Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.07.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0481/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0481/02/16

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան  

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան

 

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ս. միքայելյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Անի Համբարձումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Դավիթ Հունանյանի, Զորիկ Ալեքսանյանի, Հակոբ Սաղաթելյանի, Վահան Հունանյանի, Վահան Փիլիպոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Զորիկ Ալեքսանյանի, Հակոբ Սաղաթելյանի, Վահան Հունանյանի, Վահան Փիլիպոսյանի ընդդեմ Բանկի` երաշխավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Դավիթ Հունանյանից, Զորիկ Ալեքսանյանից, Հակոբ Սաղաթելյանից, Վահան Հունանյանից և Վահան Փիլիպոսյանից համապարտությամբ հօգուտ իրեն բռնագանձել 2.897 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (որը ներառում է 2.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վարկի չվճարված գումարի մնացորդ, 169 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վարկի տարեկան տոկոսադրույքի կուտակված տոկոսագումար և 328 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հաշվարկված տուժանքի գումար), ինչպես նաև 08.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի չվճարված գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի վրա հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0,2 տոկոս տուժանք:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Զորիկ Ալեքսանյանը, Հակոբ Սաղաթելյանը, Վահան Հունանյանը և Վահան Փիլիպոսյանը պահանջել են 19.01.2016 թվականից դադարած ճանաչել Բանկի, պարտապան Դավիթ Հունանյանի և երաշխավորներ Զորիկ Ալեքսանյանի, Հակոբ Սաղաթելյանի, Վահան Հունանյանի և Վահան Փիլիպոսյանի միջև 02.07.2013 թվականին կնքված թիվ 131110722/01 երաշխավորության պայմանագրով տրված երաշխավորությունը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Արզումանյան) (այսուհետ` Դատարան) 08.06.2017 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթն ըստ Բանկի հայցի ընդդեմ Դավիթ Հունանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, կարճվել է, Բանկի հայցը` Զորիկ Ալեքսանյանի, Հակոբ Սաղաթելյանի, Վահան Հունանյանի, Վահան Փիլիպոսյանի մասով, մերժվել է: Վահան Փիլիպոսյանի, Հակոբ Սաղաթելյանի, Զորիկ Ալեքսանյանի, Վահան Հունանյանի հակընդդեմ հայցը բավարարվել է` դադարած է ճանաչվել 19.01.2016 թվականից Բանկի, պարտապան Դավիթ Հունանյանի և երաշխավորներ Վահան Փիլիպոսյանի, Հակոբ Սաղաթելյանի, Զորիկ Ալեքսանյանի, Վահան Հունանյանի միջև 02.07.2013 թվականին կնքված թիվ 131110722/01 երաշխավորության պայմանագրով Վահան Փիլիպոսյանի, Հակոբ Սաղաթելյանի, Զորիկ Ալեքսանյանի, Վահան Հունանյանի կողմից տրված երաշխավորությունը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.05.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.06.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 74-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 369-րդ, 377-րդ, 880-րդ, 881-րդ, 382-րդ, 1226-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 11-րդ, 13-րդ, 93-րդ, 94-րդ, 95-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 53-րդ և 130.1-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը 28.03.2018 թվականի դատական նիստի ավարտին, որը տեղի է ունեցել գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, բողոքի քննությունը հայտարարել է ավարտված և հայտնել որոշման հրապարակման օրը` 12.04.2018 թվականը: Նշված` 12.04.2018 թվականի դատական նիստը կայացել է, սակայն Վերաքննիչ դատարանը չի հրապարակել որոշումը և վերսկսել է գործի վարույթը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Բանկը ներկա չի գտնվել նշված դատական նիստին, ինչպես նաև հաստատելով այն հանգամանքը, որ գործի քննության մասին Բանկը պետք է ծանուցվի` Վերաքննիչ դատարանը դատական նիստ է նշանակել 25.04.2018 թվականին: Բանկը 25.04.2018 թվականի դատական նիստի մասին ծանուցումը չի ստացել, իսկ գործում առկա ծանուցման հետադարձ անդորրագրի վրա առկա է Բանկի անվանումը, սակայն որպես հասցե նշված է` «ք. Երևան, Զաքյան 3»: Նշված ծանուցման հետադարձ անդորրագրի վրա բացակայում է Բանկի ստորագրությունը, ծանուցումն ստանալը հավաստող կնիքը և ամսաթիվը: Վերաքննիչ դատարանը, չնայած նշված հանգամանքին, հայտարարել է, որ Բանկը, պատշաճ ծանուցված լինելով, չի ներկայացել դատական նիստին, միաժամանակ որոշել է ավարտել բողոքի քննությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել սույն գործի նյութերում առկա` Բանկի կողմից ներկայացված ծանուցման հասցեի և Բանկի գտնվելու վայրի հասցեի վերաբերյալ նշումները, որոնցից և ոչ մեկում առկա չէ «ք. Երևան, Զաքյանհասցեի վերաբերյալ տեղեկություն: Ավելին` ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի` մինչ 25.04.2018 թվականի դատական նիստի մասին ծանուցումն ուղարկելը, վերջիններիս կողմից ծանուցումներն ուղարկվել են Բանկի ծանուցման ճիշտ հասցեով` «ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ»:

Դատարանը և Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն հետազոտել և գնահատել գործում ներկայացված ապացույցները, մասնավորապես` վարկի մարման գրաֆիկը, վարկառուի մահվան վերաբերյալ տեղեկանքը, 15.10.2015 թվականի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը, նոտարից ստացված փաստաթղթերը և արդյունքում կայացրել են սխալ դատական ակտեր։ Տվյալ գործով Վահան Հունանյանը հանդիսանում է վարկառուի (Դավիթ Հունանյան) որդին, ով ոչ միայն վարկային պայմանագրի երաշխավորն է, այլև վարկառուի մահից հետո վճարել է մարման գրաֆիկով 15.10.2015 թվականի համար սահմանված հերթական մարման գումարը։ Այսինքն` ժառանգը ոչ միայն տեղյակ է եղել պարտավորության առկայության մասին, այլև ձեռնարկել է պարտավորության կատարմանն ուղղված գործողություններ, ընդունել է հոր ժառանգությունը։

Բացի այդ, Բանկը ողջամտորեն հնարավորություն չի ունեցել տեղեկանալ վարկառուի մահվան մասին, այն պատճառով, որ վերջինիս մահվանից` 17.07.2015 թվականից 3 ամիս հետո նախատեսված հերթական վճարումը կատարվել է և այդ պահին կետանց առկա չի եղել, իսկ 15.10.2015 թվականից հետո հաջորդ վճարումը նախատեսված է եղել 04.04.2016 թվականին, ուստի Բանկը չի ունեցել որևէ հիմք մտածելու, որ վարկառուն մահացել է և միջոցներ չի ձեռնարկել իր պահանջի կատարումն ապահովելու համար։

Ավելին, սույն գործով հիմնական պարտավորությունը չէր կարող համարվել դադարված, քանի որ վարկառուի մահից հետո վարկառուի ժառանգական զանգվածի մեջ մտնող գումարի հաշվին վարկառուի որդու կողմից վճարման կատարումը վկայում է այն մասին, որ վերջինս փաստացի ընդունել է ժառանգությունը` վերցնելով վարկառուի գույք հանդիսացող դրամական միջոցները, պահելով դրանք, ինչպես նաև դրանցով գործողություններ կատարելով, ընդ որում գործողությունները վերջինիս կողմից կատարվել են վարկառուի մահից հետո: Նշված փաստը Վերաքննիչ դատարանում ընդունել են և՛ Վահան Հունանյանը, և՛ պատասխանողների ներկայացուցիչը: Դատարանը և Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով նշված փաստերն ու բազմակողմանի չուսումնասիրելով գործում առկա ապացույցները, եկել են սխալ եզրահանգման` համարելով դադարված երաշխավորության պայմանագիրն այն պարագայում, երբ իրավահարաբերությունները թույլ են տալիս իրավահաջորդություն, իսկ վարկառուի որդի Վահան Հունանյանը փաստացի, հետագայում նաև` նոտարական կարգով ընդունել է ժառանգությունը:

Ինչ վերաբերում է ժառանգության զանգվածի մեջ Բանկի պահանջի ներառման նոտարական կարգով կատարված չլինելու հանգամանքին, ապա գումարի բռնագանձման պահանջը ներկայացվել է վարկառուին օրենքով սահմանված ժամկետներում` հաշվի առնելով, որ Բանկը տեղյակ չէր և հնարավորություն չուներ տեղեկանալու վարկառուի` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ մահացած լինելու փաստի մասին, իսկ այդ փաստն իմանալուց հետո այն ներկայացված է համարվել վարկառուի ժառանգին` Վահան Հունանյանին, ով արդեն իսկ ներգրավված է եղել դատական գործում, համարվել գործին մասնակցող անձ և համապատասխանող:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել կամ ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վերաքննիչ բողոքում, որպես Բանկի ծանուցման հասցե, նշվել է վերջինիս ներկայացուցչի` Հայկուհի Սեդրակյանի, հասցեն, այն է` «ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ, «Կոնցեռն Դիալոգ» ՍՊԸ» (հատոր 4-րդ, գ.թ. 12-16):

2) Վերաքննիչ դատարանի կողմից մինչև 25.04.2018 թվականը նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները Բանկի ներկայացուցչին ուղարկվել են «ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ, «Կոնցեռն Դիալոգ» ՍՊԸ» հասցեով (հատոր 4-րդ, գ.թ. 27, 46):

3) Վերաքննիչ դատարանը 28.03.2018 թվականի դատական նիստի ընթացքում, որին ներկա են եղել նաև հայցվոր և պատասխանող կողմերի ներկայացուցիչները, հայտարարել է բողոքի քննությունն ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օրը և ժամը` 12.04.2018 թվականին, ժամը 12:45-ին (հատոր 4-րդ, գ.թ. 52-55):

4) Վերաքննիչ դատարանը 12.04.2018 թվականի դատական նիստում, որին ներկա է գտնվել միայն պատասխանող կողմի ներկայացուցիչը, որոշել է վերսկսել բողոքի քննությունը` հաջորդ դատական նիստը նշանակելով 25.04.2018 թվականին, ժամը 12:40-ին (հատոր 4-րդ, գ.թ. 56-57):

5) Վերաքննիչ դատարանը 25.04.2018 թվականին, ժամը 12:40-ին կայացվելիք դատական նիստի մասին Բանկին ծանուցել է «ք. Երևան, Զաքյան 3» հասցեով: Բանկին հասցեագրված փոստային ծրարը հետ է վերադարձվել «չպահանջված» նշումով (հատոր 4-րդ, գ.թ. 63-65):

6) Վերաքննիչ դատարանը 25.04.2018 թվականի դատական նիստի ընթացքում, որին մասնակցել է միայն պատասխանող կողմի ներկայացուցիչը, հայտնել է, որ բողոքի քննության վերսկսման նպատակը եղել է այն, որ չնայած հայցը ներկայացվել է երաշխավորից գումար բռնագանձելու պահանջով, սակայն վերաքննիչ բողոքն ամբողջությամբ վերաբերում է ժառանգներից գույքը բռնագանձելու պահանջին: Նշվածից ելնելով` Վերաքննիչ դատարանը հարկ է համարել ներկայացնել հարցեր Բանկի ներկայացուցչին, որպեսզի պարզի, թե այն փաստարկները, որոնք առաջին ատյանի դատարանում ո՛չ հայցի, ո՛չ դիրքորոշման տեսքով չէին ներկայացվել, ինչու են ներգրավվել բողոքի մեջ: Նույն դատական նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանը, քննարկելով դատական նիստը հետաձգելու հարցը, որոշել է բողոքի քննությունը հայտարարել ավարտված և հայտնել է դատական ակտի հրապարակման օրը` 17.05.2018 թվականին (դատական նիստի արձանագրման համառոտագրում, հատոր 4-րդ, գ.թ. 71-72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքով վիճարկվում է Վերաքննիչ դատարանի կողմից 25.04.2018 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ Բանկին ծանուցած չլինելու հարցը, իսկ Վերաքննիչ դատարանում գործի քննությունը 09.04.2018 թվականից հետո իրականացվել է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնների պահպանմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են գործող` 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ,

2) հանձնվում է առձեռն,

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն`

1. Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե): (…)

4. Իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):

5. Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրն ուղարկում է`

1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով.

2) իրավաբանական անձի դեպքում` այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով:

6. Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

7. Հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է: (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է նույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին նույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: Հետևաբար բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-97-րդ հոդվածներով, ըստ էության սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապահովել դատավարության մասնակիցների` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելը: Նշված պահանջները, հավասարապես վերաբերում են բոլոր դատարաններին և դատական ատյաններին, այդ թվում նաև` վերաքննիչ դատարանին, ուստի վերջինս ևս կրում է դատավարության մասնակիցներին դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն:

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ և 375-րդ հոդվածներին և դրանք համակարգային մեկնաբանության ենթարկելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, եթե վերաքննիչ դատարանը չի որոշում գործի քննությունն իրականացնել դատական նիստում: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը որոշում է գործի քննությունն իրականացնել դատական նիստում, դատավարության մասնակցին ծանուցում է նիստի ժամանակի և վայրի մասին, որն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` դատական նիստի մասին ծանուցման վերաբերյալ ընդհանուր կանոններին համապատասխան:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված իրավիճակում վերաքննիչ դատարանի կողմից դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակներով:

Հաշվի առնելով սույն գործի հանգամանքները` Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում առանձնահատուկ կերպով անդրադառնալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակցին պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ տեղեկացնելու եղանակին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երբ վերաքննիչ դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումն իրականացնում է վերը նշված եղանակներից` պատվիրված նամակով ուղարկելու միջոցով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի կարգավորումները նախատեսում են, որ դատարանի կողմից պատվիրված նամակը պետք է ուղարկվի դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

Այսպիսով, դատարանի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը պատշաճ կատարված է համարվում, երբ դատարանի կողմից դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցին պատշաճ հասցեով: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ դատարանի կողմից որպես դատավարության մասնակցի ծանուցման հասցե նշվում է ոչ պատշաճ հասցե (օրինակ` դատավարության մասնակցի կողմից նշված ծանուցման հասցեին չհամապատասխանող հասցե), ապա դատարանի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը պատշաճ չի կատարվում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Այսինքն` դատական նիստի մասին դատական ծանուցագիրն ստանալուց հետո այլևս անձին ծանուցագիր չի ուղարկվում կամ չի հանձնվում, փոխարենը` դատական նիստի մասին տեղեկությունները տեղադրվում են դատական իշխանության պաշտոնական կայքում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է բացառություն այն դեպքի համար, երբ վերաքննիչ դատարանը վերսկսում է բողոքի քննությունը: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը, անհրաժեշտ համարելով շարունակել բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, իրավունք ունի վերսկսելու բողոքի քննությունը միայն մեկ անգամ:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` բողոքի քննությունը վերսկսելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են բողոքի քննության ժամանակը և վայրը:

Չնայած այն կարգավորմանը, որ դատավարության մասնակիցը յուրաքանչյուր հերթական դատական նիստի մասին տեղեկանում է սեփական նախաձեռնությամբ դատական իշխանության կայքում տեղադրված տեղեկատվությանը հետևելով` օրենսդիրը նախատեսել է, որ վերաքննիչ բողոքի քննությունը վերսկսվելու դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ նշանակվում է նիստ, որի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցը տեղեկացվում է այդ որոշման օրինակն ստանալու միջոցով:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի այն կարգավորումը, որ դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակցին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ տարածվում են դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) գլխի կանոնները, գտնում է, որ դատական ծանուցագրերն անձին ուղարկելու (հանձնելու) կանոնների վերաբերյալ վերը կատարված վերլուծությունները կիրառելի են նաև դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակցին հանձնելու կապակցությամբ ծագող հարաբերությունների նկատմամբ: Հետևաբար, բողոքի քննությունը վերսկսելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը դատավարության մասնակիցներին պետք է ուղարկվի ծանուցման ընդհանուր կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` վերաքննիչ բողոքում, որպես Բանկի ծանուցման հասցե, նշվել է վերջինիս ներկայացուցչի հասցեն, այն է` «ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ, «Կոնցեռն Դիալոգ» ՍՊԸ»: Վերաքննիչ դատարանի կողմից մինչև 25.04.2018 թվականը նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները Բանկի ներկայացուցչին ուղարկվել են «ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ, «Կոնցեռն Դիալոգ» ՍՊԸ» հասցեով: Վերաքննիչ դատարանը 28.03.2018 թվականի դատական նիստի ընթացքում, որին ներկա են եղել հայցվոր և պատասխանող կողմերի ներկայացուցիչները, հայտարարել է բողոքի քննությունն ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օրն ու ժամը` 12.04.2018 թվականին, ժամը 12:45-ին: Վերաքննիչ դատարանը, 12.04.2018 թվականին հրավիրված դատական նիստում, որին ներկա է գտնվել միայն պատասխանող կողմի ներկայացուցիչը, որոշել է վերսկսել բողոքի քննությունը` հաջորդ դատական նիստը նշանակելով 25.04.2018 թվականին, ժամը 12:40-ին:

Սույն գործի նյութերից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանը 25.04.2018 թվականին, ժամը 12:40-ին կայացվելիք դատական նիստի մասին Բանկին ծանուցել է «ք. Երևան, Զաքյան 3» հասցեով: Բանկին հասցեագրված փոստային ծրարը հետ է վերադարձվել «չպահանջված» նշումով:

Վերաքննիչ դատարանը, 25.04.2018 թվականի դատական նիստի ընթացքում, որին մասնակցել է միայն պատասխանող կողմի ներկայացուցիչը, հայտնել է, որ բողոքի քննության վերսկսման նպատակը եղել է այն, որ չնայած հայցը ներկայացվել է երաշխավորից գումար բռնագանձելու պահանջով, սակայն վերաքննիչ բողոքն ամբողջությամբ վերաբերում է ժառանգներից գույքը բռնագանձելու պահանջին: Նշվածից ելնելով` Վերաքննիչ դատարանը հարկ է համարել ներկայացնել որոշ հարցեր Բանկի ներկայացուցչին, որպեսզի պարզի, թե այն փաստարկները, որոնք առաջին ատյանի դատարանում ո՛չ հայցի, ո՛չ դիրքորոշման տեսքով չէին ներկայացվել, ինչու են ներգրավվել բողոքի մեջ: Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը, քննարկելով դատական նիստը հետաձգելու հարցը, որոշել է բողոքի քննությունը հայտարարել ավարտված և հայտնել է դատական ակտի հրապարակման օրը` 17.05.2018 թվականին:

 

Համադրելով սույն գործի փաստերը վերը նշված իրավական դիրքորոշումների հետ և դրանց լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի գործողությունների իրավաչափությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ 12.04.2018 թվականին նշանակված դատական ակտի հրապարակման օրը Վերաքննիչ դատարանը Բանկին լրացուցիչ հարցեր տալու նպատակով վերսկսել է բողոքի քննությունը: Միաժամանակ 25.04.2018 թվականին, ժամը 12:40-ին կայացվելիք դատական նիստի վերաբերյալ Բանկը ծանուցվել է «ք. Երևան, Զաքյան 3» հասցեով, մինչդեռ ըստ գործի նյութերի` Բանկի ծանուցման համար նման հասցե վերջինիս կողմից չի նշվել: Փոստային առաքանին հետ է վերադարձվել «չպահանջված» նշումով, սակայն Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Բանկը ծանուցվել է 25.04.2018 թվականի դատական նիստի մասին, որոշել է բողոքի քննությունը համարել ավարտված և հայտարարել է որոշման հրապարակման օրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հարկ է համարել դատավարության մասնակցին 25.04.2018 թվականին, ժամը 12:40-ին կայացվելիք դատական նիստի մասին տեղեկացնել դատական ծանուցագիր ուղարկելու միջոցով, որը սակայն իրականացվել է խախտմամբ, քանի որ ուղարկվել է ոչ պատշաճ հասցեով:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Բանկին պատշաճ ձևով չի ծանուցել 25.04.2018 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ու գործը քննել է նրա բացակայությամբ` չապահովելով Բանկի` վերաքննիչ բողոքի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը: Ընդ որում, նշվածն այն պարագայում, երբ Վերաքննիչ դատարանը վերսկսել էր բողոքի քննությունը` բողոք բերած անձին բողոքի լուծման համար լրացուցիչ հարցեր տալու և պարզաբանումներ ստանալու նպատակով:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Բանկի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

 

Սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջների խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան
  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

  Տ. Պետրոսյան
  Է. Սեդրակյան
 

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2020 թվական: