ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2015 թվականի N 923-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.11.20 N 1862-Ն)
1. Սահմանել պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողման հետ կապված հարաբերությունները:
II. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները ձևավորվում և վերականգնվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ապրանքների, միջազգային ծրագրերի ու նվիրատվությունների, արագ արձագանքման պաշարի ապրանքների գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
III. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
3. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են լիազորված մարմնի ենթակա կազմակերպությունների պահեստարաններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, լիազորված մարմնի եզրակացությամբ, նշված պահեստարաններում բացակայում են այդ ապրանքների պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները կամ ազատ պահեստային տարածքները: Այդ դեպքերում արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները կարող են պայմանագրային հիմունքներով պահպանման հանձնվել կազմակերպություններին` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:
4. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները դրանց պահպանումն իրականացնող կազմակերպություններում և պետական մարմիններում տեղաբաշխում է լիազորված մարմինը:
5. Պահպանման հանձնվող արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետներն ու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են լիազորված մարմնի և պահպանումն իրականացնող կազմակերպության (կամ պետական մարմնի) միջև կնքված պայմանագրով, որը ներառում է պետական պահուստի քանակական և որակական պահպանության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև պատասխանատվությունը` պայմանագրային պարտավորությունները չկատարելու (կամ ոչ պատշաճ կատարելու) համար:
6. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանող կազմակերպությունները և պետական մարմիններն իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն (առանց սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից տրված հանձնարարության կամ համաձայնության) կատարելու պահպանման հանձնված նյութական արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք և պատասխանատվություն են կրում պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական ու որակական պահպանության, հաշվառման կազմակերպման և հաշվետվություն ներկայացնելու համար:
IV. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ
7. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարից ապրանքներ բաց են թողնվում՝
1) ապաամրագրման դեպքում` նպատակային օգտագործման, իրացման կամ ոչնչացման նպատակով.
2) թարմացման և փոխարինման դեպքերում.
3) փոխառման դեպքում:
8. Արագ արձագանքման պաշարից ապրանքներ բաց են թողնվում լիազորված մարմնի կողմից տրվող կարգագրերի հիման վրա:
V. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9. Օգտագործման նպատակով արագ արձագանքման պաշարի ապրանքները բաց են թողնվում`
1) տուժած բնակչությանը սննդամթերքով և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքներով ապահովելու համար.
2) տարահանման միջոցառումների իրականացումն ապահովելու համար.
3) փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն ապահովելու համար.
4) բժշկական օգնության և սպասարկման ու սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ապահովելու համար.
5) ենթակառուցվածքների վերականգնման համար.
6) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման այլ միջոցառումների իրականացումն ապահովելու համար:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքերում արագ արձագանքման պաշարից նյութական արժեքներ բաց են թողնվում Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը և հաշվեկշռային արժեքը:
11. Բաց թողնվող ապրանքների ցանկը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
VI. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
12. Իրացման նպատակով արագ արձագանքման պաշարի ապրանքները բաց են թողնվում արագ արձագանքման պաշարի անվանացանկի և (կամ) կուտակման չափերի վերանայման կամ հանման դեպքում:
13. Արագ արձագանքման պաշարի ապրանքների իրացման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որոշմամբ սահմանվում են իրացվող ապրանքների քանակը և իրացման ձևը:
14. Արագ արձագանքման պաշարի ապրանքների իրացման ձևերն են`
1) աճուրդը.
2) ուղղակի վաճառքը:
15. Աճուրդն անցկացվում է դասական (գնի ավելացման) կամ հոլանդական (գնի նվազեցման) ձևերով:
16. Արագ արձագանքման պաշարի ապրանքները դասական աճուրդով չիրացվելու դեպքում անցկացվում է աճուրդ՝ հոլանդական ձևով:
17. Իրացվող արագ արձագանքման պաշարի ապրանքների մեկնարկային գինը սահմանում է անկախ գնահատող կազմակերպությունը:
18. Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է բորսայի միջոցով:
19. Այն դեպքերում, երբ արագ արձագանքման պաշարի ապրանքի իրացումն առավել նպատակահարմար է ոչ մեծ քանակներով և երկարատև ժամանակահատվածում, կիրառվում է ապրանքի ուղղակի վաճառքի սկզբունքը: Ուղղակի վաճառքը կատարվում է առանց նվազագույն չափաքանակի սահմանափակման:
20. Գնորդը մինչև արագ արձագանքման պաշարի ապրանքի ձեռքբերումը կարող է ապրանքին ծանոթանալ պահպանող կազմակերպությունում:
21. Արագ արձագանքման պաշարի ապրանքների իրացումից գոյացած միջոցները կուտակվում են լիազորված մարմնի արտաբյուջետային հաշվի վրա և օգտագործվում են պետական պահուստի, այդ թվում՝ արագ արձագանքման պաշարի ապրանքների ձեռքբերման (կուտակման) համար:
22. Լիազորված մարմնի որոշմամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների իրացումից գոյացած միջոցները կարող են օգտագործվել նաև պետական պահուստի, այդ թվում՝ արագ արձագանքման պաշարի ապրանքների տեղափոխման, գնահատման, փաթեթավորման, լաբորատոր ուսումնասիրությունների կազմակերպման և այլ հրատապ խնդիրների լուծման համար:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ
23. Ոչնչացման նպատակով բաց են թողնվում սահմանված կարգով ապաամրագրված և պիտանիությունը կորցրած արագ արձագանքման պաշարի այն ապրանքները, որոնք՝
1) ըստ սահմանված կարգով իրականացված լաբորատոր փորձաքննության՝ ենթակա չեն իրացման.
2) որոնց իրացումը, ըստ անկախ գնահատող կազմակերպության հաշվարկի և մասնագիտական եզրակացության, անհնար է շուկայում պահանջարկի բացակայության պատճառով, կամ որոնց իրացման համար պահանջվող նախապատրաստական աշխատանքների ծախսերը գերազանցում են իրացումից ակնկալվող գումարը:
24. Արագ արձագանքման պաշարի ապրանքների պիտանիությունը կորցրած լինելու մասին եզրակացությունն ստանալու համար սահմանված կարգով անցկացվում է լաբորատոր փորձաքննություն:
25. Արագ արձագանքման պաշարի ապրանքների ոչնչացման վերաբերյալ որոշումն ընդունվում է լիազորված մարմնի կողմից:
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
26. Թարմացման նպատակով արագ արձագանքման պաշարից ապրանքներ բաց են թողնվում դրանց պահպանման սահմանված ժամկետը լրանալու, փչացման կամ որակի վատթարացման, տարայի և փաթեթավորման վնասման դեպքերում` միաժամանակ արագ արձագանքման պաշարում վերականգնելով նույն քանակությամբ համանման ապրանքներ: Այն դեպքերում, երբ թարմացման ընթացքում առաջանում են ֆինանսական տարբերություններով պայմանավորված՝ նույն քանակությամբ նյութական արժեքների վերականգնման հետ կապված խնդիրներ, թույլատրվում է արագ արձագանքման պաշարում ամբարել ապրանքներ` թարմացման նպատակով ապրանքների իրացումից ստացված ֆինանսական միջոցների ծավալին համապատասխան:
27. Փոխարինման նպատակով արագ արձագանքման պաշարից ապրանքներ բաց են թողնվում զորահավաքային առաջադրանքի կամ ապրանքների ստանդարտների ու տեխնոլոգիաների փոփոխության դեպքերում` միաժամանակ համանման նյութական արժեքներ մատակարարելու պայմանով: Թույլատրվում է արագ արձագանքման պաշարում ամբարել ապրանքներ` փոխարինման նպատակով ապրանքների իրացումից ստացված ֆինանսական միջոցների ծավալին համապատասխան:
28. Լիազորված մարմնի որոշմամբ թարմացման ու փոխարինման ընթացքում արագ արձագանքման պաշարի ապրանքների բացթողման և մատակարարման միջև թույլատրվում է մինչև 3 ամիս ժամանակի խզում:
29. Արագ արձագանքման պաշարի ապրանքները կարող են թարմացվել ու փոխարինվել լիազորված մարմնի կողմից՝ ինչպես դրանց իրացման և նոր ապրանքների ձեռքբերման (գնման), այնպես էլ՝ ապրանքափոխանակման ձևով, ինչի նպատակով լիազորված մարմնի և թարմացնող կազմակերպության միջև կնքվում են պայմանագրեր: Գործընթացի ձևն ընտրում է լիազորված մարմինը:
30. Արագ արձագանքման պաշարի ապրանքները գնվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
31. Լիազորված մարմնի որոշմամբ թարմացման կամ փոխարինման գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև փոխանակման մասին պայմանագրերի կնքումը կարող է հանձնարարվել լիազորված մարմնի ենթակա կազմակերպություններին:
32. Դեղերի թարմացման կամ փոխարինման գործընթացն սկսվում է դրանց պիտանիության ժամկետի կեսը լրանալուց հետո: Դեղերը թարմացվում կամ փոխարինվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ դեղեր արտադրող և ներմուծող դեղագործական կազմակերպությունների միջոցով` լիազորված մարմնի և թարմացնող կամ փոխարինող կազմակերպության միջև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա:
IX. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱՌՈՒՄԸ
33. Փոխառման նպատակով արագ արձագանքման պաշարից կարող են բաց թողնվել այն ապրանքները, որոնք նախատեսված են բազմաթիվ անգամ օգտագործման համար (տեխնիկա, կառուցվածքներ, սարքավորումներ): Փոխառման կարգով բաց թողնված ապրանքները ենթակա են վերադարձման` արագ արձագանքման պաշարում պահպանման և հետագայում կրկին օգտագործման նպատակով:
34. Փոխառման նպատակով արագ արձագանքման պաշարից ապրանքները բաց են թողնվում լիազորված մարմնի ղեկավարի հրամանով:
35. Փոխառման նպատակով արագ արձագանքման պաշարից ապրանքները բաց են թողնվում փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն ապահովելու համար` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած հայտերի հիման վրա:
36. Արագ արձագանքման պաշարից ապրանքները փոխառման կարգով բաց են թողնվում պայմանագրով, որը կնքվում է լիազորված մարմնի և ստացողի միջև: Պայմանագրում նշվում են ստացողի տվյալները, արագ արձագանքման պաշարից ապրանքները բաց թողնելու պայմանները և ժամկետները, դրանց վերադարձման ժամկետներն ու կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.2020, N 1862-Ն | 07.12.2020, N 923-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|