Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0036/01/16

ՍԴ/0036/01/16

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝

Մ. Պապոյան

Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ պաշտպան` 

Ռ. ՂԱԶԱՐՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վիկտր Սարգսի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ պաշտպան Ռ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 41115415 քրեական գործը:

2015 թվականի դեկտեմբերի 15-ին Վիկտր Հայրապետյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Վ.Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Վ.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մարտի 1-ի որոշմամբ Վ.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2016 թվականի մարտի 17–ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

2. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով Վ.Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ պաշտպաններ Մ.Սարգսյանի և Ռ.Ղազարյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Վ.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է, և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

4. Նոր քննության արդյունքում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մարտի 20-ի դատավճռով Վ.Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մեղադրող Հ.Բաղդասարյանի բողոքը բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի դատավճիռը բեկանվել է և փոփոխվել. Վիկտր Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Հայրապետյանի նախնական կալանքի տակ գտնվելու` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 15 (տասնհինգ) օրը, և պատիժը համարվել է կրած:

6. Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 30-ի որոշումներով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ պաշտպան Ռ.Ղազարյանի բողոքը՝ ընդունվել վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Նախաքննության մարմնի կողմից Վիկտր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա «2011 թվականի մայիսի 17-ից հունիսի կեսերն ընկած ժամանակահատվածում առանց համապատասխան թույլտվության` ապամոնտաժել և գաղտնի հափշտակել է Կապանի Ձորք թաղամասի և Մ.Պապյան փողոցի վերնամասում գտնվող սարալանջից մինչև Ռ.Մինասյան փողոցի սկզբնամասը ձգվող, Կապան քաղաքային համայնքին պատկանող ջրատար խողովակաշարի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 15.600.000 ՀՀ դրամ արժողությամբ, ընդհանուր առմամբ 1300մ 530մմ արտաքին տրամաչափով մետաղյա խողովակները»1:

8. Ամբաստանյալ Վ.Հայրապետյանը, ըստ էության, ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի ապրիլից մայիսն ընկած ժամանակահատվածում, Կապան քաղաքում շրջանառվող խոսակցություններից իմանալով Ձորք թաղամասի վերևի հատվածում գտնվող խողովակաշարի մասին, գնացել է և տեղում պարզել, որ իրականում այնտեղ դրանք առկա են: Դրանից հետո հանդիպել է Կապանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Արզումանյանին և խնդրել ճշտել, թե նշված խողովակաշարը Կապան համայնքի հաշվեկշռում է, թե` ոչ: Վերջինս ճշտել է և ասել, որ իրենց հաշվեկշռում այդպիսի խողովակաշար առկա չէ: Այնուհետև բանվորների հետ կատարել է խողովակաշարի քանդման աշխատանքներ, որի ընթացքում քանդել են մոտ 250-ից 300 մետր խողովակ: Որպես ջարդոն վաճառել է 20-ից 22 խողովակ` ընդհանուրը՝ 16 տոննա, յուրաքանչյուր տոննան` 20.000 ՀՀ դրամով։ Նշված աշխատանքները կատարել է շահույթ ստանալու նպատակով, սակայն կրել է 1.700.000 ՀՀ դրամի նյութական վնաս2։

8.1. Տուժողի ներկայացուցիչ Դավիթ Կոստանդյանը, ըստ էության, ցուցմունք է տվել այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներով Կապան քաղաքի Ձորք թաղամասի և Մ.Պապյան փողոցի վերնամասում գտնվող սարալանջից մինչև Ռ.Մինասյան փողոցի սկզբնամասը ձգվող խողովակաշարը տեղում ուսումնասիրելիս տեսել են խողովակ` հողից դուրս ցցված ու կտրված վիճակում, ջրամեկուսիչ ժապավենի կտորներ և փորված հատվածներ: Կապանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի աշխատակիցները որևէ փաստաթուղթ չեն գտել, որոնցով կհաստատվեր, որ խողովակաշարը գտնվում է Կապանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Ինքը տեղյակ չէ, թե այդ խողովակաշարը հանդիսանում է համայնքային սեփականություն, թե` ոչ, արդյոք վնաս է պատճառվել համայնքին, թե` ոչ, եթե այո, ապա ինչքան, ինչպես նաև տեղյակ չէ, թե այդ խողովակաշարը երբ է կառուցվել, ինչ նպատակով, ում կողմից և երբևէ շահագործվել է, թե` ոչ3:

8.2. Կապանի համայնքապետարանի քարտուղարության բաժնի պետ, վկա Աննա Գաբրիելյանը, ըստ էության, ցուցմունք է տվել այն մասին, որ նշված խողովակաշարն օրենքի ուժով պատկանում է Կապան համայնքին, քանի որ գտնվում է համայնքի տարածքում, սակայն այն որևէ հանձնման-ընդունման ակտով չի ներառվել Կապան քաղաքի միջոցների հաշվեկշռում: Նշված խողովակաշարի կառուցման, նպատակային նշանակության և երկարության վերաբերյալ Կապանի համայնքապետարանում որևէ փաստաթուղթ չկա: Նշված խողովակաշարի վերաբերյալ տեղեկացել են իրավապահ մարմիններից: Նշել է, որ Կապան համայնքը քաղաքացիական հայց չի ներկայացրել, քանի որ չեն կարող ասել, թե որքան վնաս է պատճառվել համայնքին4:

8.3. Վկաներ Սամվել Ղազարյանը և Լորենց Հարությունյանը, ըստ էության, նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ մոտ 5 տարի առաջ Վիկտր Հայրապետյանի հետ Կապան քաղաքում խողովակներ են քանդել, և հստակ չեն կարող ասել, թե օրական քանի խողովակ են քանդել, և դրանց ընդհանուր երկարությունն ինչքան է եղել5:

8.4. Որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի ղեկավարի՝ 2015 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 2333 գրության համաձայն` ՀՀ կառավարության՝ 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ Կապան քաղաքի ներքին ջրամատակարարման և ներքին ջրահեռացման ցանցերը հանդիսանում են համայնքային սեփականություն: Կապանի Ձորք թաղամասից Մ.Պապյան փողոցի վերնամասով մինչև Ռ.Մինասյան փողոցի եզրամասը ձգվող ջրամատակարարման ջրագիծը նույնպես հանդիսանում է համայնքային սեփականություն: Սակայն, քանի որ նշված խողովակներն առանձին գումարային արտահայտությամբ արտացոլված (հաշվառված) չեն Կապանի քաղաքապետարանի հաշվեկշռում, ներկա պահին հնարավոր չէ հստակ որոշել քաղաքապետարանի կրած գույքային վնասի չափը6:

8.5. Որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի հունվարի 14-ի թիվ 23 գրության համաձայն` նշված խողովակների ապամոնտաժման մասին Կապանի քաղաքապետարանը տեղեկացել է քննչական բաժնից: ՀՀ կառավարության՝ 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ սահմանվել է Կապան համայնքի սեփականության գույքի ցանկը, որի մեջ մտել են նաև ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգը և ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգը: Նույն որոշման 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության մարզպետներին հանձնարարվել է համայնքների ղեկավարների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը իրականացնել այդ որոշման 1-ին կետով սահմանված կարգով համայնքներին հանձնման և ընդունման գործընթացը: Կապանի քաղաքապետարանում չեն պահպանվել գույքի հանձնման-ընդունման փաստաթղթերը, ինչը չի նշանակում, որ վերոնշյալ որոշմամբ սահմանված գույքը ներկա պահին չի հանդիսանում համայնքային սեփականություն7:

8.6. Որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի փետրվարի 22-ի թիվ 317 գրության համաձայն` Կապանի քաղաքապետարանի հաշվեկշռում համայնքի ջրամատակարարման համակարգը ներկայացված է մեկ ընդհանուր տողով և Կապանի Ձորք թաղամասից Մ.Պապյան փողոցի վերնամասով մինչև Ռ.Մինասյան փողոցի եզրամասը ձգվող ջրամատակարարման ջրագիծը (ինչպես և համակարգի մնացած բաղադրիչները) առանձին գումարային արտահայտությամբ արտացոլված (հաշվառված) չէ նրանում, այդ պատճառով հնարավոր չէ նշել դրա բալանսային արժեքը։ Համաձայն համայնքի հիմնական միջոցների գույքագրման ցուցակի՝ ներհամայնքային նշանակության ջրամատակարարման ընդհանուր համակարգի մնացորդային արժեքն այդ պահի դրությամբ կազմել է 10.713.100 ՀՀ դրամ8:

8.7. Որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 697 գրության համաձայն` համայնքապետարանը չունի տեղեկատվություն նշված խողովակաշարի՝ շահագործման հանձնված լինելու մասին։ Կապանի քաղաքապետարանում չեն պահպանվել փաստաթղթեր այն մասին, թե ում կողմից և ինչ նպատակով է այն կառուցված եղել, սակայն տեսականորեն որևէ այլ նպատակի, բացի ջրամատակարարումից, այն չէր կարող ծառայել9:

8.8. Դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 65-ԱՊ-15 եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված մետաղական խողովակի նմուշի զննությունից ելնելով` նմանատիպ խողովակի 1 գծամետրի հավանական միջին շուկայական արժեքը 2011 թվականի հունիսի 2-ի դրությամբ առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ գնահատվում է 12.000 ՀՀ դրամ10:

9. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մարտի 20-ի արդարացման դատավճռում արձանագրել է հետևյալը. «Դատարանը հաստատված է համարում, որ 2011 թվականի սկզբին Կապան համայնքի բնակիչ Վիկտր Հայրապետյանը, տեղեկանալով նշված խողովակաշարի մասին, հանդիպել է Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Արզումանյանին և խնդրել ճշտել, թե արդյոք այդ խողովակաշարը Կապան համայնքի գույքի հաշվեկշռում ներառված է, թե` ոչ: Վերջինս ճշտել է և հայտնել, որ այդպիսի գույք համայնքի հաշվեկշռում առկա չէ: (…)

Անդրադառնալով պաշտպան Ռ.Ղազարյանի ներկայացրած միջնորդությանը` դատաապրանքագետ-փորձագետի թիվ 65-ԱՊ-15 եզրակացությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու մասին, դատարանը գտնում է, որ նշված միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ փորձաքննության կատարման ժամանակ զննվել է խողովակի 25-ից 37 սմ հատվածը` միայն հողից դուրս ցցված մասը, որպիսի պայմաններում փորձագետի հետևությունն այն մասին, որ նմանատիպ խողովակի 1 գծամետրի հավանական միջին շուկայական արժեքը 2011 թվականի հունիսի 2-ի դրությամբ առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ գնահատվում է 12.000 ՀՀ դրամ, կրում է ընդհանրական բնույթ, նշվածը չի կարող ընդունվել որպես Վիկտր Հայրապետյանի կողմից հափշտակված խողովակների 1 գծամետրի արժեք: Դատարանն արձանագրում է, որ փորձագետը չի զննել նշված խողովակի 1 գծամետրը որպես փորձաքննության կատարման ելակետ, չի պահանջել նախաձեռնող մարմնից տրամադրել խողովակի մեկ գծամետր հատված (բավարարվել է նախաձեռնող մարմնի բանավոր հայտարարությամբ, որ նշված խողովակն ունի 10-ից 11 մետր երկարություն), որը դատարանը դիտում է որպես փորձաքննության կատարման կարգի էական խախտում, որն ազդել է ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

(…) Անդրադառնալով պաշտպան Ռ.Ղազարյանի ներկայացրած միջնորդությանը` 25.02.2016 թվականին կազմված դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու մասին, դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ նշված զննության ժամանակ շինարարական մետրի և մետրաչափի փոխարեն օգտագործվել է ավտոմեքենա և ավտոմեքենայի արագաչափը (լեռներում` անհարթ ճանապարհով, որը ոչ միշտ է եղել զուգահեռ խողովակաշարին), ինչը դատարանի համոզմամբ քննչական գործողության կատարման կարգի էական խախտում է, որն ազդել է ստացված փաստական տվյալների հավաստիության վրա (…):

(…) Կապան համայնքը քաղաքացիական հայց չի ներկայացրել, քանի որ բազմիցս նշել է, որ համայնքին վնաս չի պատճառվել:

(…) Դատարանը գտնում է, որ ձեռք բերված ապացույցներով հնարավոր չէ ապահովել Վ.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի ապացուցման առարկայի պարզումը, այն է` չի հիմնավորվել, թե Վիկտր Հայրապետյանը քանի մետր և ինչ վիճակի խողովակ է ապամոնտաժել, և նրա գործողությունների արդյունքում որքան վնաս է պատճառվել Կապան համայնքին, ինչի հիման վրա դատարանը փաստում է, որ առկա է կասկած առ այն, որ նրա գործողությունների արդյունքում որևէ վնաս չի պատճառվել կամ նշված վնասը եղել է մանր չափերով, և որ դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը տվյալ դեպքում հանգեցնում է անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չլինելուն, այսինքն` բացակայում են Վիկտր Հայրապետյանի մեղավորության մասին վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցները»11:

10. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանն ընդունելի է համարում 25.02.2016 թվականին կազմված դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը և դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 65-ԱՊ-15 եզրակացությունն որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին Դատարանի հետևությունները, և փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն այդ մասով թույլ չի տվել որևէ դատավարական իրավունքի նորմի խախտում: 25.02.2016 թվականին կազմված դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը և դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 65-ԱՊ-15 եզրակացությունը բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Վիկտր Հայրապետյանը կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վ.Հայրապետյանի կողմից Կապան քաղաքային համայնքին պատկանող գաղտնի հափշտակված ջրատար խողովակաշարի արժեքը որոշելու ուղղությամբ այլ ապացույց ձեռք բերելու հնարավորությունը սպառված է, որպիսի պայմաններում չփարատված բոլոր կասկածները հօգուտ ամբաստանյալի մեկնաբանելով՝ անհրաժեշտ է որպես հափշտակված գույքի արժեք հիմք ընդունել վերջինիս կողմից հայտնած փաստական տվյալները: Մասնավորապես, սույն գործով ամբաստանյալ Վիկտր Հայրապետյանն իր ցուցմունքներով հայտնել է, որ ապամոնտաժված խողովակներից ընդհանուր առմամբ վաճառել է որպես ջարդոն 20-ից 22 խողովակ` ընդհանուր 16 տոննա, յուրաքանչյուր տոննան` 20.000 ՀՀ դրամով: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վիկտր Հայրապետյանի կողմից Կապան քաղաքային համայնքին պատկանող գաղտնի հափշտակված ջրատար խողովակաշարի ընդհանուր արժեքը կազմել է 320.000 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում ամբաստանյալի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն»12:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

11. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, Վիկտր Հայրապետյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, թույլ է տվել քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի պահանջների խախտումներ:

Մասնավորապես, գործի քննությամբ այդպես էլ չի պարզվել, թե վեճի առարկա հանդիսացող ջրատար խողովակաշարը երբ, ում կողմից և ինչ նպատակով է կառուցվել: Չի պարզվել, թե շուրջ 40 տարի առանց շահագործելու՝ հողի տակ գտնվելու պարագայում խողովակներն ինչ վիճակում են եղել, քանի մետր խողովակ է տեղափոխվել և, ի վերջո, ում են դրանք պատկանել, ում է պատճառվել նյութական վնաս: Տուժողի ներկայացուցիչը մշտապես պնդել է, որ Կապանի քաղաքապետարանին որևէ վնաս չի պատճառվել և տուժողի կողմից բողոք չկա:

Ըստ բողոքաբերի` փորձագետի եզրակացության բացակայության պայմաններում միայն Վիկտր Հայրապետյանի ցուցմունքը չէր կարող հիմք հանդիսանալ ապացուցված համարելու այն փաստը, որ տուժողին պատճառվել է 320.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության՝ 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման 4-րդ կետի պահանջը չի կատարվել՝ նշված խողովակաշարը չի ներառվել Կապան համայնքի սեփականության գույքի ցանկում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 2011 թվականի սկզբին Վ.Հայրապետյանը մինչ խողովակաշարն ապամոնտաժելը, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Արզումանյանից ճշտել է, որ այն Կապան համայնքի գույքի հաշվեկշռում ներառված չէ: Բացի դրանից, գործի քննությամբ չի հիմնավորվել, որ խողովակաշարի քանդված հատվածն ամբողջությամբ միայն Վ.Հայրապետյանն է ապամոնտաժել և տեղափոխել: 

12. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը 2011 թվականին կատարած ոչ մեծ ծանրության հանցանքի համար Վ.Հայրապետյանին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման, հաշվի չառնելով գործի վարույթը բացառող մի շարք հանգամանքներ՝ տուժողի բողոքի բացակայությունը, համաներման ակտերը և վաղեմության ժամկետն անցած լինելու հանգամանքը:

13. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի արդարացման դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հանցակազմի հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Վիկտր Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ մեղավոր ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`(…)

3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.

4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ. (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։

17. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով «ապացույցների բավարարություն» հասկացության վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով արձանագրել է հետևյալը. «(…) «ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.

1) անմեղության կանխավարկածը,

2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,

3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։

(…) [Ա]նմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար։

(…) Ներքին համոզմունքի՝ որպես ապացույցների գնահատման արդյունքի օբյեկտիվ հիմքը քրեական գործով ձեռք բերված, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտված ապացույցների բավարար համակցությունն է։ Այս առումով անհրաժեշտ է վերլուծել ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության հատկանիշները, որոնց տեսանկյունից ապացույցները ենթակա են գնահատման։

(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (...),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (...),

գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,

դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,

ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից։

(...) Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա (…)»14։

18. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը (…)»:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում հափշտակության՝ որպես սեփականության դեմ ուղղված հանցագործության հատկանիշների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել հետևյալի մասին. ««Հափշտակություն» հասկացությունը ենթադրում է ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնել կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնել, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել։ Իսկ դրանից հետևում է, որ գողության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը` գործողությունը, դրսևորվում է նրանում, որ ուրիշի գույքը հանցավորի կողմից վերցվում, և հանցավորինը կամ այլ անձինն է դարձվում»15:

Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի թիվս այլնի, քննարկվող արարքի պարտադիր քրեաիրավական հատկանիշ է հանդիսանում հափշտակվող գույքի՝ այլ անձին (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, պետություն, համայնք) պատկանելու հանգամանքը: Հափշտակության դեպքում անձի՝ ուրիշի գույքն ապօրինի կերպով իրենը դարձնելը բացասական ազդեցություն է ունենում դրան օրինական հիմքերով տիրապետողի գույքային ֆոնդի վրա, ինչն էլ իրենից ենթադրում է որոշակի նյութական վնաս: Ուրիշի գույքն իրենը կամ այլ անձինը դարձնելը հնարավոր է կատարել հափշտակվող գույքի՝ ուրիշին պատկանելու պարագայում: Գույքի՝ ուրիշին չպատկանելու դեպքում բացակայում է քննարկվող հանցակազմի օբյեկտը՝ քրեաիրավական պաշտպանության ներքո գտնվող սեփականության այն հարաբերությունները, որոնք հափշտակության արդյունքում խախտվում են: Հանցագործության օբյեկտի բացակայության պայմաններում քրեադատավարական տեսանկյունից բացակայում է նաև տուժողը, քանի որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ տուժող է այն անձը, ում պատճառվել է կամ կարող էր պատճառվել, ի թիվս այլնի, գույքային վնաս, ինչը պետք է նույնական լինի քրեական օրենքով նկարագրված վնասի հետ: Այլ կերպ ասած՝ հանցակազմի հատկանիշ հանդիսացող վնասի կրողը կամ հնարավոր կրողը կարող է քրեական վարույթում հանդես գալ որպես տուժող: Միևնույն ժամանակ, չի բացառվում գույքային վնասի հետ կապված հարցերի քննարկումն այլ իրավահարաբերությունների շրջանակներում (քաղաքացիական, վարչական և այլն):

Գողության՝ որպես նյութական հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում հետևանքը՝ վնասը, որը պետք է հաստատվի քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով:

Վնասի չափը, որպես կանոն, որոշվում է հափշտակված գույքի՝ դատաապրանքագիտական փորձաքննությամբ որոշված շուկայական միջին արժեքով: Գույքի վաճառքի գինը չի կարող մեխանիկորեն հիմք ընդունվել հափշտակության չափը որոշելու համար, քանի որ գույքի շուկայական արժեքն ու դրա վաճառքի գինը ոչ բոլոր դեպքերում են համընկնում: Վաճառքի գինը կարող է տարբերվել՝ բարձր կամ ցածր լինել շուկայական արժեքից:

Սուբյեկտիվ կողմի՝ մեղքի ձևի տեսանկյունից, հափշտակությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, որի դեպքում հանցավորը գիտակցում է իր արարքի հանրային վտանգավորությունը, այսինքն` դրա ունակությունը վնաս պատճառելու գոյություն ունեցող հասարակական հարաբերություններին:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վիկտր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի մայիսի 17-ից հունիսի կեսերն ընկած ժամանակահատվածում առանց համապատասխան թույլտվության` ապամոնտաժել և գաղտնի հափշտակել է Կապանի Ձորք թաղամասի և Մ.Պապյան փողոցի վերնամասում գտնվող սարալանջից մինչև Ռ.Մինասյան փողոցի սկզբնամասը ձգվող, Կապան քաղաքային համայնքին պատկանող ջրատար խողովակաշարի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 15.600.000 ՀՀ դրամ արժողությամբ, ընդհանուր առմամբ 1300մ 530մմ արտաքին տրամաչափով մետաղյա խողովակները16:

 Առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի մարտի 20-ի դատավճռով ճանաչելով և հռչակելով Վ.Հայրապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, արձանագրել է, որ ձեռք բերված ապացույցներով հնարավոր չէ ապահովել Վ.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի ապացուցման առարկայի պարզումը, այն է` չի հիմնավորվել, թե Վ.Հայրապետյանը քանի մետր և ինչ վիճակի խողովակ է ապամոնտաժել, և նրա գործողությունների արդյունքում որքան վնաս է պատճառվել Կապան համայնքին, ինչի հիման վրա Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ առկա է կասկած առ այն, որ Վ.Հայրապետյանի գործողությունների արդյունքում որևէ վնաս չի պատճառվել կամ նշված վնասը եղել է մանր չափերով, և որ դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը տվյալ դեպքում հանգեցնում է անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չլինելուն, այսինքն` բացակայում են Վ.Հայրապետյանի մեղավորության մասին վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցները17:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Վ.Հայրապետյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով՝ հաստատված է համարել, որ նա գաղտնի հափշտակել է Կապան քաղաքային համայնքին պատկանող՝ 320.000 ՀՀ դրամ արժողությամբ ջրատար խողովակաշարը18:

20. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճելի խողովակաշարը ՀՀ կառավարության՝ 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման 4-րդ կետով սահմանված կարգով Կապան համայնքի ներհամայնքային նշանակության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ցանկում ներառելու վերաբերյալ փաստաթղթավորված տեղեկություններ առկա չեն: Հիշյալ գործընթացի, ինչպես նաև խողովակաշարի՝ Կապան համայնքի սեփականությունը հանդիսանալու վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը հաստատվում է Կապան համայնքի ղեկավարի բազմաթիվ գրություններով, տուժողի ներկայացուցիչ Դ.Կոստանդյանի, Կապան համայնքի քարտուղարության բաժնի պետ Ա.Գաբրիելյանի ցուցմունքներով: Ավելին, վերջինիս ցուցմունքով հաստատվում է, որ իրավապահ մարմիններից են տեղեկացել նշված խողովակաշարի գոյության մասին19: Այս պարագայում Վիկտր Հայրապետյանի արարքում գողության հանցակազմի պարտադիր հատկանիշը՝ ուրիշի գույքը հափշտակելը, իր հաստատումը գործի նյութերում չի գտնում: Փաստորեն, բավարար փաստական տվյալներով չի հաստատվել Վիկտր Հայրապետյանին մեղսագրված արարքի հետևանքով Կապան համայնքին գույքային վնաս հասցնելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Հայրապետյանի արարքում գաղտնի հափշտակության հանցակազմի սուբյեկտիվ կողմի տարրը՝ դիտավորությունը, նույնպես քրեական գործում առկա ապացույցներով չի հաստատվում: Ի թիվս այլնի, նշվածի մասին է վկայում Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի դատավճռով հաստատված այն հանգամանքը, որ խողովակաշարի գոյության մասին իմանալուց հետո Վ.Հայրապետյանը հանդիպել է Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս.Արզումանյանին և խնդրել ճշտել նշված խողովակաշարը Կապան համայնքի հաշվեկշռում գտնվելու հանգամանքը: Վերջինս ճշտել է և ասել, որ իրենց հաշվեկշռում այդպիսի խողովակաշար առկա չէ20: Ի դեպ, նշված հանգամանքը մեղադրանքի կողմը երբևէ չի վիճարկել:

Ինչ վերաբերում է Վ.Հայրապետյանի կողմից զգալի չափերով՝ 320.000 ՀՀ դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ հափշտակելու հանգամանքը հաստատված համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրա հիմքում ևս ընկած չեն բավարար ապացույցներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դեպքի վայրի զննության արձանագրության և դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության՝ որպես անթույլատրելի ապացույցներ ճանաչված լինելու պայմաններում, ինչին համաձայնել է նաև Վերաքննիչ դատարանը, բավարար փաստական տվյալներ առկա չեն՝ Վ.Հայրապետյանի կողմից զգալի չափերով գողություն կատարելը հաստատված համարելու համար, իսկ ապամոնտաժված խողովակների վաճառքի արժեքի վերաբերյալ Վ.Հայրապետյանի ցուցմունքն ինքնին չի կարող բավարար լինել հափշտակության չափը որոշելու համար, քանի որ խողովակների միջին շուկայական արժեքը կարող էր էապես տարբերվել դրանց վաճառքի գնից:

21. Վերոշարադրյալ վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Վ.Հայրապետյանին մեղավոր ճանաչելով, պատշաճ ստուգման և գնահատման չի ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները: Քրեական գործում առկա չէ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարել Վ.Հայրապետյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Վիկտր Հայրապետյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել ապացույցների բավարար համակցության բացակայության պայմաններում: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների խախտումներ: Այսինքն, թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Վ.Հայրապետյանին արդարացնելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վիկտր Սարգսի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

22. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում բողոքաբերի՝ սույն որոշման 12-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վիկտր Սարգսի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 230:

2 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:

3 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:

4 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:

5 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 31:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 153:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 147:

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 61:

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 18-19:

11 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 92-113:

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 101-139:

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10, Մարգար Հակոբյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշումները։

14 Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-31 կետերը:

15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ղամբարյանի և մյուսների գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշումը, Գրիգոր Ղլիջյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ5/0005/01/14 որոշումը:

16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 8.1-8.9-րդ կետերը:

20 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան