Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1564
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 դեկտեմբերի 2020 թ.

 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 93-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

Օրենսգրքի` «Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը» վերտառությամբ 93-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է.

 «Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով պաշտպանին հեռացնելը թույլատրվում է միայն պաշտպանյալի համաձայնությամբ»:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները և փաստարկները

Դիմողը նշում է, որ օրենսդիրը, որպես քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը բացառող հանգամանք, ի թիվս այլնի, դիտարկել է նաև պաշտպանյալների շահերի միջև հակասության առկայությունը: Պաշտպանին վարույթից հեռացնելու հարցը կարգավորվում է ինչպես Օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով, այնպես էլ 70-րդ հոդվածի 7-րդ մասով: Մինչդեռ, ի տարբերություն Օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի՝ 93-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխան հիմքով պաշտպանին վարույթից հեռացնելու համար նախատեսում է պայման, այն է՝ պահանջում է պաշտպանյալի համաձայնությունը: Դիմողը գտնում է, որ վերոնշյալ դրույթը հակասում է ինչպես Օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասին, այնպես էլ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետին և նույն հոդվածի 4-րդ պարբերությանը: Դիմողի համոզմամբ՝ վիճարկվող դրույթը, հակասելով վերը նշված իրավական նորմերին, ոչ միայն ստեղծել է իրավական անորոշություն՝ դրանով իսկ առաջացնելով անհամապատասխանություն Սահմանադրության 79-րդ հոդվածի հետ, այլև այդպիսի իրավական նորմը վտանգում է ինչպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ գործի քննության արդարացիության պահանջն ու դրա մասը կազմող՝ մրցակցության ու կողմերի միջև իրավահավասարության սկզբունքը, այնպես էլ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված՝ պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ դիմողը խնդրում է որոշել Օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 63-րդ, 64-րդ, 79-րդ հոդվածներին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը գտնում է, որ դատական պաշտպանության իրավունքը կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքների և դրանց իրականացման միջոցների այնպիսի ամբողջություն է, որն իրական հնարավորություն է տալիս պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը։ Բացի անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխիք համարվելուց, այն նաև արդարադատության իրականացման կարևորագույն երաշխիք է։

Ըստ պատասխանողի՝ անձանց պաշտպանության իրավունքի մեջ ներառված իրավունքների շարքում իր առանցքային բնույթով առանձնանում է պաշտպան ունենալու իրավունքը։ Պաշտպան ունենալու իրավունքն անձին վերապահված բոլոր իրավունքներից հիմնականն է, այն հանդես է գալիս որպես կասկածյալի կամ մեղադրյալի մնացած բոլոր իրավունքների իրականացման երաշխիք։ Ուստի, քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուրի՝ դատապաշտպանի կողմից արդյունավետորեն պաշտպանվելու իրավունքն արդար դատաքննության հիմնարար հատկանիշներից մեկն է։

Պատասխանողի գնահատմամբ՝ Օրենսգրքի 6-րդ հոդվածի 28-րդ կետի բովանդակությունից պարզ է դառնում, որ պաշտպանի դատավարական գործունեության նպատակներն են.

- կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ մեղմացնող, մեղադրանքը հերքող հանգամանքների պարզումը,

- կասկածյալին կամ մեղադրյալին իրավական օգնություն ցույց տալը և հասնելը նրանց համար առավել բարենպաստ դատավարական որոշումների կայացմանը կոնկրետ քրեական գործով։

Պատասխանողը հարկ է համարում ընդգծել, որ նույնաբնույթ նպատակներ են ամրագրված նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասում։ Ընդ որում, այդ նպատակների իրականացման համար պաշտպանի խնդիրներն են՝ իր պաշտպանյալի հետ մշակելու պաշտպանության իրականացման ռազմավարությունը, որոշելու անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացման և ապացույցների ձեռքբերման մեթոդներն ու միջոցները։

Պատասխանողը գտնում է, որ պաշտպան ունենալու իրավունքն անձին վերապահված բոլոր իրավունքներից կարևորագույններից մեկն է։ Այս իրավունքի՝ որպես անձի կարևորագույն իրավունքի հիմքում ընկած է այն կրողի ազատ կամարտահայությունը՝ հրավիրելու կամ ընտրելու պաշտպան, որը ծագում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից։ Պաշտպան ունենալու իրավունքը հանցագործություն կատարելու համար մեղադրվող յուրաքանչյուրի նվազագույն իրավունքն է։

Պատասխանողի գնահատմամբ՝ անձի կամարտահայտությունը՝ ուղղված անձամբ պաշտպան ընտրելուն, պաշտպանության իրավունքի իրականացման համար անվերապահ պայման է, ինչն ինքնանպատակ չէ, և դրա հիմքում ընկած է պաշտպանի և պաշտպանյալի միջև վստահության անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումը։

Ըստ Պատասխանողի՝ Օրենսգրքի 70-րդ հոդվածը կարգավորում է պաշտպանին քրեական վարույթին ներգրավելու ընդհանուր հիմունքները և սկզբունքները, իսկ 93-րդ հոդվածը՝ վերջինիս վարույթից հեռացնելու հիմքերը։ Ուստի, վերոնշյալ դրույթները ոչ թե հակասում են միմյանց, այլ փոխլրացնում մեկը մյուսին։ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը ևս հաստատում է, որ փաստաբանը կարող է իրավաբանական օգնություն ցույց տալ այն դեպքերում, երբ նա պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, և վերջինս տալիս է իր գրավոր համաձայնությունը։ Այս դեպքում ևս պատասխանողը գտնում է, որ դիմողի կողմից բարձրացված կարգավորումների միջև հակասություններ չկան։

Ամփոփելով վերոգրյալը՝ Պատասխանողն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրության 63, 64 և 79-րդ հոդվածներին։

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն սահմանադրաիրավական խնդրի շրջանակներում վիճարկվող դրույթն անհրաժեշտ է դիտարկել քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը բացառող հանգամանքների իրավական որոշակիության օրենսդրական երաշխավորման տեսանկյունից՝ այն իրողության հաշվառմամբ, որ քրեադատավարական օրենսդրությամբ այդ հարցը կարգավորվում է երկու առանձին դրույթներով, որոնցից մեկը նախատեսում է պաշտպանին վարույթից հեռացնելու հնարավորություն պաշտպանյալի համաձայնությամբ, իսկ մյուսը՝ ոչ:

Հաշվի առնելով նշված հանգամանքը` սույն գործի շրջանակում Օրենսգրքի վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել՝

1) վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումը դրա հետ փոխկապակցված մյուս իրավակարգավորումների հետ համադրման արդյունքում համահու՞նչ է արդյոք իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին,

2) քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը բացառող հանգամանքների վերաբերյալ առկա իրավակարգավորումների պայմաններում պահպանվու՞մ է արդյոք անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Հաշվի առնելով սահմանադրական և միջազգային իրավական կարգավորումների կարևորությունը և նշանակությունը հիմնական իրավունքների արդյունավետ պաշտպանության` հատկապես արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի իրացման և պաշտպանության հարցում՝ Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է ինչպես պաշտպան հրավիրելու, նշանակելու, փոխարինելու և վարույթին նրա մասնակցելու այլ հիմքերը, այնպես էլ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը բացառող հանգամանքները:

Այսպես, Օրենսգրքի՝ «Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին՝ նրա մասնակցելու այլ հիմքերը» վերտառությամբ 70-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ միևնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալները կամ մեղադրյալները կարող են ունենալ մեկ պաշտպան, բացառությամբ, ի թիվս այլոց, պաշտպանյալների շահերի միջև հակասության առկայության դեպքի։ Իսկ Օրենսգրքի՝ «Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը» վերտառությամբ 93-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ պաշտպանը չի կարող պաշտպանյալի կամ վստահորդի կողմից մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են պաշտպանյալի շահերին:

Օրենսգրքի 70-րդ և 93-րդ հոդվածների համադրված ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասը և 93-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում են տարբեր իրավահարաբերությունների, և չպետք է դրանք նույնացնել:

Օրենսգրքի 93-րդ հոդվածը վերաբերում է պաշտպանին գործով վարույթից հեռացնելու հիմքերին: Դրանք են. ա) պաշտպանը գտնվում է ազգակցական կամ անձնական, ծառայողական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է քրեական գործի քննությանը, բ) պաշտպանը գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, մասնագետ, փորձագետ կամ վկա, գ) պաշտպանն օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փաստաբան, դ) պաշտպանը, տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են պաշտպանյալի շահերին, ինչպես նաև այդ անձի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ: Ընդ որում, պաշտպանին գործով վարույթից հեռացնելու հիշյալ չորս հիմքերից միայն վերջինի կիրառման պարագայում է պահանջվում պաշտպանյալի համաձայնությունը:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ դիմողի մոտ շփոթ է առաջացրել Օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասը, որը սահմանում է վարույթին պաշտպանի մասնակցության մասնավոր դեպք (մեկից ավելի կասկածյալների կամ մեղադրյալների՝ մեկ պաշտպան ունենալու հնարավորություն) և բացառություն այդ դեպքից (պաշտպանյալների շահերի միջև հակասություն)։ Իսկ Օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է նույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վարույթից պաշտպանին հեռացնելու ընթացակարգային կանոն (պաշտպանյալի համաձայնություն):

Դիմումի ուսումնասիրությունը, ինչպես նաև ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումում առաջադրված հարցերից մեկը, այն է՝ վկայակոչված իրավանորմերի միջև ենթադրյալ հակասության արդյունքում առաջացող իրավական անորոշության առկայությունը, ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի (այդ թվում՝ դրա անորոշությամբ պայմանավորված) սահմանադրականության հարց, այլ գործող նորմի կիրառման իրավաչափության հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի և 93-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից միանշանակ բխում է, որ նույնիսկ պաշտպանյալների շահերի միջև հակասության առկայության (93-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված) դեպքում թույլատրվում է միևնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալների կամ մեղադրյալների՝ մեկ պաշտպան ունենալը, եթե առկա է պաշտպանյալի համաձայնությունը:

4.2. Դիմողի կողմից բարձրացված հաջորդ հարցն առնչվում է այն հիմնախնդրին, որ՝ «Օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը վտանգում է ինչպես ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող գործի քննության արդարացիության պահանջն ու դրա մասը կազմող՝ մրցակցության ու կողմերի միջև իրավահավասարության սկզբունքը, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված՝ պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը»: Միաժամանակ, դիմողի պնդմամբ, անկախ պաշտպանյալի համաձայնությունից՝ պաշտպանյալների շահերի միջև հակասության առկայությունն օբյեկտիվորեն խոչընդոտում է պաշտպանի՝ պաշտպանյալների հանդեպ ստանձնած պարտականությունների կատարումը:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավաբանական օգնություն ստանալու, անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքներն ստացել են սահմանադրական և միջազգային իրավական ամրագրում:

Այսպես, Սահմանադրության՝ «Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը» վերտառությամբ 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Իսկ Սահմանադրության՝ «Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը» վերտառությամբ 67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու համար մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա են պահանջում արդարադատության շահերը:

Քրեական մեղադրանքի քննության ժամանակ անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը նախատեսված է նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետով։ Միաժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Քրեական արդարադատության համակարգերում իրավաբանական օգնության մատչելիությանը վերաբերող սկզբունքներ և ուղեցույցներ» A/RES/67/187 բանաձևն ընդգծում է, որ իրավաբանական օգնությունը իրավունքի գերակայության սկզբունքի վրա հիմնված արդար քրեական արդարադատության համակարգի կարևորագույն տարր է, մարդու այլ իրավունքների, ներառյալ՝ արդար դատաքննության իրավունքի իրականացման անհրաժեշտ պայման. պետությունները, ներպետական մակարդակով, հնարավորինս բարձր մակարդակով, անհրաժեշտության դեպքում՝ Սահմանադրությամբ, պետք է երաշխավորեն այդ իրավունքը (կետ 1, Սկզբունք 1, կետ 14 ):

Իրավաբանական օգնություն ստանալու, իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքներին իր արտահայտած իրավական դիրքորոշումներով անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը, որոնք հանգում են հետևյալին.

- «Սահմանադրությունը հանրային իշխանությունից պահանջում է օրենսդրական մակարդակում ամրագրել այնպիսի ընթացակարգեր և կառուցակարգեր, որոնք արդյունավետորեն կերաշխավորեն անձի կողմից իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, ինչպես նաև գործնականում ապահովել, որ անձն իր գիտակցված և կամավոր որոշմամբ ընտրի իր վարքագիծը` օգտվել իրավաբանական օգնությունից, թե՝ ոչ: Այս ընդհանուր կանոնը կիրառելի է նաև Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի նկատմամբ, ըստ որի` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` … 2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք» (13.02.2018 թ. ՍԴՈ-1403),

- «Անձի` անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, հետևաբար՝ պարտադիր է ապահովման իրավակիրառական պրակտիկայում» (02.09.2016 թ. ՍԴՈ-1295):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) ևս իրավական դիրքորոշումներում անդրադարձել է խնդրո առարկա հիմնախնդրին:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի՝ պաշտպանության կողմի իրավունքների վերաբերյալ պահանջները դիտարկվում են որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող արդար դատաքննության իրավունքի առանձնակի ասպեկտներ (Sakhnovskiy v. Russia, judgment of 2 November 2010, § 94, Gafgen v. Germany, judgment of 1 June 2010, § 169): Բացի դրանից, ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ դատաքննությանն արդյունավետ մասնակցելու մեղադրյալի իրավունքը, ընդհանուր իմաստով, ներառում է ոչ միայն ներկայության իրավունքը, այլև ըստ անհրաժեշտության իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (Lagerblom v. Sweden, 14.04.2003, app. no. 26891/95 §49; Galstyan v. Armenia, 15.02.2008, app. no. 26986/03 §89):

Ամրագրելով քրեական իրավախախտում կատարելու համար մեղադրվող անձի՝ անձամբ կամ իր ընտրած պաշտպանների միջոցով պաշտպանվելու իրավունքի կենսագործման կարևորությունը՝ ՄԻԵԴ-ը գտնում է, որ այն բացարձակ չէ (Meftah and Others v. France, judgment of 26 July 2002, § 45, Pakelli v. Germany, judgment of 25 April 1983, § 31, Salduz v. Turkey, judgment of 27 Nov. 2008, § 51): Չնայած նրան, որ, որպես ընդհանուր կանոն, պաշտպան ունենալու հարցում մեղադրյալի ընտրությունը պետք է հարգվի (Lagerblom v. Sweden, judgment of 14 April 2003, § 54), այդուհանդերձ, ազգային դատարանները կարող են չեղարկել այդ անձի ընտրությունը, եթե առկա են բավարար հիմքեր՝ պնդելու, որ դա անհրաժեշտ է արդարադատության շահերից ելնելով (Meftah and Others v. France, judgment of 26 July 2002, § 45, Croissant v. Germany, judgment of 25 September 1992, § 29): Ավելին, նույն իրավական դիրքորոշումների շրջանակում այն հարցը, թե թույլ տալ անձին իր պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ նշանակել նրա համար փաստաբան, գտնվում է պետության հայեցողության սահմաններում, քանի որ այն առավել արդյունավետորեն կարող է իր իրավական համակարգի շրջանակներում ընտրություն կատարել արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար (Correia de Matos v. Portugal, judgment of 15 November 2001):

4.3. Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը կարևոր երաշխիք է արդար դատաքննության իրավունքի ամբողջական և արդյունավետ կենսագործման համար, ուստի դրա ապահովման նկատառումներից ելնելով՝ կարևորվում է օրենսդրական համարժեք կարգավորումների անհրաժեշտությունը:

Ըստ այդմ՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանվել են պաշտպան ընտրելու, վերջինիս նշանակելու, փոխարինելու, ինչպես նաև գործով վարույթից վերջինիս մասնակցությունը բացառող հանգամանքները:

Քրեադատավարական օրենսդրությունը նույնպես երաշխավորում է յուրաքանչյուրի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, սակայն ինչպես պաշտպանյալների, այնպես էլ արդարադատության իրականացման շահերից ելնելով՝ նախատեսել է որոշ սահմանափակումներ, որոնք իրենց էությամբ ոչ թե խախտում են անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, այլ նպաստում են այդ իրավունքի արդյունավետ իրացմանը:

Սահմանադրությամբ ամրագրված անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը ենթադրում է ոչ միայն պաշտպան ընտրելու, այլև այդ պաշտպանի միջոցով արդյունավետ պաշտպանություն ստանալու իրավունքը, ինչը միշտ չէ, որ կարող երաշխավորվել, երբ նույն անձը միևնույն քրեական գործի շրջանակներում իրականացնում է մեկից ավել անձանց իրավունքների պաշտպանությունը, որոնց շահերը հակասում են միմյանց:

Բացի դրանից, յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է ապահովել արդարադատության արդյունավետ և պատշաճ իրականացումը, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ գործի արդարացի քննության ապահովումը պայմանավորվում է նաև գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, ուստի եթե պաշտպանի՝ նույն գործով մեկից ավելի պաշտպանյալների հետ շփումները կարող են խոչընդոտել գործի արդարացի քննությանը՝ վտանգելով արդարադատության իրականացումը, նույն գործով մեկից ավել անձանց շահերի պաշտպանության սահմանափակումը պետք է համարել իրավաչափ:

Նշված մոտեցումը հիմնավորվում է նաև ՄԻԵԴ-ի հիշատակված իրավական դիրքորոշումներով, որոնց շրջանակներում, որպես անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքի սահմանափակման հիմք, նշվում է արդարադատության շահը:

Տվյալ դեպքում նկատելի է, որ քրեադատավարական օրենսդրությամբ մի դեպքում որպես պաշտպանի՝ վարույթին մասնակցելու արգելք նշվում են պաշտպանյալների շահերի միջև հակասությունը, ինչպես նաև արդարադատության իրականացումը խոչընդոտելու վտանգը, մյուս դեպքում՝ օրենսդիրը սահմանափակվում է միայն շահերի հակասության ամրագրմամբ՝ ընդլայնելով միայն սուբյեկտների շրջանակը, որպիսի պայմաններում պարզ է դառնում, որ օրենսդիրն առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ խոսք կարող է լինել միայն շահերի հակասության մասին, պաշտպանին վարույթից հեռացնելը հնարավոր է միայն պաշտպանյալի համաձայնությամբ, մինչդեռ եթե հարցը վերաբերում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն, պաշտպանյալի համաձայնությունը չի կարող հաշվի առնվել, քանի որ այդպիսի պայմաններում կխաթարվի արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր հանդիսացող գործի արդարացի քննության սկզբունքը:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիտարկվող ինստիտուտը, գտնվելով իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու սահմանադրական իրավունքի և դրա թույլատրելի սահմանափակումների շրջանակներում, հաշվի է առնում, մի կողմից՝ պետության ու հանրային շահերի, մյուս կողմից` մարդու և քաղաքացու իրավունքների և օրինական շահերի հավասարակշռությունը: Ընդ որում, տվյալ դեպքում հանրային շահը պայմանավորված է արդար դատաքննության իրավունքի ապահովման՝ պետության պոզիտիվ պարտականությամբ, որն էլ, իր հերթին, բխում է հենց մարդու և քաղաքացու իրավունքներից և օրինական շահերից: Իսկ մարդու և քաղաքացու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը տվյալ դեպքում դրսևորվում է պաշտպանյալի համաձայնության ինստիտուտով. պաշտպանյալներն իրենք են պատասխանատու իրենց շահերի համար՝ հաշվի առնելով մեկ պաշտպան ունենալու բոլոր ռիսկերը:

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի և 93-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ձևակերպումներից բխում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ անձանց պատշաճ կերպով նախազգուշացնել միևնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալների կամ մեղադրյալների՝ մեկ պաշտպան ունենալու հնարավոր բացասական հետևանքների մասին՝ կապված պաշտպանյալների շահերի միջև հակասության հետ, ներառյալ պաշտպանի՝ պաշտպանյալներից մեկի հետ ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ գտնվելը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

1 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1564

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան