ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին |
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները և ձևերը:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը տարածվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց վրա:
Հոդված 2. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ) հաշվառումն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 3. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական կարգավորումը |
Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 4. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակներն են՝
1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.
2) ամրագրել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի հիմնական երաշխիքները, իրավունքների խախտման դեպքում վերականգնել դրանք, ինչպես նաև չթույլատրել նրանց նկատմամբ որևէ խտրականություն.
3) ձևավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական հիմքերը.
4) նպաստել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ֆիզիկական, մտավոր, հոգևոր զարգացմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, հայրենասիրական ոգով դաստիարակմանը.
5) կանխարգելել սոցիալական դժվարությունների առաջացումը:
Հոդված 5. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքները |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությունը սոցիալական ապահովության պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է, որի հիմնական սկզբունքներն են՝
1) մարդասիրությունը.
2) սոցիալական արդարությունը.
3) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ դաստիարակող և խնամող ընտանիքներին աջակցելը.
4) դաստիարակչական, բուժական և խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կյանքի որակի պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների սահմանումը և պահպանումը.
5) սոցիալական խնամառության բացառումը.
6) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ զբաղվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 6. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքները |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կյանքի որակի հիմնական ցուցանիշների պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները, որոնք ընդգրկում են՝
1) հանրակրթական, մրցութային կարգով միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթություն.
2) անվճար բժշկական օգնություն և սպասարկում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սննդի ապահովում՝ սննդի նվազագույն չափորոշիչներին համապատասխան.
3) երեխաների առողջության վերականգնման և հանգստի կազմակերպում.
4) 16 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար մասնագիտական կողմնորոշում, գործունեության բնագավառի ընտրություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի տեղավորում, աշխատանքի պաշտպանություն.
5) սոցիալական աջակցության՝ սոցիալական ադապտացման և սոցիալ-հոգեբանական վերականգնման միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով.
6) բնակարանի իրավունքի ապահովում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
7) անվճար իրավաբանական օգնության ցուցաբերում:
2. Բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել կյանքի որակի հիմնական ցուցանիշների պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին՝ երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը: Տվյալ ուսումնասիրությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նշված կազմակերպություններում պաշտոնատար անձինք պարտավոր են վերացնել բացահայտված խախտումները և տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Պաշտոնատար անձինք նշված խախտումները չվերացնելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 7. | Կրթության և դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները |
1. Միջնակարգ կրթություն ստացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար:
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
3. Պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին անհրաժեշտ առաջադիմություն ունենալու դեպքում վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով:
Հոդված 8. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովումը |
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվում է անվճար բժշկական օգնություն պետական պատվերի շրջանակներում:
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կարող են տրամադրվել սպորտ-առողջարարական ճամբարների, հանգստյան տների, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում՝ առողջարանային բուժման ուղեգրեր՝ պետական և համայնքային բյուջեներից այդ նպատակով նախատեսված միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 9. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը |
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվելու կամ բնակվելու, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, հանրապետության զինված ուժերում ծառայելու կամ ազատազրկման վայրերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքը:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվելու կամ բնակվելու, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ժամկետը լրանալուց, ժամկետային զինվորական ծառայությունից զորակոչվելուց կամ ազատազրկման վայրերից վերադառնալուց հետո իրավունք ունեն 3 ամսվա ընթացքում ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:
2. Բնակելի տարածություն չունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ՝ առաջին անգամ երեխայի բացահայտման կամ երեխայի ծննդի գրանցման կամ նրա վերջին բնակության վայրի (եթե նրա ծննդյան վայրը դուրս է գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքից) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն զբաղվածության բնագավառում |
1. Զբաղվածության պետական ծառայությունն իրեն դիմած 16 տարին լրացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ և, հաշվի առնելով նրանց աշխատանքային ունակություններն ու առողջական վիճակը, աջակցում է նրանց աշխատանքի տեղավորմանը:
Խնամակալական կազմակերպություններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կարող են ստեղծվել մասնագիտացված աշխատատեղեր:
2. Կազմակերպության լուծարման դեպքում գործատուները պարտավոր են կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասնագիտական ուսուցումը և այլ գործատուների մոտ նրանց աշխատանքի տեղավորումը:
Հոդված 11. | Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը |
1. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հատուկ հոգածության և պաշտպանության իրավունք ունեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք պետք է նպաստեն երեխաների լիարժեք կենսագործունեությանը և զարգացմանը, ինչպես նաև ապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքին:
2. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, դաստիարակչական, բուժական և խնամակալական կազմակերպությունները, անկախ կազմակերպական-իրավական ձևից, կազմում են երեխաների կյանքի որակի նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:
Սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրն իր մեջ ներառում է երեխայի վիճակի գնահատականը, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակի գնահատականը, հոգեբանական և այլ հակաճգնաժամային միջոցներ, ինչպես նաև երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումներ, որոնք իրականացնում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները՝ ինքնուրույն կամ կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ համատեղ:
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները և օրինական շահերը ոտնահարելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հասցված վնասի փոխհատուցումը դատարանի վճռով գանձվում է մեղավոր անձանցից՝ հաշվի առնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական ադապտացման և սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացումը:
Հոդված 12. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դատարանում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Դաստիարակները, մանկավարժները, բժիշկները, սոցիալական աշխատողները, հոգեբանները և մյուս մասնագետները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, սոցիալական պաշտպանության ապահովման համար, խնամակալության և հոգաբարձության ու այլ իրավասու մարմինների հանձնարարությամբ կարող են մասնակցել համապատասխան մարմինների կողմից իրականացվող երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցառումներին, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
Հասարակական, բարեգործական և միջազգային կազմակերպությունները կարող են աջակցել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցում:
Հոդված 13. | Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, քաղաքացիները սույն օրենքի դրույթները խախտելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 14. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|