ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0610/06/20 | ||
Գործ թիվ ԵԴ/0610/06/20 |
|||
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի սեպտեմբերի 11-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ մեղադրյալ Սամվել Դալիկի Մելիքյանի պաշտպան Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10156720 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
2. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 11-ի որոշմամբ Սամվել Դալիկի Մելիքյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:
4. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հունիսի 14-ի որոշումը և Ս.Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ս.Մելիքյանի պաշտպան Ա.Թամրազյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Սամվել Մելիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա հանդիսանալով «ՄՍ-Շինարարներ» բաց բաժնետիրական ընկերության տնօրենը, 2011 թվականին Երևան քաղաքի Ֆուչիկի 6/1 հասցեում սկսել է բազմաբնակարան շենքի «Ա» և «Բ» համալիրների կառուցումը: Կառուցվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր 250-270 քմ մակերեսով եվրոպատուհանները տեղադրելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել «Եվրոգրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Արամայիսի Վարդանյանի հետ, որի արդյունքում ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է ընդհանուր 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ պատուհանների տեղադրումը, սակայն չկարողանալով կանխիկ վճարել մատուցված ծառայությունների դիմաց` 2016 թվականի ապրիլ ամսից շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո, չունենալով կայուն եկամուտի աղբյուր և գիտակցելով իր կողմից նշված շենքի շինարարությունն ավարտին հասցնելու անհնարինությունը, Էդուարդ Հակոբի Հովհաննիսյանի հետ խմբի կազմում Աշոտ Արամայիսի Վարդանյանի առանձնապես խոշոր չափերի գումարը խարդախությամբ հափշտակելու և վաճառքի ենթակա բնակարանը Էդուարդ Հովհաննիսյանի անվամբ ձևակերպելու դիտավորությամբ Աշոտ Արամայիսի Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հավելյալ 20.000 ԱՄՆ դոլար վճարի դիմաց Ֆուչիկի 6/1 հասցեում կիսակառույց «Ա» մասնաշենքում տրամադրել 4-րդ հարկում գտնվող 95 քմ մակերեսով, 21.687.300 ՀՀ դրամին համարժեք 45.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թիվ 20-րդ բնակարանը: Պայմանավորվածության համաձայն 2016 թվականի ապրիլի 5-ին «ՄՍ-Շինարարներ» բաց բաժնետիրական ընկերությունը` ի դեմս տնօրեն Սամվել Մելիքյանի և Աշոտ Վարդանյանի կին Նունե Արմենակի Աբրահամյանի միջև կնքել է առուվաճառքի նախնական պայմանագիր, որից անմիջապես հետո կիսակառույց մասնաշենքի առաջին հարկում գտնվող գրասենյակում Աշոտ Աբրահամյանից առձեռն ստացել է 9.638.800 ՀՀ դրամի համարժեք 20.000 ԱՄՆ դոլարը` պարտավորվելով մինչև նույն թվականի մայիսի 31-ը տրամադրել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը: Դրանից հետո շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը` 2016 թվականի ապրիլ ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով ձգձգելով սեփականության իրավունքի վկայականի տրամադրումը, բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կատարելու պատրվակով Աշոտ Վարդանյանից պահանջել է և մաս-մաս ստացել է ևս 12.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև, բազմաբնակարան շենքի «Ա» և «Բ» համալիրները «Արցախբանկ» ՓԲԸ-ից «Արծաթ» ՓԲԸ-ին փոխանցվելուց հետո, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Էդուարդ Հակոբի Հովհաննիսյանի միջոցով վերջինիս կողմից անձամբ բնակարանի սեփականաշնորհմամբ զբաղվելու պատրվակով Աշոտ Վարդանյանից վերցրել են Նունե Աբրահամյանի հետ կնքած առուվաճառքի նախնական պայմանագրի բնօրինակը` վերջիններիս զրկելով բնակարանը ձեռք բերելու հնարավորությունից, որը շուկայականից անհամեմատ էժան գնով` 4.443.410.00 ՀՀ դրամով «Արծաթ» ՓԲԸ-ի միջոցով 2019 թվականի հոկտեմբերի 9-ին գնվել է Էդուարդ Հովհաննիսյանի կողմից, ինչի արդյունքում Աշոտ Վարդանյանին և Նունե Աբրահամյանին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (...)»1:
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Գ]նահատելով Սամվել Դալիկի Մելիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությամբ որպես հիմնավոր կասկած հիմնավորող ապացույցները, դրանք համադրելով պաշտպանական կողմի ներկայացված փաստաթղթերի և դիրքորոշումների հետ, Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի քննության սույն փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված և Դատարանին ներկայացված նյութերն իրենց ամբողջության մեջ բավարար չեն արձանագրելու, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար հիմնավոր կասկածը:
Միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերն առերևույթ փաստում են Սամվել Դալիկի Մելիքյանի և Աշոտ Արամայիսի Վարդանյանի միջև քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայության՝ մասնավորապես առուվաճառքի նախնական պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման, պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման և չվճարման մասին, որոնցով պայմանավորված կողմերի միջև առաջացել է վեճ:
Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից, որպես հիմնավոր կասկածը հիմնավորող փաստեր նշվել են «Նունե Աբրահամյանի, Աշոտ Վարդանյանի, մի շարք վկաների, Էդուարդ Հովհաննիսյանի ցուցմունքներով, առերես հարցաքննությունների արձանագրություններով, 05.04.2016թ-ին Նունե Աբրահամյանի և Սամվել Մելիքյանի միջև կնքված բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրով, ինչպես նաև Ս.Մելիքյանի և Ա.Վարդանյանի կողմից գրված այն ստացականով, որ Ս.Մելիքյանին տալիս է 45.000 դոլար 97 քառակուսի մետր մակերեսով բնակարանի համար, որ մինչև մայիսի 31-ը պետք է պատրաստ լինի վկայականները», որոնցում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում Դատարանը կրկին, քրեական գործի քննության սույն փուլում, վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրած նյութերի, առաջադրված մեղադրանքի բովանդակության պայմաններում, չի կարող ողջամիտ ենթադրություն անել Սամվել Դալիկի Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հիմնավոր կասկածի առկայության մասին:
Դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ ամբողջությամբ ներառում են դրանց վերաբերյալ Դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխաններն, ուստի կալանավորման միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերին լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է:
Այսպիսով, հանգելով հետևության, որ Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, Դատարանը չի անդրադառնում կալանավորման հիմքերին (...)»2։
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Քննարկելով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ ունեցել է մեղադրյալ Սամվել Մելիքյանի կողմից ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար: Նման եզրահանգման գալու համար հիմք են հանդիսանում մասնավորապես` տուժող Աշոտ Վարդանյանի, վկաներ Հայկազ Գրիգորյանի, Արշակ Սիմիկյանի ցուցմունքներում, Աշոտ Վարդանյանի և Սամվել Մելիքյանի, Նունե Աբրահամյանի և Սամվել Մելիքյանի, Հայկազ Գրիգորյանի և Սամվել Մելիքյանի առերես հարցաքննությունների արձանագրություններում, Նունե Աբրահամյանի և Սամվել Մելիքյանի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին կնքված բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրում առկա փաստական տվյալներով և Սամվել Մելիքյանի ու Աշոտ Վարդանյանի կողմից գրված ստացականով համաձայն որի՝ Աշոտ Վարդանյանը Սամվել Մելիքյանին տվել է 45000 դոլար գումար 97քմ մակերեսով բնակարանի համար, որի սեփականության վկայականը պետք է պատրաստ լինի մինչև մայիսի 31-ը: (…)
Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ նախաքննության մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան են ներկայացվել օրինականության տեսանկյունից առերևույթ կասկած չհարուցող բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս հիմնավորված ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ դեպքը, որի ենթադրյալ կատարումը վերագրվում է մեղադրյալ Սամվել Մելիքյանին՝ իրական է: Նույն փաստական տվյալները նաև հիմք են տալիս հիմնավորված ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ Սամվել Մելիքյանին վերագրվող դեպքն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ և, որ Սամվել Մելիքյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը:
(...)
Վերը նշվածի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում վերաքննիչ բողոքի այն փաստարկի վերաբերյալ, որ գործում առկա փաստական տվյալներով հիմնավորվում է մեղադրյալի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը:
Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Սամվել Մելիքյանի կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայության հարցում Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված չէ:
(....)
Անդրադառնալով Սամվել Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերին՝ Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով, որ մեղադրյալ Սամվել Մելիքյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, որը հանդիսանում է սեփականության դեմ ուղղված ծանր հանցագործություն, որի համար նախատեսվում է պատիժ միայն ազատազրկման ձևով՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, գալիս է այն եզրահանգման, որ մեղադրյալ Սամվել Մելիքյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու եղանակով: (...)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է և ազդել է գործի ելքի վրա։
Բողոք բերած անձի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործի նյութերը, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման առ այն, որ Ս.Մելիքյանն առնչվում է իրեն մեղսագրված արարքին։ Ս.Մելիքյանին մեղսագրված արարքում նկարագրված փաստերն ակնհայտորեն չեն համապատասխանում արարքին տրված քրեաիրավական որակմանը, այլ կերպ՝ մեղսագրված արարքի նկարագրությունը հստակ վկայում է, որ նրան քրեորեն պատժելի արարք չի մեղսագրվել. Ս.Մելիքյանի և Ա.Վարդանյանի միջև առկա է քաղաքացիական վեճ։
Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում արձանագրելով կալանավորման հիմքերի առկայություն և Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումն ընտրելով որպես խափանման միջոց, յուրացրել է Առաջին ատյանի դատարանի լիազորությունները՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածը, չի գործել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան և դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից։
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2020 թվականի հուլիսի 10-ի որոշումը և ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 14-ի որոշմանը, կամ մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշումը, գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար են Սամվել Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար։
12․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»։
⚖12.1. Կալանավորման պայմաններից մեկի՝ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ դիրքորոշումները՝
- հանցանք կատարած լինելու կասկածի՝ ողջամտորեն հիմնավորված լինելու պահանջը կամայական ձերբակալման և կալանավորման դեմ երաշխիքի կարևոր մասն է կազմում4,
- «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը։ Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում5,
- կալանքի հիմնավորվածության կարևոր տարրերից են կասկածի արժանահավատությունն ու բարեխղճությունը6։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը փաստել է, որ միայն բարեխղճության վրա հիմնված կասկածը չի կարող բավարար համարվել7:
12.2. Հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած վերոգրյալ առանձին դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կապակցությամբ Վահրամ Գևորգյանի գործով փաստել է. «(…) Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (…)։
(…) [Յ]ուրաքանչյուր դեպքում [հանցանք կատարած լինելու կասկածը] պետք է լինի ողջամիտ։
(…) «[Հ]անցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է։ (…) [Կ]ասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է։ Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին։
(…) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող վերոնշյալ տեղեկությունները, փաստերը կամ ապացույցները պետք է հետազոտվեն մրցակցային դատավարության կանոնների պահպանմամբ, ինչը ենթադրում է, որ այդ տեղեկություններին, տվյալներին կամ ապացույցներին պետք է ծանոթանա նաև պաշտպանության կողմը։
(…) [Այսպիսով,] Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ։ Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում։ Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված»8։
Զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Հարություն Խաչատրյանի գործով որոշման շրջանակներում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Հ]իմնավոր կասկածը պետք է ապահովվի անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի հիմնավորված և օրինաչափ սահմանափակումը, իսկ դատական վերահսկողությունը լինի երաշխիք այդ իրավունքի անհիմն սահմանափակումները կանխելու համար։
Այսինքն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր։ Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։ Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան։
(…)
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր։ Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին»9։
Վերահաստատելով և զարգացնելով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով արձանագրել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատվի անձի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը՝ ավելի բարձր նշանակության բարիքի, այն է՝ հանրային շահի պաշտպանության տեսանկյունից՝ ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, անձի ազատության սահմանափակման հիմնավորվածությունը։ Մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար հիմնավոր կասկածի առկայությունն ունի հիմնարար նշանակություն, քանզի դրա բացակայության պայմաններում անձի ազատության ցանկացած սահմանափակում կհամարվի ի սկզբանե ապօրինի։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ10։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից11, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել12, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)13։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Նախաքննության մարմնի կողմից Սամվել Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով14,
- Առաջին ատյանի դատարանը քննարկելով Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ նշել է, որ քրեական գործի քննության սույն փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված և դատարանին ներկայացված նյութերն իրենց ամբողջության մեջ բավարար չեն արձանագրելու, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրորեն վտանգավոր արարք կատարելու հիմնավոր կասկածը: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերն առերևույթ փաստում են Ս.Մելիքյանի և Ա.Վարդանյանի միջև քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայության՝ մասնավորապես առուվաճառքի նախնական պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման, պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման և չվճարման մասին, որոնցով պայմանավորված կողմերի միջև առաջացել է վեճ: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ որպես հիմնավոր կասկածը հիմնավորող նյութերում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում, առաջադրված մեղադրանքի բովանդակության պայմաններում, չի կարող ողջամիտ ենթադրություն անել Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հիմնավոր կասկածի առկայության մասին: Նման պայմաններում, Առաջին ատյանի դատարանը մերժել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, և չի անդրադարձել կալանավորման հիմքերին15,
- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը, թվարկել է նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված որոշ նյութերի ցանկը և եկել է այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարան են ներկայացվել օրինականության տեսանկյունից առերևույթ կասկած չհարուցող բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս հիմնավորված ողջամիտ ենթադրություն անել առ այն, որ դեպքը, որի ենթադրյալ կատարումը վերագրվում է մեղադրյալ Ս.Մելիքյանին՝ իրական է: Նույն փաստական տվյալները հիմք են տալիս նաև հիմնավորված ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ Ս.Մելիքյանին վերագրվող դեպքն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ և, որ Ս.Մելիքյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է արտահայտել վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ գործում առկա փաստական տվյալներով հիմնավորվում է մեղադրյալի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին և եկել այն եզրահանգման, որ մնալով ազատության մեջ, նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու եղանակով16։
14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս և Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս պատշաճ չի պատճառաբանել իր եզրահանգումը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, թվարկելով նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված որոշ նյութերի ցանկը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ է ունեցել մեղադրյալ Ս.Մելիքյանի կողմից ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս էական նշանակություն ունի ոչ միայն փաստական տվյալների քանակական, այլ նաև որակական կազմը։ Այս առումով, ո՛չ քննիչն իր միջնորդության մեջ17, ո՛չ վերաքննիչ բողոք ներկայացրած դատախազն իր բողոքում18 և ո՛չ էլ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում19 չեն հիմնավորել, թե բովանդակային առումով փաստական տվյալներում պարունակվող կոնկրետ ո՞ր հանգամանքների և դրանց ինչպիսի՞ համադրության ու վերլուծության վրա հիմնվելով են հաստատված համարել Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով նախատեսված հանցագործության կատարման հիմնավոր կասկածը։
Նման պայմաններում, քննարկման առարկա դարձնելով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և արձանագրելով, որ մի կողմից՝ քննիչի միջնորդությունը, մյուս կողմից՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը չեն պարունակում պատշաճ հիմնավորումներ և պատճառաբանություններ Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի պնդումն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրած նյութերի, առաջադրված մեղադրանքի բովանդակության պայմաններում, հնարավոր չէ ողջամիտ ենթադրություն անել Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հիմնավոր կասկածի առկայության մասին: Այլ կերպ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված և ներկայացված նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրորեն վտանգավոր արարք կատարելու հիմնավոր կասկածը:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար են Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար, հիմնավոր չէ։
15. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով Առաջին ատյանի դատարանում քննարկված հարցերի շրջանակով, դատական ակտի վերանայման ընթացքում, իր վերստուգիչ լիազորություններն իրականացնելիս անդրադարձել է ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ անդրադարձ չէր կատարել կալանավորման հիմքերին, Վերաքննիչ դատարանը դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման շրջանակներում քննության առարկա է դարձրել կալանավորման հիմքերն ու Ս.Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելով՝ փաստացի հանդես եկել որպես առաջին ատյանի դատարան, այդ կերպ խախտելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման և օրինականության սկզբունքները20:
Նման պայմաններում, խախտվել են նաև մեղադրյալի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները՝ կալանավորման հիմքերի առկայության մասով դատարանի դիրքորոշումների օրինականությունը Վերաքննիչ դատարանում դատական ստուգման ենթարկելու առումով։
16. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ, 358-րդ, 386-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 10-ի որոշումը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 14-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սամվել Դալիկի Մելիքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 14-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 115-116:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 155-156:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 39-40:
4 Տե՛ս Gusinskiy v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53։
5 Տե՛ս K. F. v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1997 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57։
6 Տե՛ս Murray v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 61։
7 Տե՛ս Gusinskiy v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53։
8 Տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 19-23։
9 Տե՛ս Հարություն Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
10 Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
11 Տե՛ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
12 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։
13 Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
14 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
16 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
17 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-13:
18 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 1-12:
19 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
20 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արման Կարախանյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշումը, կետ 17, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը, կետ 19, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 22:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: