08.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1984-Ն
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) տիեզերական գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
08.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման |
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տիեզերական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ու «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն կարգով: Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
2. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պայմանները ու պահանջները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Լիցենզավորման ենթակա տիեզերական գործունեությունը ներառում է տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռավար արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում։
4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով։
II. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` անժամկետ, եթե «Տիեզերական գործունեության մասին» օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակից:
6. Տիեզերական գործունեությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
7. Լիցենզիայում նշվում են`
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
4) «Տիեզերական գործունեության լիցենզիա» բառերը.
5) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը.
6) լիցենզիայի գործողության ժամկետը.
7) լիցենզավորող մարմնի ղեկավարի ստորագրությունը և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
8. Ելնելով տիեզերական գործունեության ոլորտում գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության, խաղաղության պահպանման, շրջակա միջավայրի պահպանման, միջազգային պատասխանատվության ապահովման, ինչպես նաև կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` տիեզերական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են`
1) տիեզերական գործունեության իրականացման (ծառայությունների մատուցման) համար ունենալ հաստատված ծրագիր (կազմակերպության անվանում, կազմակերպության գործունեության մանրամասն նկարագրություն, տեղեկություններ սպասվող ներդրումների մասին, տեխնիկական առաջադրանք, կոնստրուկտորական փաստաթղթեր, պայմանագրեր և այլ հավաստող փաստաթղթեր).
2) տիեզերական գործունեության իրականացման ընթացքում (ծառայություններ մատուցելիս) ապահովել տիեզերական օբյեկտներից փոխանցված/հաղորդված և (կամ) մշակված տեղեկատվության պաշտպանություն.
3) ապահովել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի պահանջները.
4) տիեզերական գործունեության ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկի և (կամ) հաստատված ծրագրի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին ներկայացնել տեղեկատվություն փոփոխության վերաբերյալ:
9. Հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ համաձայն ձևի, նշելով՝
ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) տիեզերական գործունեության իրականացման ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկը.
3) տեղեկատվություն միջազգային համագործակցության վերաբերյալ (համաձայնագիր, պայմանագիր, հուշագիր).
4) տիեզերական գործունեություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է աշխատանքների իրականացմանը (ծառայությունների մատուցման) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման չափանիշները, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն.
5) «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
10. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորող մարմնին կարող են հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
III. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
11. Լիցենզավորող մարմինն ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված փաստաթղթերը: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
12. Նախքան լիցենզիան տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ լիցենզավորման վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով:
13. Լիցենզավորող մարմինը հայտատուի կողմից սույն կարգի համաձայն փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիան կամ «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մերժում է լիցենզիայի տրամադրումը:
14. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ են, խեղաթյուրված կամ սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացրել հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կարգի պահանջներին.
3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ.
4) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացվել է բացասական դիրքորոշում՝ ելնելով ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներից:
15. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով:
16. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով տիեզերական գործունեության պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` օրենքով սահմանված կարգով:
17. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու ______________________________________________________________________________ (կազմակերպության անվանումը) Գտնվելու վայրը ________________________________________________________________________________________ (կազմակերպության իրավաբանական և փոստային հասցեները)
Կազմակերպության պետական գրանցման համարը ___________________________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա տիեզերական գործունեություն (------------------------------------------) (նշել գործունեության կոնկրետ տեսակը) իրականացնելու համար:
□ Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
Նախապես ծանոթացել եմ տիեզերական ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Հայտնում եմ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:
Հայտատու ________________________________________________________________________________________ (պաշտոնը)
_____ ______________ 20 թ.
|
08.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Տրված է ____________________________________________________________________________________________ (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն ____________________________________________________________________________________________ ու գտնվելու վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2020 թվական: