Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0649/06/18

ԵԴ/0649/06/18

Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Արմենակ Մելսիկի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2018 թվականի ապրիլի 22-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 12200518 քրեական գործը, և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Արմենակ Մելսիկի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով:

2018 թվականի նոյեմբերի 17-ին Ա.Հակոբյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին և նույն օրը ձերբակալվել է:

 Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և Ա.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է: Միաժամանակ բավարարվել է պաշտպան Ս.Մնացականյանի միջնորդությունը և Ա.Հակոբյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:

4. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը թողնելով անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ1։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 6. Նախաքննության մարմինը Արմենակ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(...) նա 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Երևանի Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Դավիթ Համբարձումյանի, Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Գոռ Խաչատրյանի, Էդիկ Չիչոյանի, Արթուր Խանջյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է Դավիթ Համբարձումյանի կազմակերպած զանգվածային անկարգություններին, որոնք զուգորդվել են բռնությամբ և ջարդերով:

 Այսպես.

 2018 թվականի ապրիլի 22–ին՝ ժամը 13–ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ խաղաղ երթ են կազմակերպել Երևանի «Էրեբունի թանգարանի» հարակից տարածքում և Էրեբունի փողոցով շարժվել են դեպի Երևանի Արցախի պողոտա:

Նույն օրը՝ Ա.Հակոբյանը Կ.Օհանյանի, Գ.Խաչատրյանի, Գ.Համբարձումյանի, Ս.Սահակյանի, Դ.Համբարձումյանի, Է.Չիչոյանի, Ա.Խանջյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հասարակության անդամների, այդ թվում՝ խաղաղ ցույցի մասնակիցների անվտանգությունը վտանգի տակ դնելու նպատակով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրա ընթացքում հասարակության անդամների՝ խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, ջարդեր իրականացնելու մասին: Պլանավորած հանցագործության իրականացման համար հանցավոր խումբը ձեռք է բերել մահակներ, էլեկտրահարող սարքեր, իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցների ինքնությունը հետագայում չբացահայտվելու նպատակով վերջիններս ձեռք են բերել և հետագայում օգտագործել բժշկական դիմակներ, որից հետո Ա.Հակոբյանը Գ.Խաչատրյանի, Ս.Սահակյանի, Կ.Օհանյանի, Գ.Համբարձումյանի, Է.Չիչոյանի, Ա.Խանջյանի և ինքնությունը չպարզված անձինք, Դ.Համբարձումյանի ղեկավարությամբ, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, Դ.Համբարձումյանի կողմից Երևանի Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում կազմակերպված զանգվածային անկարգությունների ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով, խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն են գործադրել և իրականացրել ջարդեր, մասնավորապես՝ քարեր են նետել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ, որից հետո հարձակվելով նրանց վրա, տարբեր առարկաներով, մահակներով, քարերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել և էլեկտրահարող սարքերով էլեկտրահարել են երթի մասնակիցներին: Հանցավոր խմբի վերոհիշյալ համատեղ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երթի մասնակիցներ Հերիքնազ Գրիգորյանը, Ռաֆիկ Գանջալյանը, Մկրտիչ Խանջյանը, պատահական անցորդ Արման Ասրյանը և քննությամբ դեռևս չպարզված անձինք, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրող՝ Արտակ Խուլյանը և օպերատոր Հովհաննես Սարգսյանը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ (….)»2:

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն՝ «(...) Մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդության քննարկման ընթացքում, (...) ծանոթանալով Ա.Հակոբյանի մեղքը հիմնավորող գործում առկա բոլոր ապացույցներին, դատարանը հանգում է հետևության, որ գործով ձեռք բերված ողջ ապացույցները հիմնավոր կասկած են հարուցում և բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ վերջինս մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակից անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով և խուսափել քրեական պատասխանատվությունից:

(...) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալ Արմենակ Հակոբյանի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս և մեկ նորածին երեխաներ, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և դրանով իսկ բացառել քննությունից թաքնվելու հանգամանքը, այսինքն դրսևորել է բարեխիղճ վարքագիծ, ուստի դատարանի համոզմամբ Ա.Հակոբյանն ազատության մեջ մնալով չի խուսափի քննությունից և վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց: Հետևաբար դատարանը գտնում է, որ պաշտպան Ս.Մնացականյանի միջնորդությունը ենթակա է բավարարման, մեղադրյալ Արմենակ Մելսիկի Հակոբյանի նկատմամբ գրավի կիրառումը պետք է ճանաչել թույլատրելի և նրան արգելանքից ազատելու համար սահմանել գրավ` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:

Դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է մեղադրյալին մեղսագրվող արարքի բնույթով և վտանգավորության աստիճանով, որոնք էական նշանակություն ունեն գրավի թույլատրելիության հարցը լուծելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել մեղադրյալ Արմենակ Մելսիկի Հակոբյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հիմքերի առկայության մասին:

(...) [Դ]ատարանի համոզմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում Արմենակ Մելսիկի Հակոբյանը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և չի խոչընդոտի հետագա նախաքննությանը (…)»3:

8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Ըստ քննիչի հայտարարության` դեպքից հետո անցած ամիսների ընթացքում նախաքննության մարմինը որևէ փաստական տվյալ, որևէ ահազանգ չի ստացել այն մասին, որ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Արմենակ Հակոբյանը որևէ կերպ փորձել է անօրինական ազդել կամ ազդել է դատավարության այլ մասնակիցների վրա:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անհիմն է դատախազի փաստարկն այն մասին, թե մեղադրյալը լինելով ազատության մեջ, կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա` խոչընդոտելով գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը: (...) Դեպքից անցել է շուրջ ութ ամիս, սակայն (...) գործի նյութում առկա փաստական տվյալները չեն վկայում այն մասին, թե մեղադրյալը անցած ամիսների ընթացքում որևէ կերպ փորձել է խոչընդոտել կամ խոչընդոտել է դրա կատարմանը:

Ամփոփելով` Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ սույն գործով առկա չէ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու կալանավորման հիմքը:

Անդրադառնալով կալանավորման մյուս հիմքին` թե լինելով ազատության մեջ, մեղադրյալը կարող է կրկին թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և խուսափել քրեական պատասխանատվությունից, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ թեև այդ հիմքն առկա է, սակայն դրա վտանգն այնքան էլ բարձր չէ, քանի որ մեղադրյալը, հետախուզման մեջ գտնվելով, կամովին ներկայացել է նախաքննության մարմին, (...) ունի մշտական բնակության վայր, երեք անչափահաս երեխաներ, առողջական լուրջ խնդիրներ: (...) Վերաքննիչ դատարանը գտնում, է, որ այլընտրանքային խափանման միջոց գրավը` 1.000.000 դրամը ի զորու է չեզոքացնել քննությունից թաքնվելու վտանգը, ապահովել մեղադրյալի հետագա իրավաչափ վարքագիծը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելը: Այսինքն մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է:

Անդրադառնալով նախաքննության մարմնի կողմից մատնանշված կալանավորման մյուս հիմքի` մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության առկայությանը, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ նման եզրահանգումը հիմնավոր չէ, այն չի բխում գործի նյութերից, հաշվի առնելով նաև մեղադրյալի անձը:

Ամփոփելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել` օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.11.2018թ. թիվ ԵԴ/0649/06/18 որոշումը` Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններով (...) »4:

 

 Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 143-րդ և 358-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումներից:

 Բողոքի հեղինակը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, փաստել է, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է մի քանի հիմքերի առկայության պայմաններում, սակայն դատարանն իր դատական ակտով անդրադարձ չի կատարել, թե մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու և կեղծելու բարձր հավանականությունը ներկայումս չեզոքացվել է, թե՝ ոչ, եթե այո, ապա ինչ եղանակով և հիմնավորմամբ: Բողոքաբերը նշել է, որ դեռևս չի պարզվել դեպքի մասնակիցների լրիվ շրջանակը, չեն հայտնաբերվել հանցագործության գործիքները, իսկ մեղադրյալը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` անօրինական ազդեցություն գործադրելով դատավարության մասնակիցների վրա, թաքցնել, կեղծել գործի համար նշանակություն ունեցող նյութերը, վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ:

Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, որպիսի պայմաններում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքերի չեզոքացման համար: Բողոքաբերի պնդմամբ` վիճարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ մեղադրյալ Ա.Հակոբյանին մեղսագրված արարքը վերջինիս կողմից կատարվել է հանրության համար վտանգավոր եղանակով՝ խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելով և ջարդեր իրականացնելով:

Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատարանին տրամադրված ապացույցներով (տեսաձայնագրությունները զննելու մասին արձանագրություններով) հիմնավորվել է, որ Ա.Հակոբյանը զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու և ջարդեր իրականացնելու գործընթացում առանձնապես ակտիվ դերակատարություն է ունեցել, սակայն դատարանը մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նշված հանգամանքը ևս անտեսել է: Հետևաբար, մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային երաշխիք սահմանված գրավը հնարավորություն չի տալիս քրեական գործով վարույթի ընթացքում կանխել վերջինիս ոչ իրավաչափ վարքագիծը` հաշվի առնելով, որ նա ազատվել է կալանքից:

10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով մեղադրյալ Արմենակ Հակոբյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

 

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը։

12 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ (…) մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

3) տարիքը և առողջական վիճակը.

4) սեռը.

5) զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7) գույքային դրությունը.

8) բնակության մշտական վայրի առկայությունը.

9) այլ էական հանգամանքներ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

13. Խափանման միջոց գրավը կիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ`

- անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա5,

- կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պետք է պատշաճ գնահատման ենթարկվեն նաև անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը6։

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքները թվարկված են ոչ սպառիչ, և որպես այդպիսիք կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ7:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ ձևավորված մոտեցումների պայմաններում, Վճռաբեկ դատարանը Գոռ Համբարձումյանի գործով որոշմամբ փաստել է. «(…) [Կ]ալանավորումը գրավով փոխարինելիս, վերջինը պետք է ծառայի որպես գործուն միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը զսպելու համար: Այլ կերպ, պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով, գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար չի կարող մերժվել՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից»8:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը բավարարել է գրավի կիրառման միջնորդությունը` սահմանելով որպես գրավի գումար` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը` հիմք ընդունելով, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս և մեկ նորածին երեխա, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և դրանով իսկ բացառել քննությունից թաքնվելու հանգամանքը, այսինքն դրսևորել է բարեխիղճ վարքագիծ, մնալով ազատության մեջ չի խուսափի քննությունից և վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց9:

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, գտել է, որ սույն գործով առկա չէ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու՝ կալանավորման հիմքը: Ինչ վերաբերում է կալանավորման մյուս` կրկին քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու հիմքերին` Վերաքննիչ դատարանը գտել է, որ այլընտրանքային խափանման միջոց գրավը` 1.000.000 դրամը, ի զորու է չեզոքացնել քննությունից թաքնվելու վտանգը, ապահովել մեղադրյալի հետագա իրավաչափ վարքագիծը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ նրա գտնվելը10։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում փաստել, որ սույն գործի փաստական տվյալների պայմաններում, այդ թվում` հաշվի առնելով մեղադրյալ Ա.Հակոբյանի մասնակցության աստիճանը, ունեցած դերակատարումը՝ ենթադրյալ հանցագործության կատարմանը գործով անցնող անձանց հետ ունեցած հարաբերությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով բացակայել է Ա.Հակոբյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը, հիմնավոր չէ։ Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դրանց հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի` Գոռ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշմամբ ձևավորված մոտեցումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը հաստատելու հանգամանքն ինքնին չի կարող հիմք լինել մեղադրյալի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումն ինքնաբերաբար մերժելու համար: Այսինքն, նշված հիմքի առկայության պայմաններում, խափանման միջոց գրավի կիրառման հարցի քննարկումն իրավաչափ է:

16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ գրավի կիրառման թույլատրելիությանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի փաստական տվյալներն իրենց համակցության մեջ բավարար չեն Ա.Հակոբյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։ Մասնավորապես, թեև արարքի բնույթով ու վտանգավորության աստիճանով պայմանավորված` Ա.Հակոբյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` առանց գործի փաստական հանգամանքներ ներկայացնելու` մեղսագրվող արարքի ծանրության աստիճանն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալին ազատությունից զրկելու համար11։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Ա.Հակոբյանին մեղսագրվող արարքի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի և սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հակոբյանի անձը բնութագրող տվյալները` որպես նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող գործոններ (մշտական բնակության վայր ունենալը, նախկինում դատապարտված չլինելը, դրականորեն բնութագրվելը, ամուսնացած լինելը, խնամքին երկու անչափահաս և մեկ նորածին երեխայի առկայությունը, վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայանալը), մինչդատական վարույթի տվյալ փուլում բավարար են գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի և մեղադրյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը հաստատելու համար։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին ստորադաս դատարանի կողմից Ա.Հակոբյանի նկատմամբ գրավ կիրառելու ոչ իրավաչափ լինելը և մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 1.000.000 ՀՀ դրամի չափով սահմանված գրավը կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Ա.Հակոբյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր է։

17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ չեն տվել քրեադատավարական օրենքի խախտում։ Հետևաբար, ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել և Ա.Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբեր 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Արմենակ Մելսիկի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0699/06/18 գործով 2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 89-90:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 163-165:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 39-41, 43-45:

5 Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը կետեր 34-36։

6 Տե՛ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14:

7 Տե՛ս Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0533/06/16 որոշման 15-րդ կետը:

8 Տե՛ս Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշման 24-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

11 Տե՛ս, ի թիվս այլնի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 46245/08, Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 28739/09:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: