Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1146/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1146/02/17

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

Ս. Միքայելյան

 

Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հրաչ Բաբայանի և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անժել Միրզախանյանի ընդդեմ Ռազմիկ Տերտերյանի, Հրաչ Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հրաչ Բաբայանի ընդդեմ Անժել Միրզախանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անժել Միրզախանյանը պահանջել է Հրաչ Բաբայանից բռնագանձել 7.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Ռազմիկ Տերտերյանից բռնագանձել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 2.136.000 ՀՀ դրամ`որպես պատճառված վնասի` քանդման և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքների վրա ծախսված գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Հրաչ Բաբայանը խնդրել է Անժել Միրզախանյանից բռնագանձել 3.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր՝ Էդ. Սեդրակյան) (այսուհետ՝ Դատարան) 08.09.2017 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին բերելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է` հարգելի է համարվել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված և Անժել Միրզախանյանի կողմից բաց թողնված ժամկետը և վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.12.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 08.09.2017 թվականի վճիռը՝ սկզբնական հայցը մերժելու մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հրաչ Բաբայանի և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անժել Միրզախանյանի ներկայացուցիչը։

 

2. Ռազմիկ Տերտերյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 298-րդ, 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 207-րդ, 220-րդ, 220.3-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով վճիռը ստանալու հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն՝ Անժել Միրզախանյանը վճիռը ստացել է 12.09.2017 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 13.10.2017 թվականին: Այսինքն՝ նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չպետք է կրկին ներկայացված բողոքը վարույթ ընդուներ և պետք է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժեր, քանի որ բողոքարկման ժամկետը հարգելի համարելու հիմք առկա չի եղել:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ Անժել Միրզախանյանի և Ռազմիկ Տերտերյանի միջև չի կնքվել կապալի պայմանագիր, չեն ներկայացվել այլ ապացույցներ, ուստի վնասի փոխհատուցման մասով հայցը չէր կարող բավարարվել, ինչը Վերաքննիչ դատարանն անտեսել է և դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից` ձևական նկատառումներով բեկանել է դատական ակտը, խախտելով մրցակցության սկզբունքը և փաստերի չապացուցված կամ վիճելի մնալու պայմաններում դրանք չի մեկնաբանել ի վնաս հայցվորի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.09.2017 թվականի վճռին։

 

2.1 Հրաչ Բաբայանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ, 48-րդ, 53-րդ, 207-րդ, 220-րդ, 220.3-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վճիռը ստանալու հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն՝ Անժել Միրզախանյանը վճիռը ստացել է 12.09.2017 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 13.10.2017 թվականին: Այսինքն՝ նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չպետք է կրկին ներկայացված բողոքը վարույթ ընդուներ և պետք է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժեր, քանի որ բողոքարկման ժամկետը հարգելի համարելու հիմք առկա չի եղել:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ Անժել Միրզախանյանը չի ներկայացրել այլ ապացույցներ, որոնք կհերքեին Հրաչ Բաբայանի կողմից ներկայացված ապացույցները, ուստի թե որպես վնասի փոխհատուցման մասով, թե որպես պարտավորության չկատարման հետևանքով գումար հետ վերադարձնելու պահանջով հայցը չի կարող բավարարվել, նշված հանգամանքը Վերաքննիչ դատարանը անտեսել է և դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից` ձևական նկատառումներով բեկանել է դատական ակտը, խախտելով մրցակցության սկզբունքը և փաստերի չապացուցված կամ վիճելի մնալու պայմաններում դրանք չի մեկնաբանել ի վնաս հայցվորի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.09.2017 թվականի վճռին։

 

2.2. Ռազմիկ Տերտերյանի վճռաբեկ բողոքի դեմ Անժել Միրզախանյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, գործել է իրավաչափ և չի զրկել հայցվորին դատարան դիմելու և դատական պաշտպանություն ստանալու իրավունքի իրականացման հնարավորությունից, ինչն արդար դատաքննության տարրերից մեկն է: Սույն գործի փաստերի համաձայն` Անժել Միրզախանյանը` ի դեմս իր ներկայացուցչի, Դատարանի կողմից 08.09.2017 թվականին հրապարակված դատական ակտը ստացել է 12.09.2017 թվականին և բողոքաբերն ընդունում է այդ հանգամանքը: Անժել Միրզախանյանի անունից վերաքննիչ բողոք ներկայացվել է 12.10.2017 թվականին, այդ փաստը վկայող ապացույցը` թիվ RR244698192AM փոստային անդորրագրի պատճենը կցված է վճռաբեկ բողոքի պատասխանին, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով անհիմն է:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Անժել Միրզախանյանը Ռազմիկ Տերտերյանին տվել է 150.000 ԱՄՆ դոլար՝ Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Գանձասար փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասի վրա բնակելի տան շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Այսինքն, ըստ էության կողմերի միջև ծագել են շինարարական կապալից բխող իրավահարաբերություններ, ինչը ապացուցվում է Անժել Միրզախանյանի կողմից Ռազմիկ Տերտերյանին տրված լիազորագրով, Ռազմիկ Տերտերյանի կողմից Անժել Միրզախանյանին տրված ստացականով, «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշմամբ, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով ևս անհիմն է:

 

2.3. Հրաչ Բաբայանի վճռաբեկ բողոքի դեմ Անժել Միրզախանյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, գործել է իրավաչափ և չի զրկել հայցվորին դատարան դիմելու և դատական պաշտպանություն ստանալու իրավունքի իրականացման հնարավորությունից, ինչն արդար դատաքննության տարրերից մեկն է: Սույն գործի փաստերի համաձայն` Անժել Միրզախանյանը` ի դեմս իր ներկայացուցչի, Դատարանի կողմից 08.09.2017 թվականին հրապարակված դատական ակտը ստացել է 12.09.2017 թվականին և բողոքաբերն ընդունում է այդ հանգամանքը: Անժել Միրզախանյանի անունից վերաքննիչ բողոք ներկայացվել է 12.10.2017 թվականին, այդ փաստը վկայող ապացույցը` թիվ RR244698192AM փոստային անդորրագրի պատճենը կցված է վճռաբեկ բողոքի պատասխանին, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով անհիմն է:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Հրաչ Բաբայանն առանց որևէ ծառայություն մատուցելու ի սկզբանե Անժել Միրզախանյանից ստացել է 7.500 ԱՄՆ դոլար, ինչը հաստատվում է Հրաչ Բաբայանի ցուցմունքով: Տվյալ պարագայում չի ապացուցվել ծառայությունների մատուցման անհնարինության փաստը՝ պայմանավորված Անժել Միրզախանյանի մեղքով, իսկ Հրաչ Բաբայանի այն պնդումները, որ իր կողմից մատուցվել են ծառայություններ, չի համապատասխանում իրականությանը, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով ևս անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սույն գործով անվիճելի է այն փաստը, որ 27.02.2015 թվականին Անժել Միրզախանյանը լիազորագիր է տվել Ռազմիկ Տերտերյանին Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Գանձասար փողոցի 1/1 հասցեի բնակելի տունը կառուցելու շինարարական աշխատանքները կազմակերպելու համար:

2) Գործում առկա ստացականի համաձայն` 06.03.2016 թվականին Ռազմիկ Տերտերյանը Անժել Միրզախանյանից ստացել է 150.000 ԱՄՆ դոլար` Վահագնի թաղամասում Անժել Միրզախանյանի համար բնակելի տան կառուցման աշխատանքներ ծավալելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 17):

3) «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշման համաձայն` Ռազմիկ Տերտերյանը ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...) Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է շինթույլտվություն, որից հետո ինքը սկսել է շինարարական աշխատանքների կատարումը: (...) Շինարարության կատարման համար պայմանագիր կնքել է միայն հեղինակային հսկողության և շինարարական կազմակերպության հետ, իսկ տեխնիկական հսկողությունը իրականացվել է Համբարձում Օհանյանի կողմից: (...) Ինչ վերաբերվում է կառուցման հետ կապված շինարարական աշխատանքներին, ապա դրանք կատարել է Անժել Միրզախանյանի խնդրանքով և առաջարկով (...)»: «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշման համաձայն` որպես վկա հարցաքննված Արթուր Դավթյանը և Հրաչյա Տելեմակյանը, ովքեր «Տերտերյան և ընկերներ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված շինարարական աշխատանքներն են կատարել, ցուցմունք են տվել այն մասին, որ. «(...) իրենք որևէ առնչություն չեն ունեցել շինարարության որակի հետ, այլ միայն կատարել են բանվորական աշխատանքներ (...)»: Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշման համաձայն` որպես վկա հարցաքննված Համբարձում Օհանյանը նշել է, որ. «(...) 2015 թվականի փետրվար-մարտ ամսին իր ընկեր Ռազմիկից տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է իր մտերիմ Անժելին օգնել` նրան պատկանող Վահագնի թաղամասում գտնվող հողատարածքի վրա բնակելի տուն կառուցելու հարցում, առաջարկել է շինարարության ընթացքում Ռազմիկին օգնել խորհուրդներով և իր գիտելիքների շրջանակում ապահովել այդ նախագծված բնակելի տան կառուցման գործընթացը: (...) ինքը շինարարության գումարի հետ որևէ առնչություն չի ունեցել, շինարարության համար անհրաժեշտ տեխնիկան, աշխատուժը և շինանյութերը ձեռք է բերել Ռազմիկը, սակայն թե որքան գնով և որտեղից, տեղյակ չէ:» (հատոր 2-րդ, գ.թ. 62-67):

4) Դատարանը 08.09.2017 թվականին հրապարակել է սույն գործով վճիռը: Դատական նիստին ներկա են եղել պատասխանողներ Հրաչ Բաբայանը և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ադամյանը (հատոր 4-րդ գ.թ. 74-75):

5) Դատարանի 08.09.2017 թվականի վճիռը պատվիրված նամակով 11.09.2017 թվականին ուղարկվել է Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանին (հատոր 4-րդ գ.թ. 106): Անժել Միրզախանյանը դատական ակտն իր ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանին ուղարկելու միջնորդությամբ չի դիմել դատարան:

6) Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանը 12.10.2017 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացրել է վերաքննիչ բողոք Դատարանի 08.09.2017 թվականի վճռի դեմ, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը (հատոր 5-րդ գ.թ. 3-9):

7) Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.10.2017 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքները, որ վերաքննիչ բողոքը ստորագրված չէ, բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցներ, ինչպես նաև վճարված չէ օրենքով սահմանված պետական տուրքի գումարը և ներկայացված միջնորդությանը՝ պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու վերաբերյալ, կցված չեն գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ (հատոր 5-րդ, գ.թ. 13-14)։

8) Վերացնելով Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.10.2017 թվականի որոշմամբ արձանագրած թերությունները՝ Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը 03.11.2017 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 5-րդ, գ.թ. 33-100):

9) Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ խնդրել է հայցվորի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի, այն հիմքով, որ Դատարանը վճիռը հրապարակվել է 08.09.2017 թվականին, այն ուղարկվել է Հայցվորի ներկայացուցչին, և վերջինս փոստային ծառայության միջոցով այն ստացել է 12.09.2017 թվականին, որպիսի պատճառով բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը: Նշվածի հաշվառմամբ Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ խնդրել է բավարարել միջնորդությունը և ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ (հատոր 5-րդ, գ.թ. 85-86):

10) Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 10.11.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի՝ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է` հարգելի է համարվել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված և Անժել Միրզախանյանի կողմից բաց թողած ժամկետը, բավարարվել է նաև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հատոր 5-րդ, գ.թ. 101):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքները ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ-հարցադրմանը. Դատարանի կողմից դատական ակտը դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին ուղարկելը, այն պարագայում, երբ գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն դիտարկվում է արդյոք դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում:

1) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, պետությունը, որը հիմնադրել է նման դատարաններ, պետք է հոգա այն մասին, որ այդ դատարանների առջև երաշխավորվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կախված են կոնկրետ գործով դատավարության առանձնահատուկ հատկանիշներից, և կարևոր է ուշադրության արժանացնել այդ գործի ամբողջ դատավարական ընթացքը՝ իրականացված ներպետական իրավական համակարգին համապատասխան, և այդ Բարձրագույն դատարանի կողմից ունեցած դերակատարումն այդ գործում, քանի որ բողոքի ընդունելիությանը ներկայացվող չափանիշները կարող են լինել ավելի խիստ, քան հայցադիմումինը (տե՛ս, Běleš and others v. The Czech Republic գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 62):

Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: Վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգում է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ եղանակով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը:

Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Վճռաբեկ բողոք ներկայացնելու պահին գործող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգիրք) 229-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացրած որոշումները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ վարույթը կարճելու և կասեցնելու, ինչպես նաև դատական տուգանք կիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ վերոհիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը, որի նպատակն արդարադատության պատշաճ իրականացման ապահովումն է: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում գործի հետագա քննության համար, իսկ դրանց բողոքարկման անհնարինությունը դատական ակտի կայացման չարդարացված ձգձգումների և քաղաքացու իրավունքների խախտման է հանգեցնում, որոնց հետագա դատական պաշտպանությունն ապագայում չի կարող ապահովվել կամ չի կարող հանգեցնել արդյունավետ վերականգնման: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ: Իսկ նշված դրույթներով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է «հետաձգված բողոքարկման» կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում (տե´ս, Անժել Գևորգյանն ընդդեմ Նիկալ Շահվերդյանի թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բողոք բերող անձինք «հետաձգված բողոքարկման» կարգով վիճարկում են Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշման օրինականությունը, ինչը գործող իրավակարգավորման շրջանակներում է:

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը: Ուստի քննարկելով Նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի կարգավորումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ՀՀ դատավարական օրենսդրության իրավակարգավորումներով սահմանված է վճռի (գործն ըստ էության լուծող դատական ակտի) հրապարակմանը գործին մասնակցող անձանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը վերջինիս ուղարկելու դատարանի պարտականությունը: Ընդ որում, օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում՝ վերջինիս ներկայացուցչին ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք, հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան (տե՛ս ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունն ընդդեմ Գայանե Սողոմոնյանի թիվ ՎԴ/8923/05/11 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 14.01.2015 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է անձի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը: Անձը կարող է լիարժեք իրականացնել վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքը միայն այն դեպքում, երբ ծանոթ է ստորադաս դատարանի կողմից իր իրավունքների (պարտականությունների) կամ օրինական շահերի վերաբերյալ կայացված դատական ակտին և դրա բովանդակությանը: Ընդ որում, եթե գործին մասնակցող անձը դատական ակտն իր ներկայացուցչին ուղարկելու միջնորդությամբ չի դիմել դատարան, դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու՝ դատարանի պարտականության պատշաճ կատարում: Հետևաբար, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե արդյոք ընդհանուր իրավասության դատարանը պատշաճ կատարել է Նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը գործին մասնակցող անձանց հանձնելու, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկելու պարտականությունը:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով և համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին և գործող օրենսգրքերի համարժեք կարգավորումները, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը: ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգիրքը նման կարգավորում չէր սահմանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին սույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով հստակ կարգավորում է նախատեսված այն մասին, որ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում լիազորություն սահմանելու դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը և նույն կարգը կիրառելի է նաև դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու նկատմամբ: Հետևաբար ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում նման լիազորության առկայության պայմաններում դատարանի կողմից դատական ակտը ներկայացուցչին ուղարկելը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի համաձայն համարվում է դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու դատարանի պարտականության պատշաճ կատարում: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից լիազորագրում իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորություն նախատեսելը բավարար չէ միայն ներկայացուցչին դատական ակտը ուղարկելու համար և նման պայմաններում դատական ակտը միայն ներկայացուցչին ուղարկելը, ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն, չի համարվում դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու դատարանի պարտականության պատշաճ կատարում:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 08.09.2017 թվականին հրապարակել է սույն գործով կայացված վճիռը: Դատական նիստին ներկա են եղել պատասխանողներ Հրաչ Բաբայանը և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ադամյանը, ովքեր նույն օրը առձեռն ստացել են սույն գործով կայացված վճռի օրինակը: Դատարանի 08.09.2017 թվականի վճիռը պատվիրված նամակով (փոստային անդորրագիր թիվ RL005713992AM) 11.09.2017 թվականին (09.09.2017 թվականը ոչ աշխատանքային օր է, հաջորդ աշխատանքային օրը 11.09.2017 թվականն է) ուղարկվել է Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանին: Անժել Միրզախանյանը վճռի օրինակն իր ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանին ուղարկելու միջնորդությամբ չի դիմել դատարան: Դատարանի 08.09.2017 թվականի վճռի դեմ Անժել Միրզախանյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել 12.10.2017 թվականին փոստային ծառայությանը հանձնելու եղանակով, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը: Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.10.2017 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքները, որ վերաքննիչ բողոքը ստորագրված չէ, բողոքին կցված չեն վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցներ, ինչպես նաև վճարված չէ օրենքով սահմանված պետական տուրքի գումարը և ներկայացված միջնորդությանը՝ պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ, կցված չեն գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ: Վերացնելով Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.10.2017 թվականի որոշմամբ արձանագրած թերությունները Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը 03.11.2017 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ դատարանը, 10.11.2017 թվականի որոշմամբ քննելով Անժել Միրզախանյանի բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը, գտել է, որ բողոքաբերի վերաքննություն պահանջելու իրավունքը պետք է ապահովվի վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջոցով, նկատի ունենալով, որ վերջինս վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Թամարա Գրիգորյանին պատշաճ կերպով տրվել է լիազորագիր՝ ներկայացնելու Անժել Միրզախանյանին և լիազորագրում ի թիվս այլնի սահմանվել է ներկայացուցչի լիազորությունը՝ տալու և ստանալու փաստաթղթեր, սակայն վճռի օրինակը Թամարա Գրիգորյանին ուղարկելու միջնորդության բացակայութան պայմաններում, այն Թամարա Գրիգորյանին ուղարկելը չի կարող դիտարկվել որպես վճռի օրինակը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, քանի որ Դատարանը 08.09.2017 թվականի վճիռն առնվազն հաջորդ աշխատանքային օրը չի ուղարկել գործին մասնակցող անձ Անժել Միրզախանյանին:

 

 2) Անդրադառնալով վճռաբեկ բողոքների մյուս փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հաuարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաuտատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, uակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ պայմանագիրը՝ որպես գործարք, կարող է կնքվել բանավոր կամ գրավոր ձևով: Պայմանագրի ձևի վերաբերյալ օրենսդրական կարգավորման նպատակը պայմանագրի հիման վրա ծագող հարաբերություններն ավելի հստակ դարձնելն է, քաղաքացիական շրջանառության կայունությունն ապահովելը, պայմանավորված պայմանագրի տվյալ տեսակի բնույթով՝ ապագայում հնարավոր վեճերի կանխումը: Մասնավորապես՝ պայմանագրի կնքման բանավոր ձև նախատեսելու միջոցով քաղաքացիական շրջանառությունը չի ծանրաբեռնվում (օրինակ՝ կնքման պահին կատարվող գործարքները, որոնց համար հատուկ կարգավորում նախատեսված չէ, կարող են կնքվել բանավոր ձևով): Ինչ վերաբերում է գրավոր ձևով կնքվող գործարքներին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործարքների որոշ տեսակների համար հստակ նախատեսելով գրավոր ձև՝ օրենսդիրը կարևորել է այդ պայմանագրերը կնքված համարվելու համար որոշակի պահանջների պահպանումը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետ, 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետեր): Սահմանելով գործարքի կնքման գրավոր ձև՝ օրենսդիրը նախատեսել է այդ ձևը չպահպանելու երկու հնարավոր հետևանք.

1) գործարքի հաuարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաuտատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից՝ չզրկելով գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից,

2) օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրի կողմից պայմանագրի տվյալ ձևի համար սահմանված է գրավոր ձև՝ առանց ձևը չպահպանելու հետևանքները նշելու (օրինակ՝ կապալի պայմանագիր, հանձնարարության պայմանագիր, կոմիսիայի պայմանագիր և այլն), ապա գործում է վերը նշված 1-ին կանոնը: Վերը նշված իրավական հետևանքը կիրառվում է բացառապես վեճի առկայության դեպքում։ Այսինքն՝ այն դեպքերում, երբ տվյալ գործարքը կնքված լինելու փաստը կողմերի կողմից չի վիճարկվում, ապա գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելու հանգամանքն ինքնին որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում։ Հետևաբար նշված հետևանքը դատավարական բնույթի է: Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով հստակ նախատեսված է, ապա պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է անվավերության (տե՛ս, Զարուհի Հայրապետյանը և Գայանե Ղազարյանն ընդդեմ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0556/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պայմանագիրը կնքված լինելու հարցին, նշել է, որ պայմանագիրը կնքված լինելու հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հաստատվում է գրավոր ապացույցներով` քրեական դատավարության կարգով նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններով (…) (տե՛ս Կարինա Ցուպրունի, Սոֆյա Մազմանյանի օրինական ներկայացուցիչ Օլգա Սորոկինայի ընդդեմ Սերյոժա Մազմանյանի և Հասմիկ Հովսեփյանի թիվ ԵԱՔԴ/1341/02/08 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դատարանը 08.09.2017 թվականի վճռով հաստատված է համարել այն փաստը, ըստ որի 27.02.2015 թվականին Անժել Միրզախանյանը լիազորագիր է տվել Ռազմիկ Տերտերյանին Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Գանձասար փողոցի 1/1 հասցեի բնակելի տունը կառուցելու շինարարական աշխատանքները կազմակերպելու համար: Նշված փաստը կողմերը չեն վիճարկել: Գործում առկա ստացականի համաձայն` 06.03.2016 թվականին Ռազմիկ Տերտերյանն Անժել Միրզախանյանից ստացել է 150.000 ԱՄՆ դոլար` Վահագնի թաղամասում Անժել Միրզախանյանի համար բնակելի տան կառուցման աշխատանքներ ծավալելու նպատակով:

«Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշման համաձայն` Ռազմիկ Տերտերյանը ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...)Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է շին. թույլտվություն, որից հետո ինքը սկսել է շինարարական աշխատանքների կատարումը: (...)Շինարարության կատարման համար պայմանագիր կնքել է միայն հեղինակային հսկողության և շինարարության կազմակերպության հետ, իսկ տեխնիկական հսկողությունը իրականացրել է Համբարձում Օհանյանը: (...)Ինչ վերաբերում է կառուցման հետ կապված շինարարական աշխատանքներին, ապա դրանք կատարել է Անժել Միրզախանյանի խնդրանքով և առաջարկով (...)»: «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշման համաձայն` որպես վկա հարցաքննված Արթուր Դավթյանը և Հրաչյա Տելեմակյանը, ովքեր «Տերտերյան և ընկերներ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված շինարարական աշխատանքներն են կատարել, ցուցմունք են տվել այն մասին, որ. «(...)Իրենք որևէ առնչություն չեն ունեցել շինարարության որակի հետ, այլ միայն կատարել են բանվորական աշխատանքներ(...)»: Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշման համաձայն` որպես վկա հարցաքննված Համբարձում Օհանյանը նշել է, որ. «(...)2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին իր ընկեր Ռազմիկից տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է իր մտերիմ Անժելին օգնել` նրան պատկանող թաղամասում գտնվող հողատարածքի վրա բնակելի տուն կառուցելու հարցում, առաջարկել է շինարարության ընթացքում Ռազմիկին օգնել խորհուրդներով և իր գիտելիքների շրջանում ապահովել նախագծված բնակելի տան կառուցման գործընթացը: (...) ինքը շինարարության գումարի հետ որևէ առնչություն չի ունեցել, շինարարության համար անհրաժեշտ տեխնիկան, աշխատուժը և շինանյութը ձեռք է բերել Ռազմիկը, սակայն թե որքան գնով և որտեղից, տեղյակ չէ»:

Դատարանը, 08.09.2017 թվականի վճռով արձանագրելով, որ Ռազմիկ Տերտերյանը գործել է Անժել Միրզախանյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, բացառել է կողմերի միջև պարտավորական, այն է` շինարարական կապալի պայմանագրից բխող հարաբերությունների առաջացման հնարավորությունը, առանց հաշվի առնելու քրեական դատավարության կարգով նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրությունները՝ գրավոր ապացույցները: Դատարանն առանց նշված գրավոր ապացույցները հաշվի առնելու բացառել է նաև Հրաչ Բաբայանի և Անժել Միրզախանյանի միջև պարտավորական հարաբերությունների առաջացման հնարավորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 07.12.2017 թվականի որոշմամբ իրավացիորեն նշել է, որ օրենսդիրը նախատեսել է գործարքի առկայությունը և դրա պայմանները ոչ միայն համապատասխան գործարքով, այլ նաև այլ գրավոր ապացույցներով հիմնավորելու իրավաբանորեն ապահովված հնարավորություն, հետևաբար գործարքի գրավոր ձևը չպահպանելը դեռևս չի նշանակում, որ կողմերի միջև չեն առաջացել համապատասխան գործարքից բխող հարաբերություններ: Հիմնավոր է նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չի հետազոտել և ապա գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ չի գնահատել գործում առկա ստացականը, որի համաձայն` 150.000 ԱՄՆ դոլար գումարը տրվել է բնակելի տան կառուցման աշխատանքներ ծավալելու նպատակով, ինչպես նաև «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականի որոշումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն գործով ձեռք բերված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, դրանց համակցությունն ու փոխադարձ կապը հաշվի առնելու արդյունքում հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի, այն է` Ռազմիկ Տերտերյանի և Անժել Միրզախանյանի միջև շինարարական կապալի կամ այլ պայմանագրից բխող հարաբերությունների առաջացման առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև Հրաչ Բաբայանի և Անժել Միրզախանյանի միջև դիզայներական աշխատանքների կատարման կամ այլ պայմանագրից բխող հարաբերությունների առաջացման առկայությունը կամ բացակայությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն վճռաբեկ բողոքների քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ բողոքներ բերող անձինք վճարել են վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքը, իսկ բողոքները մերժվում են, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2017 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ

2. Վճռաբեկ բողոքների քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/1146/02/17 քաղաքացիական գործով 29.06.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Հրաչ Բաբայանի և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անժել Միրզախանյանի ընդդեմ Ռազմիկ Տերտերյանի, Հրաչ Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հրաչ Բաբայանի ընդդեմ Անժել Միրզախանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 2020 թվականի հունիսի 29-ին որոշել է «Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2017 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս և Ա. Բարսեղյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 00.00.2020 թվականին թիվ ԵԱՆԴ/1146/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անժել Միրզախանյանը պահանջել է Հրաչ Բաբայանից բռնագանձել 7.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Ռազմիկ Տերտերյանից բռնագանձել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 2.136.000 ՀՀ դրամ`որպես պատճառված վնասի` քանդման և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքների վրա ծախսված գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Հրաչ Բաբայանը խնդրել է Անժել Միրզախանյանից բռնագանձել 3.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր՝ Էդ. Սեդրակյան) (այսուհետ՝ Դատարան) 08.09.2017 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին բերելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է` հարգելի է համարվել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված և Անժել Միրզախանյանի կողմից բաց թողնված ժամկետը և վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.12.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 08.09.2017 թվականի վճիռը՝ սկզբնական հայցը մերժելու մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հրաչ Բաբայանի և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անժել Միրզախանյանի ներկայացուցիչը։

 

 Ռազմիկ Տերտերյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 298-րդ, 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 207-րդ, 220-րդ, 220.3-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով վճիռը ստանալու հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն՝ Անժել Միրզախանյանը վճիռը ստացել է 12.09.2017 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 13.10.2017 թվականին: Այսինքն՝ նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չպետք է կրկին ներկայացված բողոքը վարույթ ընդուներ և պետք է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժեր, քանի որ բողոքարկման ժամկետը հարգելի համարելու հիմք առկա չի եղել:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ Անժել Միրզախանյանի և Ռազմիկ Տերտերյանի միջև չի կնքվել կապալի պայմանագիր, չեն ներկայացվել այլ ապացույցներ, ուստի վնասի փոխհատուցման մասով հայցը չէր կարող բավարարվել, ինչը Վերաքննիչ դատարանն անտեսել է և դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից` ձևական նկատառումներով բեկանել է դատական ակտը, խախտելով մրցակցության սկզբունքը և փաստերի չապացուցված կամ վիճելի մնալու պայմաններում դրանք չի մեկնաբանել ի վնաս հայցվորի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.09.2017 թվականի վճռին։

 

 Հրաչ Բաբայանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ, 48-րդ, 53-րդ, 207-րդ, 220-րդ, 220.3-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վճիռը ստանալու հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն՝ Անժել Միրզախանյանը վճիռը ստացել է 12.09.2017 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 13.10.2017 թվականին: Այսինքն՝ նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չպետք է կրկին ներկայացված բողոքը վարույթ ընդուներ և պետք է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժեր, քանի որ բողոքարկման ժամկետը հարգելի համարելու հիմք առկա չի եղել:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ Անժել Միրզախանյանը չի ներկայացրել այլ ապացույցներ, որոնք կհերքեին Հրաչ Բաբայանի կողմից ներկայացված ապացույցները, ուստի թե որպես վնասի փոխհատուցման մասով, թե որպես պարտավորության չկատարման հետևանքով գումար հետ վերադարձնելու պահանջով հայցը չի կարող բավարարվել, նշված հանգամանքը Վերաքննիչ դատարանը անտեսել է և դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից` ձևական նկատառումներով բեկանել է դատական ակտը, խախտելով մրցակցության սկզբունքը և փաստերի չապացուցված կամ վիճելի մնալու պայմաններում դրանք չի մեկնաբանել ի վնաս հայցվորի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.09.2017 թվականի վճռին։

 

Ռազմիկ Տերտերյանի վճռաբեկ բողոքի դեմ Անժել Միրզախանյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, գործել է իրավաչափ և չի զրկել հայցվորին դատարան դիմելու և դատական պաշտպանություն ստանալու իրավունքի իրականացման հնարավորությունից, ինչն արդար դատաքննության տարրերից մեկն է: Սույն գործի փաստերի համաձայն` Անժել Միրզախանյանը` ի դեմս իր ներկայացուցչի, Դատարանի կողմից 08.09.2017 թվականին հրապարակված դատական ակտը ստացել է 12.09.2017 թվականին և բողոքաբերն ընդունում է այդ հանգամանքը: Անժել Միրզախանյանի անունից վերաքննիչ բողոք ներկայացվել է 12.10.2017 թվականին, այդ փաստը վկայող ապացույցը` թիվ RR244698192AM փոստային անդորրագրի պատճենը կցված է վճռաբեկ բողոքի պատասխանին, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով անհիմն է:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Անժել Միրզախանյանը Ռազմիկ Տերտերյանին տվել է 150.000 ԱՄՆ դոլար՝ Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Գանձասար փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասի վրա բնակելի տան շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Այսինքն, ըստ էության կողմերի միջև ծագել են շինարարական կապալից բխող իրավահարաբերություններ, ինչը ապացուցվում է Անժել Միրզախանյանի կողմից Ռազմիկ Տերտերյանին տրված լիազորագրով, Ռազմիկ Տերտերյանի կողմից Անժել Միրզախանյանին տրված ստացականով, «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշմամբ, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով ևս անհիմն է:

 

Հրաչ Բաբայանի վճռաբեկ բողոքի դեմ Անժել Միրզախանյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, գործել է իրավաչափ և չի զրկել հայցվորին դատարան դիմելու և դատական պաշտպանություն ստանալու իրավունքի իրականացման հնարավորությունից, ինչն արդար դատաքննության տարրերից մեկն է: Սույն գործի փաստերի համաձայն` Անժել Միրզախանյանը` ի դեմս իր ներկայացուցչի, Դատարանի կողմից 08.09.2017 թվականին հրապարակված դատական ակտը ստացել է 12.09.2017 թվականին և բողոքաբերն ընդունում է այդ հանգամանքը: Անժել Միրզախանյանի անունից վերաքննիչ բողոք ներկայացվել է 12.10.2017 թվականին, այդ փաստը վկայող ապացույցը` թիվ RR244698192AM փոստային անդորրագրի պատճենը կցված է վճռաբեկ բողոքի պատասխանին, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով անհիմն է:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Հրաչ Բաբայանն առանց որևէ ծառայություն մատուցելու ի սկզբանե Անժել Միրզախանյանից ստացել է 7.500 ԱՄՆ դոլար, ինչը հաստատվում է Հրաչ Բաբայանի ցուցմունքով: Տվյալ պարագայում չի ապացուցվել ծառայությունների մատուցման անհնարինության փաստը՝ պայմանավորված Անժել Միրզախանյանի մեղքով, իսկ Հրաչ Բաբայանի այն պնդումները, որ իր կողմից մատուցվել են ծառայություններ, չի համապատասխանում իրականությանը, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով ևս անհիմն է:

 

Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանը հետաձգված բողոքարկման առարկայի գնահատման մասով անդրադարձել է դատական ակտը դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին ուղարկելու հարցին, և դատավարական բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ եզրահանգումներ է արել, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Դատարանը դատական ակտը ուղարկել է միայն հայցվորի ներկայացուցիչներին։

Մինչդեռ վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ Ա. Միրզախանյանի ներկայացուցիչ Թ. Գրիգորյանը, իսկ հետո նաև մյուս ներկայացուցիչ Ա. Ղազարյանը որպես վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառ նշել են դատական ակտը ուշ ստանալը։ Դատական ակտը դատավարական կողմին չուղարկելու և այդ պատճառով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը բաց թողնելու վերաբերյալ փաստարկ, պատճառաբանություն կամ որևէ այլ հիշատակում միջնորդությունում չի եղել։

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի սույն գործով կայացված վճիռը հրապարակել է 08.09.2017 թվականին: Դատական նիստին ներկա են եղել պատասխանողներ Հրաչ Բաբայանը և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ադամյանը, ովքեր նույն օրը առձեռն ստացել են սույն գործով կայացված վճռի օրինակը: Դատարանի 08.09.2017 թվականի վճիռը պատվիրված նամակով (փոստային անդորրագիր թիվ RL005713992AM) 11.09.2017 թվականին (09.09.2017 թվականը ոչ աշխատանքային օր է, հաջորդ աշխատանքային օրը 11.09.2017 թվականն է) ուղարկվել է Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանին:

 Դատարանի 08.09.2017 թվականի վճռի դեմ Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 12.10.2017 թվականին փոստային ծառայությանը հանձնելու եղանակով, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը՝ պատճառաբանելով, որ դատական ակտն ուշ է ստացել։ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.10.2017 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքները, որ վերաքննիչ բողոքը ստորագրված չէ, բողոքին կցված չեն վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցներ, ինչպես նաև վճարված չէ օրենքով սահմանված պետական տուրքի գումարը և ներկայացված միջնորդությանը՝ պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ, կցված չեն գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ:

Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը 03.11.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ խնդրել է հայցվորի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի, այն հիմքով, որ Դատարանը վճիռը հրապարակվել է 08.09.2017 թվականին, այն ուղարկվել է հայցվորի ներկայացուցչին, և վերջինս փոստային ծառայության միջոցով դատական ակտը ստացել է 12.09.2017 թվականին, որպիսի պատճառով բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը: Նշվածի հաշվառմամբ Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ խնդրել է բավարարել միջնորդությունը և ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ (հատոր 5-րդ, գ.թ. 85-86):

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդը վերաքննիչ բողոքները բերվել են դատավարական կողմի՝ Անժել Միրզախանյանի ներկայացուցչի կողմից և դրանց կցված միջնորդություններում նշվել է դատական ակտը ուշ ստանալու հանգամանքը։ Անժել Միրզախանյանի կողմից դատական ակտ չստանալու կամ ուշ ստանալու և այդ պատճառով դատավարական ժամկետ բաց թողնելու հանգամանք վերաքննիչ դատարանի քննարկմանը երբևիցե չի ներկայացվել։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը)։

Այս դեպքում գտնում ենք որ վճռաբեկ դատարանը դատավարական ժամկետի վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքի քննությունն իրականացրել է անտեսելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդության բովանդակությունը՝ կատարելով ընդհանրական բնույթի վերլուծություններ դատական ակտը դատավարական կողմին ընդհանրապես ուղարկելու նշանակության մասին։

Մինչդեռ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի քննության համար առաջնայինը բողոքի հիմքերի գնահատումն է բողոքում բերված հիմնավորումների շրջանակներում և միայն դրանց վերաբերելիության սահմաններում իրավական վերլուծությունների կատարումը՝ չշեղվելով հարուցված քաղաքացիական գործի իրավական հիմքերից և հիմնավորումներից։

Հետևաբար պետք է արձանագրենք, որ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու միջնորդությունը բավարարելու մասին վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը Վճռաբեկ դատարանը գնահատել է անտեսելով ինչպես վերաքննիչ բողոք ներկայացված միջնորդության բովանդակությունն ընդհանրապես, այնպես վճռաբեկ բողոք ներկայացրած անձի հիմնավորումները։

Գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքը դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի ճանաչելու մասով հիմնավոր է և ենթակա էր բավարարման։ Այս առումով նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս հիմքերի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման հիմնավորումներին, քանի որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բաց թողնելու պատճառները չէին կարող հարգելի ճանաչվել, ուստիև վերաքննիչ բողոքը չէր կարող քննության առնվել։

 

 Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարվեր՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվեր, օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան