ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1293-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 10.12.20 N 2004-Ն)
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) համայնքի ավագանու կողմից սահմանված վճարովի ավտոկայանատեղերի (այսուհետ` ավտոկայանատեղ) կազմակերպման ու գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ավտոկայանատեղ` ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կահավորված բաց հարթակ (փողոցի մաս, հրապարակ), որտեղ ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է առանց պահպանման ծառայություն մատուցելու.
2) ավտոկայանատեղի կազմակերպիչ` համայնքի ղեկավար կամ համայնքային ենթակայության կազմակերպություն կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, համայնքի ավագանու որոշման հիման վրա, համայնքի ղեկավարի հետ կնքած պայմանագրի համաձայն կազմակերպում է ավտոկայանատեղի գործունեությունը և ավտոկայանատեղի համար գանձում է վճար.
3) ծառայողական ավտոկայանատեղ` ավտոկայանատեղ, որի կազմակերպման իրավունքը վճարված վճարի դիմաց հանձնված է որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի, որը կարող է սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունի ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար.
4) ավտոկայանման գործունեություն` ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման վճարի գանձման հետ կապված` օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն.
5) հատուկ տարածք` ավտոկայանատեղում կայանման պահանջների խախտման հետևանքով ավտոկայանատեղից տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման (տեղավորման) համար նախատեսված մասնագիտացված տարածք, որը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համայնքի կամ համայնքի կողմից լիազորված կազմակերպության կողմից:
(2-րդ կետը փոփ. 10.12.20 N 2004-Ն)
II. ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
3. Ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացվում է համայնքի ավագանու որոշման հիման վրա: Ավտոկայանատեղերի տեղաբաշխումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ: Եթե ավտոկայանատեղերը պետք է կազմակերպվեն զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա այդ ավտոկայանատեղի տեղաբաշխումը համաձայնեցվում է նաև համապատասխան մարմինների հետ:
4. Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է համայնքի ղեկավարի կամ համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք գանձում են վճար` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
(4-րդ կետը փոփ. 10.12.20 N 2004-Ն)
5. Ավտոկայանատեղի կազմակերպիչը վճարը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
(5-րդ կետը փոփ. 10.12.20 N 2004-Ն)
6. Ավտոկայանատեղեր կարող են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական և այլ նորմերի պահանջներին համապատասխան, ընդ որում`
1) փողոցի երթևեկելի գոտում` միայն երթևեկելի մասի եզրի երկարությամբ ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ` պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը.
2) փողոցի երթևեկելի մասի տեղային լայնացում ունեցող հատվածում` ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման պահանջներին համապատասխան:
III. ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը`
1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, վճարի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի գետնանշում.
3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար՝ նաև «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշաններ.
5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև «Ծառայողական» ցուցանակ:
(7-րդ կետը փոփ. 10.12.20 N 2004-Ն)
8. Ավտոկայանատեղի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան` ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին:
9. Ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:
10. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պահանջով` նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի կայանման մասին տրամադրվում է տեղեկանք՝ հաստատված ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից: Տեղեկանքում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները՝
1) ավտոկայանատեղի կազմակերպչի անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
2) ավտոկայանատեղի գտնվելու վայրը.
3) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը.
4) ավտոտրանսպորտային միջոցի կայանման ընդունման ամսաթիվը, կայանման սկիզբը, ավարտը, տևողությունը.
5) վճարված տեղական վճարի գումարի չափը:
(10-րդ կետը փոփ. 10.12.20 N 2004-Ն)
(հավելվածը փոփ. 10.12.20 N 2004-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |