Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՇԴ/0008/11/18

ՇԴ/0008/11/18

Նախագահող դատավոր՝ Ս. Մարաբյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դիմող`

Ն. ՂԱԶԱՐՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հունիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 18106717 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շ.Իկիլիկյանի` 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Ալբերտ Ենոքի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է:

Նախաքննության մարմնի նշված որոշման դեմ դիմող Նարինե Մարտինի Ղազարյանի բողոքը Շիրակի մարզի դատախազ Կ.Գաբրիելյանի` 2018 թվականի հունվարի 26-ի որոշմամբ մերժվել է:

2. Ն.Ղազարյանի ներկայացուցիչ Գ.Գևորգյանի բողոքի քննության արդյունքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի մարտի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է:

3. Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել դիմող Ն.Ղազարյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

4. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Ն.Ղազարյանը ներկայացրել է Վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 79941708 եզրակացության համաձայն` ըստ վարորդ Ա.Վարդանյանի ցուցմունքների՝ քննարկվող պայմաններում «Գազ 2410» մակնիշի 65 ՕԼ 574 հ/հ ավտոմոբիլի վարորդը տվյալ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողությունները, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեն ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորված լինեին տվյալ վրաերթի առաջացումը, չեն դիտվում:

(…) Ըստ հետիոտն Ն.Ղազարյանի ցուցմունքների` քննարկվող պայմաններում «Գազ 2410» մակնիշի 65 ՕԼ 574 հ/հ ավտոմոբիլի վարորդը տվյալ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեն ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորած լինեին տվյալ վրաերթի առաջացումը, չեն դիտվում:

 (…) Սույն գործի ուսումնասիրմամբ պարզվում է, որ գործով նախաքննություն իրականացրած մարմինը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ողջամիտ քննչական գործողությունների կատարման ճանապարհով ապացույցներ հավաքելով` գնահատել է դրանք և պատճառաբանված որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին: Վիճարկվող որոշման մեջ նշված, քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ քննիչի գնահատականների հետ բողոքաբերի` համամիտ չլինելը բավարար չէ քննիչի և դատախազի վիճարկվող որոշումները վերացնելու համար:

(...) [Բ]ողոքարկվող որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, անձի իրավունքների կամ ազատությունների` խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել, ուստի բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման»1:

6. Վերաքննիչ դատարանը, բավարարելով դիմող Ն.Ղազարյանի ներկայացուցչի բողոքը, արձանագրել է. «(...) Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախաքննության մարմինը չի նշանակել դատաավտոտեխնիկական փորձաքննություն պարզելու՝ մեքենայի տեխնիկական վիճակը, մինչդեռ սույն դեպքում այն պարտադիր էր, քանի որ խոսքը վրաերթի դեպքի մասին է, որի պարագաներում էական նշանակություն ունի մեքենայի արգելակման համակարգի պատշաճ գործելու հանգամանքը պարզելը, որը կարող էր էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքը ճիշտ լուծելու համար:

(...) Այս տեսանկյունից Վերաքննիչ դատարանը համամիտ է նաև բողոքաբերի այն պնդումներին, որ պետք է պարզվեր նաև մեքենայի անվադողերի մաշվածության աստիճանը, որն արգելակման համակարգի հետ համակցության մեջ էական նշանակություն ուներ վարորդի գործողությունները ճիշտ հասկանալու և գնահատելու համար:

Նույն կերպ նախաքննության մարմինը պետք է պարզեր, թե արդյոք սահմանված ռեժիմով աշխատում են ապակեմաքրիչները (...):

Վերաքննիչ դատարանի համար առավել խնդրահարույց է թվում այն հանգամանքը, որ մեքենան անմիջապես դեպքի վայրից հեռացվել է, իսկ դեպքի սխեման կազմվել է բացառապես ցուցմունքների հիման վրա, որը կարող էր օբյեկտիվ պատկեր չձևավորեր, ավելին՝ մեքենան տրվել է սեփականատիրոջը՝ առանց համապատասխան տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները ստանալու, որը թեև հնարավոր է ստանալ այս փուլում, սակայն դրանք կարող են արժանահավատ չլինել:

(...) [Ս]ույն գործով նշանակված փորձաքննության եզրակացությունից հետևում է, որ դրանում հիմնականում վերլուծություններն արված են մեքենայի արագությունն իջեցնելու հնարավորության տեսանկյունից, իսկ երկրորդի մասով որևէ հետազոտություն և վերլուծություն արված չէ, ուստի Վերաքննիչ դատարանը համամիտ է բողոքաբերի պնդումների հետ, որ պետք է պարզվեր, թե ինչու վարորդը չի փորձել մանևրել մեքենան այլ ուղղությամբ, որպեսզի կանխեր վրաերթը (...):

Վերաքննիչ դատարանի համար առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ քրեական գործը հարուցվել և քննությունն իրականացվել է ակնհայտ և կոպիտ խախտումներով, որի արդյունքում, եթե անգամ հաստատվի վարորդի մեղավորությունը՝ հնարավոր չի լինելու քրեական գործով կայացնել մեղադրական դատավճիռ, քանի որ ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, որպիսի հանգամանքը բավարար է փաստելու, որ ակնհայտորեն խախտվել են տուժողի իրավունքները:

Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը հանդիսանում է մասնավոր մեղադրանքի կարգով քննող հանցագործություն, որի դեպքում քրեական գործ կարող է հարուցվել ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա (տե՛ս [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի] 33-րդ և 183-րդ հոդվածները), մինչդեռ սույն գործով քրեական գործը հարուցվել է վրաերթ կատարած վարորդի կողմից ինքնակամ ներկայանալու և հաղորդում ներկայացնելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմինը չի պարզել նաև այն հակասությունները, որոնք վերաբերում են մեքենան վրաերթից հետո հետընթաց կատարելու հետ, քանի որ մի դեպքում նշվում է, որ մի քանի մետր հետընթաց է արվել, իսկ մյուս դեպքում՝ մի քանի սանտիմետր: (…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքների մեջ եղած հակասությունները բավականին շատ են, որոնք ամբողջությամբ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ վերոգրյալը բավարար է փաստելու, որ սույն գործի շրջանակներում նախաքննության մարմինը չի գործել պատշաճ ջանասիրությամբ և չի իրականացրել քրեադատավարական օրենսդրությամբ իր վրա դրված՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման համար անհրաժեշտ և անհապաղ գործողությունները դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու և ճիշտ իրավական գնահատականի արժանացնելու համար, ինչի մասին նշել է բողոքաբերը, որի արդյունքում ակնհայտ է, որ խախտվել են Ն.Ղազարյանի իրավունքներն ու օրինական շահերը:

Վերաքննիչ դատարանի հետևության համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ դատախազը քննիչին հեռացրել է քրեական գործով վարույթից՝ քրեադատավարական օրենքի խախտումներ թույլ տալու պատճառաբանությամբ:

Վերոգրյալ հանգամանքներով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է անհիմն և անօրինական դատական ակտ, ուստի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, իսկ բողոքարկված դատական ակտը բեկանել և փոփոխել՝ սահմանելով վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը վերացնելու Ն.Ղազարյանի իրավունքների խախտումները»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերի կարծիքով, Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է և անհիմն, դրանով թույլ է տվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

7.1 Ի հիմնավորումը վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ավտոմեքենայի արգելակման համակարգի, ապակեմաքրիչների տեխնիկական վիճակը և անվադողերի մաշվածությունը պարզելու ուղղությամբ դատավարական գործողություններ իրականացրած չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն բխում քրեական գործի նյութերից: Ավելին` բողոքի հեղինակը նշել է, որ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունից ակնհայտ է, որ դրանց հնարավոր անսարքությունների պայմաններում տրանսպորտային միջոցը չվարելու պահանջը խախտելը պատճառահետևանքային կապի մեջ չի կարող գտնվել առաջացած հետևանքի` դիմողի առողջությանը պատճառված վնասի հետ:

7.2 Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ շրջանցում կատարելու միջոցով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունը դատաավտոտեխնիկական փորձաքննության առարկա չդարձնելը և վրաերթից հետո հետընթաց կատարելու տարածության վերաբերյալ առկա հակասությունները որևէ նշանակություն չեն կարող ունենալ Ա.Վարդանյանի արարքում հանցակազմի առկայությունը պարզելու համար: Բողոքաբերի պնդմամբ՝ քննարկվող դեպքում վարորդը շրջանցելու պարտականություն չի ունեցել` նկատի ունենալով, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում շրջանցում կատարելու համար ՀՀ կառավարության՝ 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 67-րդ կանոնում կիրառվում է «թույլատրելի է» եզրույթը: Այսինքն, երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում շրջանցում կատարելը վարորդի իրավունքն է:

7.3 Բողոքաբերը նաև փաստել է, որ անհիմն է մասնավոր մեղադրանքի գործով քրեական գործ հարուցելու դատավարական կարգի խախտում թույլ տրված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը: Բողոք բերած անձի պնդմամբ քրեական գործը հարուցվել է դիմողի բողոքի հիման վրա` նկատի ունենալով, որ թեև դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման առիթը եղել է ֆիզիկական անձի՝ Ա.Վարդանյանի հաղորդումը, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում՝ Ն.Ղազարյանը նախ բացատրությամբ, ապա նաև վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումով հայտնել է, որ բողոքում է իրեն վրաերթի ենթարկած վարորդի դեմ և պահանջում է, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության:

8. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 16-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. դիմող Ն.Ղազարյանի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և վարույթն իրականացնող մարմնի՝ դիմողի իրավունքների խախտումները վերացնելու պարտականություն սահմանելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանն արդյո՞ք պահպանել է դատական ակտին ներկայացվող պահանջները:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն. «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`

(...)

2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.

4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը սահմանում է. «Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են`

1) դատարանի որոշումները.

(...)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է. «Սույն օրենքով սահմանված (...), նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, (...) վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական (...) իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այն նորմատիվ իրավական ակտով, որով նախատեսվել է անհատական (...) իրավական ակտի ընդունում»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` «անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց»:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները»:

10.1 Դատական ակտին ներկայացվող պահանջների առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատարանի պատճառաբանությունները ոչ միայն պետք է կառուցվեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, այլև դատական ակտի կառուցվածքային տարբեր մասերում արված դատողությունները պետք է համապատասխանեն միմյանց, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ: Դատական ակտում պետք է բացառվեն ներքին հակասությունները, իրարամերժ դատողությունները, քանի որ հակառակ դեպքում այդպիսի դատական ակտի տրամաբանությունը կխարխլվի, իսկ քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի3:

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցները, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին4։

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և սահմանելով դիմողի իրավունքների ու ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը, նշել է, որ ըստ գործի նյութերի՝ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտ ու բավարար ջանասիրություն չի ցուցաբերել` պարզելու գործի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, այդ թվում նաև` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը պարզված չլինելը, շրջանցում կատարելու միջոցով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունը դատաավտոտեխնիկական փորձաքննության առարկա չդարձնելը, վրաերթից հետո հետընթաց կատարելու տարածության վերաբերյալ գործում առկա հակասությունները չպարզելը: Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ քրեական գործը հարուցվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, քանի որ մասնավոր մեղադրանքի կարգով քննվող գործերը կարող են հարուցվել բացառապես դիմողի բողոքի հիման վրա, մինչդեռ սույն քրեական գործը հարուցվել է վարորդի կողմից ինքնակամ ներկայանալու և հաղորդում ներկայացնելու հիմքով, հետևաբար գործով ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են: Վերաքննիչ դատարանն անգամ բացառել է մեղադրական դատավճիռ կայացնելու հնարավորությունը5:

12. Վերոշարադրյալ փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը մի կողմից նշելով, որ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտ ու բավարար ջանասիրություն չի ցուցաբերել` պարզելու գործի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, մյուս կողմից արձանագրել է, որ մասնավոր մեղադրանքի կարգով քննվող քրեական գործը հարուցվել է դիմողի բողոքի բացակայության պայմաններում: Արդյունքում որոշում է կայացրել դիմողի իրավունքների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու մասին:

Վերոգրյալ պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հիշյալ դատողություններն իրարամերժ են ու հակասող, զուրկ ներքին միասնությունից, քանի որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով նախաքննության մարմնի կողմից գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու հանգամանքը, միաժամանակ հաստատված է համարել քրեական գործով վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը, այն է՝ դիմողի բողոքի բացակայությունը մասնավոր մեղադրանքի գործով։ Դեռ ավելին, քրեական գործով վարույթը և դատավարական գործողությունների իրականացումը բացառող հանգամանքը փաստացի հաստատված համարելուն զուգահեռ, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի՝ արձանագրված խախտումները վերացնելու պարտականությունը սահմանելով` ստեղծել է իրավական անորոշության վիճակ, քանի որ վարույթն իրականացնող մարմնի նշված պարտականության կատարումն ողջամտորեն անիրագործելի է:

13. Սույն որոշման նախորդ կետում ներկայացված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 10-10.1-րդ կետերում շարադրված դատավարական նորմերի և իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ն.Ղազարյանի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և դիմողի իրավունքների խախտումները վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու մասին որոշում կայացնելիս՝ Վերաքննիչ դատարանը չի պահպանել դատական ակտին ներկայացվող պահանջները:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի խախտում, ինչն իր բնույթով էական է, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիմք է դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, պետք է կայացնի դատական ակտին ներկայացվող պահանջներին համապատասխանող որոշում: Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 7-7.3-րդ կետերում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Նարինե Մարտինի Ղազարյանի ներկայացուցիչ Գ.Գևորգյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 40-43:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 73-82:

3 Տե՛ս, mutatis mutandis, Գեղամ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Աննա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11, Արթուր Մադոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15 որոշումները:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան