Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱԴԴ/0101/01/16

ԵԱԴԴ/0101/01/16

Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան 

Դատավորներ՝

Ս. Չիչոյան

Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ՝ 

Տ. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերան Սարգսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Սերան Սարգսի Հովհաննիսյանի և նրա պաշտպան Զ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 10146516 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ Սերան Սարգսի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ս.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

2016 թվականի նոյեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյան դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով Ս.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել կալանքի` 1 (մեկ) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանը և նրա պաշտպան Զ.Հակոբյանը ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա, 2016 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, նախկին կնոջ՝ Մարիամ Նորայրի Խաչատրյանի կողմից Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի 21-րդ շենքի 37-րդ բնակարանից իրեն դուրս հրավիրելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մարիամ Նորայրի Խաչատրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկելով վերջինիս՝ առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են աջ ուսահոդի, կրծքավանդակի, ձախ ազդրի և սրունքի շրջանների արյունազեղումների ձևով»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Վերլուծելով ամբաստանյալ Սերան Սարգսի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը և գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սերան Սարգսի Հովհաննիսյանի կողմից, նրա մեղավորությամբ, տուժող Մարիամ Խաչատրյանին ծեծելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Վերլուծելով ամբաստանյալ Սերան Հովհաննիսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սերան Հովհաննիսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները՝ տուժող Մարիամ Խաչատրյանին ծեծի չենթարկելու, այլ՝ մեկ անգամ նրան հրելու և այլնի մասին, իրականությանը չեն համապատասխանում, հակասական են և ոչ արժանահավատ, քրեական պատասխանատվությունից և սպասվող պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են տուժող Մարիամ Խաչատրյանի ցուցմունքներով, դատաբժշկական փորձագետի թիվ 3174 եզրակացությամբ և դրա պարզաբանման շուրջ դատարանում հարցաքննված փորձագետ Վ.Ադամյանի ցուցմունքով: 

(…) [Գ]նահատելով վկաներ Հայկ և Սարգիս Հովհաննիսյանների դատաքննական ցուցմունքները` դատարանը գտնում է, որ նրանց դատաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հարցում իրենց հորը՝ ամբաստանյալ Սերան Հովհաննիսյանին օգնելու նպատակ են հետապնդում և հերքվում են քրեական գործով ձեռք բերված ու դատարանում հետազոտված վերոհիշյալ ապացույցներով: Ավելին՝ դեպքի կապակցությամբ նրանց կողմից հայտնված տվյալներն ինչպես միմյանց, այնպես էլ գործով ձեռք բերված այլ ապացույցներով ստացված տվյալների հետ չեն համընկնում և փոխկապակցվում: (...)»2։

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում ձեռք է բերվել փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հետևություն անելու առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի մեղավորության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված է և իրավաչափ: (...)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակների կարծիքով Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 127-րդ, 358-րդ և 365-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքը և անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Ի հիմնավորումն իրենց վերոհիշյալ փաստարկների` բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունք չէ, գործում առկա ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության և իրենց համակցության մեջ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից չեն վերլուծվել:

Ըստ բողոքաբերների` Վերաքննիչ դատարանը, Ս.Հովհաննիսյանի մեղավորության հիմքում դնելով մեկ անձի` գործով շահագրգռված տուժող Մ.Խաչատրյանի ցուցմունքները, չի պատճառաբանել, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվել՝ այդ ապացույցին մյուսների նկատմամբ առավել նշանակություն տալով:

Բողոք բերած անձանց պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 1-ի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշումը, հռչակել Ս.Հովհաննիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում և նրան անպարտ ճանաչել:

 

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

10. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում` ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության4:

11. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Հովհաննիսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքում հաստատված, իսկ բողոքաբերների պատճառաբանությունները հերքված են տուժող Մ.Խաչատրյանի ցուցմունքներով, դատաբժշկական փորձագետի թիվ 3174 եզրակացությամբ և դրա պարզաբանման շուրջ դատարանում հարցաքննված փորձագետ Վ.Ադամյանի ցուցմունքով: 

12. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

Միևնույն ժամանակ հաշվի անելով, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները5, գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից։

 13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: 

13.1 Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: 

13.2 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»6

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)։

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի: 

17. Քրեական հետապնդումը բացառող, քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում7: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է8:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Հովհաննիսյանը 2016 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, նախկին կնոջ՝ Մարիամ Նորայրի Խաչատրյանի կողմից Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի 21-րդ շենքի 37-րդ բնակարանից իրեն դուրս հրավիրելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել տուժողի գլխին և մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել վերջինիս՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են աջ ուսահոդի, կրծքավանդակի, ձախ ազդրի և սրունքի շրջանների արյունազեղումների ձևով9

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ Ս.Հովհաննիսյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2017 թվականի նոյեմբերի 28-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, որը վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2018 թվականի հունիսի 1-ին10: Նշված որոշման դեմ Ս.Հովհաննիսյանը և նրա պաշտպան Զ.Հակոբյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ11:

19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Հովհաննիսյանին մեղսագրված արարքն ավարտվել է 2016 թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի եղել: Հետևաբար, սույն դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Ս.Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Ուստի, սույն գործով Ս.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը կարճել:

20. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար, պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Սերան Սարգսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշումը բեկանել:

2. Ամբաստանյալ Սերան Սարգսի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ և քրեական գործի վարույթը կարճել։

3. Սերան Սարգսի Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնել։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում` հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 92-93:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 104-118։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 68-83։

4 Տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը:

5 Տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը։

6 Տե՛ս Արամ Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։

7 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵՇԴ/0055/01/11 գործով 2014 թվականի մարտի 28-ի որոշումը, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0121/11/14 գործով 2015 թվականի մարտի 27-ի որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ2/0016/01/14 գործով 2017 թվականի ապրիլի 12-ի որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0180/01/15 գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշումը։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը։

11 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: