Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2020
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2020
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական 

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1500/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/1500/05/17

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան  

Դատավորներ՝

Կ. Մաթևոսյան

  Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

   

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

   

Տ. Պետրոսյան

 

2020 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Իսկանդարյանի ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Իսկանդարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Իսկանդարյանը պահանջել է վերացնել Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի ատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 22.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.04.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.05.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Իսկանդարյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 28-րդ և 29-րդ հոդվածները, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածները, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ, 11-րդ և 124.3-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն բխում գործում առկա ապացույցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումից: Այսպես, Աշոտ Իսկանդարյանը չէր կարող տեսնել լուսացույցի ազդանշանները, քանի որ առկա է եղել վարորդի տեսադաշտը փակող խոչընդոտ։ Ինչպես հստակ երևում է ենթադրյալ իրավախախտումն ամրագրած, ապացույց հանդիսացող տեսանյութից, բողոքաբերին պատկանող ավտոմեքենան երևում է տեսանյութի 00:03 (տեսախցիկի ֆիքսած ժամանակով 12:40:28 վայրկյանին), իսկ այդ պահին խաչմերուկի աջ մասում, որտեղ տեղադրված է ելքի լուսացույցը, երթևեկում է ավտոբուս, իսկ խաչմերուկից հետո տեղադրված լուսացույցի մոտ կանգնած է բեռնատար, որպիսի պայմաններում հայցվորի կողմից լուսացույցները տեսանելի չեն եղել։ Ընդ որում, հայցվորի մեքենան խաչմերուկին մոտենալու պահին հակառակ ուղղությամբ երթևեկությունն ինտենսիվ էր, և մի քանի մեքենաներ գտնվում էին խաչմերուկում կամ դրա շրջակայքում, որպիսի հանգամանքը ևս չէր կարող հուշել վերջինիս, որ լուսացույցի վրա վառված է արգելող ազդանշան։

Բացի այդ, կրկնող և հիմնական լուսացույցների միջև առկա հակասության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները և դատողությունները ևս չեն բխում ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությունից և անհիմն են:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.05.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշման համաձայն՝ Աշոտ Իսկանդարյանը 04.02.2017 թվականին, ժամը 12։40-ին, ք. Երևան, Սեբաստիա/Ա. Վեգներ խաչմերուկի հատվածում խախտել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 27-ի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը, այն է՝ չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին՝ առաջ անցնելով արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցից և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության (գ.թ. 10)։

2) Կարգավորվող խաչմերուկում առկա են հիմնական և կրկնող լուսացույցներ (հիմք` գործում առկա տեսագրություն, գ.թ. 14):

3) Աշոտ Իսկանդարյանի և «ԽԱՉԱՏՈՒՐՈՎ» ՍՊԸ-ի ի դեմս տնօրեն Արտակ Խաչատրյանի միջև կնքվել է թիվ 299-17 փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որի 4.1 կետի համաձայն պայմանագրի գին է սահմանվել 50.000 ՀՀ դրամը (հիմք` գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման առանձին տարրերի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, եթե կարգավորվող խաչմերուկում առկա է անսարք լուսացույց, իսկ հիմնական լուսացույցը տեսանելի չէ տվյալ համընթաց շարքում:

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 15 աշխատանքային օրում:

 «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի «Լուսացույցների տեղակայման կանոնները» բաժնի 43-րդ կետի համաձայն` (․․․) երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին խաչմերուկից առաջ բաժանարար գոտու, ուղղորդ կղզյակների կամ անվտանգության կղզյակների բացակայության դեպքում թույլատրվում է Տ(T).1.ձ լուսացույցը տեղակայել աջ կողմում, եթե բնակավայրերում տվյալ ուղղությամբ գոտիների թիվը պակաս է երեքից (բնակավայրերից դուրս՝ երկուսից ոչ ավելի), հակառակ դեպքում Տ(T).1.ձ լուսացույցը տեղակայվում է երթևեկելի մասի վրա։ Այդ դեպքում «դեպի ձախ», «ուղիղ» կամ «ուղիղ և դեպի ձախ» սլաքներով Տ(T).2 լուսացույցները տեղակայվում են երթևեկելի մասի վրա (․․․)։ Նույն բաժնի 44-րդ կետի համաձայն՝ երթևեկելի մասի կողքին տեղակայված Տ(T).1 ցանկացած կատարման և Տ(T).2 լուսացույցները կրկնում են: Կրկնող լուսացույցը տեղակայվում է խաչմերուկում կամ անմիջապես դրանից հետո` հաշվի առնելով վարորդի կողմից լուսացույցի ազդանշանի տեսանելիությունը (․․․):

 ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե´ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը

 Պատասխանող կողմը վերաքննիչ բողոքում, իսկ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում անդրադարձել են խաչմերուկում տեղակայված լուսացույցի անխափան աշխատելու հարցին, մինչդեռ իրավական խնդիրը, ըստ ներկայացված հայցադիմումի վերաբերել է խաչմերուկում ստեղծված իրավիճակում լուսացույցը վարորդին տեսանելի չլինելու հարցին:

 Սույն գործի փաստերից հետևում է, որ երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել՝ հիմնական լուսացույցի կողքին՝ «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում, և բնականաբար, վարորդը պետք է կողմնորոշվեր կրկնող լուսացույցի լուսային ազդանշաններով, մինչդեռ հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին կրկնող լուսացույցը լուսային որևէ ազդանշան չէր արձակում:

 Տվյալ դեպքում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով խախտում արձանագրելիս վարչական մարմինը պետք է գնահատականի արժանացներ ոչ միայն տեսանյութում լուսացույցի երևալը, այլ նաև իրական ճանապարհային իրադրությունում վարորդի կողմից հիմնական և/կամ կրկնող լուսացույցի տեսանելի լինելու փաստը՝ այն համադրելով երթևեկության տվյալ հատվածում ձևավորված իրավիճակի հետ:

 Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ հնարավոր են իրավիճակներ, երբ լուսացույցներից որևէ մեկը կարող է խափանվել՝ չարտացոլելով լուսացույցի ազդանշաններից որևէ մեկը կամ բոլորը միաժամանակ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված պարագայում տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ղեկավարվել այն լուսացույցով, որը տվյալ արտացոլումն իրականացնում է անխափան: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ նախատեսված չէ որևէ իրավական հետևանք լուսացույցի չվառվող ազդանշանի համար (բացառությամբ թարթելու, ինչպես նաև սեկցիայի պարագայում, որը սույն պարագայում բացակայում է), Վերաքննիչ դատարանը գտել է, որ լուսացույցի վրա որևէ ազդանշանի վառված չլինելու պարագայում (ինչը տվյալ պարագայում հաստատված է համարել Դատարանը) ողջամտորեն պետք է ենթադրել դրա խափանման մասին, հետևաբար տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր էր ղեկավարվել այն լուսացույցի ազդանշանով, որը գործում է անխափան:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

 Նույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի վարչական ակտեր)։

 Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում լուսացույցն ըստ էության հանդիսանում է այլ ձևով ընդունված վարչական ակտ, որի յուրաքանչյուր գույնի միացված ազդանշանը որոշակի պարտականություններ է սահմանում անձանց հատուկ կատեգորիայի (վարորդ, հետիոտն) համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

 Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար` մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը:

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այլ ձևի վարչական ակտերը պետք է հասանելի (տեսանելի) լինեն այն անձանց (սուբյեկտների) համար, որոնց վրա դրվում են որոշակի պարտականություններ, հակառակ դեպքում պետք է բացառվի նաև պատասխանատվությունը դրա չկատարման համար, քանի որ այդ դեպքում բացակայում է անձի մեղքը:

 Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում արձանագրել է, որ լուսացույցի՝ որպես վարչական ակտի օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ փաստարկները հայցվորը կաշկանդված չէ ներկայացնելու նշված վարչական ակտի վիճարկման վարույթում, իսկ սույն հայցապահանջի շրջանակներում դրանք քննարկման առարկա չեն կարող դառնալ՝ համապատասխան պահանջի բացակայության պատճառով, ուստի հայցվորի փաստարկներն ամբողջությամբ անհիմն են:

 Վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի համար իրավական խնդիրը ճանապարհային երթևեկությունը կարգավորող վարչական ակտի իրավաչափության հարցը չէ, այլ տվյալ տեսակի վարչական ակտի առանձնահատկությունից ելնելով` վարչական պատասխանատվության համար ելակետային նշանակության ունի վարչական ակտի հասցեատիրոջը դրա հասանելիության հարցը, որն էլ էական է վարչական պատասխանատվության համար առանցքային նշանակություն ունեցող պայմանի` մեղքի առկայությունը հաստատելու համար:

 Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի կազմում ներառել է նաև ներկայացուցիչների վճարները:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե'ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո հաշվի առնել գործով ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը, դատական նիստերի քանակը և տևողությունը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), ինչպես նաև վիճարկվող վարչական ակտում նշված տուգանքի գումարի և պահանջվող ներկայացուցչական վճարի չափի հարաբերակցությունը, համադրելով գործում առկա` Աշոտ Իսկանդարյանի և «ԽԱՉԱՏՈՒՐՈՎ» ՍՊԸ-ի ի դեմս տնօրեն Արտակ Խաչատրյանի միջև կնքված թիվ 299-17 փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված վճարման ենթակա գումարի չափի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ողջամիտ է Ծառայությունից հօգուտ Աշոտ Իսկանդարյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես դատական բոլոր ատյաններում գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայությունից հօգուտ Աշոտ Իսկանդարյանի ենթակա է բռնագանձման 240 ՀՀ դրամ՝ որպես փոստային ծախսի փոխհատուցման գումար։

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են (...) ֆիզիկական անձինք՝ (...) վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով (...):

Հաշվի առնելով, որ հայցվորը սույն գործով ազատված է պետական տուրքի վճարումից, ինչի հաշվառմամբ հայցադիմում և վճռաբեկ բողոք ներկայացնելիս պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ծառայությունը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Աշոտ Իսկանդարյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով հայցվորի կողմից պետական տուրքի գծով ծախսի կատարում անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից՝ դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե´ս, նաև Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Ծառայությունը վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրք, հետևաբար ներկայացված հայցը բավարարվելու պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման խնդիր առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.04.2018 թվականի որոշումը բեկանել և փոփոխել. Աշոտ Իսկանդարյանի հայցը բավարարել՝ վերացնել ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշումը:

2. ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Աշոտ Իսկանդարյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցման գումար, 240 ՀՀ դրամ՝ որպես փոստային ծախսի փոխհատուցման գումար։

ՀՀ վարչական, ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարաններում պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան
  Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
 

Տ. Պետրոսյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/1500/05/17 վարչական գործով 27.08.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

27.08.2020 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Իսկանդարյանի ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.04.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշոտ Իսկանդարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ որոշումը վերացնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.04.2018 թվականի որոշումը բեկանել և փոփոխել, Աշոտ Իսկանդարյանի հայցը բավարարել՝ վերացնել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Աշոտ Իսկանդարյանը պահանջել է վերացնել Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի ատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 22.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.04.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.05.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Իսկանդարյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 28-րդ և 29-րդ հոդվածները, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածները, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ, 11-րդ և 124.3-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն բխում գործում առկա ապացույցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումից: Այսպես, Աշոտ Իսկանդարյանը չէր կարող տեսնել լուսացույցի ազդանշանները, քանի որ առկա է եղել վարորդի տեսադաշտը փակող խոչընդոտ։ Ինչպես հստակ երևում է ենթադրյալ իրավախախտումն ամրագրած, ապացույց հանդիսացող տեսանյութից, բողոքաբերին պատկանող ավտոմեքենան երևում է տեսանյութի 00:03 (տեսախցիկի ֆիքսած ժամանակով 12:40:28 վայրկյանին), իսկ այդ պահին խաչմերուկի աջ մասում, որտեղ տեղադրված է ելքի լուսացույցը, երթևեկում է ավտոբուս, իսկ խաչմերուկից հետո տեղադրված լուսացույցի մոտ կանգնած է բեռնատար, որպիսի պայմաններում հայցվորի կողմից լուսացույցները տեսանելի չեն եղել։ Ընդ որում, հայցվորի մեքենան խաչմերուկին մոտենալու պահին հակառակ ուղղությամբ երթևեկությունն ինտենսիվ էր, և մի քանի մեքենաներ գտնվում էին խաչմերուկում կամ դրա շրջակայքում, որպիսի հանգամանքը ևս չէր կարող հուշել վերջինիս, որ լուսացույցի վրա վառված է արգելող ազդանշան։

Բացի այդ, կրկնող և հիմնական լուսացույցների միջև առկա հակասության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները և դատողությունները ևս չեն բխում ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությունից և անհիմն են:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.05.2017 թվականի վճռին»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

 «1) Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշման համաձայն՝ Աշոտ Իսկանդարյանը 04.02.2017 թվականին, ժամը 12։40-ին, ք. Երևան, Սեբաստիա/Ա. Վեգներ խաչմերուկի հատվածում խախտել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 27-ի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը, այն է՝ չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին՝ առաջ անցնելով արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցից և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության (գ.թ. 10)։

2) Կարգավորվող խաչմերուկում առկա են հիմնական և կրկնող լուսացույցներ (հիմք` գործում առկա տեսագրություն, գ.թ. 14):

3) Աշոտ Իսկանդարյանի և «ԽԱՉԱՏՈՒՐՈՎ» ՍՊԸ-ի ի դեմս տնօրեն Արտակ Խաչատրյանի միջև կնքվել է թիվ 299-17 փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որի 4.1 կետի համաձայն պայմանագրի գին է սահմանվել 50.000 ՀՀ դրամը (հիմք` գ.թ. 13)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման առանձին տարրերի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, եթե կարգավորվող խաչմերուկում առկա է անսարք լուսացույց, իսկ հիմնական լուսացույցը տեսանելի չէ տվյալ համընթաց շարքում:

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 15 աշխատանքային օրում:

 «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի «Լուսացույցների տեղակայման կանոնները» բաժնի 43-րդ կետի համաձայն` (․․․) երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին խաչմերուկից առաջ բաժանարար գոտու, ուղղորդ կղզյակների կամ անվտանգության կղզյակների բացակայության դեպքում թույլատրվում է Տ(T).1.ձ լուսացույցը տեղակայել աջ կողմում, եթե բնակավայրերում տվյալ ուղղությամբ գոտիների թիվը պակաս է երեքից (բնակավայրերից դուրս՝ երկուսից ոչ ավելի), հակառակ դեպքում Տ(T).1.ձ լուսացույցը տեղակայվում է երթևեկելի մասի վրա։ Այդ դեպքում «դեպի ձախ», «ուղիղ» կամ «ուղիղ և դեպի ձախ» սլաքներով Տ(T).2 լուսացույցները տեղակայվում են երթևեկելի մասի վրա (․․․)։ Նույն բաժնի 44-րդ կետի համաձայն՝ երթևեկելի մասի կողքին տեղակայված Տ(T).1 ցանկացած կատարման և Տ(T).2 լուսացույցները կրկնում են: Կրկնող լուսացույցը տեղակայվում է խաչմերուկում կամ անմիջապես դրանից հետո` հաշվի առնելով վարորդի կողմից լուսացույցի ազդանշանի տեսանելիությունը (․․․):

 ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե´ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը

 Պատասխանող կողմը վերաքննիչ բողոքում, իսկ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում անդրադարձել են խաչմերուկում տեղակայված լուսացույցի անխափան աշխատելու հարցին, մինչդեռ իրավական խնդիրը, ըստ ներկայացված հայցադիմումի վերաբերել է խաչմերուկում ստեղծված իրավիճակում լուսացույցը վարորդին տեսանելի չլինելու հարցին:

 Սույն գործի փաստերից հետևում է, որ երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել՝ հիմնական լուսացույցի կողքին՝ «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում, և բնականաբար, վարորդը պետք է կողմնորոշվեր կրկնող լուսացույցի լուսային ազդանշաններով, մինչդեռ հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին կրկնող լուսացույցը լուսային որևէ ազդանշան չէր արձակում:

 Տվյալ դեպքում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով խախտում արձանագրելիս վարչական մարմինը պետք է գնահատականի արժանացներ ոչ միայն տեսանյութում լուսացույցի երևալը, այլ նաև իրական ճանապարհային իրադրությունում վարորդի կողմից հիմնական և/կամ կրկնող լուսացույցի տեսանելի լինելու փաստը՝ այն համադրելով երթևեկության տվյալ հատվածում ձևավորված իրավիճակի հետ:

 Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ հնարավոր են իրավիճակներ, երբ լուսացույցներից որևէ մեկը կարող է խափանվել՝ չարտացոլելով լուսացույցի ազդանշաններից որևէ մեկը կամ բոլորը միաժամանակ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված պարագայում տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ղեկավարվել այն լուսացույցով, որը տվյալ արտացոլումն իրականացնում է անխափան: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ նախատեսված չէ որևէ իրավական հետևանք լուսացույցի չվառվող ազդանշանի համար (բացառությամբ թարթելու, ինչպես նաև սեկցիայի պարագայում, որը սույն պարագայում բացակայում է), Վերաքննիչ դատարանը գտել է, որ լուսացույցի վրա որևէ ազդանշանի վառված չլինելու պարագայում (ինչը տվյալ պարագայում հաստատված է համարել Դատարանը) ողջամտորեն պետք է ենթադրել դրա խափանման մասին, հետևաբար տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր էր ղեկավարվել այն լուսացույցի ազդանշանով, որը գործում է անխափան:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

 Նույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի վարչական ակտեր)։

 Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում լուսացույցն ըստ էության հանդիսանում է այլ ձևով ընդունված վարչական ակտ, որի յուրաքանչյուր գույնի միացված ազդանշանը որոշակի պարտականություններ է սահմանում անձանց հատուկ կատեգորիայի (վարորդ, հետիոտն) համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

 Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար` մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը:

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այլ ձևի վարչական ակտերը պետք է հասանելի (տեսանելի) լինեն այն անձանց (սուբյեկտների) համար, որոնց վրա դրվում են որոշակի պարտականություններ, հակառակ դեպքում պետք է բացառվի նաև պատասխանատվությունը դրա չկատարման համար, քանի որ այդ դեպքում բացակայում է անձի մեղքը:

 Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում արձանագրել է, որ լուսացույցի՝ որպես վարչական ակտի օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ փաստարկները հայցվորը կաշկանդված չէ ներկայացնելու նշված վարչական ակտի վիճարկման վարույթում, իսկ սույն հայցապահանջի շրջանակներում դրանք քննարկման առարկա չեն կարող դառնալ՝ համապատասխան պահանջի բացակայության պատճառով, ուստի հայցվորի փաստարկներն ամբողջությամբ անհիմն են:

 Վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի համար իրավական խնդիրը ճանապարհային երթևեկությունը կարգավորող վարչական ակտի իրավաչափության հարցը չէ, այլ տվյալ տեսակի վարչական ակտի առանձնահատկությունից ելնելով` վարչական պատասխանատվության համար ելակետային նշանակության ունի վարչական ակտի հասցեատիրոջը դրա հասանելիության հարցը, որն էլ էական է վարչական պատասխանատվության համար առանցքային նշանակություն ունեցող պայմանի` մեղքի առկայությունը հաստատելու համար:

 Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

Աշոտ Իսկանդարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշումը:

Դատարանը 22.05.2017 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «ուսումնասիրելով police.am կայքում տեղադրված իրավախախտումն ամրագրած տեսանյութը և լուսանկարը, արձանագրում է, որ հիմնական և կրկնող լուսացույցերը չեն աշխատել միևնույն ժամանակահատվածի ռեժիմով, մասնավորապես, այն ժամանակ, երբ հայցվորի տրանսպորտային միջոցը, ընթանալով ճանապարհի երրորդ գոտով, չի ենթարկվում հիմնական լուսացույցի կարմիր ազդանշանին, հայցվորի համար առաջնային տեսանելի՝ կրկնող լուսացույցի վրա որևէ ազդանշան միացված չէ։ Այսինքն, տեսանյութում արտացոլված տեղեկություններով հնարավոր չէ գալ այն միանշանակ եզրահանգման, որ քննարկվող իրավախախտման պահին կրկնող լուսացույցը նույնությամբ վերարտադրել է հիմնական լուսացույցի ազդանշանները, ինչն էլ վկայում է, որ հայցվորի՝ լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը կասկած է հարուցում։ Վերոգրյալից հետևում է, որ տեսանյութում և լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, որն էլ ենթակա է մեկնաբանման հօգուտ հայցվորի»։

Վերաքննիչ դատարանը 25.04.2018 թվականին որոշում է կայացրել Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի 22.05.2017 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ Աշոտ Իսկանդարյանի հայցը մերժելու մասին այն պատճառաբանությամբ, որ «կից ներկայացված տեսանյութի, ինչպես նաև լուսանկարների ուսումնասիրությունից Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ենթադրյալ իրավախախտման կատարման վայրում առկա է կլոր ազդանշաններով լուսացույց, իսկ նախքան լուսացույցին մոտենալը` հստակ երևացող «Կանգ-գիծ» գծանշում, որպիսի պարագայում լուսացույցի կարմիր ազդանշանը արգելում է երթևեկություն և հետևաբար դրա միացման պարագայում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման առջև: Տեսանյութի և լուսանկարների ուսումնասիրության հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում նաև, որ լուսացույցի կարմիր ազդանշանը միացած է 12:40:26-րդ վայրկյանի դրությամբ, որպիսի պահին առկա էր նաև նշված կարմիր արգելող ազդանշանին ենթարկված և «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոց: Նշված ժամանակահատվածում հայցվորը դեռևս չէր հատել առկա «Կանգ-գիծ» գծանշումը, ուստի կարմիր ազդանշանի պարագայում պարտավոր էր կանգ առնել տվյալ գծանշման դիմաց, մինչդեռ վերջինս, առաջ է անցնում լուսացույցի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցից, մուտք է գործում խաչմերուկ և շարունակում երթևեկությունը, այսինքն` չի ենթարկվում լուսացույցի արգելող ազդանշանին` առաջ անցնելով լուսացույցի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցից: Վերաքննիչ դատարանի համոզմամբ նշվածը բավարար էր հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվություն առաջադրելու համար: Ինչ վերաբերում է կրկնող և հիմնական լուսացույցերի միջև հակասությանը, Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը. ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման 13-րդ կետի համաձայն` Տ(T).1 և Տ(T).1.հ (N 2 հավելված) լուսացույցները խաչմերուկներում կիրառվում են տվյալ ճանապարհով խաչմերուկին մոտենալիս` բոլոր թույլատրված ուղղություններով տրանսպորտային միջոցների միաժամանակյա անցման դեպքում և խաչմերուկների միջև տեղաբաշխված կարգավորվող հետիոտնային անցումների վրա: Նույն որոշման 44-րդ կետի համաձայն` երթևեկելի մասի կողքին տեղակայված Տ(T).1 ցանկացած կատարման և Տ(T).2 լուսացույցները կրկնում են: Կրկնող լուսացույցը տեղակայվում է խաչմերուկում կամ անմիջապես դրանից հետո` հաշվի առնելով վարորդի կողմից լուսացույցի ազդանշանի տեսանելիությունը: Բաժանարար գոտու, ուղղորդ կղզյակների կամ անվտանգության կղզյակների առկայության դեպքում կրկնող լուսացույցները (բացի Տ(T).1.ա, «դեպի աջ» սլաքով Տ(T).2) տեղակայվում են խաչմերուկում, դրանից հետո` երթևեկելի մասերի միջև կամ խաչմերուկից ձախ: Վերոգրյալից հետևում է, որ վկայակոչված իրավանորմում տեղ գտած «կրկնող» արտահայտությունը ինքնին նշանակում է խաչմերուկի աջ հատվածում տեղակայված լուսացույցի (Տ(T).1) ազդանշանների նույնությամբ արտացոլում: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ հնարավոր են իրավիճակներ, երբ լուսացույցերից որևէ մեկը կարող է խափանվել` չարտացոլելով լուսացույցի ազդանշաններից որևիցե մեկը, կամ բոլորը միաժամանակ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված պարագայում տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ղեկավարվել այն լուսացույցով որը տվյալ արտացոլումն իրականացնում է անխափան: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ նախատեսված չէ որևէ իրավական հետևանք լուսացույցի չվառվող ազդանշանի համար (բացառությամբ թարթելու, ինչպես նաև սեկցիայի պարագայում, որը սույն պարագայում բացակայում է)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ լուսացույցի վրա որևէ ազդանշանի վառված չլինելու պարագայում (ինչը տվյալ պարագայում հաստատված է համարել Դատարանը) ողջամտորեն պետք է ենթադրել դրա խափանման մասին, հետևաբար տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ղեկավարվել այն լուսացույցի ազդանշաններով, որը գործում է անխափան: Սույն գործով տեսանյութի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը գալիս է այն համոզման, որ առկա է եղել ոչ թե լուսացույցերի վրա առկայծող ազդանշանների հակասություն, այլ առավելագույնը նշվածը կարող էր մեկնաբանվել որպես ձախ կողմում տեղակայված լուսացույցի կարմիր ազդանշանի խափանում, քանի որ նշված երկու լուսացույցերի կանաչ և դեղին ազդանշանները վառվում և անջատվում են համաչափորեն, իսկ կարմիր ազդանշանի միացման ժամանակ ձախ լուսացույցի վրա որևէ առկայծում տեսանելի չէ ընդհանրապես, այսինքն` վարորդը պարտավոր է ղեկավարվել այն լուսացույցով, որը գործում է անխափան (սույն պարագայում` աջ կողմում տեղադրված լուսացույցը), հետևաբար նշվածի համատեքստում անհիմն են Դատարանի փաստարկներն առ այն, որ «...տեսանյութում արտացոլված տեղեկություններով հնարավոր չէ գալ այն միանշանակ եզրահանգման, որ քննարկվող իրավախախտման պահին կրկնող լուսացույցը նույնությամբ վերարտադրել է հիմնական լուսացույցի ազդանշանները, ինչն էլ վկայում է որ հայցվորի լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը կասկած է հարուցում։ (…) Ինչ վերաբերում է հայցվորի փաստարկներին` կապված լուսացույցի ոչ տեսանելի լինելու և դրանով պայմանավորված` մեղքի բացակայության հետ, ապա Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ տվյալ պարագայում իր կողմից վկայակոչված բարենպաստ հանգամանքի ապացուցման բեռը պետք է կրի հենց հայցվորը, մինչդեռ որևէ ապացույց ի հավաստումն իր կողմից վկայակոչված փաստարկի, ինչպես դատարանին, այնպես էլ Վերաքննիչ դատարանին չի ներկայացվել, ավելին, տեսանյութով լուսացույցը հստակ տեսանելի է, ուստի նշված փաստական հանգամանքը Վերաքննիչ դատարանը համարում է չհաստատված և անհիմն: Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում հայցվորի կողմից ի սկզբանե բերված փաստարկներին` կապված լուսացույցի` օրենսդրության պահանջների համապատասխանության հետ` հետևյալ հիմնավորմամբ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի վարչական ակտեր): Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ սույն պարագայում ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսացույցն ըստ էության հանդիսանում է այլ ձևով ընդունված վարչական ակտ, որի կողմից միացված յուրաքանչյուր գույնի ազդանշանը որոշակի պարտականություն է սահմանում անձանց հատուկ կատեգորիայի (վարորդ, հետիոտն) համար, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված վարչական ակտը որևէ կերպ չի վերացվել, ուժը կորցրած չի ճանաչվել, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել վերջինիս` իրավաչափ լինելու կանխավարկածից, հետևաբար լուսացույցի` որպես վարչական ակտի, օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ փաստարկները հայցվորը կաշկանդված չէ ներկայացնելու նշված վարչական ակտի վիճարկման վարույթում, իսկ սույն հայցապահանջի շրջանակներում դրանք քննարկման առարկա չեն կարող դառնալ` համապատասխան պահանջի բացակայության պատճառով, ուստի հայցվորի փաստարկներն ամբողջության անհիմն են: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենuգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին համապատաuխան բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները և չի պարզել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, սխալ է մեկնաբանել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության` վկայակոչված որոշումների իրավադրույթները, որի արդյունքում եկել է գործի ելքի վերաբերյալ սխալ եզրահանգման, ինչը բավարար է վճիռն ամբողջությամբ բեկանելու համար: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենuգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով uահմանված՝ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ վերաքննիչ դատարանի լիազորությունը»:

Այժմ Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով, որ՝

1) պատասխանող կողմը վերաքննիչ բողոքում, իսկ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում անդրադարձել են խաչմերուկում տեղակայված լուսացույցի անխափան աշխատելու հարցին, մինչդեռ իրավական խնդիրը, ըստ ներկայացված հայցադիմումի, վերաբերել է խաչմերուկում ստեղծված իրավիճակում լուսացույցը վարորդին տեսանելի չլինելու հարցին,

2) սույն գործի փաստերից հետևում է, որ երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել՝ հիմնական լուսացույցի կողքին՝ «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում, և բնականաբար, վարորդը պետք է կողմնորոշվեր կրկնող լուսացույցի լուսային ազդանշաններով, մինչդեռ հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին կրկնող լուսացույցը լուսային որևէ ազդանշան չէր արձակում,

3) լուսացույցն ըստ էության հանդիսանում է այլ ձևով ընդունված վարչական ակտ, որի յուրաքանչյուր գույնի միացված ազդանշանը որոշակի պարտականություններ է սահմանում անձանց հատուկ կատեգորիայի (վարորդ, հետիոտն) համար: (…) այլ ձևի վարչական ակտերը պետք է հասանելի (տեսանելի) լինեն այն անձանց (սուբյեկտների) համար, որոնց վրա դրվում են որոշակի պարտականություններ, հակառակ դեպքում պետք է բացառվի նաև պատասխանատվությունը դրա չկատարման համար, քանի որ այդ դեպքում բացակայում է անձի մեղքը,

 4) սույն գործի համար իրավական խնդիրը ճանապարհային երթևեկությունը կարգավորող վարչական ակտի իրավաչափության հարցը չէ, այլ տվյալ տեսակի վարչական ակտի առանձնահատկությունից ելնելով` վարչական պատասխանատվության համար ելակետային նշանակության ունի վարչական ակտի հասցեատիրոջը դրա հասանելիության հարցը, որն էլ էական է վարչական պատասխանատվության համար առանցքային նշանակություն ունեցող պայմանի` մեղքի առկայությունը հաստատելու համար,

որոշմամբ արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումներից ելնելով՝ եզրակացրել է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, գտնելով, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

 

Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին։

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանությունները՝ գալիս եմ հետևության, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին և եզրահանգումներին չի համաձայնվել, ըստ էության, բացառապես այն շարժառիթից ելնելով, որ ըստ ներկայացված հայցադիմումի՝ իրավական խնդիրը վերաբերել է խաչմերուկում ստեղծված իրավիճակում լուսացույցը վարորդին տեսանելի չլինելու հարցին, իսկ սույն գործի փաստերից հետևում է, որ երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը վերը նշված պատճառաբանությամբ չէր կարող օբյեկտիվորեն լինել տեսանելի, որի պայմաններում վարորդը պետք է կողմնորոշվեր կրկնող լուսացույցի լուսային ազդանշաններով, մինչդեռ հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին կրկնող լուսացույցը լուսային որևէ ազդանշան չէր արձակել։

Գտնում եմ, որ վերը նշված շարժառիթը տվյալ դեպքում չէր կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը հաստատված է համարել, որ երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել՝ հիմնական լուսացույցի կողքին «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում, որից ելնելով էլ հետևություն է արել այն մասին, որ նման պայմաններում վարորդը պետք է կողմնորոշվեր կրկնող լուսացույցի լուսային ազդանշաններով, մինչդեռ հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին կրկնող լուսացույցը լուսային որևէ ազդանշան չէր արձակում։ Վճռաբեկ դատարանը տվյալ հետևությանը հանգել է՝ բացառապես նշելով, որ դա բխում է սույն գործի փաստերից։

Նման պայմաններում, կարծում եմ, որ նախ առաջնային է պարզելը, թե արդյո՞ք Վճռաբեկ դատարանի կողմից «Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» վերնագիրը կրող բաժնում վկայակոչվել է այնպիսի փաստ, որից կարող էր բխել վերը նշված հետևությունն անելու Վճռաբեկ դատարանի հնարավորությունը։

Այսպես, այդ բաժնում վկայակոչվել են ընդամենը երեք փաստ, այն է՝

1) Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705723923 որոշման համաձայն՝ Աշոտ Իսկանդարյանը 04.02.2017 թվականին, ժամը 12։40-ին, ք. Երևան, Սեբաստիա/Ա. Վեգներ խաչմերուկի հատվածում խախտել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 27-ի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը, այն է՝ չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին՝ առաջ անցնելով արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցից և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության.

2) Կարգավորվող խաչմերուկում առկա են հիմնական և կրկնող լուսացույցներ.

3) Աշոտ Իսկանդարյանի և «ԽԱՉԱՏՈՒՐՈՎ» ՍՊԸ-ի ի դեմս տնօրեն Արտակ Խաչատրյանի միջև կնքվել է թիվ 299-17 փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որի 4.1 կետի համաձայն պայմանագրի գին է սահմանվել 50.000 ՀՀ դրամը:

Կարծում եմ, որ միայն վերը նշված փաստերի առկայությունը չէր կարող հիմք հանդիսանալ հետևություն անելու այն մասին, որ «երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել՝ հիմնական լուսացույցի կողքին «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում», քանի որ դրանք վերաբերում են վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներին։

Միաժամանակ ցանկանում եմ հայտնել, որ եթե Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակում ներառեր անգամ գ.թ. 14-րդում առկա էլեկտրոնային կրիչը, որը պարունակում է համապատասխան տեսանյութը, ապա այն ևս չէր կարող բավարար հիմք հանդիսանալ հետևության հանգելու համար այն մասին, որ «երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել՝ հիմնական լուսացույցի կողքին «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում» հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի բովանդակությունից բխում է, որ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով է պարզում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։ Այդպիսի ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։

Նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

Նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա´մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա´մ փորձագետին։

Կարծում եմ, որ այն փաստը, որ «երթևեկության ձախ ելքային շարքում գտնվող մեքենայի վարորդի համար հիմնական լուսացույցը չէր կարող օբյեկտիվորեն տեսանելի լինել՝ հիմնական լուսացույցի կողքին «Կանգ-գիծ» գծանշման առջև կանգ առած տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում», չէր կարող հաստատվել միայն գործում առկա տեսանյութը դատարանի կողմից դիտվելու միջոցով, քանի որ նման հետևության հանգելու համար, անհրաժեշտ էր առնվազն երկու պայմանների միաժամանակյա առկայություն՝ գտնվել հայցվորի վարած մեքենայի ղեկին և տեսանյութում ճիշտ պատկերված իրավիճակում։

Ինչ վերաբերվում է առանց վերը նշված առնվազն երկու պայմանների միաժամանակյա առկայության նման հետևություն անելու հնարավորությանը, ապա կարծում եմ, որ այս դեպքում այդ հետևության մեջ նշված հանգամանքները կարող էին պարզվել (հաստատված համարվել) բացառապես փորձաքննություն նշանակելու միջոցով, քանի որ այդ հարցերի պարզաբանումը նման իրավիճակում պահանջում է հատուկ գիտելիքներ։

Նման պայմաններում անհրաժեշտ չեմ համարում անդրադառնալ այն հարցը պարզելուն, թե կրկնող լուսացույցը հայցվորին վերագրվող արարքի կատարման պահին լուսային որևէ ազդանշան արձակել է, թե՝ ոչ։

 

Վերը նշվածի հիման վրա հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի հետևության վերաբերյալ այն մասին, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը վերը նշված շարժառիթով բեկանելու, ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար։

Դրանից ելնելով գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի 25.04.2018 թվականի որոշումը՝ անփոփոխ թողնման։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2020 թվական: