ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 223-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 223. | Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունը |
Բազմաբնակարան շենքի բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջը բաժին է պատկանում նաև շենքի ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում (հոդված 224):»:
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածում՝
ա) վերնագիրը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 224. | Բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը |
1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:».
բ) 2-րդ կետը «բնակարանի» բառից հետո լրացնել «և (կամ) ոչ բնակելի տարածքների» բառերով.
գ) ավելացնել 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի և 197-րդ հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|