ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԿԴ/0062/11/12 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատախազ` |
Տ. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
2019 թվականի նոյեմբերի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշման դեմ դիմող Աիդա Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Աիդա Հովհաննիսյանը 2012 թվականի հունվարի 14-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք այն մասին, որ իր աշխատանքի վայրում՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության երկրաբանա մարկշեդրական վերահսկողության բաժնի պետ՝ Հրաչյա Այվազյանը և նրա տեղակալ Աշոտ Խաչատրյանն իր նկատմամբ կատարել են դիտավորյալ բռնի գործողություններ, իրեն ծեծի են ենթարկել Հրաչյա Այվազյանի աշխատասենյակում, որի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ՝ ձեռքերն ամբողջությամբ կապտուկների մեջ են եղել, և նշված դեպքից հետո գտնվել է բուժման մեջ՝ անաշխատունակ1:
2. 2012 թվականի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ս.Աբովյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ Հրաչյա Այվազյանի և Աշոտ Խաչատրյանի արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Քալաշյանը 2012 թվականի մարտի 15-ի որոշմամբ հաստատել է Ա.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը՝ փոփոխելով դրա հիմքը, և նյութերով քրեական գործ հարուցելը մերժել՝ Հրաչյա Այվազյանի և Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ դրվագով հանցագործության դեպքի բացակայության, իսկ Աիդա Հովհաննիսյանի վերաբերյալ դրվագով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
4. Դիմող Աիդա Հովհաննիսյանը քննիչի՝ 2012 թվականի մարտի 5-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու իր իրավունքների խախտումը և հարուցել քրեական գործ:
Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի մայիսի 18-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է։
5. Վերոհիշյալ դատական ակտի դեմ դիմող Ա.Հովհաննիսյանի և նրա ներկայացուցիչ Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2012 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ։
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա.Հովհաննիսյանի և նրա ներկայացուցիչ Ի.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ վերադարձվել է:
7. Դիմող Աիդա Հովհաննիսյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), 2018 թվականի հուլիսի 19-ին, Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրել է վճիռ` արձանագրելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում2:
8. Դիմող Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի հիշյալ վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
9. Վճռաբեկ դատարանը 2019 թվականի մարտի 15-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
10. ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք ներկայացված հաղորդմամբ Ա.Հովհաննիսյանը հայտնել է, որ «(…) իր աշխատանքի վայրում՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ ԸԵՄՎ բաժնի պետ՝ Հրաչյա Այվազյանը և նրա տեղակալ Աշոտ Խաչատրյանն իր նկատմամբ կատարել են դիտավորյալ բռնի գործողություններ, իրեն ծեծի են ենթարկել Հրաչյա Այվազյանի աշխատասենյակում, որի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ՝ ձեռքերն ամբողջությամբ կապտուկների մեջ են եղել և նշված դեպքից հետո գտնվել է բուժման մեջ՝ անաշխատունակ (…)» 3:
11. Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 77 եզրակացության՝ «(…) Ա.Հովհաննիսյանի ստացված մարմնական վնասվածքները դասվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքների շարքին (…)»4:
12. Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը գտնում է, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, իսկ Աիդա Հովհաննիսյանի և նրա ներկայացուցչի պատճառաբանությունները դատարանը գնահատում է որպես իրադարձությունների և դատավարական գործողությունների յուրովի, սուբյեկտիվ մեկնաբանում (…)»5:
13. Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Ըստ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված նյութերի` դատարանը հաստատված համարեց, որ Աիդա Հովհաննիսյանի կողմից 14.01.12թ-ին հաղորդում էր ներկայացվել ՀՀ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք այն մասին, որ իր աշխատանքի վայրում Երևան ք.Չարենցի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ ԸԵՄՎ բաժնի պետ՝ Հրաչյա Այվազյանը և նրա տեղակալ Աշոտ Խաչատրյանը իր նկատմամբ կատարել են դիտավորյալ «բռնի գործողություններ» իրեն ծեծի են ենթարկել Հրաչյա Այվազյանի աշխատասենյակում, որի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ՝ ձեռքերն ամբողջությամբ կապտուկների մեջ են եղել և նշված դեպքից հետո գտնվել է բուժման մեջ՝ անաշխատունակ է եղել: Հաղորդում ներկայացնելուց հետո ուղարկվել է դատաբժիշկ փորձագետի մոտ։
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 77 եզրակացության՝ իր կողմից ստացված մարմնական վնասվածքները դասվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքների շարքին։
(…)
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը իրավացիորեն եզրահանգել է, որ Ա.Հովհաննիսյանի հաղորդումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով Հ.Այվազյանի և Ա.Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը պետք է մերժել` նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
(…)
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված նյութերով բավարար տվյալներ, որոնք կվկայեին որոշակի հանրորեն վտանգավոր արարքի առկայության (գոնե օբյեկտի և օբյեկտիվ կողմի վերաբերյալ փաստական տվյալներ) վերաբերյալ, առկա չեն:
(…)
Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կանոնակարգող ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հդ-ի վերը նշված իրավադրույթների պահանջների համատեքստում քննության առնելով վերը նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2012 թվականի որոշումը պետք է թողնել անփոփոխ, իսկ բողոքաբեր Ա.Հովհաննիսյանի և վերջինիս ներկայացուցիչ Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքը` մերժել (...)»6:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
14. Բողոքաբերի պնդմամբ` Եվրոպական դատարանի կողմից 2018 թվականի հուլիսի 19-ին Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
Ի հիմնավորումը վերոնշյալ փաստարկի` բողոք բերած անձը, մեջբերելով Եվրոպական դատարանի հիշյալ վճռի հիմնավորումները, նշել է, որ ներպետական դատարանների կողմից կայացված դատական ակտերով խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված՝ Աիդա Հովհաննիսյանի իրավունքը: Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ պետական իրավասու մարմինները չեն իրականացրել գործի պատշաճ և արդյունավետ քննություն՝ Աիդա Հովհաննիսյանի նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ: Ըստ բողոքաբերի, ակնհայտ է այն փաստը, որ Ա.Հովհաննիսյանը ենթարկվել է խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի աշխատավայրում, իր վերադաս աշխատակիցների կողմից, որի արդյունքում նրա ստացած մարմնական վնասվածքներն արձանագրվել են փորձագետի կողմից:
15. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը, Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի հուլիսի 12-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Աիդա Հովհաննիսյանի իրավունքի խախտումը վերացնելու մասին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում արձանագրելու փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը վերանայելու հիմք է:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
(...)
2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:
Նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(...)
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(...):
2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (...) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:
(...)»:
⚖Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը7:
18. Եվրոպական դատարանի` Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2018 թվականի հուլիսի 19-ի ուժի մեջ մտած վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում։ Այսպես.
Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով իր իրավական դիրքորոշումները, ընդգծել է. «(…) Վերաբերմունքը Դատարանի կողմից ճանաչվել է որպես նվաստացնող և այդպիսով համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արգելք, եթե այն իր զոհի մոտ առաջացնում է վախի, տառապանքի և նվաստ լինելու զգացում (…): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ երբ անհատը փաստարկելի պնդում է անում այն մասին, որ նրա նկատմամբ 3-րդ հոդվածի խախտմամբ ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք ոստիկանության կամ պետության այլ ներկայացուցիչների կողմից, ապա այդ դրույթով անուղղակիորեն պահանջվում է արդյունավետ պաշտոնական քննության իրականացում: 3-րդ հոդվածի խախտմամբ պետության ներկայացուցիչների կողմից ցուցաբերված վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը հստակ սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքում (…): Որպեսզի լինի արդյունավետ, այդ քննությունը, ինչպես 2-րդ հոդվածով նախատեսված դեպքում, նախ, պետք է լինի պատշաճ (…): Սա նշանակում է, որ այն պետք է հնարավորություն տա պարզելու փաստերը և որոշելու, թե արդյոք գործադրված ուժը արդարացված է եղել այդ փաստական հանգամանքներում, և անհրաժեշտության դեպքում ի հայտ բերելու ու պատժելու մեղավորներին (…): Նախաքննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտականություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր նախաքննություն լինի հաջողված կամ հանգի դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքին համապատասխանող եզրակացության (…): Վատ վերաբերմունքի վերաբերյալ լուրջ պնդումների շուրջ իրականացվող նախնական քննությունը նույնպես պետք է լինի ամբողջական: Դրանից հետևում է, որ իրավասու մարմինները միշտ պետք է լրջորեն ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է հիմնվեն հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունների վրա՝ նախաքննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները՝ ձեռք բերելու համար դեպքին առնչվող ապացույցներ՝ ներառյալ վկաների ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննության արդյունքները և այլն: Նախնական քննության ցանկացած թերություն, որը կարող է խաթարել վնասվածքների պատճառի կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (…): 3-րդ հոդվածի [պահանջներին] հակասող վատ վերաբերմունքի մասին պնդումները պետք է հիմնավորվեն պատշաճ ապացույցներով: Այդ ապացույցները գնահատելու համար Դատարանն ընդունում է ապացույցի՝ «հիմնավոր կասկածներից վեր» չափանիշը, սակայն ավելացնում է, որ այդ ապացույցը կարող է հիմնված լինել բավականաչափ ուժեղ, հստակ և համահունչ եզրակացությունների համադրության կամ փաստի համանման անառարկելի ենթադրությունների վրա»8:
19. Վերոգրյալ սկզբունքները կիրառելով քննարկվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Եվրոպական դատարանը նշել է. «(…) Դատարանը նշում է, որ 2012 թվականի հունվարի 14-ին դիմումատուն դեպքի առնչությամբ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել: Նույն օրը քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, որն իրականացվել է 2012 թվականի հունվարի 18-ին: Դիմումատուի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց՝ Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի և դիմումատուի՝ Նախարարության որոշ գործընկերների կողմից տրվել են որոշ բացատրություններ: Այնուամենայնիվ, սույն գործի առնչությամբ այդպես էլ նախաքննություն չի իրականացվել, ինչպես նաև Նախարարությունում նույնպես ներքին քննություն չի իրականացվել:
Սույն գործով դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ դիմումատուի բազկի տարբեր հատվածներում հասցվել են կապտուկներ: Այնուամենայնիվ, նրա բոլոր այն գործընկերները, ովքեր բացատրություններ են տվել և ովքեր եղել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ենթակաները, ժխտել են դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքը: Այս բացատրությունների հիմա վրա քննիչը հրաժարվել է քրեական վարույթ հարուցելուց: Դիմումատուն վիճարկել է քննիչի որոշումը՝ բողոք ներկայացնելով դատախազին: Նա նաև բողոք է ներկայացրել Վարչական շրջանների դատարան՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել: Ընթացակարգերին դիմելու փորձերից ոչ մեկը հաջողություն չի ունեցել: Թեև բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ դիմումատուին հասցվել են վնասվածքներ, քննիչի կամ ազգային դատարանների կողմից այդ վնասվածքների առնչությամբ որևէ բացատրություն չի տրամադրվել:
Քանի որ դիմումատուն իրավասու ազգային մարմինների առջև փաստարկելի պնդում է արել, որ իր նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք, պետք է իրականացվեր գործի անկախ և արդյունավետ քննություն, որը հնարավորություն կտար պարզելու գործի փաստերը, և եթե ի հայտ գար, որ պնդումները ճիշտ են՝ ի հայտ բերելու և հավանական պատիժ սահմանելու մեղավորների նկատմամբ: Այնուամենայնիվ, սույն գործով այդպես էլ քննություն չի սկսվել, ինչպես նաև Նախարարությունում ներքին քննություն նույնպես չի իրականացվել: Հետաքննության ժամանակ ազգային իրավասու մարմինները չեն ձեռնարկել լուրջ փորձեր՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Չեն ձեռնարկվել քայլեր, օրինակ, դիմումատուի գործընկերներից գրավոր նախազգուշացմամբ ցուցմունք վերցնելու՝ խուսափելու համար այնպիսի հնարավոր խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ այն պատճառով, որ նրանք ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ենթականերն են: Չի հաստատվել, թե ինչպես են առաջացել դիմումատուի վնասվածքները, ինչպիսի հանգամանքներում, և արդյոք դրանք վիճարկվող դեպքի հետ ունեցել են որևէ առնչություն, թե ոչ: Ավելին չեն գործադրվել ջանքեր՝ պարզաբանելու Հ.Ա.-ի ցուցմունքներում առկա որոշ հակասությունները (…) կամ պարզելու, թե արդյոք նրա ցուցմունքները ճշգրիտ են: Ինչպես նաև նախարարության աշխատակազմի ղեկավարի (…) կամ այլ իրավասու վարչական մարմինների կողմից մինչև 2012 թվականի հունվարի 14-ը՝ դիմումատուի՝ հարցի առնչությամբ ոստիկանություն հաղորդում ներկայացնելը, քայլեր նույնպես չեն ձեռնարկվել»9:
20. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ «(…) պետական իրավասու մարմինները չեն իրականացրել պատշաճ քննություն դիմումատուի՝ իր նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ: Այսպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում»10:
21. Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է նաև հետևյալը. «(...) Հաշվի առնելով արդյունավետ քննության բացակայությունը՝ Դատարան ներկայացված ապացույցները հնարավորություն չեն տալիս հիմնավոր կասկածից վեր չափանիշով փաստել, որ դիմումատուն ենթարկվել է 3-րդ հոդվածի պահանջներին հակասող վերաբերմունքի: Հետևաբար, Դատարանը համարում է, որ չկան բավարար ապացույցներ՝ եզրակացնելու համար, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական դրույթների մասով խախտում (...)»11:
22. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտման արձանագրման փաստը նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը վերանայելու հիմք է:
23. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտումը հիմք է Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մայիսի 18-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի հուլիսի 12-ի որոշումները բեկանելու համար:
24. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։
24.1. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.
1. վճարել նշանակված փոխհատուցումը,
2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝
- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,
- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը,
3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»12։
25. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum» (նախնական իրավական վիճակի վերականգնում)` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և
(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ
ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,
բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:
25.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։
Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։
Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ13:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:
27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են նրա նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքին և այդ կապակցությամբ կատարված քննությանը։
28. Դիմող Ա.Հովհաննիսյանի, վերջինիս ներկայացուցիչ Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ դիմող Ա.Հովաննիսյանի, վերջինիս ներկայացուցիչ Ի.Պետրոսյանի բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 18-ի որոշումը14:
29. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 24-26-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման (դատավարական դրույթների մասով) բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն շարունակում է կրել։ Նման պայմաններում Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը կվերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, քանի որ առկա է ուղիղ պատճառահետևանքային կապը` հայտնաբերված խախտման և Ա.Հովհաննիսյանի կողմից կրվող շարունակական բացասական հետևանքների միջև։ Հետևաբար, նշված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը և Ա.Հովհաննիսյանի բողոքը բավարարելով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ս.Աբովյանի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2012 թվականի մարտի 5-ի որոշումը վերացնելն է:
30. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մայիսի 18-ի և Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի հուլիսի 12-ի դատական ակտերը պետք է բեկանել ու փոփոխել և վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ս.Աբովյանի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2012 թվականի մարտի 5-ի որոշումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ, 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դիմող Աիդա Արտավազդի Հովհաննիսյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մայիսի 18-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հուլիսի 12-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Աիդա Հովհաննիսյանի բողոքը բավարարել՝ վերացնելով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ս.Աբովյանի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2012 թվականի մարտի 5-ի որոշումը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե'ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 70:
2 Տե'ս Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 18419/13:
3 Տե'ս սույն որոշման 1-ին կետը:
4 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 70-71:
5 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 31-34:
6 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 70-76:
7 Տե'ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:
8 Տե'ս Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 49-53-րդ կետերը:
9 Տե՛ս Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 56-58-րդ կետերը:
10 Տե՛ս Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 59-րդ կետը:
11 Տե՛ս Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 60-րդ կետերը:
12 Տե'ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:
13 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:
14 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: