Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

1-4-123/2007

74/08

Գործ թիվ 74/08

Նախագահող դատավոր՝  Մ. Սիմոնյան

Դատավորներ՝

Մ. Պետրոսյան

Ա. Խաչատրյան

  

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ա.Ավետիսյան

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝

Ն. Թումանյանի

մասնակցությամբ դատախազ՝

Տ. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գարիկ Գառնիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 27-ի որոշման դեմ դատապարտյալ Գ.Ավետիսյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

   1. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2007 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով Գարիկ Գառնիկի Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով: ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով Գ.Ավետիսյանը դատապարտվել է ազատազրկման` 13 (տասներեք) տարի ժամկետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով` ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Գ.Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 15 (տասնհինգ) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2006 թվականի սեպտեմբերի 8-ից։

2. Ամբաստանյալի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2008 թվականի մարտի 27-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Վերոնշյալ որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

3. 2019 թվականի փետրվարի 5-ին Գ.Ավետիսյանի պաշտպան Հ.Հովսեփյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Գարիկ Ավետիսյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով այն բանի համար, որ. «[Նա 1996 թվականի հոկտեմբերի 25-ին նախնական համաձայնության է եկել իր ընկեր Ա.Մաղաքյանի հետ՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի 14 շենքի 48 բնակարանի բնակիչ Նինա Վանյանի՝ Լեհաստանում բնակվող իր որդիներից ստացած գումարն ավազակային հարձակմամբ հափշտակելու կապակցությամբ]: Գ.Ավետիսյանը, Ա.Մաղաքյանին նախապես խոստանալով պարտակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարը, ինչպես նաև հանցանքն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով խորհուրդ է տվել այդ օրը միասին գնալ Ռոսիայի 14 շենք, զննել Ն.Վանյանի բնակարանի մուտքը և որից հետո իրագործել հանցագործությունը, որը և Ա.Մաղաքյանի մոտ ամրապնդել է հանցանքը կատարելու վճռականությունը: Ժամը 2100-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Գ.Ավետիսյանը և Ա.Մաղաքյանը գնացել են Ն.Վանյանի շենք, որի մուտքն ու բնակարանի դիրքը զննելուց հետո Գ.Ավետիսյանը Ա.Մաղաքյանի գործողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով սպասել է մուտքի մոտ, իսկ Ա.Մաղաքյանը, շաքարավազ խնդրելու պատրվակով մտել է բնակարան, որի խոհանոցում նախապես իր հետ վերցրած տեխնիկական սպասարկման մետաղյա բանալիով, սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Նինա Վանյանի գլխին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Դուրս գալով բնակարանից՝ Ա.Մաղաքյանն իջել է մուտք, Գ.Ավետիսյանին հայտնել, որ մեկին սպանել է, առաջարկել է բարձրանալ վեր և ավարտին հասցնել ծրագրավորված հանցանքը: Գ.Ավետիսյանը, հաստատապես իմանալով, որ բնակարանում կա ևս մեկ կենդանի անձ, ինչպես նաև գիտակցելով վերջինիս հետ Ա.Մաղաքյանի կողմից ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու անխուսափելիությունը, սկսված հանցանքը մինչև վերջ հասցնելու, այդ թվում՝ գումարը հափշտակելու նպատակով Ա.Մաղաքյանի հետ բարձրացել է բնակարան: Ա.Մաղաքյանը, մտնելով հյուրասենյակ, Գ.Ավետիսյանի ներկայությամբ նույն գործիքով հարվածներ է հասցրել բազկաթոռին նստած՝ 89-ամյա Թ.Դալլաքյանի գլխին, որը նույնպես ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դրանից հետո, նրանք միասին, փնտրելով և բնակարանում գումար չգտնելով, Ն.Վանյանի դիակի վրայից հափշտակել են ոսկյա զարդեր և հեռացել»1:

5. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը, գործով հավաքված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման և վերլուծության, յուրաքանչյուր ապացույց գնահատության ենթարկելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ փաստական տվյալներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգեց այն եզրակացության, որ դրանք բավարար չափով հաստատում են ամբաստանյալի առնչությունը հանցավոր արարքներին»2:

6. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ Գարիկ Ավետիսյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի դեկտեմբերի 24դատավճռով նշանակված 15 (տասնհինգ) տարի ժամկետով ազատազրկում պատժից չկրած՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 14 (տասնչորս) օր ժամկետով ազատազրկում պատիժը կրելուց3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեական գործի նախորդ դատական քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

 Մասնավորապես, բողոքաբերը վերլուծել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ արարքը կատարելու պահին գործող և ներկայիս օրենսդրական կարգավորումները, ապա վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը՝ փաստարկել, որ վաղեմության ժամկետը հաշվարկելու ներկայիս կարգավորմամբ բարելավվել է Գ.Ավետիսյանի վիճակը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման նրա նկատմամբ: Բողոքի հեղինակի պնդմամբ, Գ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, քանի որ 2006 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ Գ.Ավետիսյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի եղել, իսկ վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել կամ կասեցվել:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի մարտի 27-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Գ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով քրեական հետապնդումը ենթակա՞ է արդյոք դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝     «(...)

2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:

(...)

6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

1961 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 7.1-րդ հոդվածով սահմանված է եղել, որ. «Ծանր հանցագործությունների թվին են պատկանում (...) ավազակությունը (88 հոդված) (...)»:

Նույն օրենսգրքի 44-րդ հոդվածում նախատեսված է եղել, որ. «Անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե նրա կողմից հանցագործություն կատարելու օրից անցել է հետևյալ ժամկետները`

  (…)

4) տասը տարի, այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ավելի խիստ պատիժ, քան հինգ տարի ժամանակով ազատազրկումը: (…)»:

2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի  19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ավազակությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(…)

3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,

4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ`

(…)

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»:

11. Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ ինչպես արարքը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ Գ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, և անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու (նախկին խմբագրությամբ՝ կատարելու) օրվանից անցել է տասը տարի: Միևնույն ժամանակ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ նախկին ու ներկայիս կարգավորումների վերլուծությունից երևում է, որ արարքը կատարելու պահին գործող օրենքով հստակ չի սահմանվել վաղեմության ժամկետը հաշվարկելու կարգը, իսկ ներկայիս կարգավորմամբ սահմանված է, որ վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները.

(...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

13. Վերոգրյալ նորմի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։ Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով4:

Դատական քննության փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառման առնչությամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:

Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը5:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Ավետիսյանը 1996 թվականի հոկտեմբերի 25-ին օժանդակել է Ա.Մաղաքյանին ապօրինի բնակարան մուտք գործելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, երկու անձի` Ն.Վանյանի և Թ.Դալլաքյանի` ավազակությամբ զուգորդված սպանությունը կատարելուն, միաժամանակ Ա.Մաղաքյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել է ավազակություն6:

ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված արարքը կատարելու մեջ Գ.Ավետիսյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2007 թվականի դեկտեմբերի 24-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան և վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում է կայացվել 2008 թվականի մարտի 27-ին7: Նշված որոշման դեմ պաշտպան Հ.Հովսեփյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ8:

15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում շարադրված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով մեղսագրված արարքն ավարտվել է 1996 թվականի հոկտեմբերի 25-ին, վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել և չի կասեցվել, իսկ 2006 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ նրա նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացման օրվա դրությամբ, Գ.Ավետիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

16. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Գ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով քրեական հետապնդումը չդադարեցնելով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով հիմնարար է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերն այդ մասով բեկանելու համար։ Գ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով քրեական գործի վարույթը պետք է կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նշանակված պատիժը թողնել անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ Գ.Ավետիսյանն ազատվել է Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժից9:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գարիկ Գառնիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի մարտի 27-ի որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով բեկանել ու այդ մասով քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։ Գարիկ Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նշանակված 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

---------------------

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 90-100:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 182-185:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 33-41:

4 ՏեԲս mutatis mutandis, Լուսինե Նավասարդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՄԴ/0064/01/13 որոշումը:

5 ՏեԲս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 և Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:

6 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը

7 Տե՛ս սույն որոշման 1-2-րդ կետերը։

8 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: