցությամբ`

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

Ա. Հայկյանցի,

Մ. Մակյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

Վ. Քոչարյանի,

   
քարտուղարությամբ՝

Մ. Թելոյանի,

դռնբաց նիստում, քննության առնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ՝ Գ.Բեքմեզյանը, Ա.Մխիթարյանը, Մ.Մակյանը (այսուհետ՝ Հանձնախումբ), դիմել են Բարձրագույն դատական խորհրդին՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության առնելու միջնորդությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը 15.05.2020 թվականի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ 17.02.2018 թվականին ընդունված և մինչև 25.03.2020 թվականը գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար։ Միաժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը:

ՀՀ Սահմանադրական դատարանը 17.11.2020 թվականին կայացրել է որոշում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին:

Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնախմբի միջնորդությունը ներկայացվել է այն հիմքով, որ հնարավոր է, որ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված «Հատուկ կարծիք»-ում տեղ գտած որոշ արտահայտություններով ենթադրաբար խախտվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները:

 

3. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Բարձրագույն դատական խորհուրդը 15.05.2020 թվականի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ 17.02.2018 թվականին ընդունված և մինչև 25.03.2020 թվականը գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար։ Միաժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը:

2) ՀՀ Սահմանադրական դատարանը 17.11.2020 թվականին կայացրել է որոշում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին:

3) Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-170 որոշմամբ վերջինիս լիազորությունները 23.11.2020 թվականից դադարել են:

4) Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի որոշմամբ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը վերսկսվել է:

 

4. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա: (...) Իսկ ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։

Նույն օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում:

Քննարկվող պարագայում Բարձրագույն դատական խորհուրդը 15.05.2020 թվականի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան և կասեցրել է գործի վարույթը մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը: ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի որոշման հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի որոշմամբ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը վերսկսվել է:

Տվյալ դեպքում հիմք ընդունելով վերոգրյալը, նկատի ունենալով, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-170 որոշմամբ վերջինիս լիազորությունները 23.11.2020 թվականից դադարել են՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ առկա է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասով և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ`

Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Անդամներ՝

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

Ա. ՀԱՅԿՅԱՆՑ

Մ. ՄԱԿՅԱՆ

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

Ա. Մխիթարյան

Ս. Չիչոյան

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական: