Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-380-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2002-01.06.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.19/26(201) Հոդ.614
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է խաղաղ պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ՝ պետական լիազոր մարմիններ) համակարգերում զինվորական ծառայություն անցնելու կարգը, զինծառայողներին զինվորական պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, տեղափոխելու և գործուղելու, որակավորելու, զինվորական կոչում շնորհելու, դրանից զրկելու և վերականգնելու, արձակուրդ տրամադրելու, ծառայությունից արձակելու հետ կապված հարաբերությունները:

Ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայություն անցնելու առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Զինվորական ծառայության բովանդակությունը

 

1. Զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:

Զինծառայող են համարվում զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները:

2. Զինվորական ծառայությունը ներառում է՝

1) զինվորական պաշտոնի նշանակում.

2) զինվորական կոչման շնորհում.

3) որակավորում.

4) զինվորական ծառայությունից արձակում.

5) զինծառայողի կարգավիճակով պայմանավորված այլ հանգամանքներ, որոնք սահմանվում են օրենքով:

Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս են հավատարմության երդում: Երդման տեքստը հաստատվում է օրենքով:

3. Զինծառայողն իրավունք չունի՝

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.

3) անդամակցել որևէ քաղաքական կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության.

4) ոչ ծառայողական նպատակների համար զինված ուժերում և այլ զորքերում օգտագործել նյութական արժեքներ, տեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցներ.

5) կազմակերպել գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցել դրանց.

6) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.

7) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

8) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Զինծառայողները չեն կարող կազմակերպել քաղաքական կուսակցություններ և կրոնական միավորումներ:

 

Հոդված 2. Զինվորական ծառայության իրավական կարգավորումը և զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Զինծառայողներին տրվում են «Զինապարտության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված իրավունքներ, երաշխիքներ ու փոխհատուցումներ:

 

Հոդված 3. Զինվորական ծառայության կազմակերպումը և իրականացման սկզբունքները

 

1. Զինվորական ծառայությունը կազմակերպվում է՝

1) զորակոչելու միջոցով՝ զորակոչային տարիքի քաղաքացիներին.

2) պայմանագրով՝ պահեստազորի շարքայիններին, սերժանտներին և ավագներին.

3) պայմանագրով՝ ենթասպաներին.

4) զորակոչի միջոցով կամ պայմանագրով՝ սպաներին.

5) զորակոչի համար սահմանված կարգով՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացիներին:

2. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունն իրականացվում է օրինականության, զինծառայողների իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման, կոլեգիալ կառավարման սկզբունքներով:

 

Հոդված 4.  Զինվորական ծառայության տեսակները և ժամկետները

 

1. Զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայությունից:

Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից:

2. Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը:

3. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած) և կանանց զինվորական ծառայությունը:

Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները պետական լիազոր մարմնի հետ կնքում են գրավոր պայմանագիր:

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պետական լիազոր մարմնին փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը՝ պայմանագրով սահմանված կարգով և չափով:

4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) շարքային կազմի համար՝ 24 ամիս.

2) առաջին խմբի պահեստազորի սպաների համար՝ 2-3 տարի:

Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:

5. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) սպաների համար՝ մինչև տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը՝ պետական լիազոր մարմնի սահմանած ժամկետով, բայց առաջին պայմանագիրը՝ 3-5 տարուց ոչ պակաս.

2) ենթասպաների համար՝ 3-5 տարի.

3) ավագների, սերժանտների և շարքայինների համար՝ 3 տարի.

4) ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար՝ 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն):

Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունը պետական լիազոր մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:

6. Զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության և պահեստազորում գտնվելու սահմանային (առավելագույն) տարիքը հետևյալն է.

 

Զինվորական կոչումը

Ժամկետային
ծառայություն

Պահեստազոր

1-ին
խումբ

2-րդ
խումբ

3-րդ
խումբ

Շարքային կազմ
շարքային, եֆրեյտոր, կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ավագ

40

40

45

50

Ենթասպայական կազմ
ենթասպա, ավագ ենթասպա

45

45

50

55

Սպայական կազմ

Կրտսեր սպայական կազմ

         


կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան

48

50

55

58


Ավագ սպայական կազմ

       


մայոր, փոխգնդապետ,

50

55

58

60


գնդապետ

55

58

-

60


Բարձրագույն սպայական կազմ

       


գեներալ-մայոր,
գեներալ-լեյտենանտ

60

65

-

68


գեներալ-գնդապետ,
բանակի գեներալ

65

-

-

70

 

Առանձնահատուկ դեպքերում սահմանային տարիքի հասած զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության ժամկետները սույն օրենքով սահմանված կարգով կարող են երկարաձգվել մինչև 5 (ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմինը՝ մինչև 10) տարի ժամկետով:

7. Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Օտարերկրյա պետությունների զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են միջպետական պայմանագրերով:

 

Հոդված 5. Զինվորական ծառայության սկիզբը և ավարտը

 

1. Զինվորական ծառայության սկիզբ համարվում է՝

1) զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների համար՝ ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը.

2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիների համար՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.

3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար՝ տվյալ ռազմաուսումնական հաստատություններում սահմանված կարգով որպես կուրսանտ գրանցվելու օրը:

2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում՝

1) զորակոչի միջոցով զինծառայողների համար՝ ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ զորամասի անձնակազմի ցուցակներից հանելու օրը.

2) պայմանագրային զինծառայողների համար՝ պայմանագրի ժամկետը լրանալու կամ պայմանագրի գործողությունը դադարեցնելու օրը:

3. Զինծառայողը զորամասի կամ զինվորական կառավարման մարմնի անձնակազմի ցուցակներից հանվում է զինվորական ծառայության ավարտի օրը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Զինծառայողի ծառայությունն ավարտվում է նրան զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը՝ արձակվելու, զոհվելու (մահանալու), դատարանի կողմից անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու պատճառով:

Զորամասի անձնակազմի ցուցակներից հանվող զինծառայողն արձակվելու օրը լրիվ չափով ապահովվում է դրամական, նյութական բավարարությամբ, պարենի փոխհատուցմամբ:

 

Հոդված 6. Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը

 

 1. Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի՝ ժամկետային զինծառայության ամբողջ ժամանակաշրջանը՝ անկախ ընդհատումներից: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:

Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում սահմանվում է զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկի կարգ:

2. Զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում՝

1) կարգապահական գումարտակում կամ ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.

2) կարգապահական տույժի կարգով մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածը.

3) զորամասը և ծառայության վայրն ինքնագլուխ թողնելու ժամանակահատվածը՝ անկախ պատճառներից:

Սույն մասով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հրամանով՝ հաշվի առնելով նաև դատարանի կամ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության առաջարկությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 7. Պայմանագիր կնքելու կարգը

 

1. Պայմանագիր կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու (զինծառայողի) և պետական լիազոր մարմնի միջև՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և սույն օրենքով սահմանված կարգով:

2. Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացիների հետ, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն, նախաքննություն, դատական քննություն, ովքեր դատապարտվել են հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

3. Պայմանագրում ամրագրվում են զինվորական ծառայության ընդունվելու կամավորությունը, զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, քաղաքացու (զինծառայողի) ընդհանուր և հատուկ պարտականությունները, զինծառայողի կարգավիճակով պայմանավորված՝ նրա իրավունքների և արտոնությունների երաշխիքները, ինչպես նաև պայմանագրի այլ պայմաններ:

Պայմանագրում նշվում են նաև քաղաքացու (զինծառայողի) անունը, ազգանունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, գործադիր իշխանության մարմնի անվանումը և նրա անունից պայմանագիր ստորագրող անձի պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, պայմանագիրն ստորագրելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

4. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարներն իրավասու են պայմանագրում նշել զինծառայողների որոշակի իրավունքներն ու պարտականությունները, որոնք կապված են ծառայության առանձնահատկությունների հետ և նախատեսված են գործող օրենսդրությամբ:

5. Պայմանագիրը կազմվում է իրավաբանական հավասար ուժ ունեցող 2 օրինակից, որոնք կողմերն ստորագրում են: Պայմանագրի օրինակները կնքվում են պետական լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ունեցող կնիքով:

 

Հոդված 8. Պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից, որի մասին հայտարարվում է պետական լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձի հրամանով: Պայմանագրի ժամկետը հաշվարկվում է ուժի մեջ մտնելու օրվանից: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առաջին օրինակը կարվում է զինծառայողի անձնական գործում, երկրորդը հանձնվում է նրան:

 

Հոդված 9. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կարգը

 

1. Պայմանագրի գործողությունը դադարում է՝

1) զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը՝ նրա զինվորական ծառայությունից արձակվելու, զոհվելու (մահանալու), անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում.

2) զինծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու օրը.

3) պետական լիազոր այլ մարմնում զինծառայողին այլ պաշտոնի նշանակելու օրը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու օրը.

6) դատական կարգով զինվորական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու օրը:

2. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու դեպքում առաջին օրինակում կատարվում է դադարման հիմքի մասին համապատասխան գրառում՝ ամսաթվի և տարեթվի նշումով:

3. Զինծառայողի ցանկությամբ այդպիսի գրառում կատարվում է նաև պայմանագրի երկրորդ օրինակում:

 

Հոդված 10. Առաջին պայմանագիրը կնքելու կարգը

 

1. Առաջին պայմանագիրը կնքվում է՝

1) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների հետ, այդ թվում՝

- 20-40 տարեկան արական սեռի պահեստազորայինների,

- 18-40 տարեկան կանանց՝ անկախ պահեստազորում գտնվելու հանգամանքից.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողների հետ՝ համապատասխան ուսումնական հավաքին մասնակցելուց հետո:

2. Ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողի հետ առաջին պայմանագիրը կնքվում է առաջին կուրսն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև երկրորդ կուրսն ավարտելը: Նշված զինծառայողը պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում ենթակա է ռազմաուսումնական հաստատությունից հեռացման:

3. Պարտադիր զինվորական ծառայություն անցած և անցնող զինծառայողը պայմանագիր կնքում է ռազմաուսումնական հաստատությունում կուրսանտ գրանցվելու հետ միաժամանակ:

4. Կին զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության ընդունվում է, եթե կա թափուր պաշտոն, որը կարելի է համալրել իգական սեռի զինծառայողով:

Կին զինծառայողի՝ տվյալ պաշտոնն զբաղեցնելու հարցը որոշում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 11. Առաջին պայմանագրի ժամկետը

 

Առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է՝

1) շարքայինի, սերժանտի, ավագի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնի ընդունվողի համար՝ 3 տարի.

2) ենթասպայի և սպայի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնի ընդունվողի համար՝ 3-5 տարի.

3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների և այնտեղ սովորողների համար՝ 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն).

4) բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), դոկտորանտուրայում պետական լիազոր մարմնի պատվերով (պետական պատվերի շրջանակներում) սովորողների համար՝ ուսանելու ժամանակաշրջանը և հետուսումնական 5 տարվա զինվորական ծառայությունը.

5) պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համար՝ 5 տարի (ներառյալ՝ պարտադիր զինծառայության չծառայած ժամկետը):

 

Հոդված 12. Առաջին պայմանագիրը ստորագրող մարմինները

 

1. Առաջին պայմանագիրը պետական լիազոր մարմնի անունից ստորագրում է՝

1) համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ կադրերը վերահսկող տեղակալը՝ ավագ սպայական կազմի զինվորական կոչմանը համապատասխանող հաստիքային զինվորական ղեկավար պաշտոնի (վարչության, առանձին բաժնի, ծառայության պետի, բրիգադի, զորամասի, առանձին գումարտակի հրամանատար) նշանակելու դեպքում.

2) համապատասխան պետական լիազոր մարմնի կադրային մարմնի ղեկավարը՝ սպայական կազմի զինվորական կոչմանը համապատասխանող այլ զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում.

3) համապատասխան պետական լիազոր մարմնի առանձին ստորաբաժանման (սկսած գնդից և ավելի բարձր) հրամանատարը՝ «ենթասպա» զինվորական կոչմանը համապատասխանող հաստիքային պաշտոնի նշանակելու դեպքում.

4) զորամասի և առանձին գումարտակի հրամանատարը՝ շարքայինի, սերժանտի, ավագի զինվորական կոչմանը համապատասխանող հաստիքային պաշտոնի նշանակելու դեպքում.

5) ռազմաուսումնական հաստատության պետը՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունվածների և այնտեղ սովորողների հետ պայմանագիր կնքելու դեպքում.

6) պետական լիազոր մարմնի ռազմական կրթության մարմնի ղեկավարը՝ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), դոկտորանտուրայում պետական լիազոր մարմնի պատվերով սովորողների հետ պայմանագիր կնքելու դեպքում:

2. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարն իրավասու է սույն մասով նախատեսված առանձին դեպքերում սահմանել պայմանագիր ստորագրելու այլ կարգ:

Բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնի նշանակվող սպաների հետ պայմանագիր կարող է կնքվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն:

3. Առաջին պայմանագիրն ստորագրվում է քաղաքացու՝ զինծառայության ընդունվելու, զինծառայողի՝ ռազմաուսումնական հաստատության կուրսանտ գրանցվելու, ռազմաուսումնական հաստատություն ընդունված նախազորակոչիկի՝ 18 տարին լրանալու (առաջին կուրսն ավարտելուց ոչ շուտ՝ մինչև երկրորդ կուրսի ավարտը) օրը:

 

Հոդված 13. Առաջին պայմանագիրը կնքելուց և պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքերը

 

1. Առաջին պայմանագիրը կնքելուց և պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմք են՝

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում (այլ զորքերում) թեկնածուի՝ քաղաքացիական կամ զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոն չլինելը.

2) զորամասի, զինվորական կառավարման մարմնի որակավորման հանձնաժողովի որոշմամբ այլ թեկնածուի հետ պայմանագիր կնքելը՝ մրցութային ընտրության արդյունքների հիման վրա.

3) թեկնածուի՝ անհամապատասխանությունը պայմանագրային զինվորական ծառայության պահանջներին:

Մրցութային ընտրությունը կազմակերպում և անցկացնում է համապատասխան կադրային մարմինը՝ որակավորման հանձնաժողովի անդամների մեկ երրորդի մասնակցությամբ:

2. Մերժումը ձևակերպվում է գրավոր, որն ստորագրում և կնքում է պետական լիազոր մարմնի համապատասխան իրավասու պետը: Մերժման որոշումը քաղաքացու խնդրանքով հանձնվում է նրան:

 

Հոդված 14. Նոր պայմանագրի կնքումը

 

1. Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողի հետ նոր պայմանագիր կնքվում է  հետևյալ դեպքերում.

1) նախորդ պայմանագրի ժամկետը լրանալիս.

2) ռազմաուսումնական հաստատություն և քաղաքացիական ուսումնական հաստատության մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա ընդունվելիս.

3) պետական լիազոր մի մարմնից մյուսը փոխադրվելիս:

2. Սահմանային տարիքի հասած և օրենքով սահմանված կարգով ծառայությունը շարունակող զինծառայողների հետ նոր պայմանագիր կնքվում է համապատասխան իրավասու մարմնի որոշմամբ՝ սույն օրենքի համաձայն՝ մինչև 5 տարի ժամկետով:

3. Նոր պայմանագիրը պետական լիազոր մարմնի անունից ստորագրում են սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված պաշտոնատար անձինք:

4. Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը նոր պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր մինչև նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը: Զինծառայողի զեկուցագիրը գրանցվում է սահմանված կարգով: Զեկուցագրերը ժամանակին ներկայացնելու գործընթացը վերահսկում է համապատասխան կադրային մարմինը:

5. Զինվորական ծառայության սահմանային տարիքի չհասած զինծառայողների հետ կնքվում է նոր պայմանագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ենթակա են վաղաժամկետ զորացրման՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով: Օբյեկտիվ պատճառներով (հղիություն, ծննդաբերություն և երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվել, գերի կամ պատանդ լինել և այլն) նոր պայմանագիր կնքելու հնարավորություն չունեցող և ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած (գերիներն ու պատանդները՝ անկախ դրանից) պայմանագրային զինծառայողները շարունակում են զինվորական ծառայությունը` պայմանագրային հիմունքներով: Նշված հանգամանքների վերացումից հետո՝ ծառայության վայր ներկայանալուց մեկ ամսվա ընթացքում, նրանց հետ կնքվում է նոր պայմանագիր (կամ նրանք զորացրվում են):

6. Նոր պայմանագիր չկնքող պայմանագրային զինծառայողը ներկայացվում է զորացրման (արձակման):

7. Ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա) կամ դոկտորանտուրա ընդունված պայմանագրային զինծառայողի հետ կնքվում է նոր պայմանագիր, բացառությամբ՝ 20 տարի ընդհանուր տևողությամբ պայմանագիր կնքած անձանց, տվյալ ուսումնական հաստատությունում գրանցվելու դեպքում:

Իգական և արական սեռի սպայական և ենթասպայական կազմերի այն զինծառայողները, բացառությամբ պարտադիր զինծառայության զորակոչի միջոցով ուսման գործուղվածների, ովքեր հեռացվում են ռազմաուսումնական հաստատություններից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից) կամ դոկտորանտուրայից, ներկայացնում են նոր պայմանագիր կնքելու զեկուցագիր՝ ծառայության վայր ներկայանալու օրը:

8. Պայմանագիր կնքելու, պայմանագրի գործողության ժամկետի, ինչպես նաև դա չկնքելու մասին որոշում է  ընդունում պետական լիազոր մարմնի ղեկավարը:

9. Առանձնահատուկ դեպքերում պետական լիազոր մարմնի ղեկավարը սահմանային տարիքի հասած զինծառայողների, բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, պայմանագրային զինծառայության ժամկետները կարող է երկարաձգել մեկական տարով՝ մինչև 5 (ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմինը՝ մինչև 10) տարի ընդհանուր ժամկետով: Բարձրագույն սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը մինչև 3 տարի երկարաձգելու մասին որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ յուրաքանչյուր դեպքում մեկական տարով:

Սահմանային տարիքի հասած զինծառայողի հետ պայմանագիր կնքելու որոշում ընդունվում է՝ հաշվի առնելով նրա գործնական հատկանիշներն ու առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում զինծառայողն ուղարկվում է ռազմաբժշկական հանձնաժողով՝ հետազոտման: Պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետը նշված հանձնաժողովի եզրակացությունը պետք է ստանա զինծառայողի պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 15. Զինվորական պաշտոնի նշանակելու կարգը

 

1. Սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների զբաղեցրած պաշտոններն ու դրանց համապատասխանող զինվորական կոչումները նախատեսվում և սահմանվում են հատուկ հաստիքացուցակներով:

2. Զինվորական պաշտոնները բաժանվում են հրամանատարականի և ոչ հրամանատարականի:

Հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն հրամանատարական.

2) ավագ հրամանատարական.

3) միջին հրամանատարական.

4) կրտսեր հրամանատարական:

Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն սպայական.

2) ավագ սպայական.

3) կրտսեր սպայական.

4) ենթասպայական.

5) շարքային:

Հրամանատարական (բացառությամբ բարձրագույն հրամանատարական) և ոչ հրամանատարական կազմերի պաշտոնների ցանկը հաստատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը, բարձրագույն հրամանատարական կազմինը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Բարձրագույն կրթություն չունեցող ենթասպաները միջին հրամանատարական և սպայական պաշտոնի կարող են նշանակվել միայն բացառիկ դեպքերում:

3. Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում:

Ավագ հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է միջին հրամանատարական կամ ավագ սպայական (ընդհանուրի մեջ մեկ տարին միջին հրամանատարական) կազմի պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:

Միջին հրամանատարական կազմի պաշտոնի կարող են նշանակվել բարձրագույն կրթությամբ կրտսեր սպայական կոչում ունեցող զինծառայողները (պահեստազորայինները` որակավորման կարգով):

Կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնների նշանակվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (այլ զորքեր) զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող և ուսումնական հավաքներն ավարտած զինծառայողները:

Ավագ և միջին հրամանատարական կազմերի զինվորական պաշտոններում առաջխաղացումը կատարվում է որակավորման կարգով:

4. Շարքային, ենթասպայական և սպայական (կրտսեր և ավագ) կազմերի զինծառայողների հաստիքային պաշտոնի նշանակումները կադրային մարմինը կատարում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

5. Զինվորական պաշտոնի նշանակվում է այն զինծառայողը, որը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:

Որպես կանոն, զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի՝ հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Զինծառայողի՝ նոր զինվորական մասնագիտական պաշտոնի նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը:

Ավագ և միջին հրամանատարական կազմերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում:

6. Ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունված ենթասպայական կամ սպայական կոչում չունեցող զինծառայողներն ազատվում են նախկինում զբաղեցրած պաշտոնից և նշանակվում կուրսանտի կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող շարքայինի (սերժանտի, ավագի) համար նախատեսված այլ զինվորական պաշտոնի:

Ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիները նշանակվում են կուրսանտի, ունկնդրի կամ նշված ուսումնական հաստատության սովորողի համար նախատեսված այլ զինվորական պաշտոնի:

7. Ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա չընդունված զինծառայողը վերադառնում է նախկին ծառայության վայր և նշանակվում մինչ ուսման գործուղվելն զբաղեցրած պաշտոնին:

8. Ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախկինում զբաղեցրածից ոչ ցածր պաշտոնի:

 

Հոդված 16. Զինվորական պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Զինվորական պաշտոնի նշանակելիս պահպանվում են հետևյալ պայմանները.

1) շարքայիններով, սերժանտներով, ավագներով, ենթասպաներով և սպաներով համալրման ենթակա զինվորական պաշտոնների նշանակվում են համապատասխան կազմերի զինծառայողներ: Ենթասպայական և սպայական պաշտոնների համալրումն ստորադաս կազմերի զինծառայողներով թույլատրվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով.

2) կադրային մարմնի տրամադրության տակ գտնվող զինծառայողները պաշտոնի նշանակվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով, բայց պաշտոնից ազատվելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում.

3) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի, սակայն ընտրած զինվորական մասնագիտությանը ոչ պիտանի ճանաչված զինծառայողը, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածի, իր համաձայնությամբ նշանակվում է այլ պաշտոնի (որով սահմանված պարտականությունները կարող է կատարել) կամ զորացրվում է.

4) եթե զինծառայողին չի տրվում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, նա նշանակվում է այդպիսի թույլտվություն չպահանջող պաշտոնի կամ զորացրվում է.

5) միմյանց հետ մերձավոր ազգակցական կապ ունեցող զինծառայողներին (պապ, տատ, հայր, մայր, ամուսին, կին, հարազատ եղբայր, քույր) չի թույլատրվում ծառայել միևնույն զորամասում (զինվորական կառավարման մարմնում), եթե նրանցից մեկն անմիջականորեն ենթակա է մյուսին կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վերահսկվում է նրա կողմից.

6) զինծառայողները, բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, պաշտոնի նշանակվում են անձնակազմին վերաբերող հրամաններով, որն արձակում է տվյալ զինվորական պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պետը.

7) հաստիքով նախատեսված սպայական պաշտոնները, որպես կանոն, համալրվում են բարձրագույն ռազմական կամ քաղաքացիական կրթություն ունեցող զինծառայողներով:

2. Զինծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի և ցածր պաշտոնի:

Զինվորական պաշտոնը համարվում է բարձր, եթե հաստիքով նախատեսված զինվորական կոչումը բարձր է նախկին պաշտոնի զինվորական կոչումից, իսկ դրանց հավասարության դեպքում՝ ավելի բարձր պաշտոնային դրույքով զինվորական պաշտոնը:

Զինվորական պաշտոնը համարվում է հավասար, եթե նախկին և նոր հաստիքային պաշտոններին համապատասխանում են նույն զինվորական կոչումն ու պաշտոնային դրույքը:

Զինվորական պաշտոնը համարվում է ցածր, եթե այդ հաստիքով նախատեսված զինվորական կոչումն ավելի ցածր է զինծառայողի նախկին պաշտոնի զինվորական կոչումից և պաշտոնային դրույքից:

 

Հոդված 17. Բարձր պաշտոնի նշանակումը

 

1. Զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի՝

1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).

2) մրցույթի արդյունքներով (պայմանագրային զինծառայողը):

Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:

2. Բարձր պաշտոնի նշանակելիս նախապատվությունը տրվում է ծառայողական պարտականությունները կատարելիս մասնագիտական խոր իմացությամբ և կազմակերպչական առավել ունակություններով աչքի ընկած զինծառայողներին՝ որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ պաշտոնի նշանակվելու համար կամ, կազմակերպչական-հաստիքային միջոցառումների հետ կապված, նախկինում ցածր պաշտոնի փոխադրված զինծառայողներին:

 

Հոդված 18. Հավասար պաշտոնի նշանակումը

 

Զինծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի՝

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.

2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.

3) ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից ելնելով.

4) ընտանեկան պայմաններից ելնելով (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).

5) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).

6) մրցույթի արդյունքներից ելնելով (պայմանագրային զինծառայողը):

 

Հոդված 19. Ցածր պաշտոնի նշանակումը

 

1. Զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել բարձր կամ հավասար պաշտոնի (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).

2) ընտանեկան պայմաններից ելնելով (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).

3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).

4) անձնական խնդրանքով (պայմանագրային զինծառայողը).

5) «պաշտոնի իջեցում» կամ «զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում» կարգապահական տույժեր ստանալու դեպքում, ինչպես նաև, եթե «նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ենթասպան կամ սպան չի ուղղվել՝ օրինակելիորեն կատարելով զինվորական պարտքը:

2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված զինծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել տույժը հանելուց հետո:

3. Կին զինծառայողը հղիության շրջանում իր ցանկությամբ նշանակվում է ծառայության ավելի դյուրին պայմաններ ունեցող պաշտոնի՝ բժշկական եզրակացության համաձայն: Այդպիսի դեպքերում պահպանվում են նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ:

Մինչև երկու տարեկան երեխա ունեցող կին զինծառայողը, եթե չի կարողանում կատարել իր ծառայողական պարտականությունները, նշանակվում է այլ զինվորական պաշտոնի՝ մինչ նշանակումն զբաղեցրած պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարման և այլ լրացուցիչ վճարների պահպանմամբ:

4. Հանցագործության համար դատապարտված և զինվորական ծառայության մեջ թողնված կամ կալանքի տակ գտնվող զինծառայողը չի նշանակվում բարձր պաշտոնի:

Եթե, հաշվի առնելով կատարած հանցագործության բնույթն ու այլ հանգամանքներ, զինծառայողի նկատմամբ կիրառվել է զինվորական ծառայության սահմանափակման հետ կապված պատիժ, համապատասխան պաշտոնատար անձի որոշմամբ նա կարող է նշանակվել այլ պաշտոնի միևնույն զորամասում (զինվորական կառավարման մարմնում) կամ փոխադրվել այլ զորամաս՝ այդ մասին տեղեկացնելով դատավճիռ կայացրած դատարանին:

 

Հոդված 20. Պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու կարգը

 

1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ զինծառայողը կարող է նշանակվել հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի կամ այդ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝

1) թափուր (ազատ) զինվորական պաշտոնի՝ իր համաձայնությամբ (պաշտոնի ժամանակավոր կատարում).

2) զինվորական պաշտոնն զբաղեցնող զինծառայողի ժամանակավոր բացակայության կամ պաշտոնից հեռացվելու դեպքում (պարտականությունների ժամանակավոր կատարում):

2. Ժամանակավոր զբաղեցվող պաշտոնի կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները.

1) 6 ամիս՝ թափուր պաշտոնի պարտականությունների կատարումը.

2) 4 ամիս՝ զբաղեցված պաշտոնի պարտականությունների կատարումը:

Զինծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են ոչ թափուր պաշտոնի պարտականությունների կատարող՝ պաշտոնն զբաղեցնողի՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամկետի ընթացքում:

3. Զինծառայողին ժամանակավորապես պաշտոնի նշանակում և պաշտոնեական պարտականությունների կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):

4. Թափուր և զբաղեցված պաշտոնների պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են՝

1) զինվորներ, սերժանտներ և ավագներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ենթասպայի զինվորական կոչումներ.

2) ենթասպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ենթասպայական և կրտսեր սպայական զինվորական կոչումներ.

3) կրտսեր սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են կրտսեր և ավագ սպայական զինվորական կոչումներ.

4) ավագ սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ և բարձրագույն սպայական զինվորական կոչումներ.

5) բարձրագույն սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են բարձրագույն սպայական զինվորական կոչումներ:

 

Հոդված 21. Կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը

 

1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ, միայն հետևյալ դեպքերում.

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատվելիս՝ 2 ամսից ոչ ավելի.

2) զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը.

3) ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս՝ մինչև բուժման ավարտը (ներառյալ՝ արձակումը ձևակերպելու ժամկետը), բայց ռազմաբժշկական փորձաքննության կանոնադրությամբ սահմանված ժամկետից ոչ ավելի.

4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելիս (և ընդհակառակը)՝ 3 ամսից ոչ ավելի.

5) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս՝ մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.

6) գերության մեջ գտնվելիս՝ մինչև ազատվելը.

7) զորամասի (զինվորական կառավարման մարմնի) լուծարվելու կապակցությամբ, հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս՝ մինչև արձակուրդի ավարտը:

2. Կալանավորված զինծառայողները կադրային մարմնի տրամադրության տակ վերցվում են նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվելու օրվանից:

 

Հոդված 22. Զինվորական պաշտոնից ազատելը

 

1. Զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է նոր պաշտոնի նշանակվելու, տեղափոխվելու, գործուղվելու կամ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:

2. Զինվորական պաշտոնից զինծառայողին ազատում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):

 

Հոդված 23. Զինծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխելու և գործուղելու կարգը

 

1. Զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում (փոխադրվում) է հետևյալ դեպքերում.

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.

2) առաջխաղացման կարգով.

3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.

4) ընտանեկան դրության բերմամբ (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).

5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.

6) պլանային փոխարինման կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը).

7) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու կապակցությամբ.

8) ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), դոկտորանտուրայից հեռացվելու պատճառով.

9) եթե կատարած հանցագործության համար նշանակվել է զինվորական ծառայությունը սահմանափակելու հետ կապված պատիժ և նրան չի կարելի թողնել զինծառայողներին ղեկավարելու հետ կապված պաշտոնի:

2. Պայմանագրային զինծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության նոր վայր, հավասար պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց զինծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, անչափահաս, մինչև 23 տարեկան՝ սովորող, հաշմանդամ երեխա, խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:

3. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր փոխադրվում է նաև առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ:

4. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողին ծառայության նոր վայր փոխադրում են առանց նրա համաձայնության:

5. Պայմանագրային զինծառայողի՝ ընտանեկան դրության բերմամբ ծառայության նոր վայր փոխադրումը կատարվում է՝

1) սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ.

2) բնակության վայրի պետական բժշկական-սոցիալական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն՝ առանձին ապրող հոր, մոր, քրոջ, եղբոր, պապի, տատի, որդեգրողի մշտական կողմնակի խնամքի անհրաժեշտությունից ելնելով:

6. Պայմանագրային զինծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր փոխադրելու դեպքում միաժամանակ որոշում է կայացվում նշված բնակավայր փոխադրել նաև ամուսնուն (կնոջը), եթե փոխվում է ընտանիքի բնակության վայրը: Եթե հնարավոր չէ զինծառայող ամուսիններին միաժամանակ նշանակել զինվորական պաշտոնների, կամ եթե նրանցից մեկը չի զորացրվում, ապա ծառայության նոր վայր փոխադրումը չի կատարվում:

7. Զինծառայողը ծառայության նոր վայր մեկնում է գործերն ու պաշտոնը հանձնելուց հետո՝ փոխադրման հրամանն ստանալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ արձակուրդում, գործուղման կամ բուժման մեջ գտնվելու դեպքի:

8. Անբավարար առաջադիմության, անկարգապահության և ուսումնառությունից հրաժարվելու պատճառով ռազմաուսումնական հաստատությունից հեռացված, ինչպես նաև հետուսումնական զինվորական ծառայությունից հրաժարված՝ 18 տարին լրացած կուրսանտը զորակոչվում կամ ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության՝ ընդհանուր հիմունքներով:

Տվյալ դեպքում ուսումնառության ժամանակաշրջանը պարտադիր զինվորական ծառայություն չի հաշվվում՝ անկախ տևողությունից, իսկ մինչև ռազմաուսումնական հաստատություն ընդունվելը պարտադիր զինվորական ծառայության ժամանակաշրջանը հաշվվում է՝ ելնելով փաստացի տևողությունից:

9. Ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), դոկտորանտուրայից հեռացված պայմանագրային զինծառայողները վերադառնում են ծառայության նախկին վայր, և նրանց հետ կնքվում է նոր պայմանագիր՝ 3 տարուց ոչ պակաս ժամկետով, կամ նրանք զորացրվում են՝ համապատասխան պաշտոնատար անձի որոշմամբ:

10. Դատապարտված զինծառայողը չի կարող տեղափոխվել ծառայության նոր վայր՝ օրենքով սահմանված պատիժը կրելու ընթացքում:

 

Հոդված 24. Պլանային փոխարինման կարգով տեղափոխումը

 

1. Պլանային փոխարինման կարգով տեղափոխման ենթակա են հատուկ և կլիմայական ծանր պայմաններում ծառայող զինծառայողները:

Վերը նշված պայմաններում ծառայության տևողությունը և զինծառայողների փոխարինման կարգը որոշում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

Զինծառայողների պլանային փոխարինման կազմակերպման և անցկացման մասին որոշում ընդունում է համապատասխան պետական լիազոր մարմինը:

2. Զինծառայողների պլանային փոխարինումն իրականացվում է մինչև ծառայության սահմանված ժամկետի ավարտը: Տեղափոխվող զինծառայողները չեն օգտվում հետագա ծառայության վայրն ընտրելու իրավունքից: Նրանք նշանակվում են հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի՝ համապատասխան պաշտոնատար անձի որոշմամբ:

3. Զինծառայողը կարող է հրաժարվել պլանային փոխարինումից և շարունակել ծառայությունը հատուկ կամ կլիմայական ծանր պայմաններում, որի դեպքում ծառայության լրացուցիչ ժամկետը սահմանվում է նրա համաձայնությամբ՝ մեկ տարուց ոչ պակաս:

4. Պլանային փոխարինման կարգով՝ հատուկ և կլիմայական ծանր պայմաններ ունեցող վայրերում զինծառայողին նշանակում են բարձր զինվորական պաշտոնի՝ իր համաձայնությամբ, հավասար պաշտոնի՝ առանց համաձայնեցման, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Տեղափոխությունը կարող է կատարվել ծառայության (պայմանագրի) ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ տարի, ինչպես նաև զինծառայողի՝ սահմանային տարիքի հասնելուց ոչ ուշ, քան 3 տարի առաջ:

5. Չի թույլատրվում զինծառայողին, առանց իր համաձայնության, հատուկ և կլիմայական ծանր պայմաններ ունեցող վայր ծառայության կրկին տեղափոխելը:

 

Հոդված 25. Զինծառայողներին պետական լիազոր այլ մարմիններ տեղափոխելը

 

1. Զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու՝

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պետական լիազոր այլ մարմին.

2) պետական լիազոր այլ մարմնից Հայաստանի Հանրապետության զինված ուժեր.

3) պետական լիազոր մի մարմնից պետական լիազոր այլ մարմին:

Զինծառայողի տեղափոխությունը կատարվում է պետական լիազոր համապատասխան մարմինների հետ համաձայնեցված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պայմանագրային զինծառայողի՝ վերը նշված կարգով տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ:

2. Սպայական և ենթասպայական կազմերի տեղափոխությունը ձևակերպվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի, իսկ շարքային կազմինը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ կադրային աշխատանքները համակարգող (կամ համապատասխան) տեղակալի հրամանով:

3. Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (պետական լիազոր այլ մարմնի) անձնակազմի ցուցակներից և գրանցվում պետական լիազոր այլ մարմնում (Հայաստանի Հանրապետության զինված ուժերում): Ընդ որում, մինչև պետական լիազոր համապատասխան մարմնի (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի) անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը, նա համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (պետական լիազոր այլ մարմնի) զինծառայող:

4. Տեղափոխվող զինծառայողի նախկին պայմանագրի գործողությունը դադարում է նոր պայմանագիր կնքելու օրվանից: Նոր պայմանագիր կնքվում է պետական լիազոր այլ մարմնում (Հայաստանի Հանրապետության զինված ուժերում) զինծառայողի գրանցվելու օրը:

 

Հոդված 26. Զինծառայողների գործուղման կարգը և զինվորական ծառայության անցման առանձնահատկությունները

 

1. Սպայական և ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողները գործուղվում են պետական մարմիններ, կազմակերպություններ, հիմնարկներ և ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ հետագա ծառայությունը շարունակելու օրենքով սահմանված կարգով:

2. Սպաներին և ենթասպաներին գործուղում են նրանց համաձայնությամբ՝ համապատասխան կազմակերպության հարցման հիման վրա: Նշված զինծառայողներն այդ դեպքում ազատվում են զբաղեցրած պաշտոնից:

Գործուղված սպաների և ենթասպաների հետ նոր պայմանագիր կնքում է պետական լիազոր մարմնի կադրային մարմնի ղեկավարը: Ընդ որում, զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած սպաների և ենթասպաների հետ նոր պայմանագիր կնքվում է՝ հաշվի առնելով այն կազմակերպության ղեկավարի կարծիքը, որտեղ գործուղվել են:

3. Գործուղված սպայի և ենթասպայի զինվորական կոչման շնորհումը, զինվորական ծառայությունից արձակումը, շքանշաններով և մեդալներով պարգևատրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ այն կազմակերպության ներկայացմամբ, որտեղ գործուղվել են, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գործուղող և ընդունող մարմինների համատեղ ներկայացմամբ:

4. Զբաղեցրած պաշտոնից ազատված՝ կազմակերպություններ գործուղված սպաներն ու ենթասպաներն ուղարկվում են գործուղող մարմին՝ նրանց հետագա զինվորական ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Զինվորական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած սպան և ենթասպան արձակվում են զինվորական ծառայության զբաղեցրած պաշտոնից՝ առանց զինվորական պաշտոնի նշանակվելու:

Գործուղված սպան, ենթասպան զինվորական ծառայությունից արձակվում են անմիջականորեն տվյալ կազմակերպությունից՝ զինվորական ծառայության սահմանային տարիքի հասնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Նշված զինծառայողների զինվորական ծառայության ավարտի օր համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից (պետական լիազոր այլ մարմնից) արձակվելու օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

Հոդված 27. Որակավորման նպատակը, կազմակերպման և անցկացման կարգը

 

1. Պայմանագրային և պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ճիշտ ընտրության, մասնագիտական ունակությունների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման, զբաղեցրած զինվորական պաշտոնին համապատասխանելու և առաջխաղացման հեռանկարը որոշելու, ինչպես նաև պահեստազորում գտնվող քաղաքացիներին նախորոշելու նպատակով կատարվում է որակավորում:

2. Որակավորման կազմակերպման և անցկացման կարգն ու ժամկետները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:

3. Պայմանագրային զինծառայողը որակավորվում է պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, բայց զինվորական ծառայության յուրաքանչյուր 5 տարվա ընթացքում՝ առնվազն մեկ անգամ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտելիս:

Զինծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու, ուսման ուղարկելու, պետական պարգևով պարգևատրելու, վաղաժամկետ կամ զբաղեցրած պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր զինվորական կոչում շնորհելու դեպքերում անցկացվում է որակավորում և հանձնաժողովի կարծիքը գրառվում է ներկայացման (պարգևատրման) թերթիկի վրա:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սպաների որակավորումն անցկացվում է պահեստազոր արձակելիս կամ նրանց հետ պայմանագիր կնքելիս:

4. Որակավորման թերթիկը կազմում է զինծառայողին որակավորող սպայական կազմի անմիջական (ուղղակի) պետը:

Զինծառայողը պետք է ծանոթանա որակավորման բովանդակությանը և ստորագրի հաստատված որակավորման թերթիկի համապատասխան մասում:

5. Զինծառայողին որակավորող հրամանատարը (պետը) պարտավոր է՝

1) բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել որակավորվող զինծառայողի գործնական ու անհատական հատկանիշները.

2) կազմել զինծառայողի որակավորման եզրահանգումների տեքստը.

3) որակավորման թերթիկի բոլոր օրինակները ներկայացնել հաստատող մարմին՝ եզրակացության և հաստատման համար:

6. Որակավորվող զինծառայողի գործնական և անհատական հատկանիշներն ուսումնասիրող հրամանատարը (պետը) պարտավոր է՝

1) վերլուծել և գնահատել զինծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման գծով աշխատանքային ստույգ ցուցանիշները, ենթակա զորամասի (ստորաբաժանման) կամ վստահված տեղամասի գործերի վիճակը.

2) որակավորվող զինծառայողի հետ անցկացնել անհատական զրույց՝ զինվորական ծառայության, մասնագիտական պատրաստության կատարելագործման, աշխատանքի ազդակների և մեթոդների վերաբերյալ.

3) որակավորվող զինծառայողին տալ անհրաժեշտ խորհուրդներ և հանձնարարականներ՝ թերությունները վերացնելու, անհատական պատրաստության, ծառայողական և պաշտոնեական պարտականությունների արդյունավետ կատարման վերաբերյալ:

7. Հրամանատարները (պետերը) անձնական պատասխանատվություն են կրում որակավորման օբյեկտիվության, հետևությունների և հանձնարարականների հիմնավորվածության համար:

8. Անմիջական պետերը պարտավոր են ապահովել որակավորման հետևությունների իրականացումը, ենթականերից պահանջել վերացնելու թերությունները և այդ գործում օժանդակել նրանց, կանխել չհիմնավորված ձգձգումները՝ օրինակելի զինծառայողներին բարձր պաշտոնի նշանակելիս:

9. Որակավորման անցկացման կարգը և արդյունքները կարելի է բողոքարկել վերադաս հրամանատարին (պետին)՝ արդյունքները հայտարարելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Բողոքը հիմնավորելու դեպքում որակավորման թերթիկում կատարվում է համապատասխան փոփոխություն, կամ լրացվում է նոր թերթիկ:

 

Հոդված 28. Որակավորման հանձնաժողովները

 

1. Որակավորում անցկացնելու համար զորամասերում և զինվորական կառավարման մարմիններում (սկսած առանձին գումարտակից և ավելի բարձր) ստեղծվում են որակավորման հանձնաժողովներ:

Որակավորման հանձնաժողովները ենթարկվում են դրանք կազմավորող հրամանատարներին (պետերին):

2. Որակավորման հանձնաժողովի կազմը հայտարարվում է համապատասխան հրամանատարի (պետի) հրամանով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հրամանատարի առաջին տեղակալը (նախագահ), հրամանատարի տեղակալները, կադրային, համալրման և դաստիարակչական աշխատանքի գծով ներկայացուցիչները (անդամներ) և քարտուղարը (զորամասի սպաներից):

3. Որակավորման հանձնաժողովի նիստում քննարկվում են՝

1) զինծառայողի որակավորման արդյունքները.

2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու մասին դիմումները.

3) զինվորական պաշտոնի նշանակվելիք թեկնածությունները, ինչպես նաև նոր պայմանագիր կնքելու նպատակահարմարությունը (այդ թվում՝ զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած զինծառայողների հետ).

4) ուսման ուղարկվող թեկնածուների հարցը.

5) զինծառայողների և զորամասերի (զինվորական կառավարման մարմինների) քաղաքացիական անձնակազմին պետական և գերատեսչական պարգևներով պարգևատրելու ներկայացումները.

6) վաղաժամկետ և զբաղեցրած հաստիքային զինվորական պաշտոնից մեկ աստիճանով բարձր զինվորական կոչում շնորհելու ներկայացումները.

7) այլ հարցեր, որոնց լուծման համար սույն օրենքով և այլ նորմատիվ ակտերով պահանջվում է որակավորման հանձնաժողովի եզրակացությունը.

8) զինվորական ծառայության անցնելու հետ կապված այլ հարցեր՝ հրամանատարի (պետի) որոշմամբ:

4. Բոլոր քննարկված հարցերի վերաբերյալ որակավորման հանձնաժողովը կազմում է գրավոր եզրակացություն՝ հրամանատարի (պետի) որոշմանը ներկայացնելու համար:

5. Պետական լիազոր մարմնում ստեղծվում է կենտրոնական որակավորման հանձնաժողով:

Կենտրոնական որակավորման հանձնաժողովի աշխատակարգը, կազմը և խնդիրները որոշում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 29. Զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետևյալ կազմերն ու զինվորական կոչումները.

 

Զինծառայողների կազմեր

Զինվորական կոչումներ

Շարքային

 

զինվորներ
սերժանտներ
ավագներ 
շարքային
եֆրեյտոր
կրտսեր սերժանտ
սերժանտ
ավագ սերժանտ
ավագ
Ենթասպայական ենթասպա
ավագ ենթասպա
Սպայական  
կրտսեր սպաներ  կրտսեր լեյտենանտ
լեյտենանտ
ավագ լեյտենանտ
կապիտան
ավագ սպաներ  մայոր
փոխգնդապետ
գնդապետ
բարձրագույն սպաներ գեներալ-մայոր
գեներալ-լեյտենանտ
գեներալ-գնդապետ
բանակի գեներալ

 

2. Արդարադատության, բժշկական ծառայության, ավիացիայի (միայն բարձրագույն սպայակազմի մասով) զինվորական կոչմանն ավելացվում են «արդարադատության», «բժշկական ծառայության», «ավիացիայի» բառերը:

3. Պահեստազորային և պաշտոնաթող քաղաքացիների զինվորական կոչումներին ավելացվում են «պահեստազորի» և «պաշտոնաթող» բառերը:

4. Զինծառայողներին և զինապարտներին զինվորական կոչում շնորհվում է՝ հաշվի առնելով նրանց ռազմական և մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:

5. Զինծառայողին զինվորական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է առաջին (սկզբնական) և հերթական: Սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչում շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

6. Զինվորական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը,  ինչպես  նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

7. Պայմանագրային զինծառայողների զինվորական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով՝ տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) որոշմամբ՝ որպես կարգապահական տույժ: Պայմանագրային զինծառայողները զինվորական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով, բարձրագույն սպաները զինվորական կոչումից կարող են զրկվել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, իսկ մյուս զինծառայողները՝ համապատասխան պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:

Պարտադիր զինծառայողների զինվորական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը և հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

8. Բարձրագույն սպաների զինվորական կոչումը վերականգնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, մյուս զինծառայողների զինվորական կոչումը վերականգնվում է պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 30. Առաջին զինվորական կոչումը

 

Առաջին զինվորական կոչում են՝

1) սպայական կազմի համար՝ «կրտսեր լեյտենանտը», «լեյտենանտը».

2) ենթասպաների համար՝ «ենթասպան».

3) զինվորների, սերժանտների, ավագների համար՝ «շարքայինը»:

 

Հոդված 31. «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը

 

«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է՝

1) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած՝ սպայական կոչում չունեցող զինծառայողներին.

2) բարձրագույն ուսումնական հաստատությունների այն շրջանավարտներին (բակալավր, մագիստրոս, ասպիրանտ), որոնք ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները.

3) սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն.

4) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և սպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), որոնք ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն.

5) 5 և ավելի տարի, ենթասպայական պաշտոնում ծառայած՝ բարձրագույն կրթություն ունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին՝ զորացրվելու դեպքում.

6) բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող պահեստազորայիններին, եթե ավարտել են ուսումնական հավաքներն ու հանձնել համապատասխան քննություններ.

7) կրտսեր լեյտենանտներին՝ կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալիս, եթե ստացել են բարձրագույն կրթություն:

 

Հոդված 32. «Կրտսեր լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը

 

«Կրտսեր լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է՝

1) կրտսեր սպայական կազմի դասընթացներ ավարտած զինծառայողներին, ովքեր ունեն միջնակարգ մասնագիտական կամ լրիվ միջնակարգ կրթություն.

2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), ովքեր ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից միջնակարգ մասնագիտական կրթություն.

3) միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող պահեստազորայիններին, եթե ավարտել են ուսումնական հավաքներն ու հանձնել համապատասխան քննություններ.

4) 5 և ավելի տարի ծառայած միջնակարգ մասնագիտական կամ միջնակարգ կրթություն ունեցող ենթասպաներին՝ սպայական պաշտոնի փոխադրվելու դեպքում:

 

Հոդված 33. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհելը

 

1. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է՝

1) ենթասպաների դպրոց ավարտած քաղաքացիներին (զինծառայողներին).

2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), ովքեր ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն:

2. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են 5 և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով կամ սպաներով համալրման ենթակա պաշտոններում:

«Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում՝ 10 և ավելի տարի անբասիր ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:

 

Հոդված 34. «Շարքային» զինվորական կոչում շնորհելը

 

1. «Շարքային» զինվորական կոչում շնորհվում է՝

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված քաղաքացիներին՝ զինկոմիսարիատից ծառայության վայր մեկնելիս.

2) զինվորական կոչում չունեցող և պահեստազոր փոխադրվող քաղաքացիներին՝ պահեստազորում հաշվառելիս.

3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին՝ որպես կուրսանտ գրանցելիս.

4) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և զինվորական կոչում չունեցող քաղաքացիներին՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս:

2. Ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնի համակարգում զինվորական ծառայություն անցած կամ անցնող և հատուկ կոչում ունեցող քաղաքացիներին հատուկ կոչմանը համարժեք զինվորական կոչում կարող է շնորհվել որակավորման կարգով:

 

Հոդված 35. «Եֆրեյտոր» և «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչումներ շնորհելը

 

1. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է շարքային կազմի զինծառայողներին՝ որպես խրախուսանք:

2. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է շարքային կազմի զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «կրտսեր սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

 

Հոդված 36. Հերթական զինվորական կոչում շնորհելը

 

1. Հերթական զինվորական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե զինծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնին համապատասխանում է շնորհվող զինվորական կոչմանը հավասար կամ բարձր զինվորական կոչում:

Հերթական զինվորական կոչումը շնորհվում է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:

2. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ սպաներին հերթական զինվորական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական զինվորական կոչումը համապատասխանում է մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված զինվորական կոչմանը:

Տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին պետական լիազոր մարմնի ղեկավարը բացառության կարգով կարող է շնորհել մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում՝ ուսման առաջադիմության և գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:

3. Հերթական զինվորական կոչումը վաղաժամկետ շնորհվում է զինվորական ծառայության կազմակերպման և կարգապահության ամրապնդման գործում նշանակալի անձնական ներդրման համար, բայց ոչ բարձր զբաղեցրած զինվորական պաշտոնի համար սահմանված զինվորական կոչումից:

Զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած և հատուկ անձնական վաստակ ունեցող զինծառայողներին կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում՝ մինչև «մայորը» ներառյալ, նաև մինչև «գնդապետը» ներառյալ՝ նրան պահեստ արձակելով:

4. Զինվորական ծառայությունը սահմանափակելու և կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում զինծառայողին չի շնորհվում զինվորական կոչում, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածը չի հաշվարկվում զինվորական կոչումով ծառայության ժամկետում:

 

Հոդված 37. Հերթական զինվորական կոչում շնորհելու կարգը

 

1. Տվյալ զինվորական կոչումով ծառայություն անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) շարքային՝ 5 ամիս.

2) կրտսեր սերժանտ, սերժանտ՝ 3 ամիս.

3) ավագ սերժանտ, ավագ՝ 3 ամիս.

4) ենթասպա՝ 3 տարի.

5) կրտսեր լեյտենանտ՝ 1 տարի.

6) լեյտենանտ, ավագ լեյտենանտ՝ 2 տարի.

7) կապիտան՝ 3 տարի.

8) մայոր՝ 3 տարի.

9) փոխգնդապետ՝ 4 տարի:

«Գնդապետ» և ավելի բարձր զինվորական կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Տվյալ զինվորական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է զինվորական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում՝

1) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև անօրինական զորացրելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը.

2) պահեստազորում գտնվելու ժամանակաշրջանը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի, կլինիկական օրդինատուրայի ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ սովորող սպաներին հերթական զինվորական կոչում, մինչև «մայորը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը՝ մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած պաշտոնը և դրանում կատարված փոփոխությունները հաշվի չառնելով:

 

Հոդված 38. Զինվորական կոչում շնորհող մարմինները

 

1. Զինծառայողին զինվորական կոչում շնորհում են՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները.

2) պետական լիազոր մարմնի ղեկավարը՝ ավագ և սկզբնական (առաջին) սպայական զինվորական կոչումները.

3) պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալները՝ սահմանված անվանակարգի համաձայն՝ կրտսեր սպաներին և մյուս զինծառայողներին:

2. Վաղաժամկետ, զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից, մինչև «գնդապետը» ներառյալ, մեկ աստիճան բարձր, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), դոկտորանտուրայում, կլինիկական օրդինատուրայում սովորող զինծառայողին զինվորական կոչում՝ մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 39. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) և տեղափոխման կարգով սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին հերթական զինվորական կոչման ներկայացնելու ժամկետները

 

1. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) և տեղափոխման կարգով սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները հերթական զինվորական կոչման ներկայացվում են կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալուց և նոր ծառայության վայրում ստորև բերված ժամկետներում ծառայելուց հետո.

 

Զինվորական կոչումը

Պահեստազորից
զորակոչված (ծառայության
ընդունված)

Պետական լիազոր այլ մարմիններից
տեղափոխված

Կրտսեր լեյտենանտից՝ կապիտանը ներառյալ

6 ամիս 

3 ամիս   

Մայորից՝ գնդապետը ներառյալ

1 տարի 

6 ամիս 

 

2. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) սպաների՝ տվյալ զինվորական կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակը:

 

Հոդված 40. Պահեստազորում գտնվող քաղաքացիներին հերթական զինվորական կոչում շնորհելը

 

1. Պահեստազորում գտնվող քաղաքացիներին հերթական զինվորական կոչում շնորհվում է զինվորական հավաքներին մասնակցելուց և ստուգարքներ հանձնելուց հետո՝ հավաքները ղեկավարող պաշտոնատար անձի ներկայացմամբ:

2. Պահեստազորի զինվորական կոչումները շնորհում են՝

1) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարը՝ զինվորներին, սերժանտներին, ավագներին.

2) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի՝ կադրերը վերահսկող տեղակալը՝ ենթասպաներին և կրտսեր սպաներին.

3) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը՝ ավագ սպաներին և պահեստազորում սկզբնական սպայական կոչում ստացող քաղաքացիներին:

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում գտնվող ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնի աշխատակիցներին և այդ մարմիններից զորացրված քաղաքացիներին զինվորական կոչում շնորհում է պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը՝ որակավորման կարգով և նրանց ունեցած հատուկ կոչումը հաշվի առնելով:

4. Պահեստազորում գտնվելու ընթացքում քաղաքացիներին հերթական զինվորական կոչում կարող է շնորհվել երկու անգամ:

Պահեստազորի սպաների տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետը սույն օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետներից մեկ տարով ավելի է:

 

Հոդված 41. Զինվորական կոչումը վերականգնելը

 

1. Քաղաքացիների նախկին զինվորական կոչումը վերականգնում է դա շնորհելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը)՝ նրանց դատվածության հանման կամ մարման, ինչպես նաև զինվորական կոմիսարիատի հանձնաժողովի որոշման առկայության դեպքերում:

2. Զինվորական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը զինկոմիսարիատները քննարկում են ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում զինկոմիսարիատը նախապատրաստում է քաղաքացու զինվորական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր (ներկայացում), որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:

3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին զինվորական կոչումը վերականգնվում է զինվորական կոչումից զրկվելու օրվանից՝ արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 42. Զինծառայողներին տրվող արձակուրդը

 

1. Զինծառայողներին տրվում են՝

1) հերթական (հիմնական) արձակուրդ.

2) ուսումնական (ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում և ավարտելու կապակցությամբ) արձակուրդ.

3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.

4) հիվանդության պատճառով արձակուրդ.

5) կին զինծառայողներին՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդ:

2. Զինծառայողներին տրվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արձակուրդ:

3. Զինծառայողներին հերթական, լրացուցիչ, հիվանդության և ռազմաուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ արձակուրդ տալու դեպքում լրացուցիչ տրվում է արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ՝ մինչև 3 օր:

 

Հոդված 43. Հերթական արձակուրդը

 

1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է՝

1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 30 օր.

2) 15-25 օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 40 օր.

3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 45 օր:

2. Զինծառայողներին հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով և այդ իրավունքն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով:

Պայմանագրային զինծառայողի խնդրանքով հերթական արձակուրդը կարող է տրվել մաս-մաս՝ 15 օրից ոչ պակաս տևողությամբ:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է ուսումն ավարտելու տարում:

Զինծառայող ամուսինների ցանկությամբ՝ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:

 

Հոդված 44. Լրացուցիչ արձակուրդը

 

Լրացուցիչ արձակուրդը տրվում է՝

1) ծառայության հատուկ պայմաններ ունեցող և վնասակար աշխատանք կատարող զինծառայողին՝ 10 օր տևողությամբ.

2) ընտանեկան հանգամանքների բերմամբ, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով՝ մինչև 10 օր տևողությամբ:

Զինծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը միացվում է հերթականին, որի դեպքում արձակուրդի ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 55 օրը:

 

Հոդված 45. Պարտադիր զինծառայողի արձակուրդի տևողությունը

 

1. Պարտադիր զինծառայողի ծառայության ընթացքում խրախուսման կարգով կարող է տրվել մեկ հիմնական արձակուրդ՝ հետևյալ տևողությամբ.

1) զինվորներին՝ 15 օր.

2) սերժանտներին և ավագներին՝ 20 օր.

3) սպայական կազմին՝ յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

Պարտադիր զինծառայողի հիմնական արձակուրդը կարող է ավելացվել կամ պակասեցվել 5 օրով՝ որպես խրախուսանք կամ տույժ:

2. Պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին լրացուցիչ արձակուրդ տրվում է՝

1) հրամանատարի (պետի) որոշմամբ՝ մինչև 5 օր տևողությամբ՝

- զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար,

- ելնելով ընտանեկան պայմաններից (ամուսնացածներին՝ 6 ամիսը մեկ անգամ).

2) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 46. Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները

 

1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու հերթականությունը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը)՝ զորամասերի (զինվորական կառավարման մարմինների) մարտական պատրաստության ապահովման շահերը և արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով:

2. Հերթական արձակուրդից զինծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նման դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝

1) մարտական գործողությունների մասնակիցներին.

2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող զինծառայողներին.

3) հաշմանդամ կին կամ երեխա ունեցող զինծառայողներին:

4. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով զինծառայողը չի օգտվել հերթական և (կամ) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված լրացուցիչ արձակուրդից, դա տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:

Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած զինծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:

5. Պայմանագրային զինծառայողների ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով:

6. Զինծառայողի՝ ժամանակին չզորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) կամ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ չօգտագործած հերթական արձակուրդի օրերը հաշվարկվում և տրամադրվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրը:

7. Զինծառայողի չօգտագործած հերթական արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցում վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 47. Հիվանդության արձակուրդը

 

1. Հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

2. Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի:

Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օր, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի:

3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ:

Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել պետական լիազոր մարմնի ղեկավարի և նրա տեղակալների որոշմամբ՝ բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:

Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման՝ զինվորական ծառայությանը պիտանիությունը որոշելու համար:

4. Ժամկետային զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով արձակման ժամանակ արձակուրդ չի տրվում:

5. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:

6. Զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:

 

Հոդված 48. Ուսումնական արձակուրդը

 

1. Ռազմաուսումնական հաստատությունում սովորող զինծառայողին ուսման ընդմիջումների ընթացքում տրվում է՝

1) ձմեռային արձակուրդ՝ 15 օր.

2) ամառային արձակուրդ՝ 30 օր:

2. Ուսումնական արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար զինծառայողներին լրացուցիչ օրեր չեն տրամադրվում:

 

Հոդված 49. Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը

 

1. Կին զինծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական և նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին զինծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է հերթական տարեկան արձակուրդ:

Մինչև երեխայի երկու տարին լրանալը, կին զինծառայողին, իր ցանկությամբ, տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին զինծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով:

Մինչև երեխայի երկու տարեկան դառնալն աշխատանքը շարունակող կին զինծառայողի համար դրամական բավարարումից բացի վճարվում է նաև սույն մասով սահմանված նպաստի կեսը: 

3. Կին զինծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս: 

4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և զինվորական կոչում շնորհելու համար:

Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում է:

5. Հղիության և ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա ավարտը՝ ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու և կես օր հաշվարկով:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 50. Զինծառայողին ծառայությունից արձակելը

 

1. Զինծառայողն արձակվում է՝

1) պահեստազոր, եթե պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի չի հասել և պիտանի կամ սահմանափակ պիտանի է զինվորական ծառայությանը.

2) պաշտոնաթողության, եթե հասել է պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի կամ առողջական վիճակի պատճառով ռազմաբժշկական հանձնաժողովը ճանաչել է զինվորական ծառայությանը ոչ պիտանի.

3) զինվորական ծառայությունից, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ պատժի:

2. Զինծառայողը ծառայությունից արձակվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, այդ թվում՝ մինչև զինվորական ծառայության համար սահմանված ժամկետի ավարտը կամ վաղաժամկետ:

Պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմը վաղաժամկետ զորացրվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-3-րդ, իսկ սպայական կազմը՝ 12-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքերով:

 

Հոդված 51. Զինծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը

 

1. Զինծառայողը ենթակա է զինվորական ծառայությունից արձակման՝

1) տարիքի կապակցությամբ՝ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.

2) պայմանագրի կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ.

3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելիս, եթե համապատասխան զորատեսակում չկան թափուր տեղեր և պահեստազոր արձակելու այլ հիմքեր.

4) դատարանի դատավճռով զինվորական կոչումից զրկվելու դեպքում.

5) ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու դեպքում դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո.

6) ռազմաուսումնական հաստատություններից հեռացվելու դեպքում 18 տարին չլրացած կուրսանտը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու համար), ինչպես նաև սպայի կամ ենթասպայի զինվորական կոչում չունեցող կին զինծառայողը.

7) ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո հետագա պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում՝ ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով.

8) հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման դեպքում (պայմանագրային զինծառայողը).

9) պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու դեպքում (այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեցողները կամ դրանից զրկվածները).

10) իր հիմնավորված զեկուցագրով՝ այլ աշխատանքի անցնելու (այդ թվում՝ պատգամավոր ընտրվելու, պետական լիազոր այլ մարմիններում պաշտոնի նշանակվելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ), ինչպես նաև իր հետ կնքված պայմանագրի պայմանները խախտելու դեպքում:

2. Պայմանագրային զինծառայողն արձակվում է նաև սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետի հիմքերով, եթե՝

1) կրճատվել է հաստիքային զինվորական պաշտոնը (այդ թվում՝ զորամասի կամ ստորաբաժանման լուծարման պատճառով), և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.

2) լրացել է կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը, և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.

3) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի՝ ռազմահաշվառական մասնագիտությամբ ծառայությունը շարունակելու համար, բայց զինվորական ծառայության համար պիտանի է կամ պիտանի՝ աննշան սահմանափակումներով, և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.

4) իջեցվել է զինվորական պաշտոնին համապատասխանող զինվորական կոչումը, կամ փոխվել է (վերանվանվել է) զինվորական հաշվառման մասնագիտությունը, և նա համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի:

3. Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պայմանագրային զինծառայողը կարող է արձակվել որակավորման հանձնաժողովի որոշմամբ՝ հարգելի պատճառների առկայության դեպքում:

4. Ընտանեկան պայմանների պատճառով պայմանագրային զինծառայողը զորացրվում է, եթե՝

1) փոխվում է ամուսնու (կնոջ) ծառայության վայրը.

2) համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա առանձին ապրող հայրը, մայրը, կինը (ամուսինը), հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի, պարտավոր է խնամել նրանց.

3) ըստ բժշկական ցուցումների՝ ընտանիքի անդամի՝ տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և հնարավոր չէ նրան փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք՝ շարունակելու ծառայությունը.

4) խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա:

 

Հոդված 52. Զինվորական ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող մարմինները, կարգը և երաշխիքները

 

1. Զինվորական ծառայությունից արձակվում են՝

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այլ զորքերի) ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմերը, ինչպես նաև բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոն չզբաղեցնող մյուս սպաներն ու զինծառայողները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանած կարգով:

2. Եթե առկա են պայմանագրային ծառայությունից արձակելու մեկից ավելի հիմքեր, զինծառայողն արձակվում է իր ընտրած հիմքով, բացառությամբ սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 4-5-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 9-10-րդ կետերով նախատեսված դեպքերում զինծառայողն արձակվում է որակավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն:

Զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարող, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները պարբերաբար չկատարող զինծառայողն արձակվում է սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետի հիմքերով:

3. Զինծառայողին, որպես կանոն, արձակում են նրա զեկուցագրի հիման վրա, բացառությամբ, երբ արձակում կամ նոր պաշտոնի նշանակում են առանց նրա հետ համաձայնեցնելու:

4. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայության փոխադրված զինծառայողը չի կարող վաղաժամկետ արձակվել մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ընդ որում, պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետների հաշվարկում պայմանագրային զինվորական ծառայության 2 ամիսը հաշվվում է պարտադիր մեկ ամիս:

5. Զինվորական ծառայության մեջ 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպաներին ու ենթասպաներին, անկախ ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այլ զորքերի) բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողներին այդպիսի իրավունք վերապահում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

6. Անօրինական դատապարտված զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է արձակման հրամանը չեղյալ համարելու միջոցով: Նշված հրամանը չեղյալ է համարում դա արձակած պաշտոնատար անձը կամ զինծառայողի ուղղակի հրամանատարը (պետը):

7. Զինվորական ծառայությունից արձակվող զինծառայողը զորամասի անձնակազմի ցուցակներից հանվում է զինվորական ծառայության ավարտի օրը (վաղաժամկետ զորացրվողները՝ զինվորական ծառայության ավարտի օրվանից ոչ ուշ), բայց ոչ ուշ, քան արձակման հրամանի քաղվածքը զորամաս (զինվորական կառավարման մարմին) հասնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ զինծառայողն ստացիոնար բուժման մեջ է, հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար օրենքով նախատեսված արձակուրդում է (կին զինծառայողը), գերի (պատանդ) է կամ անհայտ կորած:

8. Հղի վիճակում, ինչպես նաև մինչև 3 տարեկան կամ մանկուց հաշմանդամ մինչև 18 տարեկան երեխա ունեցող կին զինծառայողին զինվորական ծառայությունից արձակել թույլատրվում է միայն սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով կամ իր ցանկությամբ:

Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար նախատեսված արձակուրդում գտնվող կին զինծառայողը չի հանվում զորամասի անձնակազմի ցուցակներից:

9. Զոհված (մահացած) զինծառայողը զորամասի անձնակազմի ցուցակներից հանվում է զոհվելու (մահանալու), իսկ անհայտ կորածը՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:

10. Ազատազրկման, ազատության սահմանափակման դատապարտված կամ զինվորական կոչումից զրկված զինծառայողն արձակվում է դատարանի դատավճռի հիման վրա՝ պատիժը կրելու սկիզբ նշված օրվանից:

Ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված (այդ թվում՝ դատավճռի կատարման հետաձգմամբ) կամ պատժի կրումից ազատված (այդ թվում՝ համաներում կիրառելու միջոցով) զինծառայողը կարող է շարունակել զինվորական ծառայությունը այն հրամանատարի (պետի) որոշմամբ, որին տրված է նրան արձակելու իրավունք:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 53. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունում է համապատասխան նորմատիվ իրավական ակտեր:

3. Պետական լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում իրենց ընդունած նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնում են սույն օրենքի պահանջներին:

 

Հոդված 54. Զինված ուժերի վետերանները

 

Պետական լիազոր մարմիններում ժամկետային զինվորական ծառայության անցած և օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված զինծառայողները համարվում են զինված ուժերի վետերաններ:

 

Հոդված 55. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 18
Երևան
ՀՕ-380-Ն