03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1939-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 5-րդ կետը «տվյալները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված մինչև 18 տարեկան երեխաների տվյալները (բացառությամբ այն դեպքերի, երբ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ այդ երեխան հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով)՝ հնգօրյա պարբերականությամբ» բառերով.
2) որոշման հավելվածի 1-ին կետում «Արցախում հաշվառված քաղաքացիներին» բառերը փոխարինել «՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Արցախում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին), 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախում հաշվառված երեխաներին» բառերով.
3) որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) շահառուն (եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է՝ ապա շահառուն կամ ծնողը) 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չունի Արցախի հաշվառում կամ 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախում հաշվառված երեխան 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.».
4) որոշման հավելվածի 8-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները,» բառերով․
5) որոշման հավելվածի 13-րդ կետը «Հայփոստի» բառից հետո լրացնել «և Արցախփոստի» բառերով․
6) որոշման հավելվածի 16-րդ կետը «դիմաց» բառից հետո լրացնել «և ենթակա չէ ժառանգման» բառերով․
7) որոշման հավելվածի 17-րդ կետում «15» թիվը փոխարինել «25» թվով․
8) 19-րդ կետը «փոխանցված գումարը» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի մարտի 15-ը» բառերով․
9) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«20. Սույն կարգի հիման վրա միանվագ դրամական օգնություն և լրացուցիչ աջակցություն նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի, ում տվյալները ներառվել են վճարման ցուցակում) մահվան պատճառով մինչև 2021 թվականի մարտի 1-ը չվճարված գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում՝ շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի մահվան վկայականը, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն են ներկայացվում՝
1) մինչև 2021 թվականի մարտի 1-ը՝ ծառայության կողմից տրված և Հայփոստ կամ Արցախփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա.
2) 2021 թվականի մարտի 1-ին և դրանից հետո՝ մինչև 2021 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման հավելվածի 1-ին կետում «հաշվառված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին» բառերը փոխարինել «2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին), այդ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող երեխաներին» բառերով.
2) որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը «հաշվառում» բառից հետո լրացնել «կամ այդ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված անչափահաս շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառերով․
3) որոշման հավելվածի 8-րդ կետը «չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները,» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|