ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0700/06/18 | ||
Գործ թիվ ԵԴ/0700/06/18 |
|||
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ | |
մասնակցությամբ պաշտպան` |
Զ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ |
2019 թվականի նոյեմբերի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Դավիթ Մհերի Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Մուրադյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12200518 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
2018 թվականի ապրիլի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 44102918 քրեական գործը:
2018 թվականի հունիսի 1-ին թիվ 12200518 քրեական գործով Դավիթ Մհերի Համբարձումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:
2018 թվականի հունիսի 22-ին թիվ 44102918 քրեական գործով Դ.Համբարձումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
2018 թվականի հունիսի 28-ին թիվ 44102918 և 12200518 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ 12200518 համարի ներքո:
2018 թվականի հուլիսի 5-ին Դ.Համբարձումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2018 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով մեղադրյալ Դ.Համբարձումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, բավարարել է այն: Նույն որոշմամբ մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:
2. 2018 թվականի սեպտեմբերի 7-ին պաշտպան Տ.Աթանեսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ Դ.Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել է, այն է՝ մեղադրյալ Դ.Համբարձումյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը` 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ դատախազ Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմինը Դավիթ Համբարձումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «նա 22.04.2018թ. Երևան քաղաքի Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, միաժամանակ Սարգիս Դուրիկի Սահակյանի, Գոռ Լևոնի Խաչատրյանի, Կարեն Կարապետի Օհանյանի, Գևորգ Մասիսի Համբարձումյանի, Էդիկ Սանի Չիչոյանի, Արմենակ Մելսիկի Հակոբյանի, Արթուր Հովհաննեսի Խանջյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է իր իսկ կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք զուգորդվել են բռնությամբ և ջարդերով։
(...)
Բացի այդ, հանդիսանալով Մասիս քաղաքի քաղաքապետ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը՝ ժամը 19:00-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով: (...)»2։
6. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման համաձայն՝ «(...) մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի անձը հայտնի է, նա նախկինում դատված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, խնամքին առկա են մինչև տասնչորս տարեկան երեք երեխաներ, ունի մշտական բնակության վայր՝ բնակվել է Երևան քաղաքի Նոր-Արեշ թիվ 26 փողոցի թիվ 33 տանը, բնակության վայրում և աշխատավայրում բնութագրվում է դրական։ Բացի այդ, նախաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ՝ չի փորձել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությանը։
Քրեական գործը հարուցվել է 2018թ. ապրիլի 22-ին և այդ օրվանից նախաքննություն է իրականացվում։ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել, երեք օրից ազատ է արձակվել, 2018թ. հուլիսի 06-ին կալանավորվել է և մինչև օրս գտնվում է կալանքի տակ։ Տվյալ քրեական գործով նույնաբովանդակ մեղադրանքներ են առաջադրվել 14 (տասնչորս) անձանց, որոնցից միայն Դավիթ Համբարձումյանն է գտնվում անազատության մեջ։ Դատարանը գտնում է, որ վարույթի տվյալ ժամանակահատվածում, վերոհիշյալ հանգամանքներն էականորեն նվազեցնում են Դավիթ Համբարձումյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, բավարար հիմնավորումներ առկա չեն ենթադրելու համար, որ Դավիթ Համբարձումյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատավճռի կատարմանը։ Բացի այդ` դատարանը չի արձանագրում այնպիսի տվյալներ, որոնցով կհաստատվեր կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` դատարանը գտնում է, որ բացակայում են կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու պայմաններն ու հիմքերը։ Նման պայմաններում դատարանը հնարավոր է համարում բավարարել պաշտպանի միջնորդությունը և հաշվի առնելով Դավիթ Համբարձումյանին վերագրվող արարքների ծանրության աստիճանը՝ գրավի գումար սահմանել նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի` 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով»3:
7. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի նյութերում բացակայում են այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտան փաստարկված դատողություն անելու առ այն, որ գործի քննության տվյալ փուլում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի հավանական ոչ իրավաչափ վարքագծի կանխման համար:
Վերաքննիչ դատարանի վերը նշված համոզմունքի ձևավորման համար հիմք է հանդիսանում ոչ միայն այն փաստը, որ գործում չկան մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի կողմից նախաքննության անցած ժամանակահատվածում (գտնվել է քրեական հետապնդման տակ և եղել է նաև ազատության մեջ) ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ փաստական տվյալներ, այլ նաև այն, որ քրեական գործով շուրջ հինգ ամիս է իրականացվում է նախաքննություն, ենթադրյալ հանցագործության դեպքերից մեկի վերաբերյալ առկա են տեսաձայնագրություններ, իսկ մյուս դեպքով հարցաքննվել են բազմաթիվ անձինք, ովքեր տվել են համապատասխան ցուցմունքներ:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ օբյեկտիվորեն գոյություն ունեցող վերը նշված տվյալների համակցությունն արդեն իսկ վկայում է գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին մեղադրյալի կողմից միջամտելու վտանգի էական նվազման մասին:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառելիության թույլատրելի լինելու մասին են վկայում նաև գործում առկա փաստական տվյալները, համաձայն որոնց, վերջինիս անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր, երեք անչափահաս երեխաներ, վատառողջ է:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վերը նշյալ հանգամանքների ամբողջությունը մեղադրյալ Դավիթ Համբարձումյանին մեղսագրվող հանցագործությունների բնույթի և դրա վտանգավորության աստիճանի համատեքստում՝ գործի քննության տվյալ փուլում, էականորեն նվազեցնում են հավանականությունն առ այն, որ գրավի կիրառման միջոցով հնարավոր չէ զսպել ազատության մեջ լինելու պայմաններում նրա կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման վտանգը և դրա ենթադրյալ հնարավոր դրսևորումները:
Միաժամանակ վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառելիության անթույլատրելիության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները (մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի պաշտպանները նույն դատարան 4-րդ անգամ հարուցել են ամբողջությամբ նույնաբովանդակ միջնորդություն՝ մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ՝ միաժամանակ որևէ նոր փաստարկ չներկայացնելով, մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ առկա է թվով երեք չբեկանված դատական ակտեր)` նկատի ունենալով, որ դրանք նախ չեն վերաբերում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելուն, բացի այդ՝ չեն բարձրացնում մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը (…)»4։
8. 2019 թվականի հունիսի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Դավիթ Համբարձումյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար, և Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ5:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ:
Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ, 135-րդ և 145-րդ հոդվածներից, ինչպես նաև հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
10. Բողոքի հեղինակը նշել է, որ մեղադրյալ Դավիթ Համբարձումյանին մեղսագրված արարքներից մեկը՝ բռնությամբ և գույքը վնասելով զուգորդված խուլիգանությունը, վերջինիս կողմից կատարվել է հանրության համար վտանգավոր եղանակով՝ զենքի գործադրմամբ՝ ատրճանակով խաղաղ ցույցի մասնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակելով, սակայն այս դեպքում դատարանը, մեղադրյալի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելով, անտեսել է Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունները, մասնավորապես՝ Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ արդյունքում պատշաճ գնահատման չենթարկելով մեղսագրվող արարքի կատարման եղանակը:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, գրավը չի կարող լինել արդյունավետ՝ զսպելու համար Դ.Համբարձումյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումը, քանի որ ազատության մեջ մնալով նա կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` անօրինական ազդեցություն գործադրելով դատավարության մասնակիցների վրա, թաքցնելով գործի համար նշանակություն ունեցող նյութերը:
11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Դ.Համբարձումյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Դատարանը, (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ (…) մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:
⚖14. Կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ասլան Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «(…) [Ա]նձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (…):
(…) Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի. մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար:
(…) [Գ]րավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև` մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը»6:
Բացի այդ, կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սամվել Մարգարյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) [Գ]րավի թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված տվյալների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: Այլ խոսքով` (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները: (…)»7:
Վերահաստատելով և զարգացնելով Ասլան Ավետիսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Անդրեաս Ղուկասյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքները թվարկված են ոչ սպառիչ, և որպես այդպիսիք կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ: (…)»8:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ ձևավորված մոտեցումների պայմաններում, Վճռաբեկ դատարանը Գոռ Համբարձումյանի գործով որոշմամբ փաստել է. «(…) [Կ]ալանավորումը գրավով փոխարինելիս, վերջինը պետք է ծառայի որպես գործուն միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը զսպելու համար: Այլ կերպ, պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով, գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար չի կարող մերժվել՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից»9:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Դավիթ Համբարձումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի ապրիլի 22-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, միաժամանակ Սարգիս Դուրիկի Սահակյանի, Գոռ Լևոնի Խաչատրյանի, Կարեն Կարապետի Օհանյանի, Գևորգ Մասիսի Համբարձումյանի, Էդիկ Սանի Չիչոյանի, Արմենակ Մելսիկի Հակոբյանի, Արթուր Հովհաննեսի Խանջյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է իր իսկ կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք զուգորդվել են բռնությամբ և ջարդերով։
Բացի այդ, հանդիսանալով Մասիսի քաղաքապետ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը՝ ժամը 19:00-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով10:
- Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի անձը հայտնի է, նա նախկինում դատված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, խնամքին առկա են մինչև տասնչորս տարեկան երեք երեխաներ, ունի մշտական բնակության վայր, բնակության վայրում և աշխատավայրում բնութագրվում է դրական, դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Դատարանը գտել է, որ վարույթի տվյալ ժամանակահատվածում, վերոհիշյալ հանգամանքներն էականորեն նվազեցնում են Դ.Համբարձումյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, բավարար հիմնավորումներ առկա չեն ենթադրելու համար, որ Դ.Համբարձումյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատավճռի կատարմանը։ Ուստի դատարանը գտել է, որ Դ.Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը պետք է ճանաչել թույլատրելի11,
- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրել է, որ վերջինս մեղադրյալ Դ.Համբարձումյանին կալանքից գրավով ազատելու թույլատրելիության վերաբերյալ հանգել է իրավաչափ հետևության12։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դրանց հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի` Գոռ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշմամբ ձևավորված մոտեցումները, նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ դատարանների կողմից մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը հաստատելու հանգամանքն ինքնին հիմք չէ մեղադրյալի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումն ինքնաբերաբար մերժելու համար: Այսինքն, նշված հիմքի առկայության պայմաններում, ստորադաս դատարանների կողմից որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հարցի քննարկումն իրավաչափ էր:
Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Դ.Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հարցի քննարկման արդյունքում այն թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները և անտեսել են սույն գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք իրենց համակցության մեջ, բավարար էին Դ.Համբարձումյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։
Այսպես, թեև մեղսագրվող արարքների ծանր հանցագործություններ հանդիսանալն ինքնին բավարար չէ վերոնշյալ եզրահանգման գալու համար, որի մասին նշել է Վճռաբեկ դատարանը նաև Գոռ Համբարձումյանի գործով որոշմամբ13, սակայն, սույն գործի փաստական հանգամանքները տարբերվում են նշված գործի փաստական հանգամանքներից, և տվյալ դեպքում Դավիթ Համբարձումյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը ենթակա են գնահատման մեղադրյալի անձը բնութագրող` գործում առկա տվյալների համատեքստում, ինչը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջն է14։
Տվյալ դեպքում, Դ.Համբարձումյանին մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման եղանակի, դրանց դրսևորման ձևի համատեքստում՝ նախ պետք է պատշաճ ուշադրության արժանացվեր դրանցում մեղադրյալի դերակատարումը: Մասնավորապես, Դ.Համբարձումյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն, որ մեղադրյալը ենթադրյալ հանցանքը կատարելիս հանդես է եկել որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, որոնք ըստ մեղադրանքի և գործի նյութերի` զուգորդվել են բռնությամբ և ջարդերով: Ավելին, ըստ գործում առկա փաստական տվյալների՝ Դ.Համբարձումյանը նշված ենթադրյալ կազմակերպչական գործողությունները կատարելիս եղել է զինված15:
Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալը, քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս, եղել է պաշտոնատար անձ: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ, ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքին16։ Այդ պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունելի է համարում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս նրա ունեցած ազդեցության, այն հանգամանքի գնահատումը, որ անձը ղեկավարում է հիմնարկ, որտեղ շարունակում են աշխատել գործով ներգրավման ենթակա հնարավոր վկաները17: Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի ոստիկան հանդիսանալու և դրանով պայմանավորված՝ գործով հարցաքննման ենթակա վկաների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը18։ Բացի այդ, սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով, հատուկ ուշադրության է արժանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Amirov v. Russia գործով վճիռը, որտեղ դատարանը դիմումատուի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը ստուգելիս ընդունելի է համարել ներպետական դատարանների կողմից մեղսագրվող արարքների ծանր բնույթի հետ մեկտեղ հաշվի առնված` դիմումատուի` Մախաչկալայի քաղաքապետ հանդիսանալու հանգամանքը, կապեր ունենալը, իր պաշտոնից բխող իշխանությունը, քաղաքական և սոցիալական կարգավիճակը` վկաների վրա ազդեցություն գործադրելով գործի քննությանը խոչընդոտելու տեսանկյունից19։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալը քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է Մասիսի քաղաքապետի պաշտոնը: Ընդ որում, այդ պաշտոնը նա շարունակել է զբաղեցնել նաև քրեական վարույթի ընթացքում` օգտվելով նաև դրանից բխող իշխանությունից: Նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, մեղադրյալ Դ.Համբարձումյանը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ և վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել Դ.Համբարձումյանի հետ: Մասնավորապես, հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Կարեն Օհանյանը, ով աշխատել է Դ.Համբարձումյանի ենթակայության ներքո և որպես Մասիսի քաղաքապետի տեղակալ՝ ծառայողական կախվածության մեջ գտնվել նրանից: Ավելին, հարկ է նաև նկատել, որ ըստ Վճռաբեկ դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերի՝ քրեական գործում տարբեր դատավարական կարգավիճակներով ներգրավված են եղել նաև Մասիս քաղաքում որոշակի աշխատանքային գործունեությամբ զբաղվող, ինչպես նաև մեղադրյալի հետ մերձավոր և ազգակցական հարաբերությունների մեջ գտնվող անձինք20: Նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` կարող էր ազդեցություն գործադրել գործին ներգրավված անձանց նկատմամբ` այդ կերպ նաև խոչընդոտելով գործի պատշաճ քննությանը։
Սակայն, վերոնշյալ ծանրակշիռ փաստական հանգամանքները, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, համակողմանի գնահատման չեն ենթարկվել ստորադաս դատարանների կողմից։ Մինչդեռ, նշվածն ուշադրության չարժանացնելու արդյունքում, ստորադաս դատարանները, 5.000.000 ՀՀ դրամի չափով գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելով, հաշվի չեն առել, որ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափանման միջոց գրավն ի զորու չէ հակակշռելու Դ.Համբարձումյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ կերպ, ստորադաս դատարանները համակողմանի գնահատման չեն ենթարկել այն, որ Դ.Համբարձումյանի զբաղեցրած պաշտոնի, ունեցած իշխանության, գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում, գրավը չէր կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը կկաշկանդեր նրան դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և գրավի առարկան կորցնելու վտանգի սպառնալիքով կչեզոքացներ նաև նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից որպես Դ.Համբարձումյանի անձը բնութագրող տվյալներ նշված հանգամանքներին, ապա դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Դ.Համբարձումյանի` ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն։ Հետևաբար, դրանք ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում։
Ուստի, Վճռաբեկ դատարանը չի կարող չեզրահանգել, որ սույն գործում առկա են ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու համար դատարանի կողմից Դ.Համբարձումյանի նկատմամբ գրավ կիրառելու ոչ իրավաչափ լինելն ու մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, 5.000.000 ՀՀ դրամի չափով սահմանված գրավը, չէր կարող լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Դ.Համբարձումյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։
Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Դ.Համբարձումյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր չեն:
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Դ.Համբարձումյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում21, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Դավիթ Մհերի Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0699/06/18 գործով 2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը ստանալուց հետո:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 129-133:
3 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 34-37:
4 Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթեր 104-115:
5 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/0394/01/19 քրեական գործը:
6 Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը, կետեր 34-36:
7 Տե՛ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14:
8 Տե՛ս Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0533/06/16 որոշման 15-րդ կետը:
9 Տե՛ս Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշման 24-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
12 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
13 Տե՛ս Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշումը, կետ 31:
14 Տե'ս Մարու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, Sopin v. Russia գործով 2012 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 57319/10, կետ 42, Buzadji v. The Republic of Moldova [ՄՊ] գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 23755/07, կետ 90, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով 2017 թվականի ապրիլի 11-ի վճիռը, գանգատ թիվ 73999/14, կետ 70:
15 Տե'ս նյութեր, ի թիվս այլնի, հատոր 2, թերթեր 98-105:
16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով վերը նշված վճիռը, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով վերը նշված վճիռը։
17 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khodorkovskiy v. Russia գործով 2011 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 5829/04, կետեր 188-189:
18 Տե’ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Creanga v. Romania [ՄՊ] գործով 2012 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 29226/03, կետեր 112-115:
19 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Amirov v. Russia գործով 2014 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 51857/13, կետեր 103-107:
20 Տե'ս նյութեր, ի թիվս այլնի, հատոր 2:
21 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: