ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԱՐԴ/0003/11/19 |
ԱՐԴ/0003/11/19 |
Նախագահող դատավոր՝ Ա. Նիկողոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի հոկտեմբերի 9-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով, քննության առնելով դիմող Սյուզաննա Կարապետի Խաչատրյանի ներկայացուցիչ Է.Աղաջանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի հետաքննիչի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 48171118 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Սյուզաննա Կարապետի Խաչատրյանը ճանաչվել է տուժող։
3. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Գոռ Նվերի Ավետիսյանի և Իշխան Թելմանի Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Սյուզաննա Կարապետի Խաչատրյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով, և գործի վարույթը կարճվել է։
4. Վերը նշված որոշման դեմ Ս.Խաչատրյանի ներկայացուցչի բողոքն Արմավիրի մարզի դատախազ Վ.Հովհաննիսյանի՝ 2019 թվականի հունվարի 24-ի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
5. Դիմողի ներկայացուցիչ Է.Աղաջանյանի բողոքի քննության արդյունքում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ նախաքննության մարմնին պարտավորեցնելով վերացնել քրեական գործով թույլ տրված խախտումները, կատարել բազմակողմանի և լրիվ քննություն՝ հանցագործություն կատարած անձանց պարզելու և Ս.Խաչատրյանի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու նպատակով։
6. Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
7. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը։ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ1։ Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դիմող Ս.Խաչատրյանի ներկայացուցիչ Է.Աղաջանյանը` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատախազի բողոքի փաստարկները և հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածին, իր որոշմամբ փաստել է. «(...) ՀՀ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վ.Հովհաննիսյանն է հենց հանդիսանում իր՝ 2019 թվականի հունվարի 24-ի բողոքը մերժելու մասին որոշմամբ անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք՝ ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն ՀՀ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանը:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանը չի հանդիսանում ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԱՐԴ/0003/11/19 գործով 2019 թվականի մայիսի 22-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքով օժտված սուբյեկտ, հետևաբար՝ նրա կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»2։
8.1. Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանը, ով նաև մասնակցել է Առաջին ատյանի դատարանում բողոքի քննությանը3։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն իր վերլուծությունների հիմքում, ըստ էության, դրել է այն տրամաբանությունը, համաձայն որի՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու չէ մինչդատական քրեական վարույթն ավարտող՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության վիճարկման ընթացակարգում մասնակցելու, քանի որ այդ որոշման դեմ բերված բողոքը վերադաս դատախազի կողմից մերժվել է, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների տրամաբանությունից։ Հակառակը՝ եթե վերադաս դատախազը մերժել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 7-օրյա ժամկետում օրինական համարված որոշման դեմ բերված բողոքը, ապա վերջիններս՝ տվյալ դատախազը և իր վերադաս դատախազը համակարծիք են քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինական և հիմնավոր լինելու հարցում։ Ուստի, տվյալ դեպքում, ըստ բողոքաբերի, գործառութային տարանջատման սկզբունքի խախտման մասին խոսք լինել չի կարող։
10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ։
12. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1.Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
(...)
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
(...)
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
(...)
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (…):»:
13. Վճռաբեկ դատարանը Ժենիկ Հովսեփյանի գործով ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի կարգավորումների մեկնաբանմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին4։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- նախաքննության մարմնի` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման դեմ դիմող Ս.Խաչատրյանի ներկայացուցիչ Է.Աղաջանյանի բողոքը Արմավիրի մարզի դատախազ Վ.Հովհաննիսյանի՝ 2019 թվականի հունվարի 24-ի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ5,
- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի բողոքը բավարարել է՝ նախաքննության մարմնին պարտավորեցնելով վերացնել քրեական գործով թույլ տրված խախտումները, կատարել բազմակողմանի և լրիվ քննություն՝ հանցագործություն կատարած անձանց պարզելու և Ս.Խաչատրյանի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու նպատակով[6։ Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը մասնակցել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանը7,
- Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ արձանագրելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանի` վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը8:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը կամ մեղադրողը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման հնարավորությունը։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ։
16. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը պետք է բեկանել, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության9: Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Սյուզաննա Կարապետի Խաչատրյանի ներկայացուցիչ Է.Աղաջանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________________
1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 18-20:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 76-81
4 Մանրամասն տե՛ս Ժենիկ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշման 10-15-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
9 Տե՛ս, mutatis mutandis, Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|