Գլխավոր տեղեկություն
Համար
N 1859-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1859-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԿ-88» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանության տալ «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված` Կոմիտասի պողոտայի հ.49/9 և հ.49/10 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերում իրականացվող ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում գտնվող՝ Կոմիտասի պողոտայի հ. 49/9 և հ. 49/10 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերն ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով, ծրագրով նախատեսված՝ շենք-շինությունների կառուցման և պուրակի կազմակերպման նպատակով ընկերությանը տրամադրելուն՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված, համապատասխանաբար՝ 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ծրագրով նախատեսված շենք-շինությունների կառուցման, պուրակի կազմակերպման նպատակով և դրանց նպատակային նշանակություններին համապատասխան:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրերի սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները՝

1) հողամասերի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետը՝ 60 տարի.

2) կառուցապատման իրավունքով տրամադրվող 10028.29 քմ մակերեսով հողամասում ընկերությունը պարտավորվում է իրականացնել պուրակի կազմակերպում՝ ծառերի, թփերի, բույսերի տնկում, կառուցել ամֆիթատրոն, շատրվաններ, մանկական զարգացման և ՏՏ կենտրոն, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի.

3) ընկերությունը պարտավորվում է պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում իրականացնել պուրակի պահպանման, բարեկարգման և խնամելու աշխատանքներ, ապահովել լուսավորությունը.

4) ընկերությունը պարտավորվում է հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան համապատասխան ճարտարապետաշինարարական առաջադրանքի տրամադրման նպատակով․

5) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ համապատասխան շինարարության թույլտվություն ստանալուց հետո 48 ամսվա ընթացքում, ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում կառուցապատման պայմանագրերը կարող են լուծարվել, ինչպես նաև ներդրողը պարտավորվում է վճարել տուգանք՝ 100.000.000 (հարյուր միլիոն) դրամի չափով.

6) ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո երեք ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան՝ Կոմիտասի պողոտան հատող վերնանցում (վերգետնյա հետիոտնային անցում) կառուցելու նպատակով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման համար.

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:

6. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1859-Ա որոշման

 

«ՀԱՅԿ-88» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Երևանում առկա այգիներն ու պուրակները հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին: Ժամանակի ընթացքում անցնելով փորձությունների միջով՝ դրանք կորցրել են իրենց նախնական տեսքը և շատ դեպքերում վերածվել չորային, ոչ բուսածածկ գոտիների:

Ըստ նախատեսված ծրագրի՝ այստեղ կյանքի կկոչվի նոր նախագիծ, որը ենթադրում է պուրակի կազմակերպում, բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում: Նախագծի շրջանակում 10028.29 քմ մակերեսով հողամասում կկազմակերպվի պուրակ, որտեղ նախ խնամվելու, էտվելու և նոր տեսքի են բերվելու գոյություն ունեցող ծառերը, ինչպես նաև նախատեսվում է շուրջ 5 հազար տարատեսակ բույսերի, բուսատեսակների, ծառերի, թփերի տնկում: Կառուցվելու են նաև շատրվան, մանկական զարգացման և ՏՏ կենտրոն, ամֆիթատրոն, որը տրամադրվելու է համերգային, թատերական երիտասարդ խմբերին, որոնք հանդես կգան այգու այցելուների համար:

Ծրագրի հաջորդ կարևոր հատվածը բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցումն է: Մեկ ծածկի տակ համախմբվելու են բազմաֆունկցիոնալ կենտրոնի բոլոր տիպի սպասարկման հատվածները՝ ապահովելով ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան միջավայր, հարմար ժամանցի, սննդի, ցուցահանդեսների, առևտրի, երիտասարդների և երեխաների զարգացման և զվարճանքի համար։ Կառույցի հետնամասում մոտ 60-70 մետր հատված լինելու է ապակեպատ, որտեղից մուտք է բացվելու դեպի այգի: Այնտեղ կլինի փոքր հրապարակ, որը նույնպես նախատեսվում է օգտագործել փառատոնների, միջոցառումների, համերգների համար: Նախատեսված են նաև բազմաֆունկցիոնալ դահլիճներ՝ մարզվելու, պարի, երգի, նկարչության, քանդակագործության, ծրագրավորման դասարանների համար:

Ծրագրով նախատեսվում է.

● կառուցվող բազմաֆունկցիոնալ կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 5000 քմ մակերես.

● ամֆիթատրոնի մակերեսը կկազմի շուրջ 200 քմ, որտեղ կլինի մոտ 300 նստատեղ.

● ստորգետնյա ավտոկայանատեղի շուրջ 1800 քմ մակերեսով՝ նախատեսված շուրջ 55 մեքենայի համար և վերգետնյա ավտոկայանատեղի՝ շուրջ 50 մեքենայի համար.

● մանկական զարգացման և ՏՏ կենտրոն՝ շուրջ 2500 քմ.

● հեծանիվների կայանատեղի՝ շուրջ 80 հեծանիվների համար.

● շատրվան (ջրավազան)՝ շուրջ 400 քմ.

● շուրջ 5000 տարատեսակ ծառերի, թփերի, բույսերի տնկում:

Ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում (վերգետնյա հետիոտնային անցում), որը իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և քննարկվող այգին:

Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 10 մլն. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` որից այգու բարեկարգման և վերակառուցման համար՝ մոտ 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որն ուղղվելու է ամֆիթատրոնի կառուցման, շատրվան-ջրավազանների կառուցման, կաթիլային ոռոգման ապահովման, լուսավորության և այլն աշխատանքների իրականացմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 250 ժամանակավոր աշխատատեղ` շինարարության ոլորտում (ներառյալ կապալառու ընկերությունների աշխատակիցները), և 300 մշտական աշխատատեղ` հետագա սպասարկման ոլորտում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26 -ի N 1859-Ա որոշման

 

«ՀԱՅԿ-88» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_21116

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան