Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

 

ԵԿԴ/0122/06/08

   

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

   

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

 

         

 2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

          

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի որոշման դեմ Մասիս Վազգենի Այվազյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

    

Պ Ա Ր Զ Ե Ց

    

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 2251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 225-րդ հոդվածի 3-րդ մասով:

1.1.  Նույն օրը թիվ 62202608 քրեական գործով Մասիս Վազգենի Այվազյանը ձերբակալվել է:

1.2. Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 3-ի որոշմամբ Մ.Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

3. Պաշտպան Վ.Էլբակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2008 թվականի մարտի 21-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ Մ.Այվազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Մ.Այվազյանի վերաբերյալ քրեական գործը նշանակվել է դատական քննության, իսկ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճռով Մ.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ Մ.Այվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու)  տարի ժամկետով: Մ.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նա ազատվել  է կալանքից:

6. Մ.Այվազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

7. Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի մարտի 19-ի որոշմամբ Մ.Այվազյանի և նրա պաշտպան Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

8. Մ.Այվազյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Մ.Այվազյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված իրավունքների խախտում1:

9. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը՝ Մ.Այվազյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը 2019 թվականի հունվարի 29-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

10. 2019 թվական մարտի 13-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

     

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

11. Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 3-ի որոշմամբ Մ.Այվազյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 2008 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ վերջինիս առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ. «(…) [Ն]ա 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է Երևան քաղաքում կազմակերպված, մայրաքաղաքի կենսագործունեությանը, ճանապարհատրանսպորտային երթևեկությանը, պետական հիմնարկների բնականոն գործունեությանը, ազգաբնակչության հանգիստը և անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներին, երթերին, շուրջօրյա հանրահավաքներին ու նստացույցերին:

Այնուհետև, երբ «Ազատության» հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների մասնակիցների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 07:00-ի սահմաններում, «Ազատության» հրապարակում գտնվող հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, հանրահավաքի մասնակիցների մի մասը սկսել է աղմկել ու դիմադրություն ցույց տալ, իսկ «Ազատության» հրապարակը քննչական գործողություններին խոչընդոտելու հանգամանքը բացառելու և կանխելու նպատակով շրջափակելուց հետո` օրինախախտները առանձին խմբավորումներով բաժանվել են հրապարակի շրջակա փողոցներ, որտեղ շարունակել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների դիմադրությունը:

Ժամը 07:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում Մասիս Վազգենի Այվազյանը մի խումբ օրինախախտների հետ ձեռքերով և ոտքերով հարվածելու եղանակով բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ` կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որի ընթացքում էլ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկաններ Էդգար Ռշտունին, Արսեն Ապերյանը, Հայկ Սարգսյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Արթուր Կարապետյանը, Սերգեյ Բեգլարյանը, Արամ Վարդանյանը և Էրիկ Պողոսյանը նրան բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին  (…)»2:

12. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի մարտի 3-ի որոշման համաձայն՝ «(…) Ներկայացված միջնորդությամբ և գործի նյութերի հիման վրա դատարանը հաստատված է համարում Մասիս Այվազյանին մեղսագրված հանցանքի կատարման մեջ հիմնավոր կասկածը: Մասիս Այվազյանը մնալով ազատության մեջ կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ վարույթի մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով, ուստի դատարանը գտավ, որ Մասիս Վազգենի Այվազյանի նկատմամբ, որպես խափանման միջոց պետք է կիրառել կալանավորումը (…)»3:

13. Վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի մարտի 21-ի որոշման համաձայն՝ «(…) [Ը]նդհանուր իրավասության դատարանը պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-138-րդ, 280-րդ, 283-րդ, 285-րդ, 286-րդ հոդվածների պահանջները, իրավացիորեն բավարարել է քննիչի միջնորդությունը և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի  է առնում նաև Մ.Այվազյանին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը՝ այն, որ նրան վերագրվում է ծանր հանցագործություն, որի համար օրենքով նախատեսվում է  միայն ազատազրկման ձևով պատիժ՝ 5-ից 10 տարի ժամկետով, որը բարձրացնում է մեղադրյալի կողմից քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հավանականությունը և բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ նա մնալով ազատության մեջ կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, այսինքն՝ առկա է նոր հանցագործություններ կատարելու կանխման և հասարակական կարգի պահպանման անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է բողոքում նշված Մ.Այվազյանի անձը բնութագրող տվյալներին, ապա Վերաքաննիչ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու համար:

Հետևաբար, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մարտի 4-ի՝ մեղադրյալ Մ.Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի այն պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման (…)»4:

   

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

14. Մ.Այվազյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի մարտի 21-ի որոշման վերանայման վարույթ և բողոքն ընդունել վարույթ, բեկանել վերը նշված որոշումը և վերացնել Մ.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:

    

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումներ արձանագրելու փաստը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի մարտի 21-ի որոշումը վերանայելու հիմք է։

 16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

 (…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։

(…)»։

17. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը5։   

18. Մասնավորապես, Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ազատությունից զրկելու օրինականության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները, ընդգծել է, որ. «Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի մայիսի 1-ից 13-ն իրեն կալանքի տակ պահելը օրենքով նախատեսված կարգով չի թույլատրվել դատարանի կողմից և հետևաբար անօրինական է եղել։ Այդ ընթացքում նա կալանքի տակ է պահվել ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, ինչը չի կարող համարվել վավեր և օրինական հիմք։

(…) Դատարանը նշում է, որ արդեն քննել է համանման բողոք Հայաստանի դեմ բերված մեկ այլ գործով, որում եկել է եզրահանգման, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում առ այն, որ դիմումատուի նկատմամբ կալանքը չի կիրառվել համաձայն դատարանի որոշման և հետևաբար չի եղել օրինական՝ այդ դրույթի իմաստով (…)։ Դատարանը սույն գործով այլ եզրահանգում կատարելու որևէ պատճառ չի տեսնում և եզրակացնում է, որ 2008 թվականի մայիսի 1-ից 13-ը դիմումատուի նկատմամբ կիրառված կալանքը 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով օրինական չի եղել»6։

19. Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում7։

19.1. Ինչ վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին՝ Եվրոպական դատարանը փաստել է, որ. «Դատարանն անդրադառնում է (…) մինչև դատական քննության ավարտն ազատ արձակվելու իրավունքին առնչվող սկզբունքներին (տե՛ս Բուզադջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ), և Արա Հարությունյանի գործը (…) §§ 48-53) և նշում է, որ արդեն իսկ եզրահանգել է, որ կալանք նշանակելիս եւ դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձեւակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97-100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2, և Արա Հարությունյանի գործը (…) §§54-59): Սույն գործով ներպետական դատարանները նույն կերպ են հիմնավորել դիմումատուի շարունակական կալանավորումը՝ միայն մեջբերելով ներպետական օրենսդրության համապատասխան իրավական սկզբունքները եւ անդրադառնալով հանցագործության ծանրությանը՝ առանց ներկայացնելու նրա գործի հատուկ փաստերը կամ ներկայացնելու մանրամասներ առ այն, թե ինչպես են հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկերը։ Ուստի Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր եւ բավարար պատճառներ դիմումատուին կալանավորելու համար»8:

19.2. Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում9։

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումներ արձանագրելու փաստը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի մարտի 21-ի որոշումը վերանայելու հիմք է։

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո±ք Եվրոպական դատարանի՝ Այվազյանն ընդդեմ Հայաստանի  վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումները հիմք են Մ.Այվազյանի կալանավորման վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանելու համար:

22.  Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

22.1 Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ 

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը, 

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»10։

23. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որը լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

23.1 Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների  կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ11:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

24.1 Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»12:

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Այվազյանի ազատությունից զրկելու վերաբերյալ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են նրա նախնական կալանքին։ Այդ որոշումների կայացումից հետո` 2008 թվականի ապրիլի 29-ին Մ.Այվազյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որի` 2008 թվականի հունիսի 11-ի դատավճռով Մ.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ, նույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Մ.Այվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Մ.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նա ազատվել է կալանքից: Այսինքն` սույն բողոքի քննության պահի դրությամբ Մ.Այվազյանն արդեն իսկ ազատվել է իր նկատմամբ նշանակված պատիժը կրելուց:

26. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 22-24.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Այվազյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումների բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ Մ.Այվազյանը չի շարունակում կրել, քանի որ 2009 թվականի հունիսի 14-ից գտնվում է ազատության մեջ։ Նման պայմաններում Մ.Այվազյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը։ Բացի այդ, այն իրավական առումով նաև անիրագործելի է, քանի որ գործի մինչդատական վարույթում Մ.Այվազյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը կհանգեցնի իրավական անորոշության` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանք եղել են ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահի դրությամբ կորցրել են իրենց իրավական նշանակությունը:

27. Վերոգրյալի հետ մեկտեղ անհրաժեշտ է փաստել, որ համանման պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի հունիսի 5-ի վճռի հիման վրա հարուցված վերանայման վարույթի շրջանակներում նոր հանգամանքի հիմքով Արարատ Մուրադխանյանի նախնական կալանքի վերաբերյալ որոշումների բեկանման պահանջով ներկայացված վճռաբեկ բողոքը13։

Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկողություն է իրականացնում Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ, 2018 թվականի հունիսի 7-ի թիվ CM/ResDH(2018)191 բանաձևով քննարկել է Հայաստանի վերաբերյալ կայացված ընդհանուր թվով յոթ վճիռների, այդ թվում` Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի վճռի կատարման ընթացքը և արձանագրել, որ նշված գործերով անհատական միջոցառումներն իրականացված են, արդարացի փոխհատուցումները վճարված են և մեղադրյալներից ոչ մեկը չի գտնվում մինչդատական կալանքի տակ, նրանք դատապարտվել կամ ազատ են արձակվել։ Արդյունքում հիշյալ գործերի կատարման նկատմամբ վերահսկողությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հայտարարվել է փակված14։

28. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի՝ Այվազյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումները հիմք չեն Մ.Այվազյանի նախնական կալանքի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանելու համար։

Հետևաբար, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի որոշման վերանայման արդյունքում Մ.Այվազյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ,  419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

   

1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։

2. Վերանայման արդյունքում Մասիս Վազգենի Այվազյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

    

___________________________

1 Տե'ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 46245/08:

2  Տե՛ս Դատական տեղեկատվական համակարգ (www.datalex.am), Մ.Այվազյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0080/01/08 քրեական գործը:

3  Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 24:

4  Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 41-42:

5  Տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

6  Տե'ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի վճռի 22-24-րդ կետերը:

7  Տե'ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի վճռի 25-րդ կետը:

8  Տե'ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի վճռի 33-րդ կետը։

9  Տե'ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի վճռի նույն կետը։

10  Տե'ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

11  Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:

12  Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

13  Տե'ս Արարատ Մուրադխանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ-01/13 որոշումը:

14  Տե՛ս բանաձևը հետևյալ հղմամբ` https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016808a08a7:

                  

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան