ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1324/04/19 2020 թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան |
Դատավորներ՝ |
Հ. Ենոքյան |
Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Ե. Խունդկարյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. հակոբյան | ||
|
|
Ս. միքայելյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի սեպտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2020 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) դիմումի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ՝ Դատարան) 22.01.2020 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 22.01.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրն իմպերատիվ կերպով սահմանել է, որ դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ երբ գործնականում որևէ կերպ հնարավոր չի լինում որոշել տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափը, ապա ժամանակավոր կառավարչի վարձատրությունը սահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
Ընդ որում, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով արձանագրել է, որ դատարանի կողմից սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու պահից վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2020 թվականի որոշումը և այն փոփոխել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կոմիտեն փոստային առաքմամբ 16.08.2019 թվականին սնանկության դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, որն ընդունվել է վարույթ 20.08.2019 թվականի որոշմամբ (հատոր 1-ին, գ.թ. 2-5, 23, 24):
2) ՀՀ սնանկության դատարանի 03.09.2019 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Միքաելյանը (հատոր 1-ին, գ.թ. 58):
3) ՀՀ սնանկության դատարանի 23.09.2019 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի, վերջինիս գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (հատոր 1-ին, գ.թ. 67):
4) ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Տիգրան Ալեքսանյանի՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 18.10.2019 թվականի որոշման համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ Լուսիկ Պողոսյանի անվամբ Երևան քաղաքի Թաիրով փողոցի թիվ 10 հողամասի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի բանկային հաշվին առկա է 574 ՀՀ դրամ գումար: Պարտապանին, ինչպես նաև վերջինիս անվամբ հաշվառված «KIA RIO 1.4» մակնիշի, 2008 թվականի արտադրության, 35CF377 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում: Այլ գույք չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 76):
5) Դատարանի 22.01.2020 թվականի վճռի համաձայն՝ սնանկության դիմում ներկայացվելուց հետո անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի կողմից կատարվել են պարտավորության մարմանն ուղղված վճարումներ, որի արդյունքում պարտապանին առաջադրված պարտավորությունը նվազել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից (հատոր 1-ին, գ.թ. 122-128):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. մինչև ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը՝ 15.04.2020 թվականը, հարուցված սնանկության վարույթի դեպքում արդյո՞ք սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշելու համար պարտապանի եկամուտների վերաբերյալ ապացույցների բացակայությունը կամ դրանց անբավարարությունը կարող է հիմք հանդիսանալ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վճարելու պարտականությունից պարտապանին ազատելու համար, եթե սնանկության դիմումը մերժվել է այն հիմքով, որ դիմումը դատարան ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի՝ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի՝ հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն՝ իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում այդպիսի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով 19.02.2019 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին մինչև 15.04.2020 թվականը և դրանից հետո գործող խմբագրություններով:
12.12.2019 թվականին ընդունված և 15.04.2020 թվականին ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն օրենքով մեծածավալ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում, և «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող 72-րդ հոդվածով տրվել են այն անհրաժեշտ իրավական լուծումները, որոնք հնարավորություն են տալիս տարանջատել մինչև ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության վարույթների նկատմամբ հետագա կիրառելի իրավակարգավորումների շրջանակը: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:
Հետևաբար հստակ ընդգծվել է այն սահմանագիծը, թե սնանկության գործերի որ խմբի նկատմամբ են գործում 15.04.2020 թվականին ուժի մեջ մտած 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, և սնանկության գործերի որ խմբի նկատմամբ են շարունակում գործել մինչև 15.04.2020 թվականը (մինչև 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ` նույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով, դատարանը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության ժամանակավոր կառավարիչը`
ա) միջնորդություն է ներկայացնում դատարան` նույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումների կիրառման համար.
բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է նույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե» «զ» և «ժա.1» կետերով նախատեսված լիազորությունները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվում են կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշմամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է պարտապանի հաշվին` վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով:
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով (մինչև 15.04.2020 թվականի փոփոխությունները գործող խմբագրությամբ) սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցի վերաբերյալ կարգավորումները, փաստել է, որ սնանկության ժամանակավոր կառավարչին թեև վերապահված են սահմանափակ լիազորություններ, ինչպիսիք են գույքագրման կազմակերպումը, պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար միջոցների ձեռնարկումը, պարտապանի ֆինանսական վիճակի, սնանկության պատճառների, պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեության և ապրանքային շուկայում նրա դրության վերլուծումը, այնուամենայնիվ դատարանի կողմից որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը, որը պետք է իրացվի պարտապանի միջոցների հաշվին վերը թվարկած սահմանափակ լիազորություններն իրականացնելիս կամ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո մերժվում է:
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումը, քանի որ վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որևէ հիմքով՝ նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից: Այլ կերպ ասած՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերի առկայության դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը պետք է ստանա վարձատրություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարել անդրադառնալ այն հարցին, թե ինչ կարգով պետք է որոշվի ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը վրա հասնելու պայմաններում:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով ժամանակավոր կառավարչի վարձատրության չափի հաշվարկման ելակետային պայմաններ ուղղակիորեն չի նախատեսել՝ ամրագրելով միայն, որ փոխհատուցումն իրականացվում է պարտապանի հաշվին: Այդուհանդերձ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով դիմումը մերժելը չպետք է արգելք լինի ժամանակավոր կառավարչին վարձատրելու համար այն պատճառաբանությամբ, որ վարձատրության հստակ չափ սահմանված չէ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրական այսպիսի բացը հաղթահարելու մեխանիզմներ օրենսդիրն ամեն դեպքում նախատեսել է: Մասնավորապես` տվյալ դեպքում կիրառման է ենթակա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումն այն մասին, որ երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է պարտապանի հաշվին` վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են համապատասխանաբար պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ պարտապանին սնանկ ճանաչելու պահից: Այսինքն՝ երկու դեպքում էլ ժամանակավոր կառավարիչն իր լիազորություններն իրականացնում է նույն ժամանակահատվածում՝ սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելուց հետո մինչև պարտապանին սնանկ ճանաչելը կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելը: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ տրամաբանական և հիմնավորված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը կիրառել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում (տե՛ս, թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բարձրացված իրավական խնդիրն օրենսդրական լուծում է ստացել ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի ՀՕ-294-Ն օրենքով:
Այսպես՝ 15.04.2020 թվականից հետո գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվում են կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշմամբ: Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: Ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է սնանկ ճանաչված պարտապանի հաշվին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
Հետևաբար, եթե մինչև 15.04.2020 թվականը ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0078/04/17 գործով որոշումից էր հետևում, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով դիմումը մերժելը չպետք է արգելք լինի ժամանակավոր կառավարչին վարձատրելու համար այն պատճառաբանությամբ, որ վարձատրության հստակ չափ սահմանված չէ, ապա 15.04.2020 թվականից հետո այն ուղղակիորեն ամրագրվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով՝ հստակ սահմանելով նաև ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ինչպես մինչև 15.04.2020 թվականը, այնպես էլ դրանից հետո գործող օրենսդրությամբ սկզբունքային է եղել այն, որ դատարանի կողմից որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը:
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով հայտնած իրավական դիրքորոշումը, հարկ է համարում անդրադառնալ նաև սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշելուն այն դեպքերում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով մերժվել է ֆիզիկական անձին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջը) սնանկ ճանաչելու դիմումը, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարտապանը գույք կամ եկամուտ չունի:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմի բացակայության և օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքները կամ տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքները (իրավունքի անալոգիա): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Իրավական անորոշության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է 18.04.2006 թվականի թիվ ՍԴՈ-630 որոշման մեջ, որում ամրագրել է, որ «որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի և իրավունքի անալոգիան իրավական որոշակիության սկզբունքի հետ փոխկապակցված՝ իրավական բացերը հաղթահարելու միջոց է: Այսինքն՝ սահմանելով անալոգիայի կիրառման հնարավորություն՝ օրենսդիրը թույլ է տալիս հաղթահարել իրավական բացերն այն իրավահարաբերություններում, որոնցում արգելված չէ անալոգիայի կիրառումը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ օրենքի և անալոգիայի կիրառման ժամանակ պետք է որպես ուղենիշ ընդունել նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված՝ օրենսդրի նպատակի բացահայտման եղանակները:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 15.04.2020 թվականը գործող կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշելու հարցում անալոգիայի կիրառման անհրաժեշտությունը ծագում է մի քանի տեսանկյունից.
1) Նախ, թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով օրենսդրի կամքն այն մասին, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը նշանակման պահից ձեռք է բերում վարձատրության իրավունք, անալոգիա կիրառելով արձանագրել է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը վարձատրություն ստանալու իրավունք ունի ոչ միայն այն դեպքում, երբ այլ անձ է նշանակվել սնանկության կառավարիչ, այլ նաև այն դեպքում, երբ սնանկության դիմումը մերժվել է՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով: Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, կիրառելով օրենքի անալոգիա, սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշելու հիմք է սահմանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը:
2) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ սնանկ ճանաչված պարտապանը ֆիզիկական անձ է (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր), իսկ սնանկության դիմումը մերժվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, ապա այդ դեպքում ևս անհրաժեշտ է կիրառել օրենքի անալոգիա՝ կիրառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը, և սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշել պարտապանի մեկ տարվա եկամտի 1/12 մասի չափով:
3) Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև այն դեպքերին, երբ սնանկ ճանաչված պարտապանը որևէ գույք կամ եկամուտ չունի:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ օրենսդրի նպատակն այն է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը ստանա վարձատրություն նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով դիմումը մերժվելու դեպքում, գտնում է, որ այս դեպքում նույնպես անհրաժեշտ է կիրառել օրենքի անալոգիա, և սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշել սնանկության կառավարչի վարձատրությունը սահմանող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով, այն է՝ եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Սույն կարգավորումը թեև վերաբերում է սնանկության գործով կառավարչին, սակայն նկատի ունենալով, որ օրենսդրի կամքն է սնանկության ժամանակավոր կառավարչին վճարել վարձատրություն՝ առանց որևէ նախապայմանի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդրական այսպիսի բացը հաղթահարելու մեխանիզմ օրենսդիրն ամեն դեպքում նախատեսել է հենց մինչև 15.04.2020 թվականի փոփոխությունները գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով: Ուստի վերոնշյալ դեպքերում սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշելիս պետք է հաշվի առնվի օրենսդրի ընդհանուր կամքը՝ տվյալ դեպքում մինչև 15.04.2020 թվականի փոփոխությունները գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը՝ միաժամանակ հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ ժամանակավոր կառավարչի վարձատրությունը պետք է վճարվի պարտապանի կողմից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է, որ սույն դիրքորոշումը կիրառելի է մինչև 15.04.2020 թվականը հարուցված սնանկության գործերի նկատմամբ՝ նկատի ունենալով, որ 15.04.2020 թվականից ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի ՀՕ-294-Ն օրենքով վերը նշված իրավական բացերը լրացվել են:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեն փոստային առաքմամբ 16.08.2019 թվականին սնանկության դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, որն ընդունվել է վարույթ 20.08.2019 թվականի որոշմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն սնանկության վարույթը հարուցվել է մինչև 15.04.2020 թվականը, ուստի նշված սնանկության գործը պետք է վարվի մինչև 15.04.2020 թվականի փոփոխությունները գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով:
Սույն գործով ՀՀ սնանկության դատարանի 03.09.2019 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Միքաելյանը:
Դատարանը, պարտապանի կողմից պարտավորության մասնակի մարման արդյունքում պարտապանի անվճարունակության հատկանիշի վերացման հիմքով մերժելով Կոմիտեի դիմումը, միաժամանակ արձանագրել է, որ սնանկության գործում առկա փաստերը բավարար չեն սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշելու համար: Դատարանը նաև փաստել է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից ևս չի ներկայացվել համապատասխան հաշվարկ, որը կներառեր ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարի չափը, որպիսի պայմաններում Դատարանը հնարավորություն կունենար հաստատել ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը: Ուստի Դատարանը եզրահանգել է, որ ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վճարելու պարտականությունը պարտապանի վրա չի կարող դրվել։
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումը, գտել է, որ տվյալ պարագայում անհնար է որոշել կառավարչի վարձատրության չափը ապացույցների բացակայության պատճառով։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առանց համապատասխան ապացույցների՝ ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը ոչ հստակ՝ պարտապանի տարեկան վաստակի 1/12 չափով սահմանելով՝ Դատարանը կկայացներ այնպիսի դատական ակտ, որը չէր համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին և իրավակիրառ պրակտիկայում տեղիք կտար կամայական և տարածական մեկնաբանության: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը կարևորել է, որ Դատարանը 23.09.2019 թվականին «Պարտապան ընկերության, վերջինիս գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» որոշում է կայացրել, մինչդեռ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ կետի հիմքով, այսինքն՝ անհնար է եղել պարզել պարտապանի գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է սկզբունքային նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն օրենսդիրը չի պայմանավորել որևէ նախապայմանով: Այսինքն՝ նշանակվելով ժամանակավոր կառավարիչ՝ անձն արդեն իսկ ձեռք է բերում վարձատրության իրավունք:
Թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, կիրառելով օրենքի անալոգիա, արդեն իսկ ուղենիշ էր սահմանել դատարանների համար՝ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության որոշման հարցում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատարանները պետք է նախ պարզեին պարտապանի գույք կամ եկամուտ ունենալու հանգամանքը, ապա գույքի կամ եկամտի առկայության դեպքում կիրառելով անալոգիա՝ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշեին պարտապանի մեկ տարվա եկամտի 1/12 մասի չափով: Այն դեպքերում, երբ պարզվեր, որ պարտապանը գույք կամ եկամուտ չունի, ապա սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը (պարտապանի հաշվին) պետք է որոշվեր նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները, իրավական բացն օրենքի անալոգիայի միջոցով չհաղթահարելով, թույլ են տվել դատական սխալ, որը ոչ միայն ազդել է գործի ելքի վրա, այլ նաև խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը դարձել է փաստացի անիրացվելի:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա գործը՝ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշելու համար, նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2020 թվականի որոշումը և գործը` անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանին վարձատրություն նշանակելու հարցը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ե. Խունդկարյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՍնԴ/1324/04/19 սնանկության գործով 18.09.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 18.09.2020 թվականին քննելով անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2020 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) դիմումի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․04․2020 թվականի որոշումը և գործը՝ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանին վարձատրություն նշանակելու հարցը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ՝ Դատարան) 22.01.2020 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 22.01.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրն իմպերատիվ կերպով սահմանել է, որ դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ երբ գործնականում որևէ կերպ հնարավոր չի լինում որոշել տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափը, ապա ժամանակավոր կառավարչի վարձատրությունը սահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
Ընդ որում, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով արձանագրել է, որ դատարանի կողմից սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու պահից վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2020 թվականի որոշումը և այն փոփոխել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1) Կոմիտեն փոստային առաքմամբ 16.08.2019 թվականին սնանկության դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, որն ընդունվել է վարույթ 20.08.2019 թվականի որոշմամբ (հատոր 1-ին, գ.թ. 2-5, 23, 24):
2) ՀՀ սնանկության դատարանի 03.09.2019 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Միքաելյանը (հատոր 1-ին, գ.թ. 58):
3) ՀՀ սնանկության դատարանի 23.09.2019 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի, վերջինիս գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (հատոր 1-ին, գ.թ. 67):
4) ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Տիգրան Ալեքսանյանի՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 18.10.2019 թվականի որոշման համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ Լուսիկ Պողոսյանի անվամբ Երևան քաղաքի Թաիրով փողոցի թիվ 10 հողամասի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի բանկային հաշվին առկա է 574 ՀՀ դրամ գումար: Պարտապանին, ինչպես նաև վերջինիս անվամբ հաշվառված «KIA RIO 1.4» մակնիշի, 2008 թվականի արտադրության, 35CF377 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում: Այլ գույք չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 76):
5) Դատարանի 22.01.2020 թվականի վճռի համաձայն՝ սնանկության դիմում ներկայացվելուց հետո անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի կողմից կատարվել են պարտավորության մարմանն ուղղված վճարումներ, որի արդյունքում պարտապանին առաջադրված պարտավորությունը նվազել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից (հատոր 1-ին, գ.թ. 122-128):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. մինչև ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը՝ 15.04.2020 թվականը, հարուցված սնանկության վարույթի դեպքում արդյո՞ք սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշելու համար պարտապանի եկամուտների վերաբերյալ ապացույցների բացակայությունը կամ դրանց անբավարարությունը կարող է հիմք հանդիսանալ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վճարելու պարտականությունից պարտապանին ազատելու համար, եթե սնանկության դիմումը մերժվել է այն հիմքով, որ դիմումը դատարան ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեն փոստային առաքմամբ 16.08.2019 թվականին սնանկության դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, որն ընդունվել է վարույթ 20.08.2019 թվականի որոշմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն սնանկության վարույթը հարուցվել է մինչև 15.04.2020 թվականը, ուստի նշված սնանկության գործը պետք է վարվի մինչև 15.04.2020 թվականի փոփոխությունները գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով:
Սույն գործով ՀՀ սնանկության դատարանի 03.09.2019 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Միքաելյանը:
Դատարանը, պարտապանի կողմից պարտավորության մասնակի մարման արդյունքում պարտապանի անվճարունակության հատկանիշի վերացման հիմքով մերժելով Կոմիտեի դիմումը, միաժամանակ արձանագրել է, որ սնանկության գործում առկա փաստերը բավարար չեն սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը որոշելու համար: Դատարանը նաև փաստել է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից ևս չի ներկայացվել համապատասխան հաշվարկ, որը կներառեր ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարի չափը, որպիսի պայմաններում Դատարանը հնարավորություն կունենար հաստատել ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը: Ուստի Դատարանը եզրահանգել է, որ ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վճարելու պարտականությունը պարտապանի վրա չի կարող դրվել։
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումը, գտել է, որ տվյալ պարագայում անհնար է որոշել կառավարչի վարձատրության չափը ապացույցների բացակայության պատճառով։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առանց համապատասխան ապացույցների՝ ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը ոչ հստակ՝ պարտապանի տարեկան վաստակի 1/12 չափով սահմանելով՝ Դատարանը կկայացներ այնպիսի դատական ակտ, որը չէր համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին և իրավակիրառ պրակտիկայում տեղիք կտար կամայական և տարածական մեկնաբանության: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը կարևորել է, որ Դատարանը 23.09.2019 թվականին «Պարտապան ընկերության, վերջինիս գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» որոշում է կայացրել, մինչդեռ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ կետի հիմքով, այսինքն՝ անհնար է եղել պարզել պարտապանի գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է սկզբունքային նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն օրենսդիրը չի պայմանավորել որևէ նախապայմանով: Այսինքն՝ նշանակվելով ժամանակավոր կառավարիչ՝ անձն արդեն իսկ ձեռք է բերում վարձատրության իրավունք:
Թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, կիրառելով օրենքի անալոգիա, արդեն իսկ ուղենիշ էր սահմանել դատարանների համար՝ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության որոշման հարցում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատարանները պետք է նախ պարզեին պարտապանի գույք կամ եկամուտ ունենալու հանգամանքը, ապա գույքի կամ եկամտի առկայության դեպքում կիրառելով անալոգիա՝ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը որոշեին պարտապանի մեկ տարվա եկամտի 1/12 մասի չափով: Այն դեպքերում, երբ պարզվեր, որ պարտապանը գույք կամ եկամուտ չունի, ապա սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը (պարտապանի հաշվին) պետք է որոշվեր նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները, իրավական բացն օրենքի անալոգիայի միջոցով չհաղթահարելով, թույլ են տվել դատական սխալ, որը ոչ միայն ազդել է գործի ելքի վրա, այլ նաև խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը դարձել է փաստացի անիրացվելի:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2020 թվականի որոշումը և գործը` անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պողոսյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Միքաելյանին վարձատրություն նշանակելու հարցը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության։
5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Նախ և առաջ հարկ է արձանագրել, որ Վճռաբեկ բողոք բերած անձի կողմից վկայակոչված ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերելի չեն սույն գործի փաստական հանգամանքներին ինչպես պարտապան սուբյեկտին վերաբերվող իրավակարգավորումների, այնպես էլ սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից ցուցաբերված դատավարական վարքագծին դատարանի կողմից իրավական եզրահանգումների և դիրքորոշումների առումով։ Մասնավորապես ժամանակավոր կառավարչի կողմից բողոքում վկայակոչված գործով ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցը լուծելիս դատարանի պատճառաբանությունները վերաբերվել են ժամանակավոր կառավարչի կողմից կատարվելիք աշխատանքի ծավալին և վարձատրության հարցը մերժվել էր բացառապես կատարված աշխատանքի վերաբերյալ ապացույցների բացակայության հիմքով։ Մինչդեռ սույն գործով առկա են բոլորովին այլ փաստական հանգամանքներ և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով վարձատրություն ստանալու ժամանակավոր կառավարչի իրավունքը խախտված լինելու հարցին անդրադառնալուց առաջ պետք էր պարզել ժամանակավոր կառավարչի կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում բողոքի այդ հիմքի իրավական հիմնավորվածության հարցը, քանի որ դատական ակտի կայացման պահի դրությամբ ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով այդպիսի օրենսդրական կարգավորում չի եղել։ Դատական ակտ կայացնելու պահի դրությամբ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցը լուծող միակ թույլատրելի օրենսդրական ակտը եղել է մինչև 15․04․2020թ․ խմբագությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը, հետևաբար դատարանի իրավական եզրահանգումների իրավաչափությունը գնահատելիս պետք է հենվենք բացառապես վերը նշված դատավարական օրենքի վրա։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
Սույն գործի փաստերից հետևում է, որ սնանկության դատարանն ըստ էության անդրադարձել է ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին և հաստատված փաստական հանգամանքների վերաբերյալ կատարելով անհրաժեշտ վերլուծություններ ի վերջո պարտապանին չի պարտավորեցրել վճարելու ժամանակավոր կառավարչի վարձատրությունը, քանի որ վերջինս ապացույցներ չի ներկայացրել դատարանին դրա չափի վերաբերյալ։ Ընդ որում ժամանակավոր կառավարիչը չի մասնակցել նաև դատական նիստին և դիրքորոշում չի ներկայացրել բողոքարկվող հարցի վերաբերյալ։
Նման պայմաններում այս հարցը չէր կարող դառնալ վերաքննիչ դատարանի քննարկման առարկա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման հիմքով։
Ինչ վերաբերում է օրենքի անալոգիայի եղանակով իրավական բացը լրացնելուն, ապա պետք է նշել, որ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. Եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):
Այսինքն օրենքի անալոգիա կիրառելու համար անհրաժեշտ պայման է օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերություն կարգավորող իրավական նորմի բացակայությունը և համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերի սահմանված լինելը օրենսդրությամբ։
Վերոգրյալից բխում է, որ օրենքի անալոգիա կիրառելիս պետք է ընտրել համանման հասարակական հարաբերություններ կարգավորող այն իրավական նորմերը, որոնք արդեն իսկ սահմանված են օրենսդրությամբ և այդ պահի դրությամբ գործում են։
Այս առումով պետք է արձանագրել, որ դատական ակտի կայացման պահին վճռաբեկ դատարանի կողմից վկայակոչված ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի ՀՕ-294-Ն օրենքն ուժի մեջ չի եղել, հետևաբար դատարանը այդ նորմատիվ իրավական ակտը չէր կարող կիրառել անալոգիայի կարգով։ Բացի այդ օրենքի անալոգիան չէր կարող կիրառվել նույն օրենքում կատարված փոփոխությունների լրացումներին հետադարձ ուժ տալով, այն պայմաններում, երբ տվյալ օրենքի անցումային դրույթներ սահմանող 72-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն ն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով։ Այսինքն վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահի դրությամբ ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի ՀՕ-294-Ն օրենքի անցումային դրույթներն ուղակի բացառել են այդ օրենքի կիրառությունը մինչև 15.04.2020թ․ ծագած իրավահարաբերությունների նկատմամբ առկա սնանկության վարույթների նկատմամբ։
Սնանկության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն․
1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
2. Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
Նշված հոդվածի բովանդակությունից հետևում է օրենսդիրը սնանկության վարույթի իրականացումը նախատեսել է բացառապես Սնանկության մասին ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով սահմանված՝ նորմատիվ իրավական ակտերի գործողությանը ներկայացվող պահանջներին համապատասխան։
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:
Ակնհայտ է, որ իրավահարաբերության պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը չի նախատեսել սնանկության ֆիզիկական անձի կողմից սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն տալու մեխանիզմ և առկա իրավակարգավորումները վերաբերել են բացառապես կազմակերպություններին․ հետևաբար օրենքի անալոգիայի կիրառմամբ խախտված է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները։
Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման ժամանակավոր կառավարչի կողմից բողոքարկվող հարցի վերաբերյալ ստորադաս դատարանում դիրքորոշում չարտահայտելու, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում օրենքի անալոգիա կիրառելու հիմքի և հիմնավորման բացակայության, ինչպես նաև օրենքի անալոգիա կիրառելու հիմքերի բացակայության պատճառով։
Դատավորներ` Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: