Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.09.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՆԴ/0100/01/17

ԵԱՆԴ/0100/01/17

Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան

Դատավորներ՝

Ա. Ազարյան

Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

 

2020 թվականի սեպտեմբերի 24-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Լևոն Դերենիկի Հակոբյանի և պաշտպան Ժ.Կոտիկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 60112017 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Լևոն Դերենիկի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով։

Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Լ.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով։

2017 թվականի դեկտեմբերի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հունիսի 19-ի դատավճռով Լ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով, 244-րդ հոդվածով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով` հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով, Լ.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով: Նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Լ.Հակոբյանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը կալանքի տակ գտնվելու 9 (ինը) ամիս 5 (հինգ) օր ժամկետը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով՝ զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով: Լ.Հակոբյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, և վերջինս ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արթուր Արտուշի Հակոբյանը:

3. Ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպան Վ.Թադևոսյանի և ամբաստանյալ Լ.Հակոբյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի դեկտեմբերի 16-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Լ.Հակոբյանի բողոքը մերժելու, ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպան Վ.Թադևոսյանի բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունիսի 19-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և Ա.Հակոբյանի մասով գործը ստորադաս դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին:

4. Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 13-ի որոշումներով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ամբաստանյալ Լ.Հակոբյանի և պաշտպան Ժ.Կոտիկյանի բողոքը՝ ընդունվել վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ նախատեսվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Լևոն Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա, վարելով իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի 7911 HA ժամանակավոր համարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս Լարիսա Մկրտչյանի մահը, Քնար Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս, ինչից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը:

Այսպես.

Լևոն Դերենիկի Հակոբյանը, 2011 թվականի ապրիլի 19-ից, ունենալով «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական, աշխատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավանի բաժնի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, ունենալով փրկարար ծառայության ավագի կոչում, 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի 7911 HA ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով աշխատանքի վայրից ուղևորվել է Երևան քաղաքի Աճառյան փողոց` ավտոմեքենան լիցքավորելու նպատակով բենզին գնելու համար: Հասնելով Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց գտնվող «CPS» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ, ավտոմեքենան կայանել է Աճառյան 42 հասցեի դիմաց` դեպի Մյասնիկյան պողոտայի ուղղության երթևեկելի ուղեմասի աջակողմյան գոտիում: Բենզին գնելուց հետո աշխատանքի վայր վերադառնալու նպատակով, երթևեկության մասնակից Լևոն Դերենիկի Հակոբյանը, վերսկսել է իր կողմից վարվող «HONDA ACCORD» մակնիշի 7911 HA ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայի երթևեկությունը, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» 36, 39 և 40 կետերի և Հավելված №1-ի Ձև №2-ի «Ճանապարհային գծանշումներ» գլխի 1-ին` «Հորիզոնական գծանշում» բաժնի դրույթների պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացում` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, մասնավորապես` թույլատրված վայրից հետադարձ կատարելու փոխարեն, փորձել է հետադարձը կատարել չթույլատրված վայրից և անգամ նման պայմաններում, վթարային իրադրություն չստեղծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը կանխելու նպատակով չմիացնելով դեպի ձախ շրջադարձի լուսային ցուցիչը, ճանապարհի բաժանարար զույգ հոծ գծանշման առկայության պայմաններում, նախապես չզբաղեցնելով երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին, աջակողմյան 1-ին երթևեկելի գոտուց սկսելով ձախ մանևրի` հետադարձի իրականացումը, կորագծով շարժվել է դեպի ձախ՝ նպատակ ունենալով հատել ճանապարհի բաժանարար զույգ հոծ գծանշումը և հետադարձ կատարել` այդ ընթացքում ճանապարհը չզիջելով համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու շարժվող տրանսպորտային միջոցներին, մասնավորապես` տվյալ դեպքում, Արթուր Արտուշի Հակոբյանի վարած «HUMMER H2» մակնիշի 07 XX 078 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի արդյունքում խոչընդոտ է ստեղծել նշված ավտոմեքենայի երթևեկության համար և ստիպել վերջինիս վարորդ Արթուր Հակոբյանին անսպասելի փոխել շարժման ուղղությունը, ինչի հետևանքով Արթուր Հակոբյանն իր վարած ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ընդհարվել է այդ ուղեմասով դեպի Աբովյան քաղաքի ուղղությամբ երթևեկող, Կարեն Սուրիկի Մկրտչյանի վարած «OPEL VECTRA 1.6» մակնիշի 32 ՕԼ 127 հաշվառման համարանիշի ավտոմեքենային: Նշված ավտոմեքենայի մեջ տվյալ պահին գտնվել են ուղևորներ Քնար Սարգսի Սարգսյանը, Ասյա Արմենի Մուրադյանը և անչափահաս Լարիսա Կարենի Մկրտչյանը, այնուհետև՝ ընդհարվել է նույն ուղղությամբ երթևեկող, Արմեն Գագիկի Ասրյանի վարած «NISSAN X-TRAIL 2.0» մակնիշի 34 NN 210 հաշվառման համարանիշի ավտոմեքենային: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «OPEL VECTRA 1.6» մակնիշի 32 ՕԼ 127 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ուղևոր Լարիսա Մկրտչյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության, իսկ Քնար Սարգսյանի առողջությանը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նման պայմաններում, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարումից հետո, (…), հանդիսանալով փրկարար ծառայության աշխատակից, ի պաշտոնե պարտավոր լինելով արտակարգ իրավիճակների պայմաններում, ձեռնարկել փրկարարական աշխատանքներ, իսկ որպես երթևեկության մասնակից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի դ) ենթակետով սահմանված դրույթների ուժով պարտավոր լինելով անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, պատահարին իր մասնակցությունը չբացահայտելու նպատակով, թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` շարունակելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը՝ չթույլատրված վայրից հետադարձ կատարելով, իր վարած «HONDA ACCORD» մակնիշի 7911 HA ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի և հասնելով աշխատանքի վայր, հորդորել է իր ավտոմեքենայի ուղևոր Էդգար Ավետիսյանին կատարվածի մասի ղեկավարությանը չզեկուցել: Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզելով Լևոն Հակոբյանի մասնակցությունը ճանապարհատրանսպորտային պատահարին, վերջինս հետաքննության մարմնի կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»1:

6. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(...) Ամբաստանյալներ Լևոն Հակոբյանի (...) մեղավորությունը Դատարանը հաստատված է համարում հենց [իր և ամբաստանյալ Ա.Հակոբյանի] ցուցմունքներով և դատաքննության ընթացքում հետազոտված հետևյալ ապացույցներով. տուժող Քնար Սարգսի Սարգսյանի ցուցմունքներով (…), տուժողի իրավահաջորդ Կարեն Սուրիկի Մկրտչյանի ցուցմունքով (…), վկա Արմեն Գագիկի Ասրյանի ցուցմունքով (…), վկա Ասյա Արմենի Մուրադյանի ցուցմունքով (…), վկա Դերենիկ Լևոնի Հակոբյանի ցուցմունքով (…), վկա Էդգար Վարուժանի Ավետիսյանի ցուցմունքներով (…), վկա Գևորգ Նուբարի Խաչատրյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքով (…), վկա Գագիկ Մեխակի Սուրենյանի ցուցմունքով (…), վկա Արթուր Հայրապետի Հակոբյանի ցուցմունքով (…), վկա Հարություն Համլետի Հարությունյանի ցուցմունքով (…), վկա Արթուր Էդվարդի Ղասաբօղլյանի նախաքննական ցուցմունքով (…), վկա Մհեր Առաքելի Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքով (…), վկա Էրիկ Ռաֆայելի Խաչատրյանի նախաքննական ցուցմունքով (…), վկա Անդրանիկ Կարենի Մկրտչյանի նախաքննական ցուցմունքով (…), ճանապարհատրանսպորտային դեպքի վայրը զննելու մասին արձանագրությունով (…), «Օպել» մակնիշի 32 ՕԼ 127 հաշվառման համարանիշի ավտոմեքենան զննելու մասին արձանագրությունով (…), «Համմեր» մակնիշի 07 XX 078 հաշվառման համարանիշի ավտոմեքենան զննելու մասին արձանագրությունով (…), «Նիսսան» մակնիշի 34 NN 210 հաշվառման համարանիշի ավտոմեքենան զննելու մասին արձանագրությունով (…), «Հոնդա» մակնիշի 7911 HA ժամանակավոր համարանիշի ավտոմեքենան զննելու մասին արձանագրությունով (…), [Ա]րթուր Հակոբյանից առգրավված լազերային սկավառակում պարունակվող տեսանյութը զննելու մասին արձանագրությունով (…), «Ֆոռա» ընկերությանը պատկանող «Ֆորդ» խանութ-սրահից դեպքին վերաբերող տեսանյութը առգրավելու մասին արձանագրությունով (…), «Ֆորդ» խանութ-սրահի տեսախցիկների տեսագրությունների զննության մասին արձանագրությունով (…), «Յուգ-Գազ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանից դեպքին վերաբերող տեսանյութը առգրավելու մասին արձանագրությունով (…), «Յուգ Գազ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող լցակայանի տեսանկարահանող սարքերի տեսագրության զննության վերաբերյալ արձանագրությունով (…), www.youtube.com համացանցային կայքի «Gagik SHAMSHYAN» անվանումը կրող ալիքում տեղադրված «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ հանրապետությունը ցնցած Hummer-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից» վերնագիրը կրող, դեպքին վերաբերող տեսանյութը զննելու մասին արձանագրությունով (…), [դ]ատաբժշկական փորձաքննության թիվ 1839հ եզրակացությամբ (…), [դ]ատաբժշկական փորձաքննության թիվ 1840հ եզրակացությամբ (…), [դ]իակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1076 եզրակացությամբ (…), [դ]ատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 67441708 եզրակացությամբ (…), [դ]ատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 73111708 եզրակացությամբ (…), որպես իրեղեն ապացույց ճանաչված «HONDA ACCORD» մակնիշի 7911HA ժամանակավոր հաշվառման համարանիշի ավտոմեքենայով (…), որպես իրեղեն ապացույց ճանաչված «HUMMER H2» մակնիշի 07 XX 078 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով (…), որպես իրեղեն ապացույց ճանաչված «OPEL VECTRA 1.6» մակնիշի 32 ՕԼ 127 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով (…), որպես իրեղեն ապացույց ճանաչված «NISSAN X-TRAIL 2.0» մակնիշի 34 NN 210 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով (…), որպես այլ փաստաթուղթ, ապացույց ճանաչված՝ Արթուր Հակոբյանից առգրավված և զննված լազերային սկավառակով (…), որպես այլ փաստաթուղթ, ապացույց ճանաչված՝ «Ֆորդ» խանութ-սրահի և «Յուգ Գազ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող լցակայանի տեսանկարահանող սարքերի՝ դեպքին վերաբերվող տեսագրությունները պարունակող լազերային սկավառակներով (…), որպես այլ փաստաթուղթ, ապացույց ճանաչված՝ www.youtube.com համացանցային կայքի «Gagik SHAMSHYAN» անվանումը կրող ալիքում տեղադրված «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ հանրապետությունը ցնցած Hummer-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից» վերնագիրը կրող, դեպքին վերաբերող տեսանյութը պարունակող լազերային սկավառակով (…), որպես այլ փաստաթուղթ, ապացույց ճանաչված փաստաթղթերով՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն ստացված 06.09.2017 թվականի թիվ 32/1-2103 գրությունով (…), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարից 14.09.2017թ.-ին ստացված թիվ 7/172/10138-17 գրությունով (…), ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից թիվ 17-2-2310-17 գրությամբ ստացված տեղեկատվությունով (…), փորձագետ Սարգիս Խաչատրյանի ցուցմունքով (…), փորձագետ Վաչե Նինոյանի ցուցմունքով (…):

(…)

Լևոն Դերենիկի Հակոբյանի կատարած հանցանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: (...)»2։ 

 7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Վ]երլուծելով սույն գործով ձեռք բերված և Դատարանի կողմից դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, այդ ապացույցներից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալ Լևոն Հակոբյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարքները: (...)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակները գտել են, որ ստորադաս դատարանների կողմից արդար և օբյեկտիվ չեն գնահատվել նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, անտեսվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված՝ մրցակցության, ապացույցների ազատ գնահատման հիմնական սկզբունքները, չեն վերլուծվել և գնահատվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, որոնք հանգեցրել են անհիմն դատավճռի կայացման:

Մասնավորապես, բողոքաբերների կարծիքով ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել Լ.Հակոբյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության խախտումների բնույթը, առաջացած հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, հաշվի չեն առել այն, որ կոնկրետ իրադրությունում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը Լ.Հակոբյանի համար ակնհայտ չի եղել:

Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Լ.Հակոբյանի վարքագիծը, մասնավորապես այն, որ նա, իմանալով, որ ոստիկանները փնտրում են սպիտակ «Հոնդա» ավտոմեքենայի վարորդին, ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, ցուցմունքներ է տվել կատարվածի վերաբերյալ, նպաստել գործի հանգամանքների բացահայտմանը: Վերջինս չի ժխտել, որ թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, քանի որ հետադարձ է կատարել ճանապարհի չթույլատրվող մասից, սակայն նշել է, որ հետադարձ կատարելիս իր երթևեկած ուղեմասում մեքենա և որևէ այլ խոչընդոտ չի եղել:

Բողոքաբերներն ընդգծել են նաև, որ կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ հաստատվել է, որ պատճառահետևանքային կապ է առկա Ա.Հակոբյանի գործողությունների ու առաջացած ծանր հետևանքների միջև, և որ նա իր վարքագծով ու կատարած գործողություններով իրեն զրկել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Մինչդեռ, Լ.Հակոբյանը պատահարին մասնակից չի եղել, և նրա կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվել վթարի առաջացման մեխանիզմի հետ:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Լ.Հակոբյանի մասով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 19-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը, հռչակել Լ.Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով և նրան ճանաչել անպարտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Լ.Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները մեղսագրված արարքներում ամբաստանյալ Լ.Հակոբյանի մեղավորության հարցում հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Հակոբյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարքներում հաստատված, իսկ բողոքաբերների պատճառաբանությունները հերքված են ամբաստանյալների, տուժող Ք.Սարգսյանի, տուժողի իրավահաջորդ Կ.Մկրտչյանի, վկաներ՝ Ա.Ասրյանի, Ա. Մուրադյանի, Դ.Հակոբյանի, Է.Ավետիսյանի, Գ.Խաչատրյանի, Գ.Սուրենյանի, Ա.Հակոբյանի, Հ.Հարությունյանի, Ա.Ղասաբօղլյանի, Մ.Հովհաննիսյանի, Է.Խաչատրյանի, Ա.Մկրտչյանի ցուցմունքներով, դեպքին վերաբերող տեսանյութերն առգրավելու, ճանապարհատրանսպորտային դեպքի վայրը, ավտոմեքենաները և դեպքին վերաբերող տեսանյութերը զննելու մասին արձանագրություններով, դատաբժշկական փորձաքննության թիվ 1839հ և 1840հ, դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1076, դատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 67441708 և դատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 73111708 եզրակացություններով, իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաներով, որպես այլ փաստաթուղթ՝ ապացույց ճանաչված լազերային սկավառակներով և փաստաթղթերով, փորձագետներ Ս.Խաչատրյանի և Վ.Նինոյանի ցուցմունքներով4:

Հետևաբար, ամբաստանյալ Լ.Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Լ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն` «1. Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: 

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող դրույթի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում5

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում6: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է7:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լ.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով մեղսագրվող արարքն ավարտվել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին8։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի հունիսի 19-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին9: Նշված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը 2020 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ10:

15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով մեղսագրվող արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել: Հետևաբար, Լ.Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետը Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ անցած է եղել։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Լ.Հակոբյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:

16. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Լ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը չդադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

16.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև սույն գործով Լ.Հակոբյանի նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, և վերջինս ազատվել է դատավճռով նշանակված պատժից, սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի նշված դրույթով անձին պատժից ազատելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքերի առկայության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ դրա կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե Համաներման մասին օրենքի համապատասխան դրույթի կիրառմամբ Լ.Հակոբյանն ազատվում է նշանակված պատժից՝ մեղադրական դատավճռի առկայության պայմաններում, ապա վաղեմության ժամկետի հիմքով՝ առհասարակ քրեական պատասխանատվությունից11։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Լ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

17. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝ անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում. (…)»:

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել (…) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (…)»։

Նկատի ունենալով, որ Լ.Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, և որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում վեց տարի ժամկետով ազատազրկումը, տուժողի իրավահաջորդն առարկություն չի հայտնել Համաներման մասին օրենքի կիրառմանը12, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող որևէ հանգամանք, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է ամբաստանյալ Լ.Հակոբյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Լ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

18. Լ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը, հետևաբար բացակայում է վերջինիս դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը13:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավն անհրաժեշտ է վերացնել և գրավի գումարը վերադարձնել գրավատուին:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունիսի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն ամբաստանյալ Լևոն Դերենիկի Հակոբյանի մասով բեկանել ու փոփոխել:

2. Լևոն Դերենիկի Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

Լևոն Դերենիկի Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա:

3. Լևոն Դերենիկի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացնել և գրավի գումարը վերադարձնել գրավատուին:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 154-157։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 127-142։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 4-23։

4 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

5 ]Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը։

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը։

10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմենակ Ավագյանի վերաբերյալ գործով 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԿԴ3/0038/01/17 որոշումը:

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 76:

13 Տե՛ս mutatis mutandis Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշման 16-րդ կետը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 25-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան