Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ2/0024/01/17

ԿԴ2/0024/01/17

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

Դատավորներ՝

Ռ. Մխիթարյան

Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

ամբաստանյալ`

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արշակ Վոլոդյայի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով ՀՀ մաքսային սահմանով խոշոր չափերով ապրանքների տեղափոխման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ըստ ենթակայության ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ Արշակ Վոլոդյայի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի մարտի 17-ին քրեական գործի հետագա նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի մայիսի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 7-ի դատավճռով Ա.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն դատական ակտով վճռվել է ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել, և Ա.Սարգսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 9.675.183 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 7-ի դատավճիռը` բեկանել: Ա.Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անմեղ և արդարացվել: Ներկայացված քաղաքացիական հայցը մերժվել է:

4. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Արշակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Զորդայմ» ՍՊ ընկերության տնօրենը, 2013-2014 թվականների ընթացքում Հնդկաստանից, Բելգիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսրայելից և Հոնկոնգից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, ընկերության անվամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 19729.29 կարատ չմշակված և 34927.78 կարատ մշակված ադամանդ, որոնք համաձայն ներկայացված փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետությունում ենթարկվել են բավարար վերամշակման ու ադամանդի խմբաքանակները ՀՀ-ից «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ընկերության անվամբ արտահանել է Ռուսաստանի Դաշնություն: Նշված գործունեության ընթացքում Արշակ Սարգսյանը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, հաշվարկների և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել և չարամտորեն խուսափել 9.675.183 ՀՀ դրամի չափով շահութահարկի վճարումից1:

5.1. Նախաքննության մարմնի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել «Զորդայմ» ՍՊ ընկերությունում նշանակել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմինների կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, իսկ անհնարինության դեպքում կատարել հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` որոշման կատարումը հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ-հետախուզական և ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցներին2։

«Զորդայմ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում 2016 թվականի փետրվարի 23-ին կազմվել է թիվ 5013322 ակտը3։

5.2. Նախաքննության մարմնի` 2016 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն, որով փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը՝ «1. ՀՀ ՖՆ ՕՀՎ աշխատակիցների կողմից կազմված «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկն ինչ մեթոդով է կատարվել, այն համապատասխանում է փորձաքննությանը տրամադրված նյութերում և «Զորդայմ» ՍՊ ընկերության ստուգվող ժամանակաշրջանի հաշվապահական փաստաթղթերում եղած տվյալներին և գործող նորմատիվ ակտերի պահանջներին, թե ոչ:

2. ՀՀ ՖՆ ՕՀՎ մասնագետների կողմից կազմված 2016 թվականի փետրվարի 23-ի թիվ 5013322 ակտը, արձանագրված հաշվարկները համապատասխանում են արդյոք ՀՀ հարկային օրենսդրությանը, հարկային պարտավորությունների հաշվարկը բխում է դրա պահանջներից, թե ոչ, դրանք ամբողջ ծավալով և ճիշտ մեթոդով են հաշվարկվել, թե ոչ:

3. Քրեական գործի նյութերում առկա փաստական և հետազոտվող ժամանակաշրջանի կազմակերպությունների հաշվապահական և այլ փաստաթղթերում արտացոլված տվյալներով, ինչպես նաև այդ կազմակերպության հաշվառման վայրի հարկային տեսչություններում կատարված գրանցումներով (ՀՀ ՖՆ ՕՀՎ մասնագետների կողմից կազմված 23.02.2016թ. թիվ 5013322 ակտով) և փորձաքննությամբ կատարված ճշգրտումներով, որքան է կազմում «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների չափը ըստ հարկատեսակների՝ տույժերով և տուգանքներով հանդերձ:

4. «Զորդայմ» ՍՊ ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացումը հարկային օրենսդրության ինչպիսի խախտումների հետևանք են»4:

5.3. Դատահաշվապահական փորձաքննության թիվ 15821609 եզրակացությամբ արձանագրվել է` «Թիվ 1-ին հարցի [վերաբերյալ]` ՀՀ ՖՆ ՕՀՎ աշխատակիցների կողմից (…) «Զորդայմ» ՍՊ ընկերության 2013 և 2014 թվականների կտրվածքով շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների անուղղակի եղանակով հաշվարկումը, սույն փորձաքննությամբ, զուտ հաշվապահական ու հարկային հաշվառման տեսանկյունից՝ մեթոդաբանության առումով, դիտվում է ճիշտ (…):

Թիվ 2-րդ հարցի [վերաբերյալ]` ՀՀ ՖՆ ՕՀՎ մասնագետների կողմից 2016 թվականի փետրվարի 23-ի թիվ 5013322 ստուգման ակտը կազմվել է ստուգվող ժամանակաշրջանում գործող հարկային օրենսդրության, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Հիշյալ հարցի կապակցությամբ միաժամանակ պետք է նշել, որ (…) թիվ 5013322 ստուգման ակտում արձանագրված շահութահարկի դրվագով (…) լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկումը ՀՀ ՖՆ ՕՀՎ մասնագետների կողմից կատարվել է ստուգվող ժամանակաշրջանում գործող ու շահութահարկի հաշվարկմանը վերաբերող հարկային օրենսդրության, մասնավորապես` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 580 որոշմամբ հաստատված՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգի պահանջներին համապատասխան (…):

Թիվ 3-րդ հարցի [վերաբերյալ]` քրեական գործի նյութերում առկա փաստական և հետազոտվող ժամանակաշրջանի կտրվածքով նախաձեռնողի կողմից փորձագետներին տրամադրված «Զորդայմ» ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ընկերության հարկային գործերում գտնվող հարկերի ու վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում արտացոլված տվյալներով և ընկերության հաշվառման վայրի ՀՏ-ի կողմից ըստ հարկատեսակների ու վճարների վարվող անձնական հաշվի քարտերում կատարված գրանցումներով և նախաձեռնողի կողմից ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 83154215 քրեական գործով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին 2016 թվականի ապրիլի 18-ին կայացրած որոշման «Պարզեցի» մասում նշված ու գնահատված կարգով փորձաքննությանը տրամադրված տվյալներով, սույն փորձաքննությամբ կատարված ճշգրտումներով՝ անուղղակի եղանակով իրականացված հաշվարկներով «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունները` տույժ և տուգանքներով հանդերձ, կազմում են ընդամենը` 21729426 դրամ, այդ թվում.

 

 Շահութահարկ

 Հարկեր

 Տույժեր

 Տուգանքներ

 Ընդամենը

 2013թ.

 6494340

 2376928

 7143774

 16015042

 2014թ.

 3180843

 625035

 1908506

 5714384

 Ընդամենը 

 9675183 

 3001963

 9052280

 21729426:


  Թիվ 4-րդ հարցի [վերաբերյալ]` (…) «Զորդայմ» ՍՊ ընկերությունում 21729426 դրամ գումարի լրացուցիչ հարկային պարտավորությունն առաջացել է` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի` «Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց uտացման աղբյուրներից: Սույն oրենքի իմաuտով` ա) եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոuքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը: Եկամուտների թվին են դասվում, մաuնավորապեu` ա) ապրանքների, արտադրանքի (այuուհետ` նաև ապրանքներ) իրացումից ստացվող հասույթը» պահանջների խախտմամբ՝ շահութահարկի հարկման համար հիմք համարվող փաստաթղթերում, կոնկրետ դեպքում ընկերության կողմից 2013 և 2014 թվականների համար կազմած և հաշվառման վայրի ՀՏ ներկայացրած շահութահարկի հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ մտցնելու հետևանքով: (…)»5:

5.4. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ ՎԴ/3778/05/16 որոշմամբ 2016 թվականի փետրվարի 23-ի թիվ 5013322 ստուգման ակտի 1-ին կետը ճանաչվել է անվավեր այն պատճառաբանությամբ, որ տվյալ ակտով «Զորդայմ» ՍՊ ընկերության նկատմամբ շահութահարկի գծով 23.166.124 ՀՀ դրամի պարտավորությունը հաշվարկվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի սխալ կիրառմամբ, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստուգման ակտն անվավեր ճանաչելու համար6։

6. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(...) [Ս]ույն գործով հարցաքննված վկաների մեծամասնության ցուցմունքներով հաստատվում է, որ «Զորդայմ» ՍՊ ընկերությունը 2013-2014 թվականների ընթացքում արտադրական գործունեություն չի իրականացրել, ընկերության սարքավորումները գտնվել են ապամոնտաժված վիճակում այլ տարածք տեղափոխվելու պատճառով և չեն գործարկվել։ Այն, որ ընկերությունում տվյալ ժամանակահատվածում ադամանդի որոշակի մշակում է իրականացվել, իրենց ցուցմունքներում հակասական, որևէ օբյեկտիվ փաստական տվյալով չհաստատվող տեղեկություններ են հայտնել բացառապես Արշակ Սարգսյանի հարազատները և աշխատակիցները, որոնք Դատարանի համոզմամբ նույնպես արժանահավատ գնահատվել չեն կարող։

Բացի այդ, այն, որ «Զորդայմ» ՍՊ ընկերությունը 2013-2014 թվականների ընթացքում արտադրական գործունեություն չի իրականացրել, անհերքելիորեն հաստատվում է նաև «ՀԷՑ» ՓԲ ընկերության կողմից քննությանը տրամադրված ստուգման ակտով, որի համաձայն՝ ընկերության էլեկտրաէներգիայի ծախսն այդ ժամանակահատվածում եղել է չնչին, երբեմն նաև՝ զրոյական։

Ավելին, հենց ինքը՝ «Զորդայմ» ՍՊ ընկերության տնօրեն Արշակ Սարգսյանը դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 23-ին հարկային մարմիններին տված հայտարարությամբ փաստել է, որ 2014 թվականին ներմուծված չմշակված ադամանդը՝ թվով 5002 կարատ, իրենց կողմից չի մշակվել, 2014 թվականին ներմուծված մշակված ադամանդն ընկերության կողմից տեսակավորվել է, լվացվել է, մաքրվել և փայլեցվել է։ Մշակված ադամանդե քարերի վրա ընկերության կողմից չի կատարվել նիստավորում, կտրում, կլորացում։ Ընկերության հաստոցները 2014 թվականի ապրիլից մանկապարտեզի տարածքից տեղափոխվել են գյուղապետարանին պատկանող այլ տարածք, որոնք չեն մոնտաժվել և չեն շահագործվել։

Այս առումով հատկանշական է նաև այն փաստը, որ արդեն 2016 թվականի հունվարի 19-ին՝ սույն քրեական գործի հարուցումից շուրջ մեկ տարի հետո, Արշակ Սարգսյանը հարկային մարմիններին ներկայացրել է մեկ այլ հայտարարություն՝ նշելով, որ ընկերության գործունեությունը դադարեցրել են 2015 թվականի հունվարին՝ մաքսային մարմինների կողմից ստուգումներ սկսելուց հետո: Դադարեցման օրվա դրությամբ ունեցել են մնացորդ՝ չմշակված ադամանդ 7552,89 կարատ, որը գտնվում է արտադրամասում: 2013 և 2014 թվականների ընթացքում տարբեր երկրներից ՀՀ ներկրել են ինչպես մշակված, այնպես էլ չվերամշակված ադամանդներ, որոնց հիմնական մասը վերամշակելուց հետո արտահանել են: Քարերի վերամշակման ընթացքում ադամանդներն ենթարկվել են հղկման, կլորացման, փայլեցման, լվացման, տեսակավորման և գնահատման: 2013 թվականի ներմուծված չմշակված 5100 կարատ ադամանդներից վերամշակման ընթացքում կորուստը կազմել է մոտավորապես 80 տոկոս (…)։

Հարկ է փաստել նաև, որ թեև Արշակ Սարգսյանն իր ցուցմունքներում նշել է, որ ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու համար հիմք հանդիսացած 5100 կարատ չմշակված և 137 կարատ մշակված ադամանդի պակասորդն առաջացել է դրա վերամշակման արդյունքում և ադամանդի վերամշակման արդյունքում ունեցած կորստի մասին իրենց կողմից օրենքով սահմանված կարգով կազմվել են համապատասխան փաստաթղթեր, այդուհանդերձ, այդպիսի փաստաթուղթ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել և բացակայել է «Զորդայմ» ՍՊ ընկերության հաշվապահական փաստաթղթերում։

(…)

Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի բերած այն պատճառաբանություններին, որ Արշակ Սարգսյանն առաջադրված մեղադրանքում ենթակա է արդարացման, քանի որ «Զորդայմ» ՍՊ ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություններ են առաջադրվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից իրականացված ստուգման արդյունքում 2016 թվականի փետրվարի 23-ին կազմված թիվ 5013322 ակտի հիման վրա, որը հետագայում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր, ապա Դատարանը գտնում է, որ նշված պնդումն ամբողջությամբ հիմնազուրկ է։

Այս առնչությամբ հարկ է արձանագրել, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր է ճանաչվել ոչ թե 2016 թվականի փետրվարի 23-ի թիվ 5013322 ակտն ամբողջությամբ, այլ դրա միայն 1-ին կետը։

Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից 2016 թվականի փետրվարի 23-ին կազմված թիվ 5013322 ակտը սույն քրեական գործով նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված այլ բազմաթիվ ապացույցների համակցության լույսի ներքո ընդամենը հաշվի է առնվել Արշակ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը գնահատելիս։ Ընդ որում, քննարկման առարկա հանդիսացող ստուգման ակտին Արշակ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում արձանագրված հարկային պարտավորությունների («Զորդայմ» ՍՊ ընկերությանը վերագրվող լրացուցիչ հարկային պարտավորությունների) չափը գնահատելիս որևէ նշանակություն չի տրվել։ Այդ հարկային պարտավորությունները պարզվել և հաստատվել են սույն գործի շրջանակներում իրականացված դատահաշվապահական փորձաքննությամբ։

Հարկ է նաև արձանագրել, որ սույն քրեական գործով դատահաշվապահական փորձաքննությունն իրականացվել է քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից և այն կասկածի տակ առնելու հիմքեր չկան։ Իր հերթին՝ թիվ 5013322 ակտը դատահաշվապահական փորձաքննության եզրակացության արդյունքների վրա որևէ հետևանք չի ունեցել, ինչը հաստատվում է ինչպես սույն դատաքննության ընթացքում փորձագետի տված ցուցմունքներով, այնպես էլ այն փաստով, որ ստուգման ակտով և փորձագետի եզրակացությամբ հաշվարկված հարկային պարտավորությունները տարբեր են։ (…)

 Այսպիսով, (…) Դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է համարում, որ Արշակ Վոլոդյայի Սարգսյանը, հանդիսանալով «Զորդայմ» ՍՊ ընկերության տնօրենը, 2013-2014 թվականների ընթացքում հարկերը խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, հաշվարկների և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերի մեջ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել և խուսափել 9.675.183 ՀՀ դրամի չափով շահութահարկի վճարումից: (…)»7:

6.1. Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, նկատի ունենալով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով «Զորդայմ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 5013322 ակտի 1-ին կետը ճանաչվել է անվավեր, նշված փաստաթուղթը դատավճռի հիմքում չի դրել և Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը գնահատելիս այն հաշվի չի առել8։

6.2. Դատահաշվապահորձագետ Սամվել Հովհաննիսյանը, պատասխանելով դատավարության մասնակիցների և Առաջին ատյանի դատարանի հարցերին, ի թիվս այլնի, ցուցմունք է տվել նաև այն մասին, որ նախաձեռնողի կողմից դատահաշվապահական փորձաքննությանը տրամադրվել են թիվ 5013322 ակտը, «Զորդայմ» ՍՊ ընկերության 2013-2014 թվականների հաշվապահական փաստաթղթերը: Փորձաքննությանն առաջադրված հարցերին պատասխանելու համար, փորձագետների կողմից 2016 թվականի ապրիլի 20-ին նախաձեռնողին ներկայացվել է միջնորդություն՝ պահանջելով տրամադրել «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային գործը, հաշվառման վայրը, անձնական հաշիվ քարտերը, ինչպես նաև՝ փորձաքննությանը մասնակից դարձնել ստուգման ակտը կազմողներին, ընկերության տնօրենին և հաշվապահին: Ի պատասխան փորձագետի միջնորդությանը՝ 2016 թվականի օգոստոսի 18-ին փորձաքննությանը տրամադրվել է ընկերության հարկային գործը, իսկ 2016 թվականի օգոստոսի 19-ին` քրեական գործով հարցաքննված անձանց հարցաքննության արձանագրությունների լուսապատճենները, Արշակ Սարգսյանի հարցաքննության արձանագրությունը, վկաներ՝ Ռուբեն Շեխոյանի, Սամվել Եղիկյանի հարցաքննության արձանագրությունները: Տրամադրված փաստաթղթերով և նախաձեռնողի կողմից գնահատված ելակետային տվյալներով տրվել է փորձագիտական եզրակացություն: Արշակ Սարգսյանը նույնպես մասնակցել է փորձաքննությանը: Դատահաշվապահ փորձագետին փաստաթղթերը տրամադրել է նախաձեռնողը՝ տվյալ դեպքում ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության քննիչը: Տրամադրված փաստաթղթերը բավարար են եղել, որպեսզի տրվի փորձագիտական եզրակացություն: Նախաձեռնողի կողմից առաջադրվել է պարզել, թե որքան են կազմում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները: Կատարված փորձաքննությամբ պարզվել է, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի խախտմամբ պետական բյուջե ընկերության կողմից չի վճարվել 9.675.183 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ հաշվարկված տույժ և տուգանքները: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ «Զորդայմ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 5013322 ակտը դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր, ապա նշված հանգամանքն իր տված դատահաշվապահական փորձաքննության եզրակացության վրա որևէ կերպ չի կարող անդրադառնալ։ Փորձաքննությունն իրականացնելիս որևէ կերպ չեն հիմնվել ստուգման ակտի վրա, այլ ընդամենը, պատասխանելով նախաձեռնողի հարցերին, հայտնել են, թե որքանով է ճշգրիտ իրականացվել ստուգումը։ Նույնիսկ եթե փորձաքննության իրականացման ընթացքում իրենց տրամադրված չլիներ նշված ակտը, իրենք տալու էին միևնույն դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը։ Ավելին, կատարված դատահաշվապահական փորձաքննությամբ իրենք փաստել են, որ ստուգման ակտում եկամտահարկի մասով արձանագրված ընկերության պարտավորության չափն ավելին է, քան կատարված փորձաքննության արդյունքում արձանագրվածը, և այդ մասով կատարվել է համապատասխան նվազեցում9:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է. «(…) [Ս]տուգման ակտի 1-ին կետն անվավեր է ճանաչվել (…) փորձաքննության եզրակացությունը կազմելուց հետո:

Վերը մեջ բերված փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից հետևում է, որ նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց ճանաչված և մեղադրական եզրակացության մեջ նշված 2016 թվականի փետրվարի 23-ին կազմված թիվ 5013322 ստուգման ակտի ճշտությունը պարզելու նպատակով է «Զորդայմ» ՍՊ ընկերության վերաբերյալ թիվ 83154215 քրեական գործով նշանակվել դատահաշվապահական փորձաքննություն:

Հետևաբար, վերը մեջ բերված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն ըստ էության առնչվում է հիշյալ ստուգման ակտին, մասնավորապես դրանում ներառված առաջին կետին, որն այնուհետև (վարչական դատավարության կարգով) օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտով անվավեր է ճանաչվել:
Այլ կերպ ասած, սույն գործով կազմված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը և դրանում տեղ գտած հետևություններն ըստ էության առնչվում են վերը հիշատակված ստուգման ակտին, որն այնուհետև (վարչական դատավարության կարգով) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել:

(…)

Վերոգրյալի հաշվառմամբ, վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիշյալ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ սույն գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքները (այդ թվում նաև՝ խոշոր չափերով հատկանիշին առնչվող հանգամանքն) ապացուցված չեն անկասկած և անվերապահորեն:

Այսինքն` դրանում տեղ գտած հետևությունների ճշտությունը վերը բերված հիմնավորումների համատեքստում կասկածներ է առաջացնում, ինչն ինքնին հիմք է չփարատված կասկածները հօգուտ պաշտպանության կողմի մեկնաբանելու համար:
Այլ կերպ ասած, ստուգման ակտի 1-ի կետի անվավեր ճանաչելու պարագայում, սույն գործով կազմված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը, քննարկվող դեպքում, ինքնին չէր կարող դրվել վիճարկվող դատավճռի հիմքում, քանի որ դրա հետևություններն ըստ էության հիմնված են եղել նաև արդեն իսկ անվավեր ճանաչված ստուգման ակտի տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին:

Հետևաբար, սույն գործով իրավաչափ չի եղել հիշյալ եզրակացությունը մեղադրական դատական ակտի հիմքում դնելու դատարանի որոշումը:

(…)

Բացի այդ, սույն գործով կազմված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն, այդ թվում դրանում տեղ գտած հետևությունները, վերը բերված հիմնավորումների համատեքստում, բավարար չափով փաստարկված չեն և ամբաստանյալ Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը գնահատելու առումով իրավական հետևանք առաջացնել չեն կարող:

Ինչ վերաբերում է վիճարկվող դատական ակտում տեղ գտած դատարանի հետևություններին՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ոչ թե 2016 թվականի փետրվարի 23-ի թիվ 5013322 ակտն ամբողջությամբ, այլ դրա միայն 1-ին կետն անվավեր ճանաչվելու վերաբերյալ, ապա հարկ է նշել, որ նշված ստուգման ակտի հենց 1-ին կետն է առնչվում շահութահարկի դրվագով ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորություններին:

Ընդ որում, նշված հանգամանքը ներառված է նաև ամբաստանյալ Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրում:

(…)

Ինչ վերաբերում է նաև փորձագետի կողմից տրված ցուցմունքներին, ինչպես նաև ստուգման ակտով և փորձագետի եզրակացությամբ հաշվարկված հարկային պարտավորությունների տարբերությանը, ապա (կոնկրետ դեպքում) ստուգման ակտն անվավեր ճանաչելու պարագայում, դրանք որպես փաստարկ ինքնին բավարար չեն ամբաստանյալ Ա.Սարգսյանի անմեղության կանխավարկածի շեմը հաղթահարելու և այդ առնչությամբ հիմնավոր հետևության հանգելու համար:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «(…) 3.Փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությունը»:

(…)

Անդրադառնալով նաև մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցների վերլուծությանը, ապա դրանք ըստ էության չեն պարունակում բավարար տեղեկություններ (ամբաստանյալ Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում) ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ նրան մերկացնելու վերաբերյալ և կրում են միայն ածանցյալ բնույթ:

(…)

Հիմք ընդունելով վերոգրյալը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Արշակ Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատական ակտ կայացնելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, ինչը հանգեցրել է նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումների, որոնք հիմք են վիճարկվող դատական ակտը բեկանելու և վերջինիս նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու համար՝ հանցակազմի բացակայության հիմքով: (…)»10։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, ուստի այն ենթակա է բեկանման:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Այսպես` բողոքի հեղինակն ընդգծել է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի գնահատմամբ` ստուգման ակտն անվավեր ճանաչելու համար հիմք են ծառայել ոչ թե ստուգման ընթացքում կատարված սխալ, թերի կամ չհիմնավորված հաշվարկները, այլ թույլ տրված վարչարարության էական խախտումը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը հիմքեր չի ունեցել ստուգման ակտն անվավեր ճանաչելը կապելու դատահաշվապահական փորձաքննության և դրա եզրակացության հետ, քանի որ փորձաքննության հիմնական նպատակը ոչ թե ստուգողների գործողությունների իրավաչափությունը պարզելն էր, այլ «Զորդայմ» ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկային պարտավորությունները հաշվարկելը: Ավելին, ստուգողների կողմից կիրառված մեթոդների իրավաչափության հարցը փորձաքննությամբ գնահատվել է ճիշտ:

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման հիմնավորումներին ըստ էության չի անդրադարձել, և դրանք չի վերլուծել, այլ վկայակոչել է նշված ակտից միայն մի հատված, ինչն ամենևին չի արտացոլում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի իրավական վերլուծությունները:

Հիմնավոր չէ նաև Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանությունը, թե թիվ 5013322 ստուգման ակտի հիմնավորվածությունը պարզելու նպատակով է «Զորդայմ» ՍՊ ընկերության վերաբերյալ քրեական գործով նշանակվել դատահաշվապահական փորձաքննություն, քանի որ նախաքննության մարմնի կողմից դատահաշվապահական փորձաքննության նշանակման հիմնական նպատակը «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների չափը պարզելն էր, իսկ ստուգման ակտի ճշտությունը մեթոդաբանական առումով պարզելն ուներ ածանցյալ բնույթ:

8.1 Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, ըստ որի` ստուգման ակտի 1-ին կետն անվավեր ճանաչվելու պարագայում դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն ինքնին չէր կարող դրվել վիճարկվող դատավճռի հիմքում, քանի որ դրա հետևություններն ըստ էության հիմնված են եղել նաև արդեն իսկ անվավեր ճանաչված ստուգման ակտի տվյալների վրա, անհիմն է և հակասում է գործի նյութերին, քանի որ դատահաշվապահական փորձաքննության թիվ 15821609 եզրակացության համաձայն` փորձագետը ուսումնասիրել և հետազոտել է ոչ միայն թիվ 5013322 ստուգման ակտը, այլ «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային գործը, թիվ 83154215 քրեական գործի նյութերը, «Զորդայմ» ՍՊ ընկերության 2013 և 2014 թվականների հաշվապահական փաստաթղթերը, անձնական հաշվի քարտերը:

Նույն կերպ առարկայազուրկ է նաև Վերաքննիչ դատարանի գնահատականն այն մասին, որ նշված ստուգման ակտի հենց 1-ին կետն է առնչվում շահութահարկի դրվագով ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորություններին, որպիսի հանգամանքը ներառված է նաև ամբաստանյալ Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքում: Այսպես` ստուգման ակտի և փորձաքննության եզրակացության համադրումից պարզ է դառնում, որ ստուգման ակտի համաձայն` «Զորդայմ» ՍՊ ընկերությունը 2013-2014 թվականներին շահութահարկի գծով ՀՀ պետական բյուջե պակաս է վճարել 10.317.614 ՀՀ դրամ, իսկ փորձագետի եզրակացության համաձայն` նշված գումարը կազմել է 9.675.183 ՀՀ դրամ, ինչը և դրվել է Ա.Սարգսյանի մեղադրանքի հիմքում:

9. Բացի այդ, բողոքաբերն ընդգծել է, որ թիվ 5013322 ստուգման ակտը դատական կարգով անվավեր ճանաչվելուց հետո սույն գործով դատաքննության ընթացքում հարցաքննվել է նաև դատահաշվապահ-փորձագետ Ս.Հովհաննիսյանը` պարզելու համար, թե արդյոք փորձագետի եզրահանգումները հիմնված են եղել ստուգման ակտի վրա, արդյոք դրա անվավեր ճանաչելը կարող է անդրադառնալ փորձագետի եզրահանգումների վրա, այդ կապակցությամբ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու կարիք կա, թե ոչ: Վերջինս նշել է, որ «Զորդայմ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 5013322 ակտը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու հանգամանքն իր տված դատահաշվապահական փորձաքննության եզրակացության վրա որևէ կերպ չի կարող անդրադառնալ։ Փորձագետի հարցաքննությամբ պարզվել է նաև, որ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ փորձագետը չի հիմնվել ստուգման ակտի վրա, դրա բացակայության դեպքում ևս փորձագետը կհանգեր նույն եզրահանգումների:

10. Վերը շարադրվածի հիման վրա բողոքի հեղինակն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով ապացույցների զանգվածից հանել է սույն գործով դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը` դրանից բխող եզրահանգումներ կատարելով Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը բավարար չափով ապացուցված չլինելու վերաբերյալ:

Այլ կերպ` ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործով ապացույցները և «հիմնավոր կասկածից վեր» ապացույցների համակցության պայմաններում անհիմն կերպով արդարացրել է Ա.Սարգսյանին: Վերաքննիչ դատարանը վճռորոշ ապացույցը` փորձագետի եզրակացությունը, առանց լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու, անարժանահավատ է դիտել` հակասելով Արտեմ Հարությունյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշմանը:

11. Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 7-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում Արշակ Սարգսյանին արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը սահմանում է. «1.Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով11:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արշակ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Զորդայմ» ՍՊ ընկերության տնօրենը, 2013-2014 թվականների ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 19729.29 կարատ չմշակված և 34927.78 կարատ մշակված ադամանդ, որոնք, համաձայն ներկայացված փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետությունում ենթարկվել են բավարար վերամշակման, ու ադամանդի խմբաքանակները «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետությունից արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն: Նշված գործունեության ընթացքում Ա.Սարգսյանն օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, հաշվարկների և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել և չարամտորեն խուսափել 9.675.183 ՀՀ դրամի չափով շահութահարկի վճարումից12:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ նշանակվել է «Զորդայմ» ՍՊ ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմինների կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 2016 թվականի փետրվարի 23-ին կազմվել է թիվ 5013322 ակտը13:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ քրեական գործով նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում 2016 թվականի հոկտեմբերի 31-ին կազմվել է դատահաշվապահական փորձաքննության թիվ 15821609 եզրակացությունը14:

Առաջին ատյանի դատարանն Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հաստատված է համարել՝ հիմք ընդունելով վկաներ Սամվել Եղիկյանի, Աղասի Վարդանյանի, Նելլի Մովսիսյանի, Բաղդասար Թովմասյանի, Սվետլանա Գրիգորյանի դատաքննական ցուցմունքները, դատարանում հրապարակված և հետազոտված մյուս ապացույցները, ի թիվս այլնի` վկայակոչելով նաև դատահաշվապահական փորձաքննության թիվ 15821609 եզրակացությունը և փորձագետ Սամվել Հովհաննիսյանի ցուցմունքները:

Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից 2016 թվականի փետրվարի 23-ին կազմված թիվ 5013322 ստուգման ակտին, արձանագրել է, որ այն նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված բազմաթիվ այլ ապացույցների համակցության լույսի ներքո ընդամենը հաշվի է առնվել Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը գնահատելիս, իսկ սույն գործով դատահաշվապահական փորձաքննությունն իրականացվել է քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից, և այն կասկածի տակ առնելու հիմքեր չկան։ Բացի այդ, թիվ 5013322 ստուգման ակտը դատահաշվապահական փորձաքննության եզրակացության արդյունքների վրա որևէ հետևանք չի ունեցել, ինչը հաստատվում է ինչպես դատաքննության ընթացքում փորձագետի տված ցուցմունքներով, այնպես էլ այն փաստով, որ ստուգման ակտով և փորձագետի եզրակացությամբ հաշվարկված հարկային պարտավորությունների չափերը տարբեր են15։

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից հետևում է, որ նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց ճանաչված և մեղադրական եզրակացության մեջ նշված թիվ 5013322 ստուգման ակտի ճշտությունը պարզելու նպատակով է «Զորդայմ» ՍՊ ընկերության վերաբերյալ թիվ 83154215 քրեական գործով նշանակվել դատահաշվապահական փորձաքննություն: Հետևաբար, սույն գործով իրականացված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն ըստ էության առնչվում է թիվ 5013322 ստուգման ակտին, մասնավորապես` դրա առաջին կետին, որը վարչական դատավարության կարգով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անվավեր: Ուստի, ըստ Վերաքննիչ դատարանի` դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը չէր կարող դրվել վիճարկվող դատավճռի հիմքում, քանի որ դրա հետևություններն ըստ էության հիմնված են եղել նաև արդեն իսկ անվավեր ճանաչված ստուգման ակտի տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատական ակտ կայացնելու հարցում եկել է ոչ ճիշտ եզրահանգման, քանի որ մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցներն ըստ էության չեն պարունակում բավարար տեղեկություններ ամբաստանյալի կողմից իրեն մեղսագրված հանցանքը կատարելու վերաբերյալ և կրում են միայն ածանցյալ բնույթ16:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև փորձաքննություն նշանակելու մասին նախաքննության մարմնի որոշմամբ փորձագետներին հարցեր են առաջադրվել ոչ միայն «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների չափը և հարկային օրենսդրության խախտումները պարզելու, այլև ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետների կողմից 2016 թվականի փետրվարի 23-ին կազմված թիվ 5013322 ստուգման ակտով կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի մեթոդի իրավաչափությունը ստուգելու վերաբերյալ17, այնուամենայնիվ գործի փաստական տվյալներից հետևում է, որ «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների չափը հաշվարկելիս թիվ 5013322 ստուգման ակտը որևէ ազդեցություն չի ունեցել փորձաքննության արդյունքների վրա. նախ` փորձաքննությունը կատարելիս ուսումնասիրվել և հետազոտվել են ոչ միայն թիվ 5013322 ստուգման ակտը, այլ «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային գործը, թիվ 83154215 քրեական գործի նյութերը, «Զորդայմ» ՍՊ ընկերության 2013 և 2014 թվականների հաշվապահական փաստաթղթերը, անձնական հաշվի քարտերը18, բացի այդ` ստուգման ակտով և փորձագետի եզրակացությամբ հաշվարկված հարկային պարտավորությունների չափերը տարբեր են։

Այսպես` ըստ փորձագետ Ս.Հովհաննիսյանի, նախաձեռնողի կողմից դատահաշվապահական փորձաքննությանը տրամադրվել են թիվ 5013322 ստուգման ակտը, «Զորդայմ» ՍՊ ընկերության 2013-2014 թվականների հաշվապահական փաստաթղթերը, իսկ փորձագետների կողմից 2016 թվականի ապրիլի 20-ին միջնորդություն է ներկայացվել՝ պահանջելով տրամադրել «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային գործը, անձնական հաշվի քարտերը, որոնք տրամադրվել են19, ինչպես նաև՝ փորձաքննությանը մասնակից դարձնել ստուգման ակտը կազմողներին, ընկերության տնօրենին և հաշվապահին: Փորձագետն ընդգծել է, որ տրամադրված փաստաթղթերը բավարար են եղել, որպեսզի տրվի փորձագիտական եզրակացություն20:

Վերոնշյալից ակնհայտ է, որ փորձագիտական եզրակացությունը կազմելիս փորձագետներն իրենց տրամադրության տակ ունեցել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ հիմնավորված եզրակացություն կազմելու համար, ուստի նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում Վերաքննիչ դատարանի կողմից դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի ապացույց դիտարկելը միայն այն պատճառաբանությամբ, որ փորձաքննության եզրակացությունն ըստ էության առնչվում է թիվ 5013322 ստուգման ակտին և, ի թիվս այլնի, հիմնվում է նաև անվավեր ճանաչված ստուգման ակտի տվյալների վրա: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը դրսևորել է մեխանիկական մոտեցում և գնահատման չի ենթարկել` արդյո՞ք անվավեր ճանաչված ստուգման ակտը որևէ ազդեցություն ունեցել է փորձաքննության արդյունքների վրա, թե ոչ: Մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշվեց, խնդրո առարկա ստուգման ակտը որևէ ազդեցություն չի ունեցել փորձագիտական եզրակացության արդյունքների վրա, մասնավորապես` ընկերության հարկային պարտավորությունների չափը որոշելիս: Այս առումով Վերաքննիչ դատարանը բովանդակային գնահատման չի ենթարկել նաև փորձագետ Ս.Հովհաննիսյանի դատաքննական ցուցմունքներն առ այն, որ թիվ 5013322 ստուգման ակտը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու հանգամանքը դատահաշվապահական փորձաքննության եզրակացության վրա որևէ կերպ չէր կարող անդրադառնալ փորձաննությունն իրականացնելիս իրենք չեն հիմնվել ստուգման ակտի վրա, այլ ընդամենը պատասխանելով նախաձեռնողի հարցերին, հայտնել են, թե որքանով է ճշգրիտ իրականացվել ստուգումը։ Նույնիսկ եթե փորձաքննության իրականացման ընթացքում իրենց տրամադրված չլիներ նշված ակտը, իրենք տալու էին միևնույն դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը։ Ավելին, կատարված դատահաշվապահական փորձաքննությամբ իրենք փաստել են, որ ստուգման ակտում եկամտահարկի մասով արձանագրված ընկերության պարտավորության չափն ավելին է, քան կատարված փորձաքննության արդյունքում արձանագրվածը, և այդ մասով կատարվել է համապատասխան նվազեցում21:

16. Բացի այդ, անհրաժեշտ է նաև ընդգծել, որ Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` խոշոր չափերով հարկեր չվճարելու համար, իսկ հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող խոշոր չափը որոշվել է հենց դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ պարզված և արձանագրված հարկային պարտավորության չափով` 9.675.183 ՀՀ դրամ, ինչն էլ ընկած է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում: Այսինքն` տվյալ դեպքում ապացուցման առարկան ոչ թե հարկային մարմինների գործողությունների իրավաչափության ստուգումն է, այլ «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների չափի պարզումը, որն էլ կատարվել է դատահաշվապահական փորձաքննության արդյունքներով:

Ընդհանրացնելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ամբաստանյալ Ա.Սարգսյանին մեղսագրվող հարկային պարտավորությունների չափը սահմանող ապացույցը դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն է, իսկ թիվ 5013322 ստուգման ակտն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը գնահատելիս կոնկրետ դեպքում որևէ նշանակություն չէր կարող ունենալ, ինչի հաշվառմամբ էլ Առաջին ատյանի դատարանը «Զորդայմ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 5013322 ակտը դատավճռի հիմքում չի դրել և Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը գնահատելիս հաշվի չի առել22:

17. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 15-16-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու հարցում Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման: Փորձաքննության եզրակացությունը կազմելիս փորձագետներն իրենց տրամադրության ներքո ունեցել են անհրաժեշտ փաստաթղթերը՝ «Զորդայմ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների չափը որոշելու և հիմնավորված եզրակացություն տալու համար, դատահաշվապահական փորձաքննությունն իրականացվել է քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով, հետևաբար այն կասկածի տակ դնելու հիմքեր չկան։

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն առնչվում է անվավեր ճանաչված ստուգման ակտին, հետևաբար համարվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց, հիմնավորված և պատճառաբանված չէ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վարչական դատավարության կարգով մասնակիորեն անվավեր ճանաչված թիվ 5013322 ստուգման ակտը փորձաքննության եզրակացության արդյունքների վրա որևէ ազդեցություն չի ունեցել, իսկ փորձագետները ընկերության հարկային պարտավորությունների չափը որոշել են` հիմք ընդունելով նախաձեռնողի կողմից իրենց տրամադրված համապատասխան նյութերն ու ելակետային տվյալները:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, կատարելով գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ամբաստանյալ Ա.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության հարցում հանգել է իրավաչափ հետևության: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ սույն գործով առկա է ապացույցների բավարար համակցություն՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ամբաստանյալ Ա.Սարգսյանի մեղքն իրեն վերագրվող արարքում հաստատված համարելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը չէր կարող դրվել դատավճռի հիմքում, իսկ մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցներն ըստ էության չեն պարունակում բավարար տեղեկություններ՝ ամբաստանյալի կողմից իրեն մեղսագրված հանցանքը կատարելու վերաբերյալ և կրում են միայն ածանցյալ բնույթ, հիմնավոր չէ և չի բխում սույն գործի փաստական տվյալների ամբողջությունից: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում Արշակ Սարգսյանին արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն։

19. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով կայացված մեղադրական դատավճիռը բեկանելով, պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա ապացույցների համակցությունը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների խախտում, ինչն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։

Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները, ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ եկել է հիմնավոր եզրահանգման։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 7-ի մեղադրական դատավճռին։

 Միաժամանակ` հաշվի առնելով այն, որ Ա.Սարգսյանին մեղսագրվող արարքը կատարվել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված ազատարկման ձևով պատիժը չի գերազանցում չորս տարին և Ա.Սարգսյանի նկատմամբ՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը կիրառելու արգելքները բացակայում են, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Սարգսյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժից ենթակա է ազատման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արշակ Վոլոդյայի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի դատավճռին:

2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Արշակ Վոլոդյայի Սարգսյանին ազատել նշանակված պատժից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 260-261:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 34-36:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 106-111:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 135-136:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 66-112:

6 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ ՎԴ/3778/05/16 որոշումը:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 134-142:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 87-90:

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 133-134:

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 108-144:

11 Տե՛ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 5.1.-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 5.2-5.3-րդ կետերը:

15 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 5.3-րդ կետը:

19 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 138, 220:

20 Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:

22 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: