ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4101/02/18 2020 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4101/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Վ. Ավանեսյան | |
|
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան | ||
|
գրավոր ընթացակարգով քննելով Ա/Ձ Արթուր Ասոյանի ներկայացուցիչ Անետա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի ընդդեմ Ա/Ձ Արթուր Ասոյանի, երրորդ անձինք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանը պահանջել է Ա/Ձ Արթուր Ասոյանից բռնագանձել 2.736.036 ՀՀ դրամ:
03.05.2018 թվականին դատարան ներկայացված՝ պահանջի չափն ավելացնելու մասին միջնորդությամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանը պահանջել է Ա/Ձ Արթուր Ասոյանից բռնագանձել 5.896.037,52 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. վճռվել է Ա/Ձ Արթուր Ասոյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.736.036 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, իսկ հայցը՝ մնացած մասով, մերժել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2019 թվականի որոշմամբ Ա/Ձ Արթուր Ասոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.05.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա/Ձ Արթուր Ասոյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 294-րդ, 296-րդ, 298-րդ, 448-րդ և 521-րդ հոդվածները, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրության և գնահատման չի ենթարկել հայցապահանջի հիմքում դրված ապացույցները՝ հարկային հաշիվները, և հաշվի չի առել, որ դրանք ստորագրված ու վավերացված չեն եղել Ա/Ձ Արթուր Ասոյանի կողմից: Այն հանգամանքը, որ հարկային հաշիվները ստորագրվել են միայն այդ հաշիվը դուրս գրելու իրավունք ունեցող անձի կողմից, չի կարող պարտավորություն առաջացնել մեկ այլ անձի համար, քանի որ բացակայում է պատասխանողի համաձայնեցված կամքի արտահայտությունը:
Վերաքննիչ դատարանը 20.09.2019 թվականի որոշմամբ հղում է կատարել Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործով 17.09.2018 թվականի որոշմանը, սակայն կայացրել է դրան հակասող որոշում, քանի որ հաշվի չի առել, որ հարկային հաշիվները ստորագրված չեն Ա/Ձ Արթուր Ասոյանի կողմից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2019 թվականի որոշումը և «կայացնել նոր դատական ակտ՝ մերժել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի ներկայացրած հայցադիմումը»։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերությունը 14.05.2015 թվականին, 27.05.2015 թվականին, 26.12.2016 թվականին և 29.12.2016 թվականին էլեկտրոնային եղանակով դուրս է գրել ընդհանուր 2.736.036 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ Ա/Ձ Արթուր Ասոյանին մատակարարելու վերաբերյալ համապատասխանաբար թիվ Ա5083551425, թիվ Ա9011253811, թիվ Ա5335148730, թիվ Ա8933371084 էլեկտրոնային հարկային հաշիվները: Էլեկտրոնային հարկային հաշիվներն Ընկերության անունից վավերացվել են (հաստատվել են) ոմն Ռազմիկ Սարգսյանի էլեկտրոնային ստորագրությամբ: Հարկային հաշիվները պարունակում են ապրանքներ մատակարարող (առաքող) և ապրանքներ ձեռք բերող անձանց տվյալները, մատակարարվող ապրանքների անվանումը, չափման միավորը, քանակը, միավորի գինը, արժեքը, ԱԱՀ դրույքաչափը, ԱԱՀ գումարը, ընդհանուր արժեքը։ Ա/Ձ Արթուր Ասոյանի անունից հարկային հաշիվները վավերացված և հաստատված չեն Ա/Ձ Արթուր Ասոյանի կամ որևէ այլ անձի կողմից (գ.թ. 10-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ, 450-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունը հակասում է թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 17.09.2018 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ, 450-րդ հոդվածների, ինչպես նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք մի կողմի` ապրանքներ մատակարարողի՝ էլեկտրոնային եղանակով դուրս գրված և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված (հաստատված) հարկային հաշիվը կարող է դիտվել բավարար կողմերի միջև մատակարարման իրավահարաբերության առկայության փաստը հաստատված համարելու համար, եթե այդ հաշիվը ստորագրված չէ մյուս կողմի՝ ապրանքներ ձեռքբերողի կողմից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված եղանակներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքով, այլ իրավական ակտերով և կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնց պետք է համապատասխանի գործարքի ձևը (որոշակի ձևաթղթի վրա կնքելը, կնիքով դրոշմված լինելը և այլն), և կարող են նախատեսվել այդ պահանջները չպահպանելու հետևանքներ (…): Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործարքներ կնքելիս ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իր ստորագրության այլ նմանօրինակի օգտագործում թույլատրվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը կնքվում է կողմերից մեկի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) ուղարկելու և մյուս կողմի դրա ակցեպտի (առաջարկը ընդունելու) միջոցով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից: (...) Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի գրավոր ձևը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է նույն օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը և այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
ՀՀ վճռաբեկ դատարանը «ԴԵԿՈՐՊՐՈՖ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԿՈՐՈՎ ԲԱԶՈՒԿ» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով անդրադարձել է մատակարարման հարաբերությունների առկայությանն այն դեպքում, երբ կողմերի միջև թեև մատակարարման պայմանագիր չի կնքվել, սակայն կողմերը ստորագրել են հարկային հաշիվներ:
Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ ինչպես ցանկացած պայմանագիր, ապրանքների մատակարարման պայմանագիրը ևս կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Այսինքն` ապրանքների մատակարարման իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը հստակորեն դրսևորեն իրենց կամահայտնությունն ապրանքների մատակարարման պայմանագիր կնքելու վերաբերյալ, և այդ կամքն ուղղված լինի մատակարար-վաճառողի դեպքում՝ իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) գնորդին հանձնելուն, իսկ գնորդի դեպքում՝ այդ ապրանքներն ընդունելուն և դրանց համար որոշակի գումար վճարելուն: Նման կամքի դրսևորումը և դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռևս բավարար չէ ապրանքների մատակարարման իրավահարաբերության առկայության փաստն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված և ձևակերպված լինի ՀՀ օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապրանքների մատակարարման պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար: Ընդ որում, օրենսդիրը, ապրանքների մատակարարման պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, միևնույն ժամանակ որևէ նշում չի կատարել այդ ձևը չպահպանելու հետևանքների մասին, որի դեպքում գործում է [այն] կանոնը, որի համաձայն` կողմերը զրկված չեն վեճի դեպքում ի հավաստումն ապրանքների մատակարարման պայմանագրի և դրա պայմանների գրավոր ու այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Ավելին` օրենսդիրը նաև չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկը` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կարող է տեղեկություններ պարունակել և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծել է իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 11.10.2010 թվականին ընդունված, 01.01.2011 թվականին ուժի մեջ մտած և 23.06.2018 թվականին ուժը կորցրած «Հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1504-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման» կարգի, ինչպես նաև 05.12.2013 թվականին ընդունված, 28.12.2013 թվականին ուժի մեջ մտած և 23.06.2018 թվականին ուժը կորցրած «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող և մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1364-Ն որոշման հավելվածով հաստատված «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող և մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգի», նույն որոշմամբ հաստատված արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ-ապրանքագրի ձևի վերաբերյալ կարգավորումները:
Նշված իրավական ակտերի համապատասխան նորմերի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության կողմից սահմանվել են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման վերաբերյալ համապատասխան կարգեր: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն է վերապահվել օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող այն անձանց, ովքեր հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ: Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պետք է պարունակեն տվյալ տեսակի հաշվի համար պարտադիր համարվող տեղեկությունները, այդ թվում՝ համապատասխան գործարքի մասին տեղեկությունները, ունենան չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա ու համար, որը հաշիվը նույնականացնող հիմնական վավերապայմանն է, ինչպես նաև պարտադիր վավերացվեն (հաստատվեն) նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Ընդ որում, լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման): Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե հարկային հաշիվը վավերացված է (հաստատված է) էլեկտրոնային ստորագրությամբ, և եթե այլ բան ապացուցված չէ, ապա դա նշանակում է, որ հարկային հաշիվը պարունակում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, իսկ այն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացրած և հաստատած անձինք նման իրավասություն ունեցող անձինք են, որոնց կողմից հարկային հաշիվը վավերացնելը և հաստատելը կարող է վկայել մատակարարման հարաբերություններ առաջացնելու կամահայտնության մասին:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ մատակարարման գրավոր պայմանագիր կնքված չլինելու դեպքում մատակարարման հարաբերությունները կարող են հաստատվել էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթով՝ պայմանով, որ վերջինս պարունակի մատակարարման հարաբերությունների առկայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ և ՀՀ կառավարության կողմից հաստատված ձևին համապատասխան տեղեկությունները, վավերացված և հաստատված լինի ինչպես ապրանքներ մատակարարող անձի, այնպես էլ գնորդի՝ նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից, այդ թվում՝ վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ (տե՛ս, «ԴԵԿՈՐՊՐՈՖ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԿՈՐՈՎ ԲԱԶՈՒԿ» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2018 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ մատակարարման գրավոր պայմանագրի բացակայության պայմաններում մատակարարման հարաբերությունների համար էական համարվող պայմանների՝ կողմերի, ապրանքների անվանման, քանակի, գնի, մատակարարման ժամկետի մասին տեղեկություններ պարունակող հարկային հաշիվը, որը հաստատված է (ստորագրված է) միայն ապրանքներ մատակարարող անձի կողմից, չի կարող գնահատվել որպես անհրաժեշտ և բավարար գրավոր ապացույց՝ կողմերի միջև մատակարարման իրավահարաբերության առկայության փաստը հաստատված համարելու համար։ Նման փաստը հաստատված որակելու համար անհրաժեշտ է նաև մյուս կողմի` ապրանքներ ձեռքբերողի՝ այդ հաշիվն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային ստորագրությունը, որպեսզի հիմնավորվի նաև վերջինիս կամահայտնությունը՝ ուղղված մատակարարման հարաբերությունների առաջացմանը:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հաշիվը կարող է գնահատվել որպես մատակարարման հարաբերությունների առկայությունը հիմնավորող անհրաժեշտ և բավարար գրավոր ապացույց բացառապես այն դեպքում, երբ այն վավերացված և հաստատված է ինչպես ապրանքներ մատակարարող անձի, այնպես էլ գնորդի (ապրանքներ ձեռքբերողի)՝ նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից։
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունն էլեկտրոնային եղանակով դուրս է գրել Ա/Ձ Արթուր Ասոյանին ընդհանուր 2.736.036 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ մատակարարելու վերաբերյալ հարկային հաշիվներ, որոնք էլեկտրոնային եղանակով հաստատված (ստորագրված են) միայն Ընկերության կողմից, իսկ Ա/Ձ Արթուր Ասոյանի անունից որևէ ստորագրություն առկա չէ հարկային հաշվի վրա:
Դատարանը պատճառաբանել է, որ Ա/Ձ Արթուր Ասոյանի կողմից չեն ներկայացվել ապացույցներ իր կողմից վկայակոչված այն փաստերը հաստատելու համար, որ կողմերի միջև գործարք չի կնքվել, ներկայացված հարկային հաշիվներով ապրանք չի մատակարարվել և հարկային հաշիվները չեն հաստատվել Ա/Ձ Արթուր Ասոյանի կողմից: Վերոգրյալի հիման վրա Դատարանն Ընկերության հայցը բավարարել է մասնակի՝ վճռել է Ա/Ձ Արթուր Ասոյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.736.036 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար (պահանջի մնացած մասով պատասխանողի միջնորդության հիման վրա Դատարանը կիրառել է հայցային վաղեմություն և հայցն այդ մասով մերժել է):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ ի հաստատումն Ընկերության և Ա/Ձ Արթուր Ասոյանի միջև ապրանքների մատակարարման իրավահարաբերությունների առկայության՝ ներկայացվել են գրավոր ապացույցներ` էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներ, եկել է այն եզրահանգման, որ Դատարանն իրավացիորեն է դրանք դրել հայցի բավարարման հիմքում։ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշումը, եկել է այն եզրահանգման, որ ներկայացված հարկային հաշիվները համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ և վերոնշյալ որոշման իրավական դիրքորոշումներով բացահայտված պահանջներին և մերժել է Ա/Ձ Արթուր Ասոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Ընդ որում, համանման կարգավորում առկա է նաև սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքի քննության պահին գործող՝ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում` անտեսելով այն հանգամանքը, որ չնայած Ընկերությունը սույն գործով ներկայացրել է Ընկերության կողմից էլեկտրոնային եղանակով դուրս գրված՝ Ա/Ձ Արթուր Ասոյանին ընդհանուր 2.736.036 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ մատակարարելու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվներ, սակայն դրանք վավերացված և հաստատված չեն Ա/Ձ Արթուր Ասոյանի անունից: Ավելին, սույն գործով ոչ միայն չի ներկայացվել Ընկերության և Ա/Ձ Արթուր Ասոյանի միջև կնքված մատակարարման պայմանագիր, այլ նաև գործում առկա չեն այլ ապացույցներ այն մասին, որ Ընկերության կողմից էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելուց հետո ենթադրաբար առկա մատակարարման պայմանագրի կատարման ուղղությամբ որևէ գործողություններ են ձեռնարկվել Ա/Ձ Արթուր Ասոյանի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը նշված հարկային հաշիվները գնահատելիս հաշվի չի առել, որ դրանք Ա/Ձ Արթուր Ասոյանի կամ վերջինիս անունից նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից վավերացված և հաստատված չեն, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը ոչ իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ նշված հարկային հաշիվները համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ բացահայտված պահանջներին: Մինչդեռ վերոգրյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է հարկային հաշիվների երկկողմանի հաստատված լինելու հանգամանքը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի հետևությունը հակասել է թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ, 450-րդ հոդվածներին տրված մեկնաբանությանը, որն էլ հանգեցրել է սույն գործի սխալ լուծման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ընկերությունը, ի հաստատումն Ա/Ձ Արթուր Ասոյանի հետ ապրանքների մատակարարման իրավահարաբերությունների փաստի առկայության, որպես գրավոր ապացույց ներկայացրել է միայն էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները, և գործում առկա չեն այլ ապացույցներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել կողմերի միջև ապրանքների մատակարարման իրավահարաբերությունների փաստի առկայության մասին։ Հետևաբար, միայն նման միակողմանի հաստատված հարկային հաշիվները բավարար չեն հաստատված համարելու Ընկերության և Ա/Ձ Արթուր Ասոյանի միջև ապրանքների մատակարարման իրավահարաբերությունների փաստի առկայությունը, որպիսի պայմաններում Ընկերության սնանկության գործով կառավարչի հայցը ենթակա էր մերժման: Մինչդեռ ստորադաս դատարանները, սխալ մեկնաբանելով նյութական իրավունքի նորմը և թույլ տալով դատավարական իրավունքի նորմի խախտում, ոչ իրավաչափ եզրահանգման են եկել՝ բավարարելով Ընկերության սնանկության գործով կառավարչի հայցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հիմքերով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատական ծախսերը» վերտառությամբ 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից:
Նույն հոդվածի 3-րդ մասի՝ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրության համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնում է վերջինիս կառավարիչը, որը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից: Օրենսդրական նման կարգավորման հիմքում, ըստ էության, ընկած է այն տրամաբանությունը, որ կառավարիչը հայց հարուցում կամ պարտապանի մասնակցությամբ դատավարություններին ներգրավվում է պարտապանի անունից, հետևաբար՝ նրա վրա պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող դրվել այլ անձի իրավունքներն ու օրինական շահերն ի պաշտոնե իրականացնելու համար: Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետությունը, որպես անձի հիմնարար իրավունք հռչակելով դատական պաշտպանության իրավունքը, կոնկրետ երաշխիքներ է նախատեսում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար՝ ընդ որում, որոշակի խումբ անձանց համար սահմանելով նաև հավելյալ երաշխիքներ, ինչպես օրինակ՝ պետական տուրքի վճարումից ազատումն է: Այդուհանդերձ, քննարկվող իրավակարգավորումը վերաբերում է միայն պետության հանդեպ պետական տուրքի գծով պարտավորությունների բացակայությանը և չի կարող մեկնաբանվել որպես մյուս կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականության բացակայություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով պետք է կրի մյուս կողմի կրած դատական ծախսերը փոխհատուցելու պարտականություն: Նման մոտեցումը բխում է կողմերի իրավահավասարության սկզբունքից և կոչված է կանխելու պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտի կողմից իր դատավարական իրավունքների անբարեխիղճ իրականացման արդյունքում մյուս կողմին հնարավոր պատճառվելիք վնասները: Ավելին, կառավարչի պարագայում նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի՝ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորմամբ, ըստ որի՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ: Հետևաբար թեև կառավարիչը հայցը հարուցում է պարտապանի անունից, այնուամենայնիվ, նման հայց հարուցելու կամ այլ դատավարական գործողություններ իրականացնելու հիմքերն ու անհրաժեշտությունը գնահատում է իր իսկ հայեցողությամբ, ուստիև պետք է պատասխանատվություն կրի դրանց արդյունքում այլ անձանց կրած դատական ծախսերի փոխհատուցման համար (տե՛ս նաև, Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանն ընդդեմ Սեդա Մելիք-Թանգյանի թիվ ԵԿԴ/0598/02/16 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականի, Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանն ընդդեմ Վահե Աֆանդյանի թիվ ԵԿԴ/0298/02/16 քաղաքացիական գործով 30.07.2018 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման ու փոփոխման և դրա արդյունքում՝ հայցը՝ մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարները պատասխանողին փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը: Հետևաբար, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանից հօգուտ Ա/Ձ Արթուր Ասոյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, և 82.081 ՀՀ դրամ (2.736.036*3%) ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Հաշվի առնելով, որ հայցը հարուցված է սնանկության գործով կառավարչի կողմից, ով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի, ինչպես նաև պատասխանողի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես չվճարված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի հետ կապված հարցը պետք է համարել լուծված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Սույն գործով նկատի ունենալով, որ Ա/Ձ Արթուր Ասոյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է ընդհանուր 87.100 (20.000+67.100) ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 82.081 ՀՀ դրամ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ավել վճարված պետական տուրքի գումարը՝ 5.019 ՀՀ դրամը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի հայցն ընդդեմ Ա/Ձ Արթուր Ասոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել:
2. «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանից հօգուտ Ա/Ձ Արթուր Ասոյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, և 82.081 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Դատական ծախսերի հարցը` հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես չվճարված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի հետ կապված, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի հիմքով համարել լուծված:
Վճռաբեկ բողոքի համար ավել վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Վ. Ավանեսյան | |
|
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան | ||
|
Պաշտնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|