ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԴ/0390/11/19 |
ԵԴ/0390/11/19 |
Նախագահող դատավոր՝ Ա. Նիկողոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի |
2020 թվականի հոկտեմբերի 19-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատախազ Տ.Պողոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի ապրիլի 16-ին «Ռոբ-Սոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վ.Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանին բացարկ հայտնելու մասին:
Երևան քաղաքի դատախազի տեղակալ Վ.Պողոսյանի՝ 2019 թվականի ապրիլի 23-ի գրությամբ հայտնվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ ավագ դատախազ Տ.Պողոսյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվել է:
2. Դիմող «Ռոբ-Սոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վ.Մարտիրոսյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ բողոքը բավարարել է, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել գործով տուժող «Ռոբ-Սոն» ՍՊ ներկայացուցիչ Վ.Մարտիրոսյանի իրավունքների խախտումը, այն է՝ քրեական գործը հսկող դատախազ Տ.Պողոսյանին 2019 թվականի ապրիլի 17-ին հայտնած բացարկի կապակցությամբ կայացնել պատճառաբանված որոշում:
3. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատախազի բողոքի փաստարկները և հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածին, իր որոշմամբ փաստել է. «(...) [Ե]լնելով դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքներից՝ օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր հաջորդող դատական ատյան բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների տարբերակված շրջանակ, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտել է մեղադրողին և վերադաս դատախազին, ինչն էլ որևէ կերպ չի սահմանափակում դատախազի՝ անսահմանափակ բողոքարկման իրավունքի կենսագործումը, քանզի և՛ մեղադրողը, և՛ վերադաս դատախազը քրեադատավարական օրենսդրության և դատախազության միասնական համակարգի հասկացության իմաստով ևս հանդիսանում են դատախազներ:
Միևնույն ժամանակ կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, համաձայն որի՝ սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ պետք է եզրահանգել, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը չուներ նմանաբնույթ իրավունք:
Վերոշարադրյալ իրավական դրույթների լույսի ներքո փաստում եմ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ Երևան քաղաքի դատախազի տեղակալ Վ.Պողոսյանն է հենց հանդիսանում իր՝ 2019 թվականի ապրիլի 23-ի գրությամբ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդիրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք՝ ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ, որով, ի դեպ, հենց Երևան քաղաքի դատախազի տեղակալ Վ.Պողոսյանին է պարտավորեցվել վերացնել դիմողի իրավունքների խախտումը, վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը (…)»2։
5.1. Երևան քաղաքի դատախազ Գ.Բաղդասարյանի՝ 2019 թվականի հունիսի 18-ի գրության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը լիազորվել է մասնակցելու դիմող «Ռոբ-Սոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վ.Մարտիրոսյանի կողմից ներկայացված բողոքի քննությանը3։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացրել է անհիմն և անօրինական դատական ակտ։
Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների խախտմամբ սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը սահմանող նորմին տրված Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունն անթույլատրելի է, քանի որ այն չի բխում ՀՀ Սահմանադրությամբ դատախազին վերապահված լիազորությունները կարգավորող նորմերից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից և հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններին:
Ըստ բողոքաբերի` վերաքննիչ բողոք է բերվել ոչ թե դատարան ուղարկված քրեական գործով կայացված որոշման, այլ Առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունքում կայացված որոշման դեմ։
7. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել նոր դատական ակտ, այն է՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալ Վ.Պողոսյանի՝ 2019 թվականի՝ ապրիլի 23-ի վերոհիշյալ գրության դեմ «Ռոբ-Սոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վ. Մարտիրոսյանի կողմից ներկայացված բողոքը մերժել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ։
9. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
(...)
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
(...)
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
(...)
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (…):»:
⚖10. Վճռաբեկ դատարանը Ժենիկ Հովսեփյանի գործով ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի կարգավորումների մեկնաբանմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին4։
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ դիմող «Ռոբ-Սոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վ.Մարտիրոսյանի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնելու թիվ 13116012 քրեական գործով «Ռոբ-Սոն» ՍՊ ներկայացուցիչ Վ.Մարտիրոսյանի իրավունքների խախտումը5: Երևան քաղաքի դատախազ Գ.Բաղդասարյանի կողմից Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը մասնակցելու համար լիազորվել և մասնակցել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը6,
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել"> Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու պատճառաբանությամբ7:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում Վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը կամ մեղադրողը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման հնարավորությունը։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ։
13. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 28-ի որոշումը պետք է բեկանել, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության8: Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատախազ Տ.Պողոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________
1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 55-56:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 13։
4 Մանրամասն տե՛ս Ժենիկ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշման 10-15-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
8 Տե՛ս, mutatis mutandis, Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: