ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի վերաքննիչ Գործ թիվ ԵԴ/0052/11/18
ԵԴ/0052/11/18
Նախագահող դատավոր՝ Ա. Նիկողոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի հոկտեմբերի 9-ին ք. Երևանում
գրավոր ընթացակարգով, քննության առնելով դիմող Ջիվանշիր Միքայելի Աֆյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում Ջիվանշիր Աֆյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով 2017 թվականի ապրիլի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 15157217 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
2. Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ թիվ 15157217 քրեական գործի վարույթը կարճվել է և Աննա Մաքսիմի Ղազանչյանի, Մուշեղ Հենրիկի Սարգսյանի, Ռոբերտ Սուրենի Վարդանյանցի, Արմեն Վազգենի Մելիքյանի և Ռաֆայել Վոլոդյայի Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
3. Վերը նշված որոշման դեմ Ջ.Աֆյանի բողոքը Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի՝ 2018 թվականի հունվարի 15-ի որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
4. Վերը նշված որոշումների դեմ դիմող Ջ.Աֆյանի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ բավարարվել է՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել դիմողի իրավունքի խախտումը:
5. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
6. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։ Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. 2017 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում Ջիվանշիր Աֆյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ Աննա Ղազանչյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0102/04/11 գործով 2011 թվականի օգոստոսի 22-ի վճռով ճանաչվել է սնանկ, որից հետո` դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ինքը նշանակվել է սնանկության գործով կառավարիչ: Ա.Ղազանչյանի պարտատերերի նկատմամբ վերջինիս պարտավորությունները ծագել են մինչև 2009 թվականը, և երբ ուսումնասիրվել են Ա.Ղազանչյանի սնանկության պատճառները, պարզվել է, որ նշված գործով պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու համար Ա.Ղազանչյանը 2009 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված թիվ 6737 համալիր պայմանագրով վաճառել է իրեն պատկանող «Դիանա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը: Այդ հիմքով նշված ընկերության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Ե.Քոչարի 17/4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստարոբաժանումում գրանցվել է նշված համալիր պայմանագիրը և տրվել հաջորդող գրավի իրավունքի պետական գրանցման վկայական: Այնուհետև` 2009 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Գևորգ Ավետիսյանի անվամբ գրանցվել է «Դիանա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը և տրվել է թիվ 034178 վկայականը: Մինչդեռ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Ա.Մակյանի կողմից 2009 թվականի սեպտեմբերի 15-ին կայացված որոշմամբ արգելանք է դրվել «Դիանա» ՍՊ ընկերության գույքի վրա, որը սակայն անտեսվել է:
8. Նախաքննության մարմնի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման համաձայն՝ «(...) քրեական գործի նախաքննությամբ հնարավոր չի եղել պարզել, թե Աննա Մաքսիմի Ղազանչյանը գույքի վրա արգելանք դնելու մասին 15.09.2009թ. վերը նշված որոշումը ստացել է, թե ոչ, եթե ստացել է, ապա 16.09.2009թ. գործարքը կատարելուց առաջ, թե դրանից հետո: Նրա արարքում բացակայում է ՀՀ քր. օր.-ի 345-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, քանի որ քրեական գործով չի հիմնավորվել, որ վերը նշված գործարքը կատարելուց նա իմացել է, որ գույքը գտնվել է արգելանքի տակ: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի գրանցման բաժնի նախկին պետ Մուշեղ Հենրիկի Սարգսյանին, նույն բաժնի պետի նախկին տեղակալ Ռոբերտ Սուրենի Վարդանյանցին, հաշվառման բաժնի նախկին գլխավոր մասնագետ Արմեն Վազգենի Մելիքյանին և անշարժ գույքի հաշվառման բաժնի նախկին 1-ին կարգի մասնագետ Ռաֆայել Վոլոդյայի Այվազյանին, ապա նրանց արարքներում նույնպես բացակայում է ՀՀ քր. օր.-ի 345-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, քանի որ Եր.Քոչարի փողոցի թիվ 17/4 հասցեի նկատմամբ 23.09.2009թ. գրավի իրավունքը գրանցելու ժամանակ նրանք չեն իմացել, որ տվյալ գույքի վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Ա.Մակյանի կողմից թիվ 01/02-2179/09 կատարողական վարույթի ընթացքում դրվել է արգելանք»։
9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Նախաքննության ընթացքում Աննա Ղազանչյանը և Ռաֆայել Այվազյանը չեն հարցաքննվել: Ըստ բողոքարկվող որոշման՝ Ռաֆայել Այվազյանին հարցաքննել չի հաջողվել, քանի որ նա քննությանը չի ներկայացել և հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Միաժամանակ նշվել է, որ Աննա Ղազանչյանին հնարավոր չի եղել հարցաքննել, քանի որ հնարավոր չի եղել նրան հայտնաբերել:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետի տեղակալի 22.05.2017թ. թիվ 3/4751 և 17.08.2017թ. թիվ 3/7938 գրությունների՝ «ՍԷԿՏ» համակարգում առկա տեղեկությունների համաձայն՝ տեղեկությունները տրամադրելու պահի դրությամբ Աննա Ղազանչյանի և Ռաֆայել Այվազյանի՝ ՀՀ-ից մեկնելու վերաբերյալ տվյալներն առկա չէին:
25.05.2017թ. վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Աննա Ղազանչյանին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետի 08.06.2017թ. թիվ 30/11328 գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի կողմից Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի 17 շենք, բն. 67 հասցեի բնակիչների, այդ թվում՝ Աննա Մաքսիմի Ղազանչյանի նկատմամբ իրականացվել են վտարման կատարողական գործողություններ: 28.06.2017թ. վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնին հանձնարարություն է տրվել ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Աննա Ղազանչյանի բնակության վայրը պարզելու ուղղությամբ: Ի պատասխան նշված գրության ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետի 13.07.2017թ. թիվ 30/14170 գրությամբ հայտնվել է, որ թիվ 15157217 քրեական գործով ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Աննա Մաքսիմի Ղազանչյանի բնակության վայրը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ: 13.12.2017թ. կրկին անգամ կայացվել է Աննա Ղազանչյանին բերման ենթարկելու մասին որոշում: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի 15.12.2017թ. թիվ 31/5-18821 գրությամբ տեղեկացվել է, որ համապատասխան հասցեում Աննա Մաքսիմի Ղազանչյան տվյալներով անձ չի բնակվում:
10.08.2017թ. վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Ռաֆայել Այվազյանին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետի ժ/պ 17.08.2017թ. թիվ 61/8-3266 գրությամբ հայտնվել է, որ Ռաֆայել Վոլոդյայի Այվազյանը համապատասխան հասցեում փաստացի չի բնակվում, գտնվելու վայրը հայտնի չէ: Դրանից հետո Ռաֆայել Այվազյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել, թեև «ՍԷԿՏ» համակարգում առկա տվյալներից երևում էր, որ վերջինս չի մեկնել ՀՀ-ից:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Աֆանդյանի 04.10.2017թ. թիվ 55/403քր-17 գրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի ուշադրությունը կրկին անգամ հրավիրվել է այն հանգամանքին, որ տևական ժամանակ է, ինչ նախաքննության մարմինը չի կատարում քննչական և դատավարական գործողություններ, ուստի անհրաժեշտ է խստորեն հետևել, որպեսզի քննիչի կողմից ժամանակին կատարվեն քննչական գործողությունները, հակառակ դեպքում կկիրառվեն դատախազական ներգործության համապատասխան միջոցներ:
Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինը հետևության է հանգել Ռաֆայել Այվազյանի արարքում հանցակազմի բացակայության մասին՝ պատճառաբանելով, որ նա չի իմացել անշարժ գույքի վրա դրված արգելանքի մասին, մինչդեռ, չի ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ վերջինիս հայտնաբերելու և նշված հանգամանքը պարզելու ուղղությամբ:
Միաժամանակ, (...) վարույթն իրականացնող մարմինը բավարար միջոցներ չի ձեռնարկել նաև Աննա Ղազանչյանին հայտնաբերելու և նաև նրա կողմից 16.09.2009թ. գործարքը կատարելու պահին անշարժ գույքի վրա դրված արգելանքի մասին տեղեկացված լինելու հանգամանքը պարզելու համար, նկատի ունենալով, որ ըստ «ՍԷԿՏ» համակարգում առկա տվյալների՝ նախաքննության ընթացքում վերջինս գտնվել է ՀՀ-ում:
(...) Դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ չի կատարվել գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ձեռք չի բերվել փաստական տվյալների բավարար համակցություն, որի հիման վրա հնարավոր կլիներ իրավական գնահատական տալ Աննա Ղազանչյանի և Ռաֆայել Այվազյանի գործողություններին:
Նախաքննական մարմնի կողմից քրեադատավարական օրենքի վերոնշյալ դրույթի պահանջը չպահպանելու արդյունքում խախտվել է դիմող Ջիվանշիր Աֆյանի՝ իր շահերին առնչվող քրեական գործի արդարացի քննության իրավունքը, որպիսի խախտումը ենթակա է վերացման (...)»2։
10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանի կողմից կատարվել է ներկայացված նյութերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ վարույթն իրականացնող մարմնի թույլ տված խախտումների վերաբերյալ հետևությունները լիարժեք հիմնավորված են և ամբողջովին բխում են ներկայացված նյութերի համակցությունից (...):
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատական ակտով արտահայտված այն հետևությունները, որ քրեական գործով չի կատարվել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, այսինքն՝ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջը, և որ (...) քննիչ Ռ.Նազարյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի (...) և Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի (...) որոշումները պատշաճ պատճառաբանված և հիմնավորված չեն, այդ որոշումներով խախտվել են Ջիվանշիր Աֆյանի իրավունքները կամ ազատությունները, մասնավորապես՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց հայցելու իրավունքը:
(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքարկված դատական ակտը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և գործով ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան (...)»։
10.1. Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը, դատական ակտում նշել է նաև հետևյալը. «(...) Անհրաժեշտ է նաև փաստել, որ ելնելով դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքներից՝ օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր հաջորդող դատական ատյան բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների տարբերակված շրջանակ, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտել է մեղադրողին և վերադաս դատախազին, ինչն էլ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ որևէ կերպ չի սահմանափակում դատախազի՝ անսահմանափակ բողոքարկման իրավունքի կենսագործումը, քանզի և՛ մեղադրողը, և՛ վերադաս դատախազը քրեադատավարական օրենսդրության և դատախազության միասնական համակարգի հասկացության իմաստով ևս հանդիսանում են դատախազներ:
(...) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանն է հենց հանդիսանում իր՝ 2018 թվականի հունվարի 13-ի՝ բողոքը մերժելու մասին որոշման՝ անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդիրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք՝ ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն (...) դատախազ Ս.Անդրեասյանը:
(...) Բացի այդ, (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի համատեքստում Վերաքննիչ դատարանն իրավասու է համապատասխան հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության, վարույթ ընդունել այն կամ մերժել վարույթ ընդունելը: Այլ կերպ ասած՝ վերոթվարկյալ որոշումներից մեկի կայացումը բացառում է դրանից հետո մեկ այլ որոշման կայացումը:
Սույն պարագայում (...) դատախազ Ս.Անդրեասյանի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել նկատի ունենալով, որ առերևույթ (prima facie) պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, մինչդեռ վերաքննիչ բողոքի լիարժեք քննության ընթացքում վեր է հանվել վերջինիս՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից քննության է առնվել նաև վերադաս դատախազի որոշումը և հենց նրան է պարտավորեցվել վերացնելու իրավունքների խախտումները, ուստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով տրված լիազորություններով, իրավունք ունի կայացնելու միայն վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ որոշում:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ԵԴ/0052/11/18 որոշումը թողնելով օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները (...)»3։
11. Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանը, ով նաև մասնակցել է Առաջին ատյանի դատարանում բողոքի քննությանը4։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն իր վերլուծությունների հիմքում, ըստ էության, դրել է այն տրամաբանությունը, համաձայն որի՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու չէ մինչդատական քրեական վարույթն ավարտող՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության վիճարկման ընթացակարգում մասնակցելու, քանի որ այդ որոշման դեմ բերված բողոքը վերադաս դատախազի կողմից մերժվել է, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների տրամաբանությունից։ Հակառակը՝ եթե վերադաս դատախազը մերժել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 7-օրյա ժամկետում օրինական համարված որոշման դեմ բերված բողոքը, ապա վերջիններս՝ տվյալ դատախազը և իր վերադաս դատախազը համակարծիք են քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինական և հիմնավոր լինելու հարցում։ Տվյալ դեպքում, ըստ բողոքաբերի, գործառութային տարանջատման սկզբունքի խախտման մասին խոսք լինել չի կարող։
12.1. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ ողջամիտ չէ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, թե դատախազի վերաքննիչ բողոքն առանց քննության չի թողել, քանի որ առերևույթ պահպանված են եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները: Այս առումով բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է բովանդակի տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը: Այն, որ բողոքը բերվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից և որ նշված պաշտոնը զբաղեցնող դատախազն օրենքի ուժով չի կարող որևէ կերպ համարվել վերադաս դատախազ, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելիս եղել է անառարկելի կերպով ակնհայտ ու չի կարող համարվել վերաքննիչ բողոքի լիարժեք քննության ընթացքում վեր հանված հանգամանք: Բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը, իր իսկ կիրառած տրամաբանությամբ, նման պարագայում վերաքննիչ բողոքը չպետք է ընդուներ վարույթ:
12.2. Միևնույն ժամանակ, բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս դատարանների դատական ակտերի հիմնավորվածությանն ու պատճառաբանություններին, նշել է, որ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ անտեսվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները: Վերաքննիչ դատարանի որոշումը պատշաճ պատճառաբանված չէ, ինչը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված՝ գործի արդարացի քննության սկզբունքից: Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները քրեական գործում առկա ապացույցների գնահատման ընթացքում թույլ են տվել դատական սխալ՝ ճիշտ չեն գնահատել գործում եղած ապացույցները և դրանով հանդերձ կայացրել են չպատճառաբանված դատական ակտեր:
13. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 14-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ։
15. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
(...)
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
(...)
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
(...)
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (…):»:
⚖16. Վճռաբեկ դատարանը Ժենիկ Հովսեփյանի գործով ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի կարգավորումների մեկնաբանմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին5։
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- նախաքննության մարմնի` քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ դիմող Ջ.Աֆյանի բողոքը Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի՝ 2018 թվականի հունվարի 15-ի որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ6,
- Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ դիմող Ջ.Աֆյանի բողոքը բավարարել է՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել դիմողի իրավունքի խախտումը 7: Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը մասնակցել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանը8,
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ՝ ըստ էության քննության առնելով դատախազի բողոքի փաստարկները9: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանը վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ10:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը կամ մեղադրողը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման հնարավորությունը։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ։
18.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի փաստարկն այն մասին, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավասություն չունեցող անձի կողմից այն ներկայացված լինելու դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է բողոքը վարույթ չընդուներ11: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը արձանագրելով, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանն Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, այդուհանդերձ քննության է առել նրա ներկայացրած բողոքը և արդյունքում մերժել այն՝ բողոքարկված դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ12:
19. Միևնույն ժամանակ, անդրադառնալով վճռաբեկ բողոքի հեղինակի մյուս փաստարկներին13, Վճռաբեկ դատարանը գործի նյութերի համակողմանի ուսումնասիրման արդյունքում հիմնավոր է համարում ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ սույն գործով չի կատարվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի համար ևս ընդունելի է ստորադաս դատարանների այն փաստարկը, որ նախաքննական մարմինը բավարար միջոցներ չի ձեռնարկել ՀՀ-ում գտնվող Աննա Ղազանչյանին և Ռաֆայել Այվազյանին հայտնաբերելու ու հարցաքննելու ուղղությամբ։ Ուստի, այս առումով բողոքաբերի ներկայացրած փաստարկները հիմնավոր չեն:
18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ոչ իրավաչափ հետևություն է արել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանի՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 23-ի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չհանդիսանալու մասին, այդուհանդերձ քննության է առել ներկայացված բողոքը և արդյունքում՝ իրավացիորեն մերժել է վերաքննիչ բողոքը՝ վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Դիմող Ջիվանշիր Միքայելի Աֆյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 162-165:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 111-123:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 40-41, 43, քրեական գործ, հատոր 3, թերթեր 189-190:
5 Մանրամասն տե՛ս Ժենիկ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշման 10-15-րդ կետերը:
6 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ և 8.1-րդ կետերը:
13 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|