Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.12.2020-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.780
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 670-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 35-րդ հոդվածներն ու 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 01.10.15 N 1130-Ն, փոփ. 10.12.20 N 2024-Ն)

1. Հաստատել՝

1) կենսաթոշակ վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 10.12.20 N 2024-Ն)

3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է.

2) սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են նաև լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշանակվող` պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի կենսաթոշակառուների կենսաթոշակը մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգերով կարող է վճարվել մինչև 2012 թվականի հուլիսի 1‑ը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.17 N 1135-Ն)

5) ոչ ուշ, քան սկսած 2012 թվականի հուլիսի 1-ից՝ համապատասխան մարմինների համակարգերի կենսաթոշակառուների (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված կենսաթոշակառուների) կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով` մինչև կենսաթոշակն ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունն ընտրելու կամ փոխելու համար կենսաթոշակառուի կողմից դիմում ներկայացնելը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.17 N 1135-Ն)

7) կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարող կազմակերպության համապատասխան աշխատողը մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում նաև այն դեպքում, երբ, որպես սույն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետում և N 3 հավելվածի 2.3.3-րդ կետում նշված` անձը հաստատող փաստաթուղթ, ներկայացվել է վճարման ցուցակում ներառված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացած է.

8) 2020 թվականի հուլիսի 1-ից՝

ա. կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով,

բ. միանվագ դրամական վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 23.02.12 N 184-Ն, 29.05.14 N 555-Ն, լրաց. 02.06.16 N 571-Ն, փոփ. 07.09.17 N 1135-Ն, 12.04.18 N 431-Ն, փոփ., լրաց. 10.12.20 N 2024-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում հրապարակելը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին` ձեռնարկել միջոցներ՝ կենսաթոշակառուների (այդ թվում` զինվորական կենսաթոշակ ստացող) հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի հիման վրա կենսաթոշակը սույն որոշմամբ սահմանված կարգով վճարելն ապահովելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակը, պատվովճարը, ամենամսյա պարգևավճարը, ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, վնասի փոխհատուցման գումարները (այսուհետ՝ կենսաթոշակ), կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները (այսուհետ` միանվագ դրամական վճարներ) վճարելուն առնչվող հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

(1-ին կետը խմբ. 01.10.15 N 1130-Ն, խմբ. 17.08.17 N 992-Ն, փոփ., լրաց. 10.12.20 N 2024-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) կենսաթոշակի գումար` ըստ վճարման ցուցակների կենսաթոշակ ստացող անձին վճարվող գումար.

2) կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակ է նշանակվել, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ.

3) կենսաթոշակ ստացող անձ՝ կենսաթոշակառու կամ կենսաթոշակը լիազորագրով ստանալու իրավունք ունեցող անձ.

3.1) միանվագ դրամական վճարի գումար` ըստ վճարման ցուցակների միանվագ դրամական վճար ստացող անձին վճարվող գումար.

3.2) միանվագ դրամական վճար ստացող անձ` անձ, ում նշանակվել կամ օրենքով սահմանված կարգով վճարվում է միանվագ դրամական վճար.

4) վճարման ցուցակ` կենսաթոշակ (այդ թվում՝ չվճարված կենսաթոշակի գումար) կամ միանվագ դրամական վճար ստացող անձանց տվյալների և նրանց վճարման ենթակա գումարներին վերաբերող տվյալների ամբողջություն, որի հիման վրա վճարվում են կենսաթոշակները (կենսաթոշակների վճարման ցուցակ ներառվում են այն կենսաթոշակառուների տվյալները, ում կենսաթոշակ վճարելն օրենքով սահմանված կարգով դադարեցված չէ) կամ միանվագ դրամական վճարները.

5) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին)` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներ.

6) բանկ` ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

7) կազմակերպություն` ծառայության հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարող վճարահաշվարկային կազմակերպություն.

8) սոցիալական ապահովության հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ.

9) միանվագ դրամական վճարների հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ:

(2-րդ կետը լրաց. 23.02.12 N 184-Ն, փոփ. 17.08.17 N 992-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.12.20 N 2024-Ն)

3. Միանվագ դրամական վճարները վճարվում են անկանխիկ եղանակով` բանկի միջոցով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային): Բանկի անվանումը ներառվում է միանվագ դրամական վճար վճարելու համար ներկայացված համապատասխան դիմումում (բանկի ընտրության առանձին դիմում չի ներկայացվում):

(3-րդ կետը լրաց. 01.10.15 N 1130-Ն, խմբ. 10.12.20 N 2024-Ն)

4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար դիմելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը ներառվում է համապատասխան դիմումում (կենսաթոշակը վճարելու եղանակի ընտրության առանձին դիմում չի ներկայացվում)։ Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու համար:

(4-րդ կետը լրաց. 01.10.15 N 1130-Ն, խմբ. 10.12.20 N 2024-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով):

(5-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

6. Դիմումում ներառվում են՝

1) կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

3) կենսաթոշակն ստանալու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև բանկի անվանումը, որտեղից կենսաթոշակառուն ցանկանում է ստանալ կենսաթոշակը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կազմակերպության անվանումը.

4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում):

(6-րդ կետը լրաց., փոփ. 10.12.20 N 2024-Ն)

6.1. (կետն ուժը կորցրել է 10.12.20 N 2024-Ն)

7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելու եղանակին (բանկին կամ կազմակերպությանը) վերաբերող տեղեկատվությունը մուտքագրում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան):

8. Տվյալ ամսվա կենսաթոշակը դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով) վճարվում է, եթե դիմումը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացվել մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան):

(8-րդ կետը փոփ. 29.08.13 N 973-Ն)

8.1. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարան մուտքագրված տվյալները (շտեմարանում կատարված փոփոխությունները), յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը (բացառությամբ սույն կարգի 44-րդ կետում նշված դեպքի) շտեմարանի համապատասխան ծրագրային գործիքի միջոցով ձևավորում է համապատասխան մարմնի համակարգի վճարման նախնական ցուցակը (այսուհետ՝ նախնական ցուցակ)՝ էլեկտրոնային տարբերակով։ Նախնական ցուցակը պահպանվում է շտեմարանում և հասանելի է համապատասխան մարմնին՝ դիտելու հնարավորությամբ։

(8.1-ին կետը լրաց. 07.09.17 N 1135-Ն, 10.12.20 N 2024-Ն)

8.2. Նախնական ցուցակում ներառվում են հետևյալ տվյալները՝

1) վճարման եղանակը.

2) կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ բանկի անվանումը և կենսաթոշակի գործի համարը.

3) կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը.

4) կենսաթոշակառուին վճարման ենթակա կենսաթոշակի գումարը (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և տեսակների.

5) կենսաթոշակառուին վճարման ենթակա ընդհանուր գումարը.

6) միանվագ դրամական վճարի գումարների վճարման դեպքում այդ գումարն ստացող անձի անունը, ազգանունը (առկայության դեպքում` նաև հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բանկի անվանումը և անձին վճարման ենթակա գումարները` ըստ տեսակների:

(8.2-րդ կետը լրաց. 07.09.17 N 1135-Ն, փոփ., լրաց. 10.12.20 N 2024-Ն)

8.3. Համապատասխան մարմինն ուսումնասիրում է նախնական ցուցակը և, անհամապատասխանությունների (անճշտությունների) բացակայության դեպքում, շտեմարանի համապատասխան ծրագրային գործիքի միջոցով հաստատում է նախնական ցուցակը, ձևավորում է (տպում է) անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիրը և կնքած հայտ-պահանջագիրը ներկայացնում է ծառայություն։ Նախնական ցուցակում առկա անհամապատասխանությունները (անճշտությունները) ճշտում է համապատասխան մարմինը՝ շտեմարանում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով, որից հետո ձևավորվում է նոր նախնական ցուցակ։

(8.3-րդ կետը  լրաց. 07.09.17 N 1135-Ն)

8.4.Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիրը ներառում է՝

1) տարեթիվը և ամիսը.

2) վճարման ցուցակում կենսաթոշակառուների թիվը, վճարվող զինվորական կենսաթոշակի գումարը՝ ըստ վճարման եղանակի, բանկերի (այդ թվում՝ տվյալ ամսվա համար վճարվող գումարը տարանջատելով անցած ժամանակահատվածի համար վճարվող գումարներից).

3) վճարման ցուցակում պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը, վճարվող պարգևավճարի գումարը՝ ըստ վճարման եղանակի, բանկերի (այդ թվում՝ տարանջատելով այն պարգևավճարի գումարը, որը վճարվում է զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձանց, իսկ տվյալ ամսվա համար վճարվող գումարը տարանջատելով անցած ժամանակահատվածի համար վճարվող գումարներից).

4) վճարման ցուցակում միանվագ դրամական վճար ստացող անձանց թիվը, այդ անձանց վճարվող գումարը՝ ըստ տեսակների և բանկերի:

(8.4-րդ կետը լրաց. 07.09.17 N 1135-Ն, խմբ. 10.12.20 N 2024-Ն)

8.5.Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների և միանվագ դրամական վճարների վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը շտեմարան է մուտքագրում ծառայությունը։ Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու (բանկ ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատվելու) վերաբերյալ տեղեկատվությունը բանկից ստանում և շտեմարանում այդ տեղեկատվության կիրառությունն ապահովում է ծառայությունը:

(8.5-րդ կետը լրաց. 07.09.17 N 1135-Ն, 10.12.20 N 2024-Ն)

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ
(վերնագիրը խմբ. 10.12.20 N 2024-Ն)
(գլուխը խմբ. 10.12.20 N 2024-Ն)

9. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է: Միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելը միանվագ դրամական վճարի գումարն ստացող անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:

10. Կենսաթոշակի և միանվագ դրամական վճարի գումարները, համապատասխանաբար, սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվում են գանձապետարանի միջոցով:

11. Կենսաթոշակը և միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշվի և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով (այսուհետ` պայմանագիր), իսկ սոցիալական ապահովության հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով: Բանկը բանկային հաշվի պայմանագիր կնքելու համար կենսաթոշակառուից պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրում է բանկի պաշտոնական կայքում:

12. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակի գործի համարը և բանկի անվանումը, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը նախորդ ամսվա ընթացքում ստորագրած (բանկ ներկայացած կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատված) անձանց վերաբերող տվյալները), ձևավորում է էլեկտրոնային վճարման ցուցակը:

13. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների անկանխիկ եղանակով էլեկտրոնային վճարման ցուցակը ձևավորվում է առանձին՝ հիմք ընդունելով սույն կարգի 8.3-րդ կետում նշված կարգով հաստատված նախնական ցուցակը:

14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին և գանձապետարանին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և գանձապետարանի միջոցով ապահովում վճարման ենթակա գումարի (այդ թվում` սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով սահմանված` ծառայությունների դիմաց վճարման ենթակա փոխհատուցման գումարի) փոխանցումը բանկին ու կենսաթոշակի գումարի փոխանցումը կենսաթոշակառուի կամ միանվագ դրամական վճարի գումարի փոխանցումը միանվագ դրամական վճար ստացող անձի բանկային հաշվին:

15. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին է տրամադրվում, և վճարման ենթակա գումարը բանկին է փոխանցվում սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:

16. Ծառայությունը և բանկը տեղեկատվությունը փոխանակում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

17. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու մասին ծառայության և կազմակերպության միջև կնքված պայմանագրով (այսուհետ` հիմնական պայմանագիր), իսկ կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին տրամադրելու պայմաններն ու կարգը` սույն կարգով և իրավական այլ ակտերով:

18. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակին և վճարող կազմակերպությանը վերաբերող), ձևավորում է տվյալ ամսվա վճարման ցուցակը և տպագրում է վճարման ցուցակի թղթային տարբերակը: Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարման ցուցակը տպագրվում է առանձին՝ հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը:

(18-րդ կետը լրաց. 07.09.17 N 1135-Ն)

19. Ծառայությունը սույն կարգով և հիմնական պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով կազմակերպությանն է տրամադրում վճարման ցուցակի թղթային և էլեկտրոնային տարբերակներն ու ապահովում է վճարման ենթակա գումարը կազմակերպությանը փոխանցելը: Համապատասխան մարմնի համակարգի կանխիկ եղանակով վճարման ցուցակի թղթային տարբերակը տպագրվում է, տրամադրվում է վճարող կազմակերպությանը և վճարման ենթակա գումարը բանկին փոխանցվում է սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:

(19-րդ կետը փոփ. 23.02.12 N 184-Ն, լրաց. 07.09.17 N 1135-Ն)

20. Կազմակերպությունը կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարում է Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում` կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին տրամադրելու միջոցով:

21. Կենսաթոշակ ստացող անձը կենսաթոշակի գումարն ստանալու համար կազմակերպության համապատասխան աշխատողին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը:

22. Կազմակերպության համապատասխան աշխատողը համադրում է կենսաթոշակ ստացող անձի ներկայացրած փաստաթղթի և վճարման ցուցակի տվյալները:

23. Անհամապատասխանություններ չլինելու դեպքում կազմակերպության աշխատողը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում կենսաթոշակի գումարը:

24. Կենսաթոշակ ստացող անձն ստորագրում է կենսաթոշակների վճարման ցուցակում:

25. Կազմակերպությունը տվյալ ամսվա կենսաթոշակը վճարում է մինչև տվյալ ամսվա 20-ը և հիմնական պայմանագրով սահմանված կարգով, վճարման ցուցակի հիման վրա, կենսաթոշակների վճարման վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է տրամադրում ծառայությանը` թղթային և էլեկտրոնային տարբերակով: Ծառայությունը և կազմակերպությունը տեղեկատվություն են փոխանակում փոխհամաձայնեցված կարգով:

(25-րդ կետը խմբ. 23.02.12 N 184-Ն)

26. Կազմակերպության մատուցած ծառայությունների համար վճարումը կատարվում է հիմնական պայմանագրով սահմանված կարգով:

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

27. Կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է վճարվել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված լիազորագրով:

28. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա վճարելու համար անձը դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում` ներկայացնելով լիազորագիրը: Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա լիազորագիրը կարող է ներկայացվել նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(28-րդ կետը խմբ. 10.12.20 N 2024-Ն)

29. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը տեսաներածում է (սկանավորում է) լիազորագրի բնօրինակը, էլեկտրոնային լուսապատճենը մուտքագրում է շտեմարան և վերադարձնում բնօրինակը:

(29-րդ կետը խմբ. 10.12.20 N 2024-Ն)

30. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը շտեմարան է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք, կենսաթոշակառուի տվյալների հետ միասին արտացոլվում են վճարման ցուցակում` որպես կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձ:

 

V. ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼԸ

(վերնագիրը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

 

31. Միանվագ դրամական վճարի գումարն ստանալու համար անձը (այսուհետ` շահառու) դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում։ Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա շահառուն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։

(31-րդ կետը փոփ. 17.08.17 N 992-Ն, 10.12.20 N 2024-Ն)

32. Դիմումում շահառուն նշում է նաև այն բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վճարման ենթակա գումարները: Եթե դիմումը միանվագ դրամական վճարի գումարն անկանխիկ եղանակով վճարելու մասին է, ապա դրանում նշում է նաև, որ ինքը տեղեկացված է, որ միանվագ դրամական վճարի բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, այդ գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում դադարում է միանվագ դրամական վճարն ստանալու իրավունքը, և այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(32-րդ կետը խմբ. 10.12.20 N 2024-Ն)

33. Դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում և շտեմարանի էլեկտրոնային մատյանում:

34. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ընդունում է որոշում միանվագ դրամական վճարի գումարը շահառուին վճարելու կամ վճարելը մերժելու կամ վճարելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ:

(34-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

35. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մերժում է միանվագ դրամական վճարի գումարը շահառուին վճարելը, եթե շահառուն չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

(35-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

36. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հետաձգում է միանվագ դրամական վճարի գումարը շահառուին վճարելու ժամկետը, եթե, շտեմարանի տվյալների համաձայն, առկա է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումար:

(36-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

37. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարը կանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը, շահառուի դիմելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, ծառայության անունից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:

38. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին տեղեկացնում է ծառայությանը` ներկայացնելով մահացած կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կենսաթոշակի գործի համարը:

(38-րդ կետը լրաց., փոփ. 10.12.20 N 2024-Ն)

39. Ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում բանկին տեղեկացնում է կենսաթոշակառուի մահվան մասին և ներկայացնում է գումարը հետ փոխանցելու մասին կարգադրություն (պահանջ):

(39-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

40. Եթե 39-րդ կետում նշված կարգադրության (պահանջի) հիման վրա, պայմանագրով սահմանված` կենսաթոշակառուի բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում, կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, ծառայությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:

(40-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

41. Ծառայությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնում է վճարման պահանջագրի հիման վրա կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ:

42. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված դեպքում՝ միանվագ դրամական վճարի գումարը շահառուին վճարվում է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելուց կամ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունվելուց հետո:

(42-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

43. (կետն ուժը կորցրել է 10.12.20 N 2024-Ն)

44. Միանվագ դրամական վճարի գումարը բանկի միջոցով ստանալու դեպքում` այդ գումարները վճարվում են (բանկին են փոխանցվում) դիմելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ:

(44-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

45. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված դեպքում՝ սույն կարգի 44-րդ կետով սահմանված ժամկետը հաշվարկվում է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելը կամ քրեական գործով վարույթը կասեցնելը հաստատող տեղեկատվությունն ստանալու օրվանից:

(45-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

46. Շահառուի անվամբ միանվագ դրամական վճարի հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել շահառուն կամ այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), ով բանկ է ներկայացնում շահառուի տված՝ նոտարական կարգով վավերացրած կամ դրան հավասարեցված՝ շահառուի անվամբ բացված միանվագ դրամական վճարի հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) պահանջը բանկին լիազորված անձի կողմից ներկայացվելու վերաբերյալ լիազորագիրը։

(46-րդ կետը լրաց. 10.12.20 N 2024-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 23.02.12 N 184-Ն, փոփ. 29.08.13 N 973-Ն, խմբ., լրաց. 01.10.15 N 1130-Ն, լրաց. 20.01.16 N 76-Ն, խմբ., փոփ. 17.08.17 N 992-Ն, լրաց. 07.09.17 N 1135-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.12.20 N 2024-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

Oրինակելի ձև

լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների

վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 10.12.20 N 2024-Ն)

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

 

Օրինակելի ձև

լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող`

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

 քաղ. Երևան

 ___ ________ 20 թ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս ծառայության պետ __________________ -ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշմամբ հաստատված ծառայության կանոնադրության հիման վրա, և _________________ վճարահաշվարկային կազմակերպությունը` ի դեմս _________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

(նախաբանը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

 

1. Պայմանագրի առարկան և այլ պայմաններ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1.1.1. կենսաթոշակ` ծառայության միջոցով վճարվող` կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար (այդ թվում` կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումար).

(1.1.1-ին կետը փոփ. 29.05.14 N 555-Ն)

1.1.2. կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով` կենսաթոշակի գումարն անձամբ նրան կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին տրամադրելու միջոցով:

 1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է իր բանկային հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարները, ըստ պատվիրատուի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տվյալների (այսուհետ` վճարման ցուցակ)` մինչև տվյալ ամսվա 20-ը տրամադրել կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

Վճարման ցուցակում արտացոլվում են նաև կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի տվյալները:

1.3. Կատարողը սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ծառայությունը մատուցում է կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ իր սպասարկման գրասենյակում:

Կատարողը ծառայությունը մատուցում է իր սպասարկման գրասենյակում, եթե կենսաթոշակառուն կատարողին ներկայացրել է դիմում կենսաթոշակը կատարողի սպասարկման գրասենյակում ստանալու մասին, կամ կենսաթոշակառուն (նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձը) կենսաթոշակն ստանալու համար այցելել է կատարողի սպասարկման գրասենյակ:

Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով պետությանը կամ այլ անձանց պատճառած նյութական վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման:

1.4. Կատարողը սույն պայմանագրով սահմանված ծառայությունը մատուցում է անվճար:

1.5. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվութունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

1.6. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը Կատարողի կողմից մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակների վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեղեկատվություն պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի (այսուհետ` փոխադարձ հաշվարկների ակտ) հաստատման պահից:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Կատարողն իրավունք ունի՝

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2.1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու պատվիրատուի գործողությունները և (կամ) անգործությունը.

2.1.3. սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:

2.2. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.2.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2.2.2. ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործողություններին.

2.2.3. կատարողից պահանջելու` անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները.

2.2.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու կատարողի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.3. Կատարողը պարտավոր է՝

2.3.1. տվյալ ամսվա կենսաթոշակի գումարն իր հաշվի համարին մուտքագրվելու և վճարման ցուցակն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած` կենսաթոշակի վճարման կարգի համաձայն ապահովել ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակում.

2.3.2. կենսաթոշակը կենսաթոշակառուին տրամադրելու նպատակով կենսաթոշակառուի բնակության վայրի հասցե այցելել առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել կենսաթոշակը տրամադրել կենսաթոշակառուին).

(2.3.2-րդ կետը խմբ. 01.10.15 N 1130-Ն)

2.3.3. կենսաթոշակը տրամադրել բացառապես վճարման ցուցակում ներառված` կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

2.3.4. կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ պատվիրատուին տրամադրել նախորդ ամսվա կենսաթոշակների վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը, իսկ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ` փոխադարձ հաշվարկների ակտը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել իր բանկային հաշվին փոխանցված, սակայն կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին չտրամադրված կենսաթոշակների գումարը.

2.3.5. պատվիրատուի պահանջով տրամադրել անձնավորված տեղեկատվություն կենսաթոշակը կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին տրամադրելու մասին:

2.4. Պատվիրատուն պարտավոր է`

2.4.1. տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա գումարը` ըստ պատվիրատուի և կատարողի փոխադարձ համաձայնությամբ սահմանված համամասնությունների.

2.4.2. փոխադարձ հաշվարկների ակտը հաստատելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարողին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների միջնորդավճարի գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:

 

4. Վեճերի լուծման կարգը

 

Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

5.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

5.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանիորեն հրաժարվելու դեպքում: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել կենսաթոշակառուին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

5.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ


 Վճարահաշվարկային կազմակերպության
նախագահ/գործադիր տնօրեն
 
     
__________________        __________________ __________________        __________________
   (ստորագրությունը)                  (անունը, ազգանունը)    (ստորագրությունը)                   (անունը, ազգանունը)  

 

Հավելված N 1

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի

Ց Ա Ն Կ

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

(2-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

3. Վճարման ենթակա կենսաթոշակի գումարը (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և տեսակների

4. Վճարման ենթակա ընդհանուր գումարը

(հավելվածը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

 

 

Հավելված N 2

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ամիսը, որի ընթացքում իրականացվել են կենսաթոշակների վճարումները

2. Կենսաթոշակ ստացած անձանց թիվը` ըստ տեսակների

3. Վճարված կենսաթոշակի գումարը` ըստ տեսակների

4. Մատուցված ծառայությունների միջնորդավճարի գումարը

5. Կողմերի վավերապայմանները, կնիքները և լիազորված անձանց անունները, ազգանուններն ու ստորագրությունները

6. Փոխադարձ հաշվարկների ակտը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը

(հավելվածը փոփ. 29.05.14 N 555-Ն, խմբ. 01.10.15 N 1130-Ն, փոփ. 10.12.20 N 2024-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան