ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 դեկտեմբերի 2020 թ. |
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2020 թվականի հուլիսի 16-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1450-Ա որոշմամբ 2020 թվականի հուլիսի 16-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 11-ին:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 16-ին Նուր-Սուլթան քաղաքում՝ նավթամթերքի մատակարարման ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ու եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղությամբ առաջխաղացման նպատակներով:
2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
ա) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը յուրաքանչյուր տարի՝ մինչև ընթացիկ օրացուցային տարվա դեկտեմբերի 1-ը, կազմի Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների արտադրության, ներքին սպառման, մատակարարման, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը, ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների՝ Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարումների ծավալները (այսուհետ՝ ինդիկատիվ հաշվեկշիռներ) (Հոդված 3, կետ 1),
բ) Համաձայնագրին համապատասխան՝ ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ Ղազախստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների ցանկի համաձայն ապրանքների մատակարարումները Համաձայնագրի կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների (ռեզիդենտների) կողմից իրականացնելու համար՝ լիազորված կազմակերպությունների ներգրավմամբ (Հոդված 4, կետ 1),
գ) ապահովել պայմաններ, որ ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող՝ Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարվող ապրանքները Համաձայնագրին համապատասխան՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման, չարտահանվեն Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ (Հոդված 7, կետ 1), իսկ սույն պարտավորության խախտման դեպքում Ղազախստանի Հանրապետությանը վճարել ԱՄՆ դոլարով հաշվարկված, խախտման փաստը հայտնաբերելու օրվա դրությամբ Ղազախստանի Հանրապետությունում գործող արտահանման մաքսատուրքերի ծավալին համարժեք փոխհատուցման գումարներ՝ արտահանված և վերաարտահանված ապրանքների համար (Հոդված 7, կետ 2),
դ) մինչև ընթացիկ օրացուցային տարվա նոյեմբերի 1-ը Ղազախստանի Հանրապետությանը սահմանված կարգով ներկայացնել տեղեկատվություն 9 ամսվա կտրվածքով ինդիկատիվ հաշվեկշիռների կատարման և ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում դրանց ակնկալվող կատարման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ հաջորդ օրացուցային տարվա համար ինդիկատիվ հաշվեկշիռների և արձանագրության կազմման վերաբերյալ (Հոդված 8 կետ 1),
ե) Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ մինչև օրացուցային տարվա հունվարի 31-ը անցկացնել Ղազախստանի Հանրապետության և երրորդ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության փոխադարձ առևտրի վիճակագրության և ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրության համեմատություն (Հոդված 8 կետ 2):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2020 թվականի հուլիսի 16-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ |
8 դեկտեմբերի 2020 թվականի ՍԴՈ-1566 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2020 թվական: