Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՄԴ/0123/01/16

ԵՄԴ/0123/01/16

Նախագահող դատավոր՝ ՌՄխիթարյան

Դատավորներ՝

ԿՄարդանյան

ԱՄնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2020 թվականի սեպտեմբերի 10-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Շահում Վոլոդյայի Հայրապետյանի պաշտպան ՄՖարմանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի հունիսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 60105615 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2 Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 17-ի որոշմամբ Շահում Վոլոդյայի Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երեք դրվագով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով։

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա որոշմամբ ՇՀայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 15-ի որոշմամբ ՇՀայրապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ թիվ 60105615 քրեական գործից Շահում Հայրապետյանի և մյուսների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում՝ 62225316 համարի ներքո:

3 2016 թվականի նոյեմբերի 1-ին թիվ 62225316 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

31 Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

4 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճռով Շահում Վոլոդյայի Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատժին գումարվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի դատավճռով նշանակված՝ 700000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով ու տուգանք` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցվելու օրվանից, իսկ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

5. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ ՇՀայրապետյանի պաշտպան ՄՖարմանյանը:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ պաշտպան ՄՖարմանյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

7 Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ՝ 2020 թվականի ապրիլի 3-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպան ՄՖարմանյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Վճռաբեկ դատարանը 2020 թվականի օգոստոսի 26-ին որոշում է կայացրել պաշտպանի վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Նախաքննության մարմնի կողմից Շահում Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) «[Ն]ա խմբի կազմում նախնական համաձայնությամբ խաբեության եղանակով գույքի տիրապետողին պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Այսպես.

Շահում Վոլոդյայի Հայրապետյանը 2014թ. մայիսի 5-ից մինչև 2015թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Գրիգորի Գրիգորյանին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի՝ 34 DQ 693 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով մասնավոր կարգով մատուցել է տաքսի ծառայություններ։ Գիտակցելով, որ իր անվամբ հաշվառված որևէ գույք և մշտական եկամուտներ չունենալու պարագայում անվճարունակությամբ պայմանավորված՝ պարտադիր վճարման ենթակա գումարներն իրենից չեն կարող բռնագանձվել՝ Շահում Հայրապետյանը գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գույքի տիրապետողին խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել և պայմանավորվածություն է ձեռք բերել թվով 15 ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների հետ՝ որոշակի ժամանակահատվածի համար նրանց կողմից թույլ տրվելիք ՃԵԿ խախտումի համար նշանակված, վճարման ենթակա տուգանքներն իրեն վերագրելու, այդ կերպ վճարումից խուսափելու վերաբերյալ։ Այդ նպատակով Շահում Հայրապետյանը 2014թ. մայիսի 21-ից մինչև 2015թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում խաբեությամբ ներկայացրել է թվով 15 ավտոմեքենաների սեփականատերերի և իր անվամբ նախօրոք լրացված կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ այն մասին, թե, իբր, սեփականության իրավունքով 15 տարբեր անձանց ավտոմեքենաներն այդուհետ վարելու է ինքը, և խնդրել է ճանապարհային երթևեկության կանոնների հետագայում հնարավոր կատարվելիք խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իր անվամբ և որոշումներն ուղարկել իր հասցեով, որի դիմաց ավտոմեքենաների սեփականատերերից կամ մեքենաները փաստացի վարող անձանցից ստացել է 30.000-ական ՀՀ դրամ գումարներ:

Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և 2014թ. մայիսի 21-ից մինչև 2015թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում 15 ավտոմեքենաներով կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր 651 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 13.574.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Մասնավորապես.
  - Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Բախշիկ Նորիկի Սեդրակյանի հետ նախնական համաձայնությամբ գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2014թ. մայիսի 21-ին և օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում խաբեությամբ կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ են ներկայացրել համապատասխանաբար Բախշիկ Սեդրակյանի հոր՝ Նորիկ Բախշիկի Սեդրակյանի անվամբ հաշվառված, վերջինիս կողմից վարվող «ԲՄՎ X5» մակնիշի՝ 08 ZZ 080 հաշվառման համարանիշի և մոր՝ Վարդանուշ Իսկանդարի Սարգսյանի անվամբ հաշվառված և Բախշիկ Սեդրակյանի կողմից փաստացի վարվող «Տոյոտա Կորոլլա» մակնիշի՝ 08 ՕC 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենաներն այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանցով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Բախշիկ Սեդրակյանից ստացել է յուրաքանչյուր դեպքով 30.000-ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 60.000 ՀՀ դրամ գումար։ Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և 2014թ. մայիսի 22-ից մինչև 2015թ. մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենաներով Նորիկ Սեդրակյանի և Բախշիկ Սեդրակյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին րնդհանուր թվով 74 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 1.860.500 ՀՀ դրամի գույքային վնաս, որից «ԲՄՎ X5» մակնիշի՝ 08 ZZ 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարող Նորիկ Սեդրակյանի նկատմամբ կայացված թվով 24 որոշումներով՝ 839.500 ՀՀ դրամ և «Տոյոտա Կորոլլա» մակնիշի՝ 08 ՕC 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարող Բախշիկ Սեդրակյանի նկատմամբ կայացված թվով 50 որոշումներով՝ 1.021.000 ՀՀ դրամ գումարների չափով։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Գագիկ Խալաթյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2014թ. մայիսի 21-ին, այնուհետև 2015թ. փետրվարի 3-ին, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ է ներկայացրել Գագիկ Խալաթյանին պատկանող և նրա կողմից վարվող «Լեքսուս» մակնիշի՝ 10 ՏP 100 հաշվառման համարանիշի, ապա նույն հաշվառման համարանիշի, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենաներն այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանցով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Գագիկ Խալաթյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ։ Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2014թ. մայիսի 28-ից մինչև 2015թ. մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենայով Գագիկ Խալաթյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր թվով 30 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է ընդհանուր՝ 340.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Գևորգ Կոլյայի Նիկողոսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2014թ. մայիսի 23-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Գևորգ Կոլյայի Նիկողոսյանին պատկանող և նրա կողմից վարվող «Տոյոտա Պրադո» մակնիշի՝ 93 ՍՕ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Գևորգ Նիկողոսյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ։ Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2014թ. մայիսի 25-ից մինչև 2015թ. մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենայով Գևորգ Նիկողոսյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 34 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառելով ընդհանուր՝ 432.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Արմեն Մնացականի Ղազարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2014թ. հունիսի 17-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Ասյա Շամիրի Դեմիրճյանին պատկանող և Արմեն Ղազարյանի կողմից վարվող «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի՝ 99 AZ 998 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Արմեն Ղազարյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ։ Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2014թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենայով Արմեն Ղազարյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 15 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է ընդհանուր՝ 155.500 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Թևան Գևորգի Հայրապետյանի հետ նախնական համաձայնությամբ գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2014թ. հուլիսի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Թևան Գևորգի Հայրապետյանի կողմից փաստացի շահագործվող՝ վերջինիս եղբորը՝ Դավիթ Գևորգի Հայրապետյանին պատկանող «ԲՄՎ 525» մակնիշի՝ 88 RP 707 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Թևան Հայրապետյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ։ Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2014թ. հուլիսի 18-ից մինչև 2015թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենայով Թևան Հայրապետյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 368 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 8.946.500 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ներսես Արմենի Պետրոսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2014թ. օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Ներսես Արմենի Պետրոսյանին պատկանող և նրա կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի՝ 73 QU 333 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարվելու և դրանով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Ներսես Պետրոսյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ։ Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2014թ. հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 7 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է ընդհանուր՝ 90.500 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ստեփան Հովհաննեսի Բաբախանյանի հետ նախնական համաձայնությամբ գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2014թ. սեպտեմբերի 22-ին և հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ է ներկայացրել համապատասխանաբար Վահանարամ Իշխանի Մանասյանի անվամբ հաշվառված, Ստեփան Հովհաննեսի Բաբախանյանին փաստացի պատկանող և վերջինիս կողմից վարվող «ԲՄՎ X5» մակնիշի՝ 23 ՕՍ 333 հաշվառման համարանիշի և Գևորգ Կառլենի Սահակյանի անվամբ հաշվառված և Ս.Բաբախանյանի բարեկամ Ալբերտ Ռուբիկի Սարգսյանին փաստացի պատկանող և վերջինիս կողմից վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի՝ 01 ՍՈ 077 հաշվառման համարանիշի ավտոմեքենաներն այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանցով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Ստեփան Բաբախանյանից ստացել է յուրաքանչյուր դեպքով 30.000-ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 60.000 ՀՀ դրամ գումար։ Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և 2014թ. սեպտեմբերի 23-ից մինչև 2015թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենաներով Ստեփան Բաբախանյանի և Ալբերտ Սարգսյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 60 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.168.500 ՀՀ դրամի գույքային վնաս, որից «ԲՄՎ X5» մակնիշի՝ 23 ՕՍ 333 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարող Ստեփան Բաբախանյանի նկատմամբ կայացված թվով 50 որոշումներով՝ 841.500 ՀՀ դրամ, և «Մերսեդես-Բենց» մակնիշի՝ 01 ՍՈ 077 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարող Ալբերտ Սարգսյանի նկատմամբ կայացված թվով 10 որոշումներով՝ 327.000 ՀՀ դրամ գումարների չափով։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Արտակ Հակոբի Կարապետյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2014թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Արտակ Հակոբի Կարապետյանին պատկանող և նրա կողմից փաստացի վարվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի՝ 08 TO 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Արտակ Կարապետյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ գումար։ Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2014թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենայով Արտակ Կարապետյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 9 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է ընդհանուր՝ 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Արտակ Հակոբի Մարկոսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. հունվարի 12-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Արտակ Հակոբի Մարկոսյանին պատկանող և նրա կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի՝ 01 MA 010 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարվելու և դրանով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Արտակ Մարկոսյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ գումար։ Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2015թ. հունվարի 13-ից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենայով Արտակ Մարկոսյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 38 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է ընդհանուր 278.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Վաղարշակ Պարույրի Բարսեղյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Վաղարշակ Պարույրի Բարսեղյանին պատկանող և նրա կողմից վարվող «Նիսսան Տիանա» մակնիշի՝ 31 ZN 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Վաղարշակ Բարսեղյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ գումար։ Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2015թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված ավտոմեքենայով Վաղարշակ Բարսեղյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 13 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է զգալի չափերի՝ ընդհանուր 221.500 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ռազմիկ Հրաչիկի Խուրշուդյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Ռազմիկ Հրաչիկի Խուրշուդյանին պատկանող և նրա կողմից վարվող «ԲՄՎ X5» մակնիշի՝ 11 RR 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարերու և դրանցով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Ռազմիկ Խուրշուդյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ գումար։

Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2015թ. փետրվարի 15-ին վերը նշված ավտոմեքենայով Ռազմիկ Խուրշուդյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ընդհանուր՝ թվով 2 որոշումները կայացվել են Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

- Շահում Հայրապետյանը, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Վանուշ Գագիկի Խալաթյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գույքի տիրապետողին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կեղծ տեղեկատվություն պարունակող դիմում է ներկայացրել Վանուշ Գագիկի Խալաթյանին պատկանող և նրա կողմից վարվող «Պորշե Կայեն» մակնիշի՝ 56 ՍՍ 056 հաշվառման համարանիշի ավտոմեքենան այդուհետ իբր իր կողմից վարելու և դրանով կատարվելիք վարչական իրավախախտումներով տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն իր հասցեով ուղարկելու վերաբերյալ, որի դիմաց Վանուշ Խալաթյանից ստացել է 30.000 ՀՀ դրամ գումար։ Ներկայացված դիմումի հիմքով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել է համապատասխան փոփոխություն և 2015թ. մարտի 3-ին վերը նշված ավտոմեքենայով Վանուշ Խալաթյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնի խախտման վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացվել է Շահում Հայրապետյանի անվամբ և ուղարկվել նրա հասցեով։ Շահում Հայրապետյանի անվճարունակ լինելու պատճառով նշված որոշմամբ վարչական տույժը չի գանձվել, արդյունքում գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը խաբեությամբ պատճառվել է 5.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Այսպիսով, Շահում Վոլոդյայի Հայրապետյանը 2014թ. մայիսի 21-ից մինչև 2015թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմբի կազմում խաբեությամբ գույքի տիրապետող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 13.574.000 ՀՀ դրամի գույքային վնաս (…)»1:

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [Ք]րեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով, արագացված դատաքննությամբ հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, դատարանը հանգեց այն համոզման, որ ամբաստանյալ Շահում Վոլոդյայի Հայրապետյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունը, որպիսի արարքի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ (…)»2:

10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ. «(...)[Ա]մբաստանյալ Շահում Հայրապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու նպատակահարմարության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունն արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված է, և այդ հարցում Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա: Ուստի Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը՝ մերժել: (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

11Բողոքաբերը նշել է, որ ՇՀայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, քանի որ, ի թիվս այլնի, փաստացի հաշվի չեն առնվել վերջինիս անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ նա կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ինչի արդյունքում էլ վերջինիս նկատմամբ նշանակվել է անհամաչափորեն խիստ պատիժ։

 Բողոքի հեղինակի համոզմամբ, ՇՀայրապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և վերջինիս նկատմամբ որոշակի ժամկետով փորձաշրջան նշանակելով, հնարավոր կլիներ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակներին։

Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ ՇՀայրապետյանն ունի առողջական խնդիրներ և անազատության մեջ գտնվելու դեպքում նրա առողջական վիճակը կարող է էապես վատթարանալ:

12. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը բեկանել և ՇՀայրապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով, պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Նախքան բողոքաբերի կողմից բարձրացված` ամբաստանյալ ՇՀայրապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը բացառող հանգամանք։ Ուստի, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ամբաստանյալ ՇՀայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: 

14.1. Վերոգրյալ նորմի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

14.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»4: 

14.3. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող դրույթի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում5: 

15. ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը՝

1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(…)

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (…)»:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը(…)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

18. Քրեական հետապնդումը բացառող՝ քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում6:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ ՇՀայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղսագրված արարքն ավարտվել է 2015 թվականի մարտի 15-ին7: ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված՝ ՇՀայրապետյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի փետրվարի 20-ին8, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին9։ Նշված որոշման դեմ ամբաստանյալ ՇՀայրապետյանի պաշտպան ՄՖարմանյանը 2020 թվականի ապրիլի 3-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ վարույթ է ընդունվել10։

20. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՇՀայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2020 թվականի մարտի 15-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։

21 Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՇՀայրապետյանի պաշտպան ՄՖարմանյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացնելու օրվա՝ 2020 թվականի ապրիլի 3-ի դրությամբ ՇՀայրապետյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն արդեն իսկ անցել է, ուստի վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

22. Վճռաբեկ դատարանը, միաժամանակ արձանագրում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ՇՀայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պայմաններում, վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է համարում11։

23Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Շահում Վոլոդյայի Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 4151-րդ, 4181-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալ Շահում Վոլոդյայի Հայրապետյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 16 որոշումը բեկանել, Շահում Վոլոդյայի Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Շահում Վոլոդյայի Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 22-րդ, թերթեր 146-216:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 34-րդ, թերթեր 68-108:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 35-րդ, թերթեր 74-92:

4 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

5 Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը։

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան