ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ԱՎԴ/0015/01/17 |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ՝ |
Ն. Թումանյանի |
2019 թվականի նոյեմբերի 7 -ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Մուշեղ Աղասու Կարապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
.1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճռով Մուշեղ Աղասու Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
2. Մեղադրող Ռ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճիռը:
3. Դատապարտյալ Մ.Կարապետյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի մայիսի 13-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
4. Մուշեղ Կարապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «նա առանց իրացնելու նպատակի իր օգտագործման համար խոշոր չափերով` 1.41 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցն ապօրինի ձեռք է բերել և պահել (…)»1:
5. ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Արարատի մարզային բաժնի պետի` թիվ ԵՊ-10-643 գրության համաձայն` Մ.Կարապետյանի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճիռը 2018 թվականի հունիսի 14-ին ընդունվել է ի կատար ածման2:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.
6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 6-ի և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 6-ի դատական ակտերը ու իրեն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Մուշեղ Կարապետյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 6-ի որոշումը վերանայելու համար:
9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:
11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում՝ անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»4:
Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:
12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(…)
2) խոշոր չափերով,
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 1.0 գրամից մինչև 100.0 գրամը ներառյալ։
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո, ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «հաշիշ» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ է սահմանվել 1.0 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 25.0 գրամը ներառյալ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մուշեղ Կարապետյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի իր օգտագործման համար` խոշոր չափի՝ 1.41 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար6:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են դատապարտյալ Մ.Կարապետյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության։
Մասնավորապես, «հաշիշ» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.41 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի, դատապարտյալ Մ.Կարապետյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։
Նման պայմաններում, թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Մ.Կարապետյանի կողմից կատարված հանցանքի վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինի վիճակը:
16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Մուշեղ Կարապետյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 6-ի որոշումը վերանայելու համար:
17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Մ.Կարապետյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Մ.Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Մ.Կարապետյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Մ.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Մ.Կարապետյանը 2018 թվականի հունիսի 14-ից գտնվում է փորձաշրջանի մեջ7՝ այն պետք է համարել ավարտված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Մուշեղ Աղասու Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Մուշեղ Աղասու Կարապետյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Մուշեղ Աղասու Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Մուշեղ Աղասու Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի սկիզբը հաշվելով 2018 թվականի հունիսի 14-ից՝ այն համարել ավարտված:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 104:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 60:
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
6 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: