Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1568
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 10.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 դեկտեմբերի 2020 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հոկտեմբերի 6-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի N 1008-Ա որոշմամբ «2016 թվականի հոկտեմբերի 6-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Նշված որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 25-ին:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի հունիսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Մոնրեալում: Այն նախատեսում է փոփոխություն կատարել 1944 թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայում՝ ավելացնելով օդանավագնացության հանձնաժողովի անդամների քանակը:

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է Գերագույն խորհրդի 1994 թվականի մարտի 29-ի որոշմամբ (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի Հ.Ն-1032-I որոշում):

Արձանագրությունն այն վավերացրած Պետությունների համար ուժի մեջ է մտնում 128-րդ վավերագիրն ի պահ հանձնելու օրվանից, իսկ Արձանագրությունը նշված ժամկետից ուշ վավերացրած ցանկացած Պայմանավորվող պետության համար ուժի մեջ է մտնում վերջինիս վավերագիրը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն ի պահ հանձնելու պահից: Արձանագրությունը վավերացվել է 45 պետության կողմից:

 

2. Արձանագրությամբ նախատեսվում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում՝ «կազմված է թվով տասնինը անդամներից» բառերը փոխարինել «կազմված է քսանմեկ անդամից» բառերով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

8 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1568

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան