Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԷԴ/0112/01/12

 ԵԿԴ/0238/01/10

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

 

Ս. Ավետիսյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

 

 

 

քարտուղարությամբ` 

Ն. Թումանյանի

  

 2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Էդգար Վլադիմիրի Մարկոսյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով (թիվ ԵԿԴ/0238/01/10 քրեական գործով) Էդգար Վլադիմիրի Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, Էդ.Մարկոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով։ Էդ.Մարկոսյանի նկատմամբ կիրառվել է թմրամոլության դեմ հարկադրական բուժում։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2010 թվականի մարտի 10-ից:

2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճռով (թիվ ԵԷԴ/0112/01/12 քրեական գործով) Էդգար Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկում պատժից չկրած 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ից:

3. Ամբաստանյալ Էդ.Մարկոսյանի պաշտպան Կ.Մանուչարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մարտի 11-ի որոշմամբ պաշտպանի բողոքը վերադարձրել է:

5. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ Էդգար Մարկոսյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի չկրած մասը՝ 6 (վեց) ամիս 13 (տասներեք) օրը կրելուց:

5.1. ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Մ.Սողոմոնյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի հունվարի 11-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բեկանել է և դատապարտյալ Էդ.Մարկոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացրել1:

5.2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Էդգար Մարկոսյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի չկրած մասը՝ 3 (երեք) ամիս 9 (ինը) օրը կրելուց2:

6. Դատապարտյալ Էդ.Մարկոսյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքների հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի մարտի 28-ի և 2019 թվականի ապրիլի 19-ի որոշումներով հարուցել է դատական ակտերի վերանայման վարույթներ և վճռաբեկ բողոքներն ընդունել վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով Էդ.Մարկոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ. «(…) նա 2009 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2010 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում քննությամբ չպարզված հանգամանքներում իրացնելու և իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի` 20 գրամ «ափիոն» և 0.14 գրամ «հերոին» տեսակների թմրամիջոցներ, որոնցից «ափիոնի» մի մասը խառնելով ջրի հետ, իրացնելու և իր գործածման համար պատրաստել և ստացել է զգալի չափերի` համապատասխանաբար` 0.0375 գրամ և 0.0338 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց, որից զգալի չափերի` 0.0338 գրամ «ացետիլացված ափիոնը» 2010 թվականի մարտի 10-ին ցանկացել է իրացնել Էդգար Ալեքսանդրի Խաչատրյանին։

(…) Բացի այդ, Էդգար Մարկոսյանը, կրկին անգամ, 2010 թվականի փետրվար ամսվա վերջերին քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` 0.14 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, որը 2010 թվականի մարտի 10-ին հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի աշխատակիցների կողմից նրա անձնական խուզարկությամբ (...)»։3

8. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճռով Էդ.Մարկոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ. «(…)նա ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար 2010 թվականի նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման և 2010 թվականի հոկտեմբերի 13-ից պատիժը ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկում կրելու ընթացքում առանց իրացնելու նպատակի` իր օգտագործման համար փորձել է ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափի` 0.53 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց (...)»4:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Էդգար Մարկոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի մարտի 11-ի որոշումը վերանայելու համար:

12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

13. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն5:

14. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»6:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»7:

15. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 491-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

16. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»։

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1.Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «հերոին» տեսակի թմրամիջոցի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանված եղել ավելի քան 0.1 գրամը, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «հերոին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.03 գրամից մինչև 0.15 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.15 գրամից մինչև 0.75 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 0.75 գրամը: «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.02 գրամից մինչև 0.1 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Էդ.Մարկոսյանը՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ 2009 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2010 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում քննությամբ չպարզված հանգամանքներում իրացնելու և իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի` 20 գրամ «ափիոն» և 0.14 գրամ «հերոին» տեսակների թմրամիջոցներ, որոնցից «ափիոն» տեսակի թմրամիջոցի մի մասը խառնելով ջրի հետ, իրացնելու և իր գործածման համար պատրաստել և ստացել է զգալի չափերի` համապատասխանաբար` 0.0375 գրամ և 0.0338 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց, որից զգալի չափերի` 0.0338 գրամ «ացետիլացված ափիոնը» 2010 թվականի մարտի 10-ին ցանկացել է իրացնել Էդգար Ալեքսանդրի Խաչատրյանին8,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով Էդ.Մարկոսյանը դատապարտվել է այն բանի համար, որ կրկին անգամ, 2010 թվականի փետրվար ամսվա վերջերին քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` 0.14 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, որը 2010 թվականի մարտի 10-ին հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի աշխատակիցների կողմից նրա անձնական խուզարկությամբ9,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ 2010 թվականի հոկտեմբերի 13-ից պատիժը ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկում կրելու ընթացքում, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար փորձել է ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափի` 0.53 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց10:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Էդ.Մարկոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Էդ.Մարկոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «հերոին» տեսակի թմրամիջոցի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.14 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե առանձնապես խոշոր, այլ զգալի չափի է, իսկ 0.53 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե առանձնապես խոշոր, այլ խոշոր չափի է: Ուստի` դատապարտյալ Էդ.Մարկոսյանին մեղսագրված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին և 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին։ Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Էդ.Մարկոսյանի կողմից կատարված հանցանքների վրա:

19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Էդ.Մարկոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը վերանայելու համար։

20. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել Էդ.Մարկոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը: Դատապարտյալ Էդ.Մարկոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Էդ.Մարկոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։

Դատավճիռը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ:

Վերոգրյալի հետ մեկտեղ անհրաժեշտ է նոր հանգամանքի հիմքով վերանայել նաև Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի մարտի 11-ի որոշումը:

Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը: Դատապարտյալ Էդ.Մարկոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել նախորդ՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժի՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ չկրած՝ 7 (յոթ) ամիս 11 (տասնմեկ) օր ժամկետով ազատազրկումից 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումը և Էդ.Մակոսյանի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 8 (ութ) ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ից Էդ.Մարկոսյանի պատիժը պետք է համարել կրած։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դատապարտյալ Էդգար Վլադիմիրի Մարկոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի մարտի 11-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Էդգար Վլադիմիրի Մարկոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել: Դատապարտյալ Էդգար Մարկոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Է.Մարկոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։

3. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դատապարտյալ Էդգար Մարկոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել նախորդ՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժի՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ չկրած՝ 7 (յոթ) ամիս 11 (տասնմեկ) օր ժամկետով ազատազրկումից 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 8 (ութ) ամիս ժամկետով:

4. Պատժի սկիզբը հաշվել՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ից և Էդգար Մարկոսյանի պատիժը համարել կրած։

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________

1 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Էդգար Մարկոսյանի վերաբերյալ թիվ ԱՐԴ1/0055/12/17 քրեական գործը:

2 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Էդգար Մարկոսյանի վերաբերյալ թիվ ԱՐԴ1/0082/12/18 քրեական գործը:

3 Տե՛ս թիվ ԵԿԴ/0238/01/10 քրեական գործ, հատոր 1, թերթեր 231-232:

4 Տե՛ս թիվ ԵԷԴ/0112/01/12 քրեական գործ, հատոր 3, թերթ 23:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

8 Տե՛ս թիվ ԵԿԴ/0238/01/10 քրեական գործ, հատոր 1, թերթեր 231-232:

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: