Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

 

ԵԿԴ/0190/06/08

   

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

   

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

 

         

 2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

     

2019 թվականի նոյեմբերի 7-ին  ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 5-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի, 2008 թվականի մայիսի 19-ի, 2008 թվականի նոյեմբերի 18-ի որոշումների դեմ դիմող Գրիգոր Հարությունի Ոսկերչյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա հարուցված վարույթով գործը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

   

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի՝ 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 2-րդ մասով և 225-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների  հատկանիշներով:

2008 թվականի մարտի 8-ին Գրիգոր Հարությունի Ոսկերչյանը ձերբակալվել է:

2. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանի՝ 2008 թվականի մարտի 11-ի որոշմամբ Գ.Ոսկերչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:

3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մարտի 11-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և Գ.Ոսկերչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

Գ.Ոսկերչյանի պաշտպան Հ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի մարտի 21-ի որոշմամբ բողոքը մերժել է` բողոքարկված դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ։

3.1 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մայիսի 4-ի որոշմամբ Գ.Ոսկերչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

Վերոհիշյալ դատական ակտի դեմ Գ.Ոսկերչյանի պաշտպան Հ.Գևորգյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի մայիսի 19-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ։

3.2 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ Գ.Ոսկերչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

Վերոհիշյալ դատական ակտի դեմ Գ.Ոսկերչյանի պաշտպան Հ.Գևորգյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ հավատարմագրված փաստաբանի միջոցով Գ.Ոսկերչյանի բերած բողոքը վերադարձրել է:

3.3 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Գ.Ոսկերչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

3.4 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ Գ.Ոսկերչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

Վերոհիշյալ դատական ակտի դեմ պաշտպան Ս.Ոսկանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ։

4. Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

4.1 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճռով ամբաստանյալ Գ.Ոսկերչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով։ «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի կիրառմամբ` Գ.Ոսկերչյանն ազատվել է պատիժը կրելուց։ Գ.Ոսկերչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նա ազատ է արձակվել:

5. Ամբաստանյալ Գ.Ոսկերչյանի, վերջինիս պաշտպաններ Մ.Շուշանյանի և Ս.Ոսկանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը:

6. Գ.Ոսկերչյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Գ.Ոսկերչյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված իրավունքների խախտում1:

7. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը՝ Գ.Ոսկերչյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը 2019 թվականի հունվարի 29-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

2019 թվականի ապրիլի 30-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու և ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Գրիգոր Ոսկերչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ. «(…) [Ն]ա 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության  նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի պարտություն կրելուց հետո ներգրավվելով նրա համախոհների խմբում, մի շարք այլ անձանց մասնակցությամբ հրահրել ու կազմակերպել է անկարգություններ, որոնք տեղի են ունեցել 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում և զուգորդվել լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով  (…)»2:

9. Ի պատասխան Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 7-ի թիվ ԴԴ6-Ե-1885 գրության՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի մարտի 27-ի թիվ ԴԴ-8-Ե-10463/19 գրությամբ հայտնել է, որ Գ.Ոսկերչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման կայացման վերաբերյալ որևէ տեղեկություն, ինչպես նաև որոշման կրկնօրինակ Վերաքննիչ դատարանում առկա չէ3:

9.1 Ի պատասխան Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 28-ի թիվ ԴԴ6-Ե-2530 գրության՝ ՀՀ դատական դեպարտամենտը 2019 թվականի մարտի 29-ի թիվ ԴԴ-1-Ե-2694 գրությամբ հայտնել է, որ Գ.Ոսկերչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմերի, Դատական դեպարտամենտի արխիվային փաստաթղթերի պահպանման բաժնի հետ, սակայն կատարված ուսումնասիրությունների արդյունքում Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը չի հայտնաբերվել4:

9.2 Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 3-ի թիվ ԴԴ6-Ե-2698 գրության համաձայն՝ Մ.Շուշանյանին կարիքն առաջանալու կապակցությամբ խնդրանք է ներկայացվել Վճռաբեկ դատարան ուղարկել իր կողմից վճռաբեկ բողոքում մատնանշված Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման պատճենը5:

9.3 Վճռաբեկ դատարանի աշխատակազմի կողմից կազմված՝ 2019 թվականի ապրիլի 26-ի և հոկտեմբերի 28-ի հեռախոսագրերի համաձայն՝ Գ.Ոսկերչյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը հայտնել է, որ Գ.Ոսկերչյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման պատճենը իրենց մոտ չի պահպանվել, ինչի մասին գրավոր կտեղեկացնի Վճռաբեկ դատարանին6:

9.4 Վճռաբեկ դատարանում սույն որոշումը կայացնելու օրվա դրությամբ Մ.Շուշանյանի կողմից որևէ գրություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերը նշված որոշման վերաբերյալ չի ստացվել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Դիմող Գ.Ոսկերչյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել նոր հանգամանքի հիմքով Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի, 2008 թվականի մայիսի 19-ի, 2008 թվականի հուլիսի 18-ի, 2008 թվականի սեպտեմբերի 19-ի, 2008 թվականի նոյեմբերի 18-ի որոշումների վերանայման վարույթ, բեկանել դրանք և վերացնել կալանավորման և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի մարտի 11-ի, 2008 թվականի մայիսի 4-ի, 2008 թվականի հուլիսի 2-ի, 2008 թվականի սեպտեմբերի 3-ի և 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյոք Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու փաստը նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 5-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի, 2008 թվականի մայիսի 19-ի, 2008 թվականի սեպտեմբերի 19-ի, 2008 թվականի նոյեմբերի 18-ի որոշումները վերանայելու հիմք է։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

(...)

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

 (…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։

(…)»։

13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը7։   

14. Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ենթադրյալ խախտմանը, Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում նշել է, որ. «(…) Դատարանն անդրադառնում է իր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված՝ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին և նշում է, որ արդեն իսկ եզրահանգել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում: Սույն գործով ներպետական դատարանները նույն կերպ են հիմնավորել դիմումատուի շարունակական կալանավորումը՝ միայն մեջբերելով ներպետական օրենսդրության համապատասխան իրավական սկզբունքները և անդրադառնալով հանցագործության ծանրությանը, առանց ներկայացնելու նրա գործի հատուկ փաստերը կամ ներկայացնելու մանրամասներ առ այն, թե ինչպես են հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկերը: Ուստի Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ դիմումատուին կալանավորելու համար (…) 8:

Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում9։

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու փաստը նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 5-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի, 2008 թվականի մայիսի 19-ի, 2008 թվականի նոյեմբերի 18-ի որոշումները վերանայելու հիմք է։

15.1 Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերում առկա չէ Եվրոպական դատարանի կողմից վկայակոչված և Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքում հիշատակված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից և ՀՀ դատական դեպարտամենտից ստացված գրությունները10, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հնարավոր չէ անդրադառնալ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման հարցին:  

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյոք Եվրոպական դատարանի՝ Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը հիմք է` Գ.Ոսկերչյանի կալանավորման և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը  բեկանելու համար:

17. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

17.1 Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ 

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը, 

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»11։

18. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

18.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii)  խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ12:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

19.1 Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»13:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են Գ.Ոսկերչյանի նախնական կալանքին։ Այդ որոշումների կայացումից հետո` Գ.Ոսկերչյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որի` 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճռով Գ.Ոսկերչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով։ «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` Գ.Ոսկերչյանն ազատվել է պատիժը կրելուց։ Գ.Ոսկերչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացվել  է, և նա ազատ է արձակվել14:

21. Ամբաստանյալ Գ.Ոսկերչյանի, վերջինիս պաշտպաններ Մ.Շուշանյանի և Ս.Ոսկանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը15:

22. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 17-19.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել։ Նման պայմաններում Գ.Ոսկերչյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը։ Բացի այդ, այն իրավական առումով նաև անիրագործելի է, քանի որ գործի մինչդատական վարույթում Գ.Ոսկերչյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը կհանգեցնի իրավական անորոշության` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանք եղել են ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել են իրենց իրավական նշանակությունը:

23. Վերոգրյալի հետ մեկտեղ անհրաժեշտ է փաստել, որ համանման պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի հունիսի 5-ի վճռի հիման վրա հարուցված վերանայման վարույթի շրջանակներում նոր հանգամանքի հիմքով Արարատ Մուրադխանյանի նախնական կալանքի վերաբերյալ որոշումների բեկանման պահանջով ներկայացված վճռաբեկ բողոքը16։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկողություն է իրականացնում Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ, 2018 թվականի հունիսի 7-ի թիվ CM/ResDH(2018)191 բանաձևով քննարկել է Հայաստանի վերաբերյալ կայացված ընդհանուր թվով յոթ վճիռների, այդ թվում` Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի վճռի կատարման ընթացքը և արձանագրել, որ նշված գործերով անհատական միջոցառումներն իրականացված են, արդարացի փոխհատուցումները վճարված են և մեղադրյալներից ոչ մեկը չի գտնվում մինչդատական կալանքի տակ, նրանք դատապարտվել կամ ազատ են արձակվել։ Արդյունքում հիշյալ գործերի կատարման նկատմամբ վերահսկողությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հայտարարվել է փակված17։

24. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի՝ Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը հիմք չէ Գ.Ոսկերչյանի կալանավորման և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը  բեկանելու համար։

25. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Ոսկերչյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ,  419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

     

Ո Ր Ո Շ Ե Ց

    

1. ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 5-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի, 2008 թվականի մայիսի 19-ի, 2008 թվականի նոյեմբերի 18-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել։

2. Վերանայման արդյունքում Գրիգոր Հարությունի Ոսկերչյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

     

__________________________________________

1  Տե'ս Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 28739/09:

2  Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 14:

3 Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթ 30:

4 Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթ 35:

5 Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթ 37:

6  Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 46, 56:

7  Տե'ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Արայիկ Զալյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

8  Տե'ս Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի վճռի 23-րդ կետը:

9  Տե'ս Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի վճռի 24-րդ կետը:

10  Տե'ս սույն որոշման 9-9.1-րդ կետերը:

11  Տե'ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

12  Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights.

13  Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

14  Տե՛ս սույն որոշման 4.1-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

16  Տե'ս Արարատ Մուրադխանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ-01/13 որոշումը:

17  Տե՛ս բանաձևը հետևյալ հղմամբ` https://search.coe.int/cm/Pages/resultdetails.aspx?ObjectID=090000 16808a08a7

         

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան