Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0390/11/18

ԵԴ/0390/11/18

Նախագահող դատավոր՝  Կ. Մարդանյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ`

Ռ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

դիմող`

Զ. ՄԱՐՈՆԻԱՆԻ

դիմողի ներկայացուցիչ`

Ռ. ԱՅՎԱԶՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Զարեհ Մարոնիանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի օգոստոսի 26-ին, Զարեհ Մարոնիանը, ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր նախկին կինը՝ Նարինե Պետրոսյանը, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված` Երևան քաղաքի Մոսկովյան 33-րդ շենքի 7-րդ բնակարանը, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ձևակերպել է իր անվամբ, իսկ 2013 թվականի հունիսի 25-ին այն գրավադրել է «Կոնվերս» բանկում՝ ստանալով 45.000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի սեպտեմբերի 7-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի հիման վրա Ն.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Վերոհիշյալ որոշման դեմ Զ.Մարոնիանը բողոք է ներկայացրել դատախազություն, որը Երևան քաղաքի դատախազի՝ 2015 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ մերժվել է:

Նշված որոշումների դեմ Զ.Մարոնիանի բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Զ.Մարոնիանի ներկայացուցիչ Կ.Քալանթարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, այն է՝ քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերոնշյալ որոշումը` վերացվել:

2. 2016 թվականի մայիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 13201716 քրեական գործը և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ Զ.Մարոնիանի ներկայացուցիչ Կ.Քալանթարյանի կողմից ներկայացված բողոքը Երևան քաղաքի դատախազի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ բավարարվել է, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է, և նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

3. 2016 թվականի նոյեմբերի 2-ին նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Նշված որոշման դեմ Զ.Մարոնիանի ներկայացուցիչ Կ.Քալանթարյանի բողոքը Երևան քաղաքի դատախազի՝ 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ մերժվել է:

Վերոհիշյալ որոշումների դեմ Կ.Քալանթարյանի բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի մարտի 23-ի որոշմամբ մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է՝ որոշվել է Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու Զ.Մարոնիանի իրավունքների խախտումը:

4. 2018 թվականի հունվարի 15-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, ու քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018 թվականի հունիսի 12-ին որոշում է կայացվել Ն.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Վերոնշյալ որոշման դեմ Զ.Մարոնիանի ներկայացուցիչ Կ.Քալանթարյանի ներկայացրած բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի՝ 2018 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ մերժվել է:

5. Զ.Մարոնիանի ներկայացուցիչ Կ.Քալանթարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 2018 թվականի հունիսի 12-ի որոշումը և պարտավորեցնել քննիչին վերացնելու Զ.Մարոնիանի իրավունքների խախտումը:

Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու Զ.Մարոնիանի իրավունքների խախտումները:

6. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ:

7. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դիմող Զ.Մարոնիանը՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» քննիչի` 2018 թվականի հունիսի 12-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) [Կ]ատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ Զարեհ Մարոնիանի կողմից Նարինե Պետրոսյանին տված գումարը եղել է նրա կամքի ազատ արտահայտումը, և այն ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես հափշտակված գույք, ուստի այդ գումարով հետագայում գույք ձեռք բերելը կամ տնօրինելը չի կարող դիտվել որպես խարդախություն:

(…) Այսպիսով, քրեական գործի նախաքննության ընթացքում Նարինե Տիգրանի Պետրոսյանի կողմից խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով Զարեհ Մարոնիանի գույքի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, իսկ նախկին ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացած Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 33 շենքի թիվ 7 հասցեի գրավադրման, ինչպես նաև առուվաճառքի շուրջ վերջիններիս միջև առկա գույքային վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա չէ լուծման քրեադատավարական կարգով:

Իսկ ինչ վերաբերում է Նարինե Տիգրանի Պետրոսյանի արարքում նոտարի մոտ կեղծ երդում տալու հանցակազմի առկայության հանգամանքին, ապա հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 338.1 հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալու համար, մինչդեռ կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ Նարինե Պետրոսյանը ինչպես 26.03.2013թ. -ին, այնպես էլ, 02.02.2016թ.-ին նոտարների մոտ կատարել է գրավոր հայտարարություն Երևան քաղաքի Մոսկովյան 33 շենքի թիվ 7 հասցեի բնակարանը ձեռք բերելու պահին ամուսնացած չլինելու վերաբերյալ, որոնց վերաբերյալ կազմված փաստաթղթերը նպատակ են ունեցել ներկայացվելու Բանկերին, որոնք չեն հանդիսանում պետական մարմիններ: Բացի այդ, նկարագրված արարքը քրեորեն հետապնդելի արարք է դարձել 2016 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ, մինչդեռ Ն.Պետրոսյանը այդ կեղծ հայտարարությունը կատարել է ավելի վաղ, որպիսի պարագայում վերջինիս արարքներում բացակայում է հանցագործության դեպքը: (…)»1:

8.1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը 2018 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ արձանագրել է. (…) վարույթն իրականացնող մարմինը իրավացիորեն արձանագրել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Նարինե Տիգրանի Պետրոսյանի կողմից խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով Զարեհ Մարոնիանի գույքի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, իսկ նախկին ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացած Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 33 շենքի թիվ 7 հասցեի գրավադրման, ինչպես նաև առուվաճառքի շուրջ վերջիններիս միջև առկա գույքային վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա չէ լուծման քրեադատավարական կարգով: (…)»2:

9. 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը. « (...) Դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության պահանջների ապահովման տեսանկյունից ապահովված եղել է արդյոք անհրաժեշտ գործիքակազմը և վիճարկվող որոշումներով խախտվել են Զ.Մարոնիանի իրավունքները, թե՝ ոչ:

Այսպես, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2018 թվականի հունիսի 12-ի որոշման պատճառաբանական մասում նշվել է, որ Զարեհ Մարոնիանի կողմից Նարինե Պետրոսյանին տրված գումարը եղել է նրա կամքի ազատ արտահայտումը և այն ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես հափշտակված գույք, մինչդեռ Զ.Մարոնիանի կողմից 2018 թվականի մարտի 30-ին տրված ցուցմունքի համաձայն, Երևան քաղաքի Մոսկովյան 33 շենքի թիվ 7 բնակարանի ձեռք բերման և այդ կապակցությամբ վերջինիս կողմից ձեռնարկված ֆինանսական և այլ գործողությունները միտված են եղել բնակարանն իր անվամբ սեփականաշնորհելու, այսինքն` Զ.Մարոնիանի մոտ եղել է այն գիտակցումը, որ բնակարանը պետք է սեփականաշնորհվեր իր անվամբ, մինչդեռ, գործի նյութերը ողջամտորեն կարող են խոսել իրականում այլ հանգամանքների մասին:

Մասնավորապես, նոտար Էլմիրա Դանիելյանի՝ 2018 թվականի ապրիլի 6-ի հարցաքննության ժամանակ՝ ուսումնասիրելով «Վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և հաջորդող գրավի» թիվ 403731-403731-NIC311923 առ 25.06.2013թ. պայմանագրի վերաբերյալ իր կողմից կազմված նոտարական գործը, նշել է, որ դրանում առկա է գրավոր հայտարարություն այն մասին, որ պայմանագրի կողմ հանդիսացող Նարինե Պետրոսյանն իր մոտ, նախքան պայմանագրի կնքումը հայտարարություն է արել առ այն, որ Երևան քաղաքի Մոսկովյան 33 շենքի թիվ 7 բնակարանը ձեռք բերելիս ամուսնացած չի եղել և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում գրավ դնելու համար այլ անձի համաձայնություն անհրաժեշտ չէ, իսկ տվյալ հայտարարության իսկությունը պարզելու համար տվյալ ժամանակահատվածում չեն եղել անհրաժեշտ միջոցներ և կողմի բանավոր հայտարարությունը եղել է բավարար: Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև նոտար Անահիտ Մինասյանը, մինչդեռ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում տվյալ ժամանակահատվածում վարկային մասնագետի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Կոջոյանի՝ 2018 թվականի մայիսի 8-ի հարցաքննության արձանագրության համաձայն, վերջինս նշել է, որ բանկի կողմից հաստատապես հայտնի է եղել Զարեհ Մարոնիանի և Նարինե Պետրոսյանի ամուսնության մասին, ինչի կապակցությամբ համապատասխան փաստաթուղթ է ներկայացվել բանկի վարկային կոմիտեին:

Վերոնշյալ հանգամանքների վերլուծությունը վկայում է վերոգրյալ փաստարկված հանգամանքների միջև էական հակասությունների և դրանցով պայմանավորված՝ խարդախության հանցակազմի հնարավոր առկայության մասին ողջամիտ ենթադրությունների շուրջ որոշակի գործողությունների կատարման ու դրան համապատասխան լիարժեք գնահատականների անհրաժեշտության մասին, մինչդեռ ինչպես արդեն նշվեց վերևում՝ քննիչի կողմից 2018 թվականի հունիսի 12-ին կայացված քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման հիմքում դրվել է Զարեհ Մարոնիանի կողմից Նարինե Պետրոսյանին տրված գումարի՝ որպես նրա կամքի ազատ արտահայտումը և այն ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես հափշտակված գույք, իսկ Երևան քաղաքի Մոսկովյան 33 շենքի թիվ 7 բնակարանը գրավադրելը, ինչպես նաև առուվաճառքի շուրջ Զ.Մարոնիանի և Նարինե Պետրոսյանի միջև առկա գույքային վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա չէ լուծման քրեադատավարական կարգով, իսկ նոտարական գործարքների ժամանակ կատարած հայտարարությունների վերաբերյալ, վարույթ իրականացնող մարմինը նշել է, որ տվյալ արարքին քրեաիրավական որակում տալը հնարավոր չէ, քանի որ նկարագրված արարքը քրեականացվել է 2016 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ, մինչդեռ Ն.Պետրոսյանի կատարած կեղծ հայտարարությունները տեղի են ունեցել ավելի վաղ, որպիսի հանգամանքներում վերջինիս արարքներում բացակայում է հանցագործության դեպքը: Այսինքն՝ նոտարի մոտ հայտնված տեղեկությունների կեղծ լինելու հանգամանքները, նախաքննության մարմինը դիտարկել է առանձին արարք՝ տարանջատելով այն ենթադրյալ խարդախության հանցակազմից: (...)

Մինչ Երևան քաղաքի Մոսկովյան 33 շենքի թիվ 7 բնակարանը ձեռք բերելը Զ.Մարոնիանի կողմից այդ կապակցությամբ ձեռնարկված համապատասխան ֆինանսական գործողություններ կատարելը, վերջինիս կողմից նախնական մտադրություն է եղել, որ տվյալ բնակարանը պետք է սեփականաշնորհվի իր անունով՝ ինչը նշված է եղել վերջինիս կողմից սույն որոշմամբ արդեն մեջբերված ցուցմունքից, մինչդեռ դրա հետ համակցվող և վերոնշյալ փաստական հանգամանքները, մասնավորապես նոտարների և բանկի աշխատակցի ցուցմունքները ու փաստահավաք կազմը, ողջամտորեն վկայում են այն մասին, որ Մարոնիանի կողմից իր գույքը տնօրինելու հետ կապված տեղեկությունները կարող են ինչպես վերջինիս, այնպես էլ սույն գործով առնչություն ունեցող այլ անձանց ներկայացվել են խեղաթյուրված, հնարավոր է հետապնդել են բողոքաբերին խաբելու և վստահությունը չարաշահելու նպատակ, իսկ նոտարի մոտ արված համապատասխան հայտարարությունները եղել է զուտ վերջնական նպատակին հասնելու եղանակ, միջանկյալ միջոց, հետևաբար պետք է փաստել, որ նախաքննության մարմնի կողմից վերոգրյալ փաստերը չեն արժանացել անհրաժեշտ գնահատականի և այդ կապակցությամբ չի տարվել բազմակողմանի և լրիվ քննություն, ուստի Դատարանն արձանագրում է, որ պատշաճ քննություն չկատարելն ու համապատասխան գնահատական չտալը ինքնին խաթարել է գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իմպերատիվ պահանջը՝ խախտելով բողոքաբերի իրավունքները:

(…) [Մ]իայն այն հանգամանքը, որ քննարկման առարկա չի դարձրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2014թ. թիվ ԵԱՆԴ 0947/02/13 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքը, ((…) Ամուսնության առաջին իսկ օրերից, կողմերը համատեղ ամուսնական կյանք և ընդհանուր տնտեսություն չեն վարել, բնակվում են առանձին՝ պատասխանողի կողմից ընտանիքի նկատմամբ դրսևորած անտարբերության, ընտանիքի բարեկեցության մասին հոգատարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու հանգամանքի իսպառ բացակայության պատճառով) այսինքն՝ ամուսինների ունեցած փաստացի հարաբերությունները ու այդ պայմաններում նոտարի մոտ արված հայտարարությունը գնահատվել է տարանջատված՝ առանց այն որպես ենթադրյալ խարդախության հանցակազմի եղանակ, միջոց դիտարկելու ու գնահատելու, ապա սա ինքնին հիմք է բողոքաբերի իրավունքի էական խախտումը ճանաչելու համար (...)»3:

10. Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]իմող Զարեհ Մարոնիանի ներկայացուցիչ Կ.Քալանթարյանի բողոքը բավարարելու մասին որոշում կայացնելիս՝ Առաջին ատյանի դատարանը կատարել է գործով ձեռք բերված փաստական տվյալների ճիշտ վերլուծություն և դիմող Զարեհ Մարոնիանի իրավունքների խախտման առկայության փաստի վերաբերյալ հանգել է իրավաչափ ու հիմնավոր հետևության, որպիսին ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար, դրա հետ չհամաձայնելու հիմքեր չկան: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, համաձայնելով վիճարկող դատական ակտում առկա եզրահանգումների հետ՝ ևս գալիս է այն համոզման, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վարույթն իրականացնող մարմնի համար բավարար չէին քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնելու համար:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից վիճարկվող որոշման մեջ նշված հանգամանքները (...) պարզելուց և գնահատելուց հետո էր հնարավոր միայն` անձի արարքում հանցակազմի, մասնավորապես՝ խարդախության բացակայության մասին հիմնավոր հետևության հանգելու համար: Ինչ վերաբերում է Քննիչի և բողոքի հեղինակի այն դատողությանը, որ Նարինե Պետրոսյանի և Զարեհ Մարոնիանի միջև վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ առնչությամբ հիմնավոր հետևության հանգել հնարավոր էր միայն՝ վերը նշված հանգամանքները պարզելուց և գնահատելուց հետո:

Անդրադառնալով բողոքի հեղինակի այն փաստարկին, որ Նարինե Պետրոսյանը նոտարների մոտ կեղծ հայտարարությունները կատարել է մինչև այդ արարքի համար քրեական օրենսգրքով պատասխանատվություն նախատեսելը, հետևաբար այդ մասով նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 338.1 հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նոտարների մոտ հայտարարություններ տալու առնչությամբ Նարինե Պետրոսյանի գործողությունները, ինչպես իրավամբ գտել է Առաջին ատյանի դատարանը, չպետք է տարանջատվեին խարդախության հանցակազմից, այդ գործողությունները ենթակա են գնահատման խարդախության հանցակազմի համատեքստում: (...)»4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Զ.Մարոնիանի և Ն.Պետրոսյանի միջև առկա իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիաիրավական են, ուստի կողմերի միջև ծագած վեճը ենթակա է լուծման քաղաքացիաիրավական հարթությունում:

Այսպես, քննիչի կողմից 2018 թվականի հունիսի 12-ին կայացված` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ հաստատվել է, որ Զ.Մարոնիանը Ն.Պետրոսյանին գումարը տվել է սեփական կամքով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես հափշտակված գույք, իսկ Երևան քաղաքի Մոսկովյան 33-րդ շենքի թիվ 7 բնակարանը գրավադրելը, ինչպես նաև առուվաճառքի շուրջ նրանց միջև առաջացած գույքային վեճը կրում են քաղաքացիաիրավական բնույթ:

Բողոքի հեղինակը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ընդգծել է, որ քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում՝ վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, պարտավորեցնելով վերացնել Զ.Մարոնիանի իրավունքների ենթադրյալ խախտումները, պատշաճ գնահատականի չի արժանացրել այն, որ Զ.Մարոնիանի կողմից հայցվող իրավական պաշտպանության առարկան կազմում են քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր:

Բողոքաբերը փաստել է, որ Ն.Պետրոսյանի արարքին՝ նոտարի մոտ կեղծ երդում տալու հանցակազմի առկայության հանգամանքին, տրվել է համապատասխան իրավական գնահատական, մասնավորապես՝ վերոնշյալը քրեորեն հետապնդելի արարք է դարձել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, մինչդեռ Ն.Պետրոսյանը կեղծ հայտարարությունը կատարել է ավելի վաղ, որպիսի պարագայում վերջինիս արարքները հանցագործություն չեն հանդիսանում:

12. Անդրադառնալով հարցաքննված երկու անձանց ցուցմունքներում հակասության առկայության և առերեսում կատարելու քննիչի պարտականությունը սահմանելուն` բողոք բերած անձն ընդգծել է, որ այդ անձանց ցուցմունքներում հակասությունը կայանում է նրանում, որ նոտարների հարցին Ն.Պետրոսյանը պատասխանել է, որ ամուսնացած չէ, իսկ բանկի աշխատակցի տվյալներով նա եղել է ամուսնացած: Նման պայմաններում քննիչը օբյեկտիվորեն որևէ անհրաժեշտություն չի գտել առերեսման, քանի որ որևէ էական նշանակություն ունեցող հանգամանք դրա արդյունքում չէր կարող պարզվել: Արդյունքում, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ անդրադառնալով քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը և նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն կատարվել առերես հարցաքննություններ, չի հետևել Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0044/11/13 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Մինչդեռ, վարույթն իրականացնող մարմինը, ձեռնարկելով անհրաժեշտ բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները, չի ունեցել ապացույցների բավարար համակցություն՝ Ն.Պետրոսյանի կողմից խարդախություն կատարելու հանգամանքը հիմնավորված համարելու համար, ուստի իրավացիորեն հանգել է հետևության, որ վերջինիս արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշները:

13. Արդյունքում բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացրել է անհիմն դատական ակտ, որով խախտվել են Ն.Պետրոսյանի իրավունքները, ուստի խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9 որոշումը և դիմող Զ.Մարոնիանի ներկայացուցիչ Կ.Քալանթարյանի բողոքը մերժել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Զ.Մարոնիանի իրավունքների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`

1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի.

2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի. (...)»:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

(...)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին»:

Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին5:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:

Վճռաբեկ դատարանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների վերաբերյալ մշտապես ընդգծել է, որ խարդախությունը օբյեկտիվ կողմից դրսևորվում է ուրիշի գույքը հափշտակելով, այսինքն` այն վերցնելով, հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, տուժողի կամքի կամ գիտակցության վրա ներգործելու եղանակով, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Ընդ որում, խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:

բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը6:

Անդրադառնալով քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական և քրեաիրավական ու քրեադատավարական հարաբերությունների հարաբերակցության հարցին` Վճռաբեկ դատարանը բազմիցս ընդգծել է և վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ7: Անթույլատրելի է քրեական գործերի քննության շրջանակներում քրեական դատավարության կարգով քննություն իրականացնել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու ուղղությամբ և հաստատել այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստեր: Վերոնշյալը հիմնավորվում է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների` քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ8:

16.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ եթե խարդախության հանցակազմի հնարավոր առկայության հարցում կարող են լինել ողջամիտ ենթադրություններ, որոնց պարզումը պահանջում է գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտությունը շարունակելու ու դրան համապատասխան լիարժեք գնահատական տալու անհրաժեշտություն, անթույլատրելի է նման քննություն չկատարելը` ի սկզբանե ելնելով այն կանխավարկածից, որ հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ:

Այսպես` եթե հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննության արդյունքում շարունակում են ողջամիտ կասկածներ մնալ առ այն, որ հնարավոր է` գույքն անձի տիրապետությունից դուրս է եկել ենթադրյալ խաբեության կամ վստահությունը չարաշահելու հետևանքով, և այդպիսի հանգամանքները կարող են պարզաբանվել միայն համապատասխան քննություն իրականացնելու միջոցով, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված` գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քննիչի` 2018 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Ն.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործով վարույթը կարճվել է` այն պատճառաբանությամբ, որ Զ.Մարոնիանի կողմից Ն.Պետրոսյանին տրված գումարը եղել է նրա կամքի ազատ արտահայտումը, և այն ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես հափշտակված գույք, ուստի այդ գումարով հետագայում գույք ձեռք բերելը կամ տնօրինելը չի կարող դիտվել որպես խարդախություն9:

Առաջին ատյանի դատարանն իր 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Զ.Մարոնիանի իրավունքների խախտումները` հետևյալ պատճառաբանությամբ.

- վարույթն իրականացնող մարմինը, փաստարկելով, որ Զ.Մարոնիանի կողմից Ն.Պետրոսյանին տրված գումարը եղել է նրա կամքի ազատ արտահայտումը, և այն ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես հափշտակված գույք, հաշվի չի առել Զ.Մարոնիանի կողմից 2018 թվականի մարտի 30-ին տրված այն ցուցմունքը, որի համաձայն` Երևան քաղաքի Մոսկովյան 33 շենքի թիվ 7 բնակարանի ձեռք բերման ու այդ կապակցությամբ վերջինիս կողմից ձեռնարկված ֆինանսական և այլ գործողությունները միտված են եղել բնակարանն իր անվամբ սեփականաշնորհելուն, այսինքն` Զ.Մարոնիանի մոտ եղել է այն գիտակցումը, որ բնակարանը պետք է սեփականաշնորհվեր իր անվամբ,

- նոտարներ Էլմիրա Դանիելյանի, Անահիտ Մինասյանի և «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում տվյալ ժամանակահատվածում վարկային մասնագետի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Կոջոյանի կողմից տրված ցուցմունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց միջև առկա են էական հակասություններ, հետևաբար այդ հանգամանքով պայմանավորված՝ առկա է խարդախության հանցակազմի հնարավոր առկայության մասին ողջամիտ ենթադրությունների շուրջ որոշակի գործողություններ կատարելու ու դրան համապատասխան լիարժեք գնահատական տալու անհրաժեշտություն,

- Ն.Պետրոսյանի կողմից նոտարի մոտ կեղծ տեղեկություններ հայտնելու հանգամանքները նախաքննության մարմինը դիտարկել է իբրև առանձին արարք՝ տարանջատելով այն ենթադրյալ խարդախության հանցակազմից: Մինչդեռ Զ.Մարոնիանի նախնական մտադրությունը` վեճի առարկա բնակարանն իր անունով սեփականաշնորհելու վերաբերյալ, դրա հետ համակցվող փաստական տվյալները, մասնավորապես` նոտարների և բանկի աշխատակցի ցուցմունքները, ողջամտորեն վկայում են այն մասին, որ Զ.Մարոնիանի կողմից իր գույքը տնօրինելու հետ կապված տեղեկությունները հնարավոր է ինչպես վերջինիս, այնպես էլ սույն գործով առնչություն ունեցող այլ անձանց ներկայացվել են խեղաթյուրված, հետապնդել են բողոքաբերին խաբելու և վստահությունը չարաշահելու նպատակ, իսկ նոտարի մոտ արված համապատասխան հայտարարությունները եղել են զուտ վերջնական նպատակին հասնելու միջոց,

- այն, որ քննարկման առարկա չի դարձվել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2014 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԱՆԴ 0947/02/13 գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքը (Ամուսնության առաջին իսկ օրերից, կողմերը համատեղ ամուսնական կյանք և ընդհանուր տնտեսություն չեն վարել, բնակվում են առանձին՝ պատասխանողի կողմից ընտանիքի նկատմամբ դրսևորած անտարբերության, ընտանիքի բարեկեցության մասին հոգատարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու հանգամանքի իսպառ բացակայության պատճառով), այսինքն՝ ամուսինների ունեցած փաստացի հարաբերությունները, իսկ նոտարի մոտ արված հայտարարությունը գնահատվել է տարանջատված՝ առանց այն որպես ենթադրյալ խարդախության հանցակազմի եղանակ, միջոց դիտարկելու, ինքնին հիմք է բողոքաբերի իրավունքի էական խախտումը ճանաչելու համար10:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը կատարել է գործով ձեռք բերված փաստական տվյալների ճիշտ վերլուծություն և դիմող Զ.Մարոնիանի իրավունքների խախտման փաստի վերաբերյալ եկել է իրավաչափ ու հիմնավոր եզրահանգման11:

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 15-16.1-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Զ.Մարոնիանի իրավունքների խախտման հարցում եկել են ճիշտ եզրահանգման:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից վկայակոչված և սույն որոշման 17-րդ կետում մեջբերված հանգամանքների պարզաբանումը պահանջում է վարույթն իրականացնող մարմնի կողմից լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու անհրաժեշտություն, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր գալու հիմնավորված հետևության` Ն.Պետրոսյանի արարքում խարդախության հանցակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ստորադաս դատարանների կողմից արձանագրված հակասությունները վերացնելու ուղղությամբ, խարդախության հանցակազմի համատեքստում գնահատման ենթարկել Ն.Պետրոսյանի կողմից նոտարների մոտ կեղծ հայտարարություններ տալու փաստը` միաժամանակ այն դիտարկելով Զ.Մարոնիանի և Ն.Պետրոսյանի միջև փաստացի հարաբերությունների, ինչպես նաև Զ.Մարոնիանի կողմից տրված` ստորադաս դատարանների կողմից մեջբերված ցուցմունքների համատեքստում:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն դատողությանը, որ Ն.Պետրոսյանի և Զ.Մարոնիանի միջև վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով, ապա Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստել է, որ այդ առնչությամբ հնարավոր է գալ հիմնավորված հետևության` միայն դատական ակտում նշված հանգամանքները պարզելուց և գնահատելուց հետո:

Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ արձանագրելով քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, չի հետևել Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0044/11/13 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված որոշումը սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ վերաբերում է քրեադատավարական այլ փուլի նկատմամբ դատական վերահսկողության հարցերին:

19. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 15-18-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Զ.Մարոնիանի իրավունքների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ թողնելով, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, իսկ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` նախկին որոշումներին Վերաքննիչ դատարանի դատական ակտի հակասելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները հիմնավոր չեն, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել` օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Դիմող Զարեհ Մարոնիանի ներկայացուցիչ Կ.Քալանթարյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 19:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 28-29:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 112-123:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 65-74:

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի վերաբերյալ գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշումները:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09, Վարդան Մաթևոսյանի վերաբերյալ գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11, Նելլի Ափոյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0009/01/13 որոշումները:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշումը:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ռուդիկ Բալասանյանի վերաբերյալ գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշումը: 

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: